Մոսկվային եւս մտորելու տեղիք է տալիս Հայաստանի ռազմաքաղաքական ակտիվությունը Արեւմուտքի եւ Արեւելքի հետ հարաբերություններում: ԱՊՀ ՀԱՊԿ ռազմա-պաշտպանական կառույցի անդամ Հայաստանը հաջողությամբ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ անգամ պատրաստվում է ԱՄՆ-ի հետ միասնական զորավարժությոններ անցկացնել: Սա, իհարկե, չի վրիպել ո՛չ Մոսկվայի, ո՛չ Թեհրանի ուշադրությունից:
Մոսկվան նաեւ փորձում է բարելավել հարաբերությունները Բաքվի հետ, բայց գիտակցում է, որ Հարավային Կովկասում իր ամենավստահելի գործընկերը Երեւանն է, ու հաճախակի խաղերը Բաքվի կամ Անկարայի հետ Հայաստանին գուցե մղեն Արեւմուտք, եւ Ռուսաստանը կորցնի իր միակ դաշնակցին Կովկասում: Պատահական չէ, որ որոշ ռուս վերլուծաբաններ առաջարկում են Ադրբեջանի՝ շատ թանկ գնով տրամադրած Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն նոր կայան կառուցել Հայաստանում:
Աշխարհաքաղաքական զարգացումները ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում կարող են էլի՛ մեծացնել Հայաստանի կշիռը, իսկ մայիսին կայանալիք ընտրությունների հաջող ընթացքը կբարձրացնի երկրի վարկանիշը միջազգային բոլոր հարաբերություններում:
Տեսակետներ կան նաեւ, որ Հայաստանը ռազմական առումով ավելի շատ բան ունի առաջարկելու Ռուսաստանին, քան Ադրբեջանը, եւ այս համատեքստում կարեւորվում է նաեւ Իրանի հարցը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտարարեց, թե ՀՀ եւ ՌԴ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները համընկնում են, մենք ունենք ընդհանուր տեսակետ այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում աշխարհում եւ տարածաշրջանում»:
Անշուշտ, Ռուսաստանն ԱՊՀ երկրների մեջ գերակշիռ դեր ունի, սակայն Երեւանը պետք է վստահելի գործընկերություն տեսնի նաեւ ԱՊՀ մյուս երկրների կողմից: Այդ առումով կարճ ժամանակ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ալմաթիում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Հայաստանն աշխուժացրել է շփումները նաեւ նախկին խորհրդային մերձբալթյան եւ արեւելյան Եվրոպայի սոցճամբարի երկրների հետ, ինչը կարեւոր քայլ է Արեւմուտք-Արեւելք խաչմերուկում մնալու համար:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ մեր երկիրը պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները եւ առաջնորդվելով համամարդկային արժեքներով ու խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով է միացել միավորված ազգերի ընտանիքին: Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա վեճերի կարգավորմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը:
Պաշտոնական Երեւանը նաեւ հայտարարել է, որ շարունակելու է իր ակտիվ
ներգրավվածությունը ՄԱԿ-ի գործունեությանը՝ միջազգային հանրության համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, մարդկության համար առավել խաղաղ, անվտանգ, ապահով եւ արժանապատիվ ապագայի կերտմանը:
Մեր երկրի միջազգային ձեռքբերումների ու դիրքերի ամրապնդման եւ առավել զորացման նպատակով անհրաժեշտ է համահայկական միջազգային ռազմա-քաղաքական ծրագրեր առաջարկել, որոնք տարածաշրջանում քայլ առ քայլ կնպաստեն հայկական շահերի ու նպատակների հաղթանակին եւ մեր երկիրը կդարձնեն տարածաշրջանային կենտրոն: Ինչու չէ, նաեւ համաշպարհային կենտրոն…
Հայկ Թորգոմյան
* * *
Գրեթե ռազմական իրավիճակ –
Պատերազմներ ծնող տարածաշրջանը
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նշել է, թե «մեր թշնամիներն ուզում են պատժամիջոցներ կիրառել իրանական նավթի դեմ, որպեսզի զրկեն մեզ վաստակել, բայց ներկայումս մենք մեր տրամադրության տակ ունենք արժույթի այնքան մեծ պահուստներ, որ եթե 3 տարվա ընթացքում անգամ մեկ բարել նավթ էլ չվաճառվի՝ երկիրը դրանից չի տուժի»: Ավելի վաղ՝ երկրի նավթի նախարար Ռոստամ Գասեմին հայտնել էր այն մասին, որ մոտակա օրերին Իրանը կդադարեցնի նավթ արտահանել եվրագոտու երկրներ: Իսկ Եվրամիությունը որոշել էր հուլիսի 1-ից ամբողջությամբ դադարեցնել իրանական նավթի արտահանումը եվրոպական երկրներ:
