Անմիջապես շեշտենք, որ այս մոտեցումը վստահելի չէ, քանի որ հնարավոր է միայն հավաքել անիվի եւ անվավոր փոխադրամիջոցին առնչվող նյութեր, անվավոր փոխադրամիջոցի հնարավոր ստեղծման օջախների ամրագրումը ուղղակիորեն չի առնչվում անիվի ստեղծման խնդրի հետ:
Անիվի եւ անվավոր փոխադրամիջոցին վերաբերող նյութերի հավաքագրումը հիմնականում առնչվում է ժամանակային եւ տարածքային խնդիրների հետ՝ ա) տարբեր տարածքներում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցները գտնվում են իրարից բավականաչափ հեռու, բ) ժամանակային չափը կազմում է 300-400 տարի, այդ պատճառով հնարավոր չէ մատնանշել անվավոր փոխադրամիջոցի ստեղծման վայրը:
Նշված հակասությունները կարող են լուծվել միայն այն դեպքում, երբ անիվը եւ անվավոր փոխադրամիջոցները կդիտվեն որպես քաղաքակրթական զարգացումների գլխավոր երեւույթ՝ իրենց հատուկ բաղադրիչներով, որոնք կապված են այսպես կոչված հնդեվրոպացիների առաջին հայրենիքի վերջնական հաստատման խնդրի՝ Արմենոիդ մարդաբանական տեսակի հիմնական նստավայրի եւ Արմենոիդ մարդաբանական տեսակի գործունեության այնպիսի ոլորտների հետ, որոնք են մետաղագործությունը, անասնապահությունը, հողագործությունը: Այս թեզիսներն ինձ համար հիմնական ուղենիշներ են, քանի որ Արմենոիդական ընդհանրության թողած մշակույթը Հայոց Աշխարհում արդեն 12 հազար տարեկան է, ուստի եւ հարկավոր է կարծել, որ անիվը եւ անվավոր փոխադրամիջոցը Հայոց Աշխարհում պետք է արտացոլվեր այդ ժամանակաշրջանից սկսված:
Հակիրճ՝ այսպիսին են անիվի եւ անվավոր փոխադրամիջոցի բացահայտումների ժամանակագրական հերթականությունը եւ հիմնական մոտեցումները:
Անցյալ դարի 20-30թթ. Ուր, Կիշ քաղաքների տարածքներից հայտնաբերվեցին անվավոր փոխադրամիջոցին վերաբերվող նյութեր, որոնք վերագրվում են մ.թ.առաջ III ժամանակաշրջանին (մ.թ.ա. 25-24 դարեր՝ համաձայն «միջին խրոնոլոգիայի»): Համանման հնագիտական նյութեր հայտնաբերվել են Էլամում, Հարապպում, որոնք վերաբերում են նույն ժամանակաշրջանին: Վերջինիս հայտնաբերումը կասկածի տակ է դնում Միջագետքին՝ որպես անվավոր փոխադրամիջոցի կենտրոնի:
1935-36թթ. Ե. Մակկեի կողմից Չանհու-Դարո, Մոհեջո-Դարո եւ Հարապպայի տարածքներում ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են միայն սայլի եւ անիվի տարբեր պատկերներ, ինչը հաստատում է այն փաստը, որ Շումերի եւ Հարապպայի մեջ եղել է որոշակի կապ: 1943թ. հրապարակած ուսումնասիրությունում Մակկեյը նշում է, թե դժվար է ասել՝ որտեղից է հայտնվել սայլը, սակայն ակնհայտ է, որ իրենց տեսքով շումերական սայլի պատկերներն ավելի բարդ են:
Արեւելյան Եվրոպան նույնպես մտավ անվավոր փոխադրամիջոցի տարածման գոտու մեջ, երբ ժամանակակից Կալմիկիայում 1948թ. կատարվեց անվավոր փոխադրամիջոցի հետ կապված հայտնագործությունը: Լճաշենի հայտնագործությանը կանդրադառնանք առանձին՝ սույն հրապարակման 2-րդ մասում:
Գիտական գրականության մեջ անիվի եւ անվավոր փոխադրամիջոցի ծագման վերաբերյալ ընդունված են մի քանի տեսակետներ: Դրանցից ամենաընդունվածը Չայդլի տեսակետն է (1951-1954թթ.), որ անիվը եւ անվավոր փոխադրամիջոցը ստեղծվել են մեկ կենտրոնում եւ հետագայում տարածվել են:
