Նախկին ազատամարտիկները եւս դժգոհում են, որ Հայաստանը չի ցանկանում տրվել սադրանքներին, սակայն սահմանին մարդկային կորուստներն ավելանում են, իսկ միջազգային հանրությունը միայն բարոյագիտական դասեր է տալիս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած «շաբլոնային» հայտարարությունը այլեւս անընդունելի է, երբ ադրբեջանցին արդեն ՀՀ սահմաններից ներս է գնդակոծում, մանկապարտեզի ու դպրոցների վրա կրակահերթ է բացում: Հանգստության կոչերը մե՛զ չպետք է ուղղվեն, այլ Բաքվի՛ն: Իսկ հայկական զինուժը պետք է համարժեք պատասխան տա՝ գնդակոծի մոտակա ադրբեջանական բնակավայրերը…
Եվ եթե մի օր էլ պատերազմ սկսի, ապա միջազգային կոչված հանրությունը թող նաեւ իրեն մեղադրի: Թե չէ հավասարապես ամեն ինչին նայելը ոչ թե ազատակա՛ն, այլ՝ համայնավարակա՛ն տեսությունից է…
Կարեն Բալյան
Բանակը «ես»-երի ինքնաբավարարման թիրախ չէ
Ադրբեջանական զինուժը շարունակում է տմարդի իր գործելաոճը՝ փորձելով վնասագործությամբ ստվերել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը: Տավուշի մարզում վերջին միջադեպը, որի հետեւանքով պայմանագրային 3 զինծառայող է զոհվել, «ադրբեջանական դիվերսիայի հետեւանք է»,- ասել է իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը: Միջադեպից հետո ֆեյսբուքյան «Բանակն իրականում» խմբում ծավալված քննարկման ժամանակ նա ավելի շուտ շտապել եւ այլ մեկնաբանություն էր արել, թե՝ «Հարգելիներս, հայտնում եմ, որ մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, պայմանագրային զինծառայողները մահացել են վիճաբանության հետեւանքով կիրառված հրազենի հետեւանքով… Կա նաեւ այսպիսի տեղեկություն, որ ավելի մեծ թվով մասնակիցներ են եղել… Որն է եղել վիճաբանության կամ, այսպես կոչված, «ռազբորկայի» պատճառը, դեռ պարզ չի… Ցավոք, գործ ունենք վերստին ներքին պատճառների, կարգապահության կանոնների խախտման հետեւանքով մահացության դեպքի հետ»:
Այս առթիվ «Panorama.am»-ը զրուցել է Սաքունցի հետ՝ հասկանալու համար, թե որոնք են նման տեղեկատվության աղբյուրները եւ որոնք են նշված եզրահանգումների հիմքերը: Ի պատասխան իրավապաշտպանը հայտնել է, որ իր աղբյուրները մի քանիսն են՝ այդ թվում զինվորականության եւ տեղի բնակչության շրջանակներից: Միաժամանակ, իրավապաշտպանը նշել էր, որ իր հայտարարությունը պաշտոնական չէ եւ իր մոտ հարցերն ավելի շատ են, քան տեղեկատվությունը: Ուստի, ինքը մտադիր է տեղում արդեն տեղեկություններ հավաքել: Եվ Սաքունցը այցելել է Տավուշի մարզ ու համոզվել, որ միջադեպը «ռազբորկայի» հետեւանք չէ. «Դա հստակ է, որովհետեւ նայել եմ մեքենան, մի քանի հոգու հետ զրուցել եմ՝ դիվերսիա է միանշանակ՝ մեքենայի տանիքին՝ վարորդի ուղղությամբ կրակի հետք կա: Նաեւ նռնակ են օգտագործել»:
Իհարկե լավ է, որ ցավալի միջադեպը պարզվել է, եւ հայկական բանակի հանդեպ հերթական «եվրաարձագանքը» դրսից չի բերվել… Բայց մեզ եւս մտահոգում է, որ ադրբեջանցիները «մտել են, պոստերով անցել, որը սահմանից 300 մետր հեռավորության վրա է»: Ո՞նց են անցել
: Ո՞վ պետք է պատասխան տա այս առումով, չէ՞ որ սահմանի հսկողության խնդիրն է բարձրանում միանշանակ:
Սաքունցը զոհվածների մասին ասել է. «Իրենք բոլորը պայմանագրային են, իրար հետ բոլորը մոտիկ են եղել: Այսինքն՝ այս պահին միմյանց միջեւ անախորժության, վիճաբանության որեւէ մոտիվացիա չի կարելի նշել», երիտասարդների ծնողներն ազատամարտիկներ են եղել, մասնակցել են պատերազմին, իսկ որդիներն էլ իրենց գործի շարունակողներն են եղել: Ինչ վերաբերում է միջադեպի ժամանակ մեքենայում գտնված 4-րդ զինծառայողին, իրավապաշտպանը տեղեկացրել է, որ նա «հրաշքով է կենդանի մնացել… Իրեն, ցավոք սրտի, չկարողացա տեսնեմ, որովհետեւ ասացին վիճակը վատ է՝ շոկային վիճակում է»:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն այն մարդն էր, ով փորձել էր օտարերկրյա դեսպանատան փողերով ու պատվերով գործող Գեորգի Վանյանի հետ միասին Վանաձորում «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» կազմակերպել:
Հիմա գոնե հասկացա՜վ, որ արտաքին դիվերսիայից է խոսում, բայց ներքին դիվերսիայի մասնակից էր ցանկանում դառնալ… Գուցեեւ չի էլ հասկացել…
Իսկ զինծառայողների մահվան վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով
երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը ու եւս 2 պայմանագրային զինծառայողներ: Վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ 2 պայմանագրային զինծառայողները մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: «Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաեւ վերը նշված ավտոմեքենայի վրա»: ՀՀ ՊՆ-ն տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ տեղեկացնելով, որ «բոլոր փաստերը վկայում են միջադեպի ադրբեջանական հետքի մասին»: Տեղեկություն է տրվել նաեւ միջադեպի զոհերի ինքնության մասին. 27-ամյա Դավիթ Աբգարյան, 25-ամյա Արամ Եսայան եւ 21-ամյա Արշակ Ներսիսյան՝ բոլորն էլ Բերդ քաղաքից:
Վերջերս ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հայտարարություն է տարածել, որ հղումներ անելով սեփական աղբյուրների ու տեղեկությունների՝ որոշ լրատվամիջոցներով եւ սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը եւ բնակավայրերը գնդակոծելու հետւանքով զոհերի ու վիրավորների վերաբերյալ: «Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր եւ արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ եւս հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում»,- նշված է հայտարարությունում:
Մենք մեր թերթի նախորդ համարում նշել էինք, որ Բաքուն սադրանք է փնտրում այս նախընտրական շրջանում եւ, ցավոք, մեկն ստացվեց ու դեռ ողբերգական ավարտ ունեցավ: Բայց ուզում ենք վստահ լինել, որ ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՊՆ Սեյրան Օհանյանն են ասել՝ պատասխան հարվածը չի ուշանա եւ ավելի ազդեցիկ կլինի…
«Լուսանցք»-ը միշտ անդրադարձել է հայկական բանակում տեղ գտած որոշակի թերություններին եւ դաժանություններին, սակայն դեմ է դա «մատի փաթաթան» սարքելուն եւ չճշտված կերպով արձագանքելուն, ինչը ոչ միայն օգուտ չի տալու մեր բանակի թերությունների իրական բացահայտման գործին, այլեւ ջուր է լց
նելու թշնամու ջրաղացին:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 16 (237), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