Արեւմուտքը չի ցանկանում նահանջել եւ Իրան-ԱՄՆ բանակցությունների ձախողումը կարող է արդեն վճռորոշ լինել, իսկ Վաշինգտոնը, ըստ «The New York Times»-ի, արդեն սահմանել է իր պահանջները. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ու նրա եվրոպական դաշնակիցները ծրագրավորում են նոր բանակցություններ սկսել Իրանի հետ՝ պահանջելով ապամոնտաժել ոչ վաղ անցյալում խոր գետնի տակ կառուցված Ֆորդոուի միջուկային օբյեկտը: Նաեւ մտադիր են պահանջել բարձր հարստացված ուրանի, որը ծառայում է որպես միջուկային ռեակտորների վառելիք, արտադրության դադարեցում եւ որպեսզի այդ վառելիքի պաշարներն Իրանի տարածքից դուրս բերվեն»:
Իրանի ղեկավարների համար դժվար կլինի ընդունել այս առաջարկները, քանի որ նրանք փորձում են ուժեղ երեւալ այս քաղաքական պայքարում: Ուստի բանակցությունների արդյունքը կամ ձախողումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Եթե Իրանը հրաժարվի ամերիկյան եւ եվրոպական պահանջներից, ապա ԱՄՆ-ն Պարսից Ծոցում ճգնաժամի առաջ կկանգնի, քանզի ռազմական միջամտությունը հակադարձվելու մեծ հեռանկար ունի, ու պատերազմը ոչ միայն երկկողմանի, այլեւ տարածաշրջանային լուրջ վտանգ կներկայացնի: Իրանական կամ սիրիական պատերազմները կարող են բորբոքել տարածաշրջանային այլ պատերազմներ եւս:
Վերջերս սիրիական բախումներ եղան թուրքական սահմանի մոտ, ինչը կարող է տարածական բնույթ ստանալ, քանզի քրդերը ոչ միայն Սիրիայում, այլեւ Թուրքիայում, Իրաքում եւ Իրանում ցանկանում են անկախական շարժումներ սկսել: Թուրքիան եւս, քրդերից ոչ պակաս, տարածքներ կորզելու ախորժակ ունի Սիրիայից եւ Իրաքից, ինչը այլեւս չի թաքցնում: Թուրքիայի եւ Սիրիայի սահմանում սկսված փոխհրաձգության պատճառով զոհեր եղան եւ անգամ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընդհատեց Չինաստան կատարած այցը եւ շտապ վերադարձավ Անկարա: Թուրքիան մերթ ընդ մերթ Իրաք է ներխուժում իբր քրդերին պատժելու համար, սակայն նման քայլը Սիրիայի նկատմամբ կարող է հանգեցնել պատերազմի՝ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ:
Այս դեպքում մեկ անգամ չէ, որ Թեհրանը զգուշացրել է, թե կհարվածի Թուրքիային, հատկապես այդ երկրի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ական հենակետերին: Պաղեստինի «Համաս»-ը եւ Լիբանանի «Հիզբալլահ»-ը եւս հայտարարել են, որ այդ դեպքում կմասնակցեն պատերազմին: «Համաս»-ը անգամ ցուցադրաբար վերջերս մահապատժի է ենթարկել Իսրայելի հետ համագործակցած մի պաղեստինցու՝ իր մտադրությունները հավաստելու համար:
Այս ամենը վկայում է, որ Իրանի կամ Սիրիայի դեմ պատերազմը իրապես ծավալումներ կունենա: Չի բացառվում, որ Ադրբեջանը եւս փորձի հարցեր առաջացնել, եւ կսրվի նաեւ Արցախի խնդիրը: Իսկ հայ-ադրբեջանական նոր բախումը կարող է նաեւ պատերազմի վերածվել, ինչը ծավալվելու դեպքում կներքաշի Ռուսաստանին ու Թուրքիային նույնպես:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը փորձեց Սիրիայում բռնությունների դադարեցմանն ուղղված քայլեր անել, սակայն անհաջողության մատնվեց, նա ոչինչ չկարողացավ փոխել: ՄԱԿ-ի արաբական երկրների Լիգայի հատուկ բանագնացը սակայն շարունակում է բանակցությունները:
Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մոսկվային մեղադրել է այն բանի համար, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մինչ օրս իշխանության ղեկին է: «Մեզ միանալու եւ որոշակի կառուցողական միջոցներ ձեռնակելու նրանց (Ռուսաստանի) մերժումը թույլ է տալիս Ասադին մնալ իշխանության ղեկին՝ լինելով բավականին զինված, միաժամանակ հնարավորություն ունենալով անտեսել սեփական ժողովրդի, տարածաշրջանի եւ միջազգային հանրության պահանջները»,- ասել է պետքարտուղարը՝ հավելելով որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի վտանգ կա:
Այս առումով իրապես նշանակալից են Երեւանի արտաքին քաղաքական ձեռքբերումները, ինչն առաջընթաց է արձանագրել ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արեւմուտքի հետ հարաբերություններում: ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԳ եւ ՊՆ նախարարները հանդիպումներ են ունենում այդ բոլոր ուղղություններով եւ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի ու Բրյուսելի նկատմամբ տարվում է փոխլրացման քաղաքականություն:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