1951-1954թթ. Չայլդը առաջինը ընդհանրացրեց եւ կանոնակագեց անվավոր փոխադրամիջոցի հետ կապված նյութերը, հանգեց այն եզրակացության, որ անիվը հայտնաբերվել է Շումերում՝ Ուրուկի ժամանակաշրջանում մ.թ. 3500 տարի առաջ (Չայլդ, 1951թ., էջ, 178), որտեղից այն տարածվեց Կովկաս, ապա արեւելյան, իսկ հետագայում արեւմտյան Եվրոպա: Համաձայն Չայլդի տեսության, Միջագետքյան սայլը 2000 տարով մեծ էր եվրոպականից: Այս թեզիսը աստիճանաբար վիճարկվեց (Բոնի – 1960թ., Կալիցի-1976թ., Պիգոտտի-1968թ., Սուլիմիրսկայայի-1968թ., Կուզմինի-1974թ., Կոժինի-1985թ. կողմից), ու դա կապված էր բադենյան մշակույթի հայտնաբերման հետ, սակայն այդ մշակույթի հետ կապված թվերի տատանումները հնարավորություն չէին տալիս վերջնականապես վիճարկել միջագետքյան թեզիսը:
1974թ. Կուզմինան հրապարակեց մի աշխատություն, որը զարգացնում եւ պաշտպանում էր այն թեզիսը, թե հնդեվրոպացիների նախահայրենիքը կարող էր գտնվել պոնտո-կասպյան տափաստաններում, քանի որ այդ տարածքներում հայտնաբերված սայլերը պատկանում էին մ.թ. 3000 տարի առաջ ընկած ժամանակաշրջանին: Միջագետքի եւ Հարապպայի անվավոր փոխադրամիջոցի օգտագործման ժամանակաշրջանները մոտ են իրար: Երկու տարածաշրջանների միջեւ եղած հարաբերությունն ակնհայտ է, սակայն վերջնականորեն հնարավոր չէ երկու տարածաշրջաններից առանձնացնել որեւէ մեկին՝ որպես անվավոր փոխադրամիջոցի ստեղծման կենտրոնի: Իրանի տարածքի անվավոր փոխադրամիջոցները՝ հայտնաբերված Շահ-թեփեում, սինխրոնիզացվում են Սիրալիկ IV-ի հետ, որը համընկնում է (ըստ Բիկերմանի մ.թ.ա. 2750-2615թթ.): Հարապպայի քաղաքակրթությունը դադարեցնում է իր գոյությունը մ.թ.ա. 1700թ., անկումը կապված է արիների (ավելի ճիշտ արիական գաղափարախոսության գերակայության խնդրի հետ – Ա.Մ.) մուտքի հետ (Բրեյ, Տրումպ, 1979թ.):
1982թ. Ա. Հոյսլերը իր «Անիվի եւ սայլի հնագույն պատմությունը հյուսիս-պոնտական տարածքներում» հոդվածում տալիս է Ուրալից մինչեւ Հոլանդիա, Կովկասից մինչեւ Ալպեր ընկած տարածաշրջանում հայտնաբերված հնագույն անվավոր փոխադրամիջոցների ցանկը եւ հանգում է այն եզրակացության, որ արեւմտաեվրոպական անվավոր փոխադրամիջոցները չեն առաջացել հյուսիս-պոնտական, Առաջավոր Ասիայի կամ անդրկովկասյան տարածաշրջանից, ինչպես նաեւ Անդրկովկասից: Այս տեսակետին մենք, բնականաբար, համաձայն չենք: Միեւնույն ժամանակ, նա հաստատում է Չայլդի այն կարծիքը, որ հստակ կապ կա մետաղագործության եւ անիվի ստեղծման միջեւ:
Հարապպայում հայտնաբերված սայլերի ուսումնասիրությունը Չայլդին հանգեցրին այն եզրակացության, որ Հնդկական հարթավայրից դեպի Տիգրիս եւ Եփրատի հովիտ տեղաշարժ չի եղել:
Չայլդը մերժեց Եվրոպայում անվավոր փոխադրամիջոցի ստեղծման վարկածը հետեւյալ կերպ. «Ֆանտաստիկ է, որ դաները կամ հյուսիսային մշակույթի ներկայացուցիչները ի վիճակի էին իրենց քարե կացիններով պատրաստել նույնիսկ քարշակ՝ ցուլերին օգտագործելու համար: Էլ չենք խոսում մարտակառքի մասին….»» (Չայլդ, 1950թ.):
