Երբ փոխշահավետ է համատեղ գոյատեւումը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԻԻՀ ԱԳ հրավերով պաշտոնական այցով եղավ Թեհրանում: Իրանի համար այս հախուռն օրերին, երբ միջազգային հանրությունը փորձում է ճնշումներ գործադրել Թեհրանի վրա, այս այցը կարեւոր նշանակություն ունի հարեւան երկրի համար, հատկապես, երբ Երեւանը լավ հարաբերութունների մեջ է ինչպես Միացյալ Նահանգներիի ու Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ինչպես ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի, այնպես էլ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի եւ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:
Նախարար Նալբանդյանը նախագահ Ահմադինեջադին է փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
Քննարկվել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքատար խողովակաշարի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերը: Նշվել է, որ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար լավ հնարավորություններ կան եւ անհրաժեշտ է դրանք եւս օգտագործել:
Իրանական կողմը հավաստել է, որ Հայաստանը տարածաշրջանում կարեւոր դիրք ունեցող երկիր է եւ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ Իրանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները կարեւորվել են եւ երկկողմանի համաձայնություն կա ջանքեր գործադրելու, որպեսզի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն ավելանան: Իրապես արցախյան հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կարեւոր է, հատկապես երբ Ադրբեջանը պարբերաբար փորձեր է անում հայ-ադրբեջանական հակամարտությունը նաեւ կրոնականացնելու:
«Իսլամական համաժողով»-ի անդամ երկրները հաճախ են անդրադառնում այս հարցին՝ Բաքվի եւ Անկարայի ջանքերով:
Իրանի համար էլ կարեւոր են վստահելի գործընկեր եւ հարեւան Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները: Նախ՝ դա փոխշահավետ է մասնավորապես տնտեսական եւ ռազմավարական առումներով, հետո հիմնավորում է իրանական իսլամականության ոչ ծայրահեղականությունը, քանզի Թեհրանը տուրք չի տալիս մահմեդական երկիր համարվող Ադրբեջանի իսլամական խաղերին եւ հավասարակշռված քաղաքականություն է վարում քրիստոնեական եւ մահմեդական հարեւան երկրների հակամարտությունում:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ամռանը՝ Երեւանում: Հատկապես կարեւորվում է երկու երկրների միջեւ համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր են փոխանակվել իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:
Հայկական կողմի հետ բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Հայ նախարարին ներկայացվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, նշվել է, որ վերջին հանդիպմանը դրական միտում է արձանագրվել եւ պետք է դա պահպանել, ամրապնդել մայիսին Բաղդադում նախատեսված հանդիպմանը:
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ համայնքային կառույցների մի շարք ղեկավարների հետ:
Արամ Ավետյան
Ո՞ւմ դեմ է զինոմ Ադրբեջանին Իսրայելը
Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին. այս մասին հայտնել է իրանական ՖԱՐՍ լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ռազմական, անվտանգության, տեղեկատվության, ինչպես նաեւ տնտեսության այլ ոլորտներում Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ առկա աննախադեպ համագործակցությունն Իրանի պաշտոնյաները համարում են սպառնալիք՝ ուղղված Իրանի ազգային շահերին:
Ներկայացվել են այն գործոնները, թե Իսրայելը հարավկովկասյան երեք երկրներից ինչու է հատկապես ընտրել Ադրբեջանին: «Իրանա-իսրայելական թշնամական հարաբերությունների առկայության պարագայում Իսրայելը փորձում է ամեն կերպ հաստատվել Իրանի հյուսիսային սահմաններում: Վրաստանն ընդհանուր ցամաքային սահման չունի Իրանի հետ. Թբիլիսին ու Թել Ավիվը սահմանափակվում են ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությամբ: Հայաստանի եւ Իրանի չափազանց մոտ ու ավանդական հարաբերությունները բացառում են Երեւանի ու Թել Ավիվի միջեւ լուրջ համագործակցությունը: Եվ նման պայմաններում ամենահարմար տարբերակը Ադրբեջանն է, որը Կասպից ծովի իրավական կարգավիճակի, Իրանի քաղաքական իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների եւ մի շարք այլ գործոնների պատճառով Իրանի հետ համեմատաբար սառը, երբեմն լարված հարաբերություններ է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում»,- նշել է ՖԱՐՍ-ը: Վստահաբար «մի շարք այլ գործոնների» մեջ մտնում է նաեւ ադրբեջանական ծավալապաշտությունը, սին «մեծ Ադրբեջանի» երազանքը:
Առավել հստակ լինելու համար նշենք, որ Ադրբեջանը կարեւոր նշանակություն ունեցող «Սիտալչայ« ռազմաբազան հանձնել է Իսրայելի տնօրինմանը: Իսրայելի հատկացրած 1,5 միլիարդ դոլար գումարով վերջերս վերանորոգվել է Բաքվից 50 կմ հեռավորության վրա գտնվող այդ ռազմաբազան, որտեղ տեղակայված են ժամանակակից ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ: Բացի այդ՝ սույն ռազմաբազան օժտված է այնպիսի ռադարային համակարգով, որն ընդունակ է բալիստիկ հրթիռները ճանաչել մինչեւ 500 կմ հեռավորության վրա:
