Մաշտոցի պուրակ. ապահավաքակցումը նպատա՞կ, միջո՞ց, թե՞ լրացուցիչ խաղաքարտ
Մաշտոցի պողոտայի կրպակներին առնչվող թնջուկը իրականում հասա՞վ իր լուծանը, ժամանակը ցույց կտա: Պողոտայի ակտիվիստները, համենայնդեպս, վստահ են՝ այո, քանզի երկրի նախագահն է ասել: Ու քանի որ վստահ են, տոնեցին իրենց հաղթանակը ու որոշեցին նույն տեմպերով առաջանալ դեպի Թեղուտ: Մենք էլ անկեղծորեն ուրախանում ենք, քանզի պողոտան բոլորինս է, եւ վերջապես Երեւանին պետք է վերադարձնել դիմերեսը, որ հնի ու նորի գեղեցիկ ներդաշնակության կնիքը պետք է ունենա, այլ ոչ թե չարչիական դրոշմ: Բայց…
Եղել են նաեւ ձերբակալություններ, ակտիվիստներից 6 հոգի եւ 1 հոգի ապամոնտաժող բրիգադից տարվել էին ոստիկանության Կենտրոնի բաժին: Մինչդեռ խաղաղ ցուցարարների հետ այսպես վարվելը համարժեք միջոցառում չի կարելի որակել, ինչքան էլ պնդեն ոստիկանները, թե նախապես զգուշացրել էին անօրինական գործողություններից զերծ մնալու համար: Մաշտոցի պուրակի ակտիվիստները հայտարարություն տարածեցին՝ նշելով, թե ավելի քան 80 օր է, ինչ իրենք Մաշտոցի պուրակում պայքարում են հանրային տարածքի պաշտպանության, հանրային սեփականության վերանվաճման եւ սահմանադրական իրավունքները կենսագործելու համար. «Այս ընթացքում մենք կիրառել ենք իրավական ու քաղաքացիական խաղաղ պայքարի բազմաբնույթ մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն եւ դիմադրություն, հետեւողական գործընթաց ենք ծավալել մեր իրավունքները պաշտպանելու եւ նվաճելու համար: Երեւանի քաղաքային իշխանությունները եւ ՀՀ կառավարությունը այս ընթացքում չեն կարողացել ադեկվատ իրավական ու քաղաքական արձագանք ու լուծում տալ: Մինչեւ օրս իշխանությունները հանրությանը չեն տրամադրել բազմաթիվ տեղեկություններ ու փաստաթղթեր Աբովյան փողոցում տեղադրված խանութների եւ Մաշտոցի պուրակի գործընթացների օրինականության վերաբերյալ»:
Հայտարարություն է տարածել նաեւ ոստիկանությունը՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ ակտվիստները շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է համաչափ ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ, մինչդեռ հակառակ կողմը հստակ պնդում է «անհամաչափ բռնի ուժ կիրառելու մասին»: Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ վրանի տեղադրման փաստն ինքնին ոստիկանությունը գնահատում է որպես միջանձնային բախումներ հրահրելու նպատակ հետապնդող հերթական սադրանք. «որը կարճ ժամանակում կանխվել է ոստիկանության կողմից»: Ոստիկանության հայտարարությունում մասնավորապես նշվել է. «Ապօրինի գործողությունները կասեցնելու եւ պուրակի տարածքից վրանի դուրսբերումն ապահովելու նպատակով՝ ոստիկանության աշխատակիցներն առանց հատուկ հնարքների կամ միջոցների գործադրման, հավաքի անցկացման վայրից հարկադրաբար դուրս են բերել դիմադրություն ցույց տվող անձանց եւ հանել տեղադրված վրանը: Սակայն քիչ անց, դարձյալ չենթարկվելով վրան չտեղադրելու վերաբերյալ ոստիկանների հորդորներին, հավաքի որոշ մասնակիցներ նոր վրան են տեղադրել, որը ոստիկանության աշխատակիցների կողմից եւս դուրս է հանվել պուրակի տարածքից: Ավելի ուշ վերոնշյալ միջադեպի առանձին մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Բերման ենթարկված բոլոր անձանց իրական հնարավորություն է ընձեռնվել արդյունավետորեն օգտվել իրավաբանական եւ բժշկական օգնություն ստանալու իրավունքներից, իսկ անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ կատարելուց անմիջապես հետո նրանք ազատ են արձակվել»:
ՀՀ ոստիկանությունը նշել է, որ լիազորված է հայտարարել հետեւյալը. «1) Դեռեւս սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պուրակում տեղադրված վրանը հանելուց հետո ոստիկանությունը հանրային հայտարարություններ անելու եւ կլոր սեղաններ անցկացնելու միջոցով բազմիցս տեղեկացրել էր, որ առանց հատուկ թույլտվության հասարակական վայրերում վրաններ կամ այլ առարկաներ տեղադրելն իրավաչափ չէ եւ օբյկետիվորեն դուրս է խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունից: Ուստի, ապրիլի 29-ի հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները քաջատեղյակ են եղել կամ առնվազն պետք է ողջամտորեն ակնկալեին, որ նման գործողությունները հանգեցնելու են համարժեք հակազդեցության (հետենանքի), որի պայմաններում վրանի տեղադրման փաստն ինքնին ոստիկանությունը գնահատում է որպես միջանձնային բախումներ հրահրելու նպատակ հետապնդող հերթական սադրանք:
Ոստիկանությունը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ իր որդեգրած միասնական գործելակերպին համահունչ, չենթարկվելով որեւէ սադրանքի, բացառապես իրավաչափ եւ համարժեք միջոցներով կանխելու, կասեցնելու կամ խափանելու է յուրաքանչյուր իրավախախտում, որն ուղղված կլինի բնապահպանական խնդիրներին առնչվող կամ չառնչվող ցանկացած իրադարձության ընթացքում չարդարացված լարվածություն ստեղծելուն:
2/ Ոստիկանության Կենտրոնականի բաժին ապրիլի 29-ին բերման են ենթարկվել միջադեպի ընթացքում ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսեւորած առավել ակտիվ 7 անձինք, որի հանգամանքն ինքնին չի հաստատում հավաքի այլ մասնակիցների գործողությունների իրավաչափ լինելը:
Ոստիկանությունը, լիովին վերահսկելով իրադրությունը, համաչափության եւ լարվածության թուլացման սկզբունքներին համապատասխան, ձեռնարկել է բացառապես իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներ, որոնք տակտիկական նկատառումներով նախ եւ առաջ ուղղված են եղել առճակատման եւ բռնության կիրառման վտանգների նվազեցմանը: Նման գործելակերպն առաջնահերթ կլինի ոստիկանության համար այնքան ժամանակ, քանի դեռ հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների հակաօրինական գործողությունները չեն հանգեցնի հավաքի կարգավիճակի օբյեկտիվ փոփոխությանը:
3/ Ոստիկանությունն ափսոսանք է հայտնում, որ առանձին քաղաքական ուժեր, փորձելով ներթափանցել պետական իրավասու մարմինների մասնագիտական գործունեության ոլորտ, իրենց իրավունք են վերապահել բացասական որակումներ տալ Մաշտոցի պուրակում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողություններին: Ոստիկանությունը հույս է հայտնում, որ այդ ուժերը կամ անձինք նման քայլով նպատակ չեն հետապնդում խրախուսել կամ քաջալերել ինքնիրավ գործողություններ ձեռնարկելու եւ իշխանության ներկայացուցիչներին ոչ իրավաչափ ֆիզիկական դիմադրություն ցույց տալու գործելակերպը, ուստի այսուհետ ողջամտորեն ձեռնպահ կմնան ոչ միանշանակ ընկալվող հայտարարություններ անելուց»:
Այս ամենից հետո եւ՛ ոստիկանության, եւ՛ կառավարության, եւ՛ քաղաքապետարանի գլխին սառը ջուր լցրեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, երբ Մաշտոցի պուրակում կանգառ արեց ու քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորեց ապամոնտաժել պուրակում տեղադրված կրպակները:
Տեսեք՝ ինչ է կատարվում, ոստիկանության համար նախագահի հանձնարարականը սառը ցնցուղ էր, քանզի ոստիկանությունը «համոզված» իր գործն էր անում՝ պաշտպանելով կրպակների սեփականատերերի իրավունքները: Բայց եկավ նախագահն ու ասաց՝ ապամոնտաժել: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը չի թաքցրել, որ երկրի նախագահի հանձնարարականն իր համար անսպասելի է եղել, բայցեւ՝ նշել է, որ ուրախ է որոշման համար. «Նախագահը միշտ նման դրական քայլեր է կատարում»:
Կառավարության համար սառը ցնցուղ էր, քանզի կառավարությունը համապատասխան որոշում էր կայացրել, որ այդ կրպակները կապամոնտաժվեն 3 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով հենց սեփականատերերի իրավունքները: Բայց եկավ նախագահն ու ասաց՝ ապամոնտաժել: Ի՞նչ է ստացվում՝ կառավարության որոշումը չեղյա՞լ համարվեց:
Դե, իսկ քաղաքապետարանի համար էլ սառը ցնցուղ էր, որովհետեւ վերջինս էլ հիմնվում էր կառավարության որոշմանը: Ու հիմա նախագահի «Տարոն ջան»-ը պետք է մի քանի կես լինի, որ հա՛մ երկրի ղեկավարի հանձնարարականը անի, հա՛մ կրպակների սեփականատերերին չնեղացնի, հա՛մ, հա՛մ, հա՛մ…
Լավ է, որ երկրի ղեկավարը խառնվեց այս գործին, ու պուրակի ակտիվիստները հաղթեցին (կրկնում ենք՝ ակտիվիստնե՛րը, այլ ոչ թե զանազան այն քաղաքական ուժերը, ովքեր երբեմն առ երբեմն էին նրանց միանում՝ բացառապես սեփական անձերը ցուցանելու համար): Բայց վատ է, որ երկրի ղեկավարը ստիպված խառնվում է այն կարգի գործերի, որոնք պիտի լուծեին տեղական ինքնակառավարման մարմինները: Որովհետեւ Մաշտոցի պուրակի հարցը տեղական կառավարման եւ ոչ թե համահայկական խնդիր էր:
Եվ դեռ մնում է մի հարց. ինչ անել կրպակների սեփականատերերի հետ. նրանք ա) ունեն սեփականության իրավունք (որ երաշխավորված է Սահմանադրությամբ), բայց կարծես չեն կարողանում իրացնել այն, որովհետեւ այդ իրացման վայրերը մշտապես խոչընդոտում են այլ քաղաքացիների իրավունքները, ովքեր ունեն կանաչապատ տարածք ունենալու եւ այդտեղ զբոսնելու իրավունք, բ) այդ սեփականության իրավունքը ձեռք բերելու համար համապատասխան վճարումներ են արել:
Հիմա կլռե՞ն նրանք, թե՞ կսկսեն իրենց պայքարը: Սա կախված կլինի նաեւ այն լուծումից, որ կառաջադրի քաղաքապետը: Լուծում, որ կբավարարի երկու կողմերին էլ եւ իրապես օրինականությունը անօրինականությամբ չի հաստատվի:
Այլապես կհետեւեն այլ սառը ցնցուղներ եւս:
Գոհար Վանեսյան
Մամուլի ազատությունը՝ միշտ գերակա խնդիր
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համեմատություններ անցկացնելով 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոսքի ազատության եւ հեռարձակող լրատվամիջոցների գործունեության առումով, հայտնել է, որ այն ժամանակ կային շատ ավելի բարդ խնդիրներ, քան այսօր: ՀՀ-ն գտնվում էր երկնիշ տնտեսական աճի պայմաններում եւ այդքան մեծ հույսեր ու ակնկալիքներ չուներ միջազգային հանրությունից՝ օգնություն, աջակցություն ստանալու առումով: Եվ, միջազգային հանրության գնահատականը մեր նախորդ խորհրդարանական ընտրությունների համար այդքան կարեւոր չէր իշխանությունների համար, ինչպես 2012թ.: Նրա կարծիքով, չի կարելի համեմատել այլընտրանքային լրատվամիջոցների ազդեցությունն ամբողջ տեղեկատվական դաշտի վրա 2007թ. եւ 2012թ.: Ներկայումս խոսքի ազատության համար ստեղծում են ավելի դրական միջավայր ու հենց այս ընտրությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է Մամուլի ազատության օր: Եվ չնայած Հայաստանը խոսքի ազատության առումով առաջ է անցել Ադրբեջանից, բայց դեռ լրջագույն խնդիրներ կան:
Իզուր չէ, որ մամուլը համարվում է 4-րդ իշխանություն, բայց կարեւոր է, որ մյուս 3 իշխանությունների հետ իրապես ճանաչվեն նաեւ 4-րդի իրավունքները:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 16 (237), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



