Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների զարգացման եւ ընդլայնման նպատակով մշակվել է Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման եւ զարգացման ներդրումային ծրագիրը, որը եւ հավանության արժանացավ կառավարության նիստում:
Ծրագիրն ունի նաեւ սոցիալական ու բնապահպանական նշանակություն՝ բնակչության համար նոր աշխատատեղերի ստեղծման, հողերի արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ գույքահարկի ու հողի հարկի մասով տեղական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովման առումով:
Դեմ չեմ, որ ջերմոցային տնտեսությունները տնտեսության համար կարեւոր են, որ ջերմատների հետագա զարգացումը էապես կնվազեցնի առկա գյուղատնտեսական ռիսկերը՝ կապված եղանակի տատանումների հետ, որ տնտեսության վարման այս ձեւը կնպաստի նրան, որ տարին բոլոր բանջարեղեն կունենանք շուկայում՝ ներկրված թուրքական աղբի հույսի չմնալով, որ աշխատատեղեր կավելանան եւ այլն: Բայց վերջերս կարծես շատ ենք հույսներս դնում ջերմոցային տնտեսության վրա (կառավարությունը հաճախ է նմանատիպ որոշումներ կայացնում): Էլի եմ ասում, լավ բան է ջերմոցը, բայց պետք չէ հիմնական շեշտադրումն անընդհատ այս ճյուղի վրա դնել: Չլինի թե մի ոլորտ շատ ջերմացնելով՝ մոռանանք արդյունաբերական գլխավոր ճյուղերի մասին:
Հիշու՞մ եք այն շրջանը, երբ շինարարությունը միայն հյուրանոցային էր ու մտածում էինք տուրիզմը զարգացնելու մասին: Հյուրանոցները շատացան, բայց դրանց ծառայությունների գնանկում այդպես էլ չեղավ, ու հայերը գերադասեցին հանգստանալ անթալիաներում, որովհետեւ ավելի էժան էր: Հետո դրան հաջորդեց էլիտար շենքերի շինարարությունը, որոնցից շատերն այդպես էլ մնացին դատարկ ու առանց էլիտար բնակչության, որովհետեւ քաղաքի աղմկոտ կենտրոնում ապրելն այնքան է հարմար չէ: Հիմա էլ արդյունաբերություն ասելով միայն փոքր ու միջին ձեռներեցություն ենք հասկանում ու զարկ ենք տալիս ջերմատնային քաղաքականությանը՝ մոռանալով, որ տնտեսության տարատեսականացում ասվածը միայն ՓՄՁ չէ ու հարկ է մտածել արդյունաբերական այլ ճյուղերի մասին եւս: Այլ կերպ՝ գործարաններ հիմնելու մասին: Որովհետեւ աշխատատեղեր, ճիշտ է, ջերմոցներն էլ են բացում, բայց գործարանների թափն ուրիշ է:
Սա, ի դեպ, ի գիտություն ԱԺ մտնել ցանկացող 8 կուսակցության եւ 1 դաշինքի, որոնք արդյունաբերությունից խոսում, բայց այդպես էլ չէին պատկերացնում՝ ինչ են ուզում, հետեւաբար՝ որոշակի ոչ մի քայլի առաջարկ էլ չէին անում, իսկ եթե մի բան էլ անեն, շատ-շատ ՓՄՁ-ոտ մի գործ լինի:
Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր
* * *
Հայ մարդու Հայրենիքը
Հայ Արիական Միաբանությունը մայիսի 1-ին շնորհավորել է հայ աշխատավորներին: Հայ արիները մասնավորապես կարեւորել են բանվորների ու գյուղացիների, ծառայողների, գիտության մարդու եւ մշակի, զինվորականի եւ հոգեւոր ոլորտի նվիրյալի, հայ բոլոր աշխատավորների հայրենիքում աշխատանք եւ վաստակ ունենալու հանգամանքը եւ հայ մարդուն հնարավորություն ընձեռնելը՝ սեփական քրտինքով իր ազատ կյանքն ստեղծելու ու արդար պետությունը կերտելու համար:
Հայ մարդը պետք է շենացնի՛ հայոց երկիրը, պետության տնտեսությունը եւ ապահովի բոլոր ոլորտների ռիթմիկ զարգացումը:
«Հայ մարդը տարիներ շարունակ դեգերում է օտար երկրներում եւ մաքառում իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով, ինչը հաճախ հայ ընտանիքների պառակտման եւ կործանման պատճառ է դառնում: Մինչդեռ հայ հորջորջվողներից ոմանք՝ հայության մի չնչին, բայց ընչաքաղց մասը, արդեն հոգնել է շլացուցիչ, ցոփ ու շվայտ կյանքից…»:
Հայ արիները հայտարարում են, որ այս ամենը կկարգավորվի հիրավի ազգային պետության գոյությամբ եւ այդ ազգային Հայաստանում չպե՛տք է լինեն մանկատներ եւ ծերանոցներ, մուրացկաններ, ինչը հայ տեսակի համար լուռ ամոթանքի դրոշմ է:
Հայ մարդը պե՛տք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում.- ասված է ՀԱՄ շնորհավորանքում:
* * *
Սեւանը կբարձրանա մինչեւ 34 սմ-ով
Այս նախընտրական թոհ ու բոհում անգամ կան կարեւորագույն խնդիրներ, որոնցից մեկը Սեւանա լճի՝ մեր բնական ջրամբարի պահպանմանն է վերաբերվում: Եվ առաջիկա 2 ամսվա կտրվածքով լճի մակարդակի բարձրացում է ակնկալվում:
Կանխատեսվում է, որ 2012թ. հուլիսի 1-ին 2012թ. ապրիլի 1-ի համեմատ Սեւանի մակարդակի բարձրացում կլինի 27-34 սմ-ով, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ լճի մակարդակը կանխատեսվում է՝ 1900,23-1900,28 մ սահմաններում, որը ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի 10-17 սմ-ով:
Այս կանխատեսումներն արել է ԱԻՆ-ը՝ հաշվի առնելով եղանակի եւ Սեւանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումների ճշգրտումները, լճի մակերեւույթից գոլորշացման մեծությունները, ինչպես նաեւ այն, որ Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ ջուր չի տեղափոխվելու, իսկ «Սեւանի մասին» օրենքի համաձայն՝ լճից ջրառը ոռոգման նպատակով առավելագույնը թույլատրվում է 170 մլն խմ:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 16 (237), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