Ըստ Չայլդի՝ Հին Արեւելքը հնարավոր այն տարածաշրջանն է, որտեղ կարող էր ստեղծվել անիվը, այն կապված է քաղաքակրթական այնպիսի երեւույթների հետ, ինչպիսին է մետաղագործությունը: Չայլդը շատ կուրախանար, եթե իմանար, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում կատարված նոր հայտնագործությունները հաստատում են իր վարկածը: Արեւմտյան Հայաստանի տարածքում հայտնաբերված մշակույթները նախորդում են մեզ հայտնի բոլոր մշակույթներին մի քանի հազար տարի: Չայլդը մեծ նշանակություն էր տալիս անվավոր փոխադրամիջոցների եւ նրա լրացուցիչ բաղադրիչների հայտնագործման փաստին: Ժամանակակից հետազոտությունները ավելի են որոշակիացնում անվավոր փոխադրամիջոցի հնարավոր ստեղծման տարածաշրջանը, որը վերջին բացահայտումների լույսի տակ կարող է համարվել Հայոց աշխարհը, ժամանակակից ընկալումներում՝ Փոքր Ասիան: Հայոց աշխարհի մշակույթը առնվազն 6000 տարով հին է մեզ հայտնի եվրասիական մշակույթներից: Ըստ Վ. Ա. Սաֆրոնովի, «միասնական հնդեվրոպական նախահայրենիքի վերջնական բաժանման տարեթիվը» կամ վերջին սահմանը մ.թ.ա. 30-28 դարերն են, այս ժամանակահատվածին են վերաբերում Եվրոպայի տարածքում հայտնաբերված անվավոր փոխադրամիջոցին վերաբերող նյութերը: Անիվի եւ սայլի հիմնական հնագիտական նյութերը, ինչպես նաեւ անվավոր փոխադրամիջոցների մոդելները, պատկերները, ռելիեֆային պատկերները, դրոշմները եւ այլն խոսում են այն մասին, որ անվավոր փոխադրամիջոցները հայտնի էին մ.թ.առաջ 3000-ից սկսված:
Ըստ Վ. Ա. Սաֆրոնովի՝ անվավոր փոխադրամիջոցի հետ կապված լեզվական տվյալները մատնանշում են մ.թ.առաջ IV-րդ հազարամյակը, իսկ հնէաբանական նյութերը՝ մ.թ. առաջ III հազարամյակի երկրորդ քառորդը: Այսպիսով, մ.թ 4000 տարի առաջ անիվի համընդհանուր կիրառումը ձեւավորում էր տնտեսամշակութային նոր հարաբերություններ եվրասիական տարածաշրջանում:
Ըստ Իվանով-Գամկրելաձե հնդեվրոպական տեսության՝ նախալեզվի մեջ կա երկու հիմք՝ անիվ- *ki[h]0el եւ սայլ- *rot[h]0 (Իվանով եւ Գամկրելաձե, 1984թ., էջ. 718-779), իսկ տոհարական եւ անատոլիական լեզուների մեջ կա մեկ ուրիշ հիմք նույն իմաստներով *Hцer-t[h], *Hцer-g[h]: Անիվ եւ սայլ տերմինների բայական հիմքը մատնանշում է շարժում, որը ուղղագիծ չէ, այլ պտտվող է: Այսպիսով՝ նախալեզվի մեջ անիվ եւ սայլ բառերի հիմքում դրված է շարժման ոչ ուղղաձիգ գաղափարը:
Բերված հիմքերը կարող են մատնանշել ինչպես մի քանի կենտրոնների գոյությունը, այնպես էլ անիվի եւ անվավոր փոխադրամիջոցի փուլային զարգացումը:
Այսօր եվրոպական տարածաշրջանում հնագույն մշակույթը համարվում է Լենդելի եւ Վինչի մշակույթը, որոնց հետ է կապվում վարովի-մշակովի հողագործության մուտքը Եվրոպա: Ըստ մի շարք ուսումնասիրողների՝ անվավոր փոխադրամիջոցի ստեղծման հավանական վայրերից մեկը տեսականորեն կարող է հանդիսանալ Վինչի մշակույթը: Ըստ Վինչի մշակույթը ուսումնասիրող Ն. Վլասսի, անիվը շրջանի մեջ պատկերված խաչն է կամ Տէր տէր, սակայն եղած տեղեկությունները բավարար չեն հիպոթեզը փաստ դարձնելու համար: Սերբ հնէաբան Մ. Վասիչը ապացուցել է, որ Վինչի մշակույթը գենետիկորեն կապված է Փոքր Ասիական մշակույթի (Չաթալ Հյույուկի մշակույթ) հետ:
Շարունակելի
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում