– Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի ազատ եւ արդար ընտրության կարեւորությունը հայոց պետականության ամրապնդման եւ ազգի համակողմանի զորացման ու զարգացման տեսանկյուններից.
– Գնահատելով հայությանը պաշտպանող եւ միջազգային նշանակություն ունեցող օրենսդիր միակ մարմնի գոյությունն ու գործունեությունը.
ՀԱՄ ԳԽ-ն Միաբանության մեջ ներառված քաղաքական, հասարակական, լրատվական, ուսանողական եւ երիտասարդական կառույցներին, մտավորականության, ազատամարտիկների, գիտական, հոգեւոր եւ այլ հարցերով զբաղվող միավորումներին ու խորհուրդներին կոչ է անում մասնակցել ՀՀ ԱԺ հերթական ընտրությանը, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՄ-ն այս անգամ էլ չկարողացավ մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին:
ՀԱՄ ԳԽ-ն Միաբանության անդամներին հրահանգում է անպայման մասնակցել ԱԺ մայիսի 6-ի ընտրությանը, որպեսզի հայ արիականների ձայները տե՛ր ունենան եւ չկեղծվե՛ն: ՀԱՄ հիմնական անդամները, համակիր եւ օժանդակ շրջանակներն ազատ են՝ ընտրելու՛ կամ չընտրելու՛ հարցում:
– Ընտրողները պետք է հաշվի առնեն մասնակից կազմակերպությունների կամ անհատների քաղաքական ու գաղափարախոսական տեսակետները, անցած կյանքի ուղին ու իրական պատկերը, եւ ըստ այդմ կատարեն իրենց ընտրությունը:
– Չընտրողները պետք է նույնպես մասնակցեն քվեարկությանը եւ հաստատեն իրենց տեսակետը ընտրաթերթիկներում:
ՀԱՄ կառույցների այն անդամները, ովքեր ընդգրկված են ընտրական հանձնաժողովներում կամ լիազորված անձ են՝ այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատին սատարելով, պարտավոր են անթերի կատարել իրենց գործը, քանզի թերացողներն ու խախտումներ կատարածները խստագույնս կպատժվեն եւ ի ցույց կդրվեն:
ՀԱՄ ԳԽ-ն ՀՀ ԱԺ ընտրությանը մասնակցող իշխանական եւ ընդդիմադիր կազմակերպություններին ու անհատներին կոչ է անում լինել անաչառ եւ իրապես անցկացնել ազատ ու արդար ընտրություններ:
Եվ թող նորընտիր Ազգային Ժողովը դառնա համայն հայության իրավական եւ օրենսդիր այն մարմինը, որը կպաշտպանի յուրաքանչյուր հայի իրավունքը ցանկացած երկրում կամ իրավիճակում:
Հայ Արիական Միաբանության հայտարարությանը միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը՝ համանման կոչ հղելով իր անդամներին:
Երեւան, 26. 04. 2012թ.
Ո՜վ ամենամեծ սուտն ասի…
ՀԱԿ-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության հետ մտադիր է հսկել ընտրությունների ընթացքը: ԵԱՀԿ դիտորդների ուշադրությունն արդեն հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ իշխանական թեկնածունները գործի են դնում վարչական ռեսուրսները: ՀԱԿ-ն ամեն բան անում է, որ ի սկզբանե կասկածի տակ դրվեն ընտրությունների արդյունքները, անգամ հայտարարում են, թե ՀԱԿ-ը հեղափոխություն է կանխատեսում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վստահեցնում է (հետաքրքիր է, Վարդան Օսկանյանն էլ է գրեթե վստահ), որ ՀՀ-ում հեղափոխություն է հասունանում: Գունավոր հեղափոխությունների նոր ջատագովներ են ի հայտ գալիս մեզանում:
«Ոչ մի ձայն այս հանցավոր վարչախմբին»,- ասում են ՀԱԿ-ականները, եւ եթե հանկարծ ՀՀԿ-ն 1 ձայն անգամ ստանա, ապա «գունավոր հեղափոխությունը» պետք է լինի պատասխանը «հանցավոր վարչախմբին»:
ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնել է, թե՝ «ձգտում են խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի», եւ հիշեցնում էր, որ իր նախագահության ժամանակների խորհրդարանը իրական հակակշիռ է եղել. վարչապետ Հրանտ Բագրատյանի հոգին ուտում էր»…
Ախր «գեղից էնքան մարդ կա» Հայաստանում, որ ՀՀ 1-ին նախագահի այս սուտը պարզապես գերազանցում է Վարդան Օսկանյանի «ընդդիմադիր» ստերին եւ նախընտրական թիվ 1 սուտասանի կոչումը, ըստ ամենայնի, կշահի հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Գուցե «Լուսանցք»-ի խմբագրությու՞նը հոգա այդ մրցանակի հանձնման մասին…
Կոալիցիան արդեն պառակտված է.- հայտարարել է ՀՀ 1-ին նախագահը. «ԲՀԿ-ն ձգտում է ինքնուրույնության: ԲՀԿ-ն աջակցեց Դաշնակցության եւ «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությանը, եւ ընդամենը վերջերս Կոնգրեսի, Դաշնակցության եւ Ժառանգության հետ ստեղծել է միասնական շտաբ: Սրանք քայլեր են, որոնք ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն գործում է կոալիցիայից անջատ»: Եթե ԱԺ-ն քաղաքական մարմին լինի, ապա թիվ 1 «նախընտրական ստի» հաղթողի թեկնածուի կարծիքով թող «երկիրը ղեկավարի Դաշնակցությունը, կոմունիստները, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին Հանրապետական կուսակցությունն է: Ընդամենը սա ենք ուզում»:
Թալան, թալան մինչեւ վերջ… Կներեք, պետք է գրվեր՝ «պայքար,պայքար մինչեւ վերջ», բայց… չգրվեց:
Արտակ Հայոցյան
Պատասխանատվության արժեքը
Անդրադառնալով ՕԵԿ հանրահավաքի ժամանակ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է եւ որեւէ կապ չունի երկրում տիրող թալանի հետ՝ «Գոլոս Արմենիի»-ն հիշեցրել է, որ ՕԵԿ-ը իշխող կոալիցիայի անդամ է եղել, ու երկրում առկա բացասական երեւույթներից խույս տալու փորձերն առնվազն անպարկեշտ են:
Թերթը նկատում է, որ նման պահվածք է դրսեւորում նաեւ ԲՀԿ-ն. «Խոսելով երկրում տիրող գործազրկության եւ սոցիալական խնդիրների մասին՝ կուսակցությունն առաջին հերթին պետք է հիշի, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում իրենց կուսակիցն էր»: Անդրադառնալով ԲՀԿ 2-րդ դեմքի՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե կոալիցիան ձեւական բնույթ է կրել՝ նշվել է. «Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն շարունակում է մնալ այդ կոալիցիայում եւ չի հրաժարվում նախարարների տաքուկ աթոռներից… Կոալիցիոն միակ ուժը, որը չի փորձել խուսափել պատասխանատվությունից, կար եւ մնում է ՀՀԿ-ն»:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



