Ինչ կլիներ՝ սուր պաշտեինք

   Ինչ կլիներ՝ սուր պաշտեինք

Թե խաչի հետ սուր պաշտեինք, հայ արյունը չէր ոթելու,
Ոչ էլ վախկոտ ու նենգ մի ցեղ դավով մեզ էր մորթոտելու,
Տիրելու էր հայն իր հողին՝ ծովից ծովին իր սեփական,
Ինչպես Տիգրան Մեծի օրոք՝ տիրույթներով տիեզերական:

Ոչ էլ նրան ծաղրելու էր կեղծապատիր անգլիացին,
Թե՝ նավերը անգլիական հարմար չեն ձեր Արագածին,
Ոչ էլ Բիսմարկ մի շնապիղծ սրելու էր սուրը դահճի՝
Թե է՛ն գլխից սուր պաշտեինք, ոչ թե միայն գոյը խաչի:

Չէր լինելու Եղեռնը մեծ, չէր լինելու սև Ադանան,
Չէր բոցվելու հայ արյունով դժողք գետը այն Հորդանան,
Չէր դրվելու հայ ոստանը Սուլթան Համիդ Նեռի սրին,
Հայ լեզվով էր բարբառելու հայոց Վանը, Մուշն ու Անին:

Թե խաչի տեղ սուր կռեինք՝ չէինք լինի այսպես մի բուռ,
Չէինք լինի այսպես նվազ՝ թեկուզ արի ու հաղթակուռ,
Անսալու էր մեր սաստ ձայնին անգամ արքան պաղ Հյուսիսի,
Եվ երբեք չէր բարակելու անմար լույսը մեր էլ հույսի:

Չէր մնալու երբեք դրսում Տալվորիկը, Սասունը մեր,
Սիմ լեռը չէր որբանալու՝ չունենալով ֆիդայիներ,
Չէր հանգչելու այլոց հողում գերեզմանն էլ Անդրանիկի,
Որ կոփում է հայոց ոգին ու հավատը հաղթանակի:

Ոչ էլ ցեղն այս վայրենաբիրտ՝ կողիս կպած քոսի նման,
Նոր եղեռն էր մեզ բերելու, բնազդով իր գեհենական,
Չէր սարքելու Սումգայիթում դանթեական դժոխք դահճի,
Թե խաչի հետ սուր պաշտեինք, ոչ թե միայն գոյը խաչի…

Հակոբ Սրապյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։