Իրանական կողմը, կասկածի տակ դնելով վերոնշյալ ռազմաբազայի առնչությամբ Ադրբեջանի ներկայացրած պարզաբանումները, նշել է. «Ադրբեջանը հայտարարում է, որ այդ ռազմաբազան օգտագործվելու է Լեռային Ղարաբաղի դեմ պատերազմում, սակայն խնդիրն այն է, որ «Սիտալչայ» ռազմաբազայում տեղակայված անօդաչու ինքնաթիռների թռիչքի տարածությունը 5-6 անգամ գերազանցում է Հայաստանի հետ ունեցած սահմանը, ուստի դրանք հարեւան այլ երկրների պարագայում եւս կարող են օգտագործվել: Իրանական զլմ-ները հայտնում են, որ Իսրայելի ԱԳ նախարարը Բաքու այցի ընթացքում թեեւ ուղղակիորեն չի անդրադարձել Ադրբեջանի օդանավակայանների հարցին, սակայն փորձագետների կարծիքով, Բաքու այցի հիմնական նպատակը Ադրբեջանի ռազմական օդանավակայանների վարձակալության հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է:
Վերջերս Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ 1,6 միլիարդ դոլարի ռազմական գործարքի կնքումից հետո, երբ Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը վերոնշյալի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով կանչվեց ԱԳՆ, ի պատասխան իրանական կողմի հարցադրումների, Ադրբեջանի դեսպանը պատճառաբանել էր, թե Իսրայելից ձեռք բերված ռազմատեխնիկան եւս Ադրբեջանը նպատակ ունի գործադրել Լեռնային Ղարաբաղի դեմ: Չնայած Ադրբեջանի դեսպանի՝ Իրանի ԱԳՆ-ում տված պարզաբանումներին՝ ԻԻՀ փոխարտգործնախարարը պնդել էր, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն, այնուամենայնիվ, գործածում է Իրանի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Իսկ մենք, կարծում ենք, ՀՀ ԱԳՆ-ն եւս հարցումներ պիտի անի, բայց դրանք ուղղել է պետք պաշտոնական Թել Ավիվի կողմը… Եթե այս ամենը Հայաստանի դեմ չի ուղղված, ապա ի՞նչ վստահություն կարող է ներշնչել իսրայելական կողմը, եթե անգամ Անկարան վստահ չէ Բաքվի հետագա քայլերի վրա:
Արտակ Հայոցյան
* * *
Իսրայելը տեղեկացրել է Լիբանանին, որ մտադիր է իսրայելա-լիբանանյան սահմանի որոշ հատվածներում բաժանող պատ կառուցել՝ երկրի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքը պաշտպանելու համար: Ըստ նախատեսվածի՝ պատի բարձրությունը կլինի 10 մետր, իսկ երկարությունը՝ 2 կմ: Պատի կառուցումը կսկսվի հաջորդ շաբաթ: Իսրայելի պաշտոնյաները հույս ունեն, որ դա կկանխի բախումները Լիբանանի եւ Իսրայելի սահմանապահ ուժերի միջեւ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն էլ մի ժամանակ հայտարարել էր, թե պատ է կառուցելու հայ-ադրբեջանական հակամարտության գոտու երկայնքով, ինչը թերեւս միայն ծաղրվեց: Հիմա հասկանալի է, թե Բաքվի դասերը որտեղ են գրվում…
Վտանգ՝ բազմադեմ, բայցեւ՝ միադեմ
Ադրբեջանի ՆԳ մարմիններից արտահոսած տեղեկությունների համաձայն, ամիսներ առաջ մոտ 100 բեռնատար ավտոմեքենաներ են հատել Թուրքիայի ու Վրաստանի Սարփի սահմանակետը եւ եկել են Ադրբեջան: Այդ ավտոմեքենաներն անցել են «Կարմիր կամուրջ» կոչված անցակետով:
«Pia.az»-ի աղբյուրը հայտնել է, որ բեռնատարներում Թուրքիայի տարբեր շրջաններից քուրդ ընտանիքներ են եղել, որոնք վրացական սահմանապահներին ասել են, թե Ադրբեջան են մեկնում՝ դաշտային աշխատանքներ կատարելու համար: Իրականում Թուրքիայում քրդերը նման կերպ տեղափոխվում են եղանակային դաշտային աշխատանքներին մասնակցելու համար, սակայն սա առաջին դեպքն էր, երբ այդ նպատակով նրանք զանգվածաբար անցել են երկրի սահմանը: Բայց իրականում դա պատրվակ է, եւ քուրդ ընտանիքներն Ադրբեջան են ժամանել ու մշտական բնակություն հաստատել:
Նշենք, որ ադրբեջանական մամուլում վերջերս հաճախակիացել են Ադրբեջանի թալիշաբնակ հարավային շրջանները քրդերով բնակեցնելու դեպքերը, ինչպես փորձում են ներկայումս թուրք-մեցխեթներով բնակեցնել Ջավախքը…
Մի քանի տասնյակ քուրդ ընտանիքներ արդեն բնակեցվել են Լենքորանի շրջանում եւ ժողովրդագրական պատկերի փոփոխման փորձ է արվում: Իսկ եթե հաշվի առնենք, որ առ այսօր խոսվում է Հեյդար Ալիեւի քրդական ծագման մասին, ապա գուցե այլ նպատակներ եւս ի հայտ գան…
Հետաքրքիր է, որ այն ժանամակահատվածում, երբ քրդերը Թուրքիայից Ադրբեջան էին տեղափոխվում, զինված բախումներ եղան Իրանի հյուսիս-արեւմուտքի քրդաբնակ շրջաններում. Իրանի Արեւմտյան Ազարբայջան նահանգի հարավում, Քորդեսթան նահանգի հյուսիսում, իրանա-իրաքյան սահմանին գտնվող Սարդաշտ շրջանում: Քրդերն այսօր էլ ակտիվ են Իրանում, Իրաքում եւ Սիրիայում:
Փաստորեն, Բաքուն ոչ միայն Հայաստանի տարածքների հաշվին է երազում սարքել «Մեծ Ադրբեջան», այլեւ՝ Իրանի ադրբեջանաբնակ շրջանների, հիմա նաեւ՝ Իրանի քրդաբնակ շրջանների հաշվին…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 16 (237), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



