«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առանձնահատուկ նշանակություն է տալիս յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0.5-1.0 տոկոսի չափով պետության կողմից գյուղացիական տնտեսություններին էժան (իսկ առանձին ծրագրերի շրջանակներում՝ անտոկոս) վարկերի տրամադրմանը եւ դրանց տոկոսադրույքների սուբսիդավորմանը, որին ձգտելու է հասնել առաջիկա 5 տարիներին (խոստումները կուսակցություններինն են):
«Ժառանգություն»-ը առաջարկում է կիրառել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում՝ մինչեւ 50%-ի չափով, ստեղծել գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսությունների ապահովագրական ճկուն համակարգ՝ պետության փութաջան մասնակցությամբ, առաջին հերթին՝ ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումը ստանձնելու իմաստով:
Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է ապահովագրել գյուղացիական տնտեսությունները բնական աղետներից, լուծել որակյալ սերմացուի, բուժանյութերի, մատչելի սպասարկման եւ արտադրանքի ինքնարժեքի վրա ազդող այլ գործոնների խնդիրը (ազատ մրցակցության պայմաններում էականորեն կարող են իջնել համապատասխան ապրանքների ու ծառայությունների գները), ստեղծել գյուղացիական փոխօգնության կազմակերպություններ՝ դրանց հանձնելով նաեւ ոռոգման ջրի գնի սահմանումը:
Հայ հեղափոխական դաշնակցությունը նշում է, թե այնպես կանի, որ շեշտակիորեն կմեղմվեն գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմանները, կսուբսիդավորվեն վարկերի տոկոսադրույքները:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նախընտրական հանդիպումներում ասել է, թե կմշակի նաեւ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիր: Երիտասարդ, նորաստեղծ ընտանիքին տասը տարի ժամկետով կտրամադրվի արտոնյալ վարկ, գյուղում՝ տուն կառուցելու, քաղաքում՝ բնակարան ստանալու համար: Վարկի առանձնահատկությունն այն է, որ 1-ին երեխայի ծնունդով մարվում է վարկի 15 տոկոսը, 2-րդ երեխայի ծնունդով՝ եւս 30-ը, 3-դի ծնվելով՝ 35 տոկոսը, իսկ 4-դի ծնունդը ծնողներին ազատում է վարկի մնացորդը վճարելու անհրաժեշտությունից:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գյուղի աշխատավորին գոնե 5 տարով կազատի բոլոր տեսակի հարկերից, տուրքերից: Նրան կտրամադրի նպաստավոր վարկեր նվազագույն գրավներով (ոչ ոսկի, ոչ անշարժ գույք), հողերի ապահովագրումը կդարձնի խիստ կարեւոր: Առաջարկում է նաեւ օրենքով արգելել հողի առք ու վաճառքը, ամրագրել սեփականության բոլոր ձեւերի զուգահեռ գոյությունը, տնտեսավարման այս կամ այն ձեւի ընտրությունը վերապահել գյուղացուն:
Հայաս
տանի հանրապետական կուսակցությունը իբրեւ զարգացող գյուղատնտեսության, խոսում է հարմարավետ գյուղի մասին: Գյուղական համայնքների կարողությունների ավելացման միջոցով նրանց լիովին հասանելի պետք է դառնան խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, ժամանակակից բժշկական ծառայությունները: Գյուղական ճանապարհների էական բարելավումն ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի ձեւավորումը գյուղացու համար կավելացնեն նրա կարիքների բավարարման հնարավորությունները եւ կփոխեն նրա կենցաղը:
«Միավորված հայեր» կուսակցությունը ոլորտի զարգացման հետեւյալ շեշտադրումներն է անում՝ պետական հովանավորությամբ գյուղատնտեսության զարգացման աջակցում, ոռոգման ջրի ու պարարտանյութերի անվճար տրամադրում, հողի հարկի դրույքաչափի իջեցում, երկարաժամկետ վարկերի նվազագույն տոկոսադրույքով նվազեցում, գյուղմթերքի շուկայի անմիջնորդ վերադարձ գյուղացուն:
«Օրինաց երկիր»-ը խոսում է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման համակարգի ներդրումից, գյուղացիներին ցածր տոկոսադրույքներով տրակտրոների, կոմբայնների, սերմացուի, պարարտանյութերի եւ թունանյութերի տրամադրումից, ոռոգման համակարգի կառավարման արդիականացման միջոցով ոռոգման ջրի սակագնի իջեցումից:
Լավ է չէ՞ ասված: Այս ուժերից քանի՜սն են իշխանությունում եղել ու դրանցից քանի՞սն են իրենց այս ասածները արել: Իսկ չեն արել, որովհետեւ հենց իրենց իսկ նշած խնդիրները լուծելը համակարգային մոտեցում է պահանջում՝ բանկային ապահովագրական, օրենսդրական, ներդրումային եւ այլն: Բայց հիմա ասում են, հո չե՞ն անելու: Մեկ էլ կասեն մյուս ընտրությունների ժամանակ՝ նույն տեքստով ու բառերով: Թե չէ բանկերին հարցրե՞լ են, որ վարկերի սուբսիդավորումից են խոսում: Կասեն՝ պետության հաշվին: Իսկ պետբյուջեն ունի՞ այդ հնարավորությունը: Կասեն՝ ստվերի կրճատման հաշվին: Իսկ իրենք գիտե՞ն, որտեղ է այդ ստվերը: Եթե գիտեն, ուրեմն ստվեր չէ, եթե իմացածն էլ թաքցնում են, ուրեմն հանցագործ են: Էժանագին հանցագործ, ում խոսքերը գրոշ անգամ չարժեն:
Թե կոմկուսը պիտի այնպես անի, որ մարդիկ խորհրդային տարիների օրինակով մի քոսոտ տնամերձ ունենան՝ հույսները դրած կոլխոզից գողանալու վրա, ապա՝ գոհ ենք, ընկեր կոմունիստ:
Թե դեմկուսը գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիրը նոր պիտի մշակի, բայց արդեն վարկավորման թվերից է խոսում, ապա՝ ամեն ինչ ճիշտ է՝ դեմոկրատիա է ու ամենաթողություն:
Թե ՕԵԿ-ն ընտրությունից ընտրություն է գյուղը դրախտ դարձնում, ապա՝ աչքս տեսնի նախորդ ընտրություններից հետո խոստացված դրախտը:
ՕԵԿ-ը չարեց, ՀԱԿ-ը կանի, ՀԱԿ-ը չարեց, ՀՅԴ-ն կանի, ՀՅԴ-ն չարեց, «Ժառանգությունը» կանի ու՝ էսպես շարունակ: Մինչեւ գյուղացին հասցնի հերթականությամբ հիասթափվել, կսկսվեն նոր ընտրություններ:
Առայժմ մեզ մնում է օտյանաբար ասենք՝ կեցցե՛ն ընտրությունների մակաբույծները:
Ի դեպ, ուզում էի վերլուծել քաղաքական այս ուժերի գյուղատնտեսական ծրագրերը:
Բայց դե, վերլուծում են լուրջ ծրագրերը: Այնպես որ, իմ գրածի թեթեւությունը հետեւանքն է նրանց անկշիռ ծրագրերի:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



