ԵՄ-ն ի գիտություն է ընդունել մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ ողջունել է ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության եզրակացությունների ու նախնական դատողությունների մասին հայտարարությունը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Եվրոպական հարեւանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունում:
Միեւնույն ժամանակ մենք ողջունում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված են լինելու 6 քաղաքական կուսակցություններ:
Դա դրական քայլ է Հայաստանում բազմակարծ եւ ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացման ուղղությամբ:
ԵՄ-ն նաեւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ զերծ մնալ հակաօրինակ գործողություններից եւ շարունակել քաղաքական երկխոսությունը: Ընդդիմության եւ իշխանության միջեւ կառուցողական երկխոսությունը կարեւոր է երկրում կայունության ամրապնդման համար»,- ասված է հայտարարությունում:
Անի Մարության
Իսկ դիտորդները գոհ են
ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, ըստ «BBC»-ի, արձանագրվել են մի շարք ընտրախախատումներ: «BBC»-ի թղթակից Ալեքսեյ Մանվելյանի խոսքով՝ բողոքները ստացվել են ընտրությունների մեկնարկից ի վեր: Մասնավորապես՝ դրանք վերաբերում են քվեաթերթիկների լցոնմանը, կրկնակի քվեարկությանը եւ ընտրողներին կաշառք բաժանելուն: Նշվել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին հետեւել է ավելի քան 600 միջազգային դիտորդ:
Միջազգային մամուլը ընտրության օրն է նաեւ անդրադարձել ընթացքին եւ խախտումներին: «Reuters» գործակալությունը գրել է, թե «հայերն ակնկալում են խաղաղ ընտրություններ եւ ժողովրդավարական արդյունքներ» եւ հավելել, որ ԱԺ ընտրությունները կամրապնդի երկրի կայունությունը: Միջազգային զլմ-ները նախապես նշել էին, որ 2 մեծ կուսակցությունները՝ ՀՀ նախագահի գլխավորած ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, որի ղեկավարը գործարար Գագիկ Ծառուկյանն է, «կմնան ամենաուժեղները»:
Անդրադարձ է եղել նաեւ այն փաստին, որ «այս ընտրություններում քվեարկությանը մասնակցած ընտրողների անձնագրերում որոշում էր ընդունվել դնել ժամանակավոր դրոշմակնիքներ, որոնք, ենթադրվում էր, պետք է ցնդեին 12 ժամվա ընթացքում, սակայն տեղեկություններ են ստացվել, որ դրանք առավել շուտ են ցնդում, ինչն էլ ընտրողներին կրկին քվեարկելու հնարավորություն է ընձեռում»: Նաեւ նշվել է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել է խախտումների մասին այդ լուրերին եւ խնդիրը կարգավորվել է, քանի որ տեխնիկական բնույթ է կրել:
«Dni.ru»-ի համաձայն՝ ՀՀ ընդդիմությունը հայտնել է այլ խախտումների մասին եւս, ընդդիմադիր ներկայացուցիչների՝ ընտրատեղամասերում ծեծի ենթարկվելու եւ նմանատիպ դեպքերի մասին: Ցուցակներում հայտնաբերվել են մահացած անձանց անուններ, ինչը հաստատել է ՀՀ ոստիկանությունը: «Էխո Մոսկվի» ռադիոկայանն էլ, վկայակոչելով դիտորդների կարծիքը, հայտնել է, որ այս ընտրություններում «ֆավորիտ է իշխող Հանրապետական կուսակցությունը»:
Հայաստանում ընտրական գործընթացներին հետեւած՝ Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը հայտնել է. «Ընտրություններն անցնում են շատ խաղաղ, կազմակերպված եւ դեռ կոպիտ խախտումներ չեն գրանցվել մեր կողմից»: Նա նշել է, որ լավ առավելություն կար, «քանի որ ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված, ճիշտ է, որոշ տեղամասերում մեզ թվաց, որ ընտրողներին «օգնում են», սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են ընթացել»:
ՀՀ խորհրդարանական ընտրություններին հետեւել են նաեւ միջազգային դիտորդները: Նրանց կարծիքով՝ ընտրություններն անցկացվել են միջազգային նորմերի չափանիշներով: Ընտրական համակարգերի հետազոտության միջազգային կենտրոնի ԱՄՆ ներկայացուցիչ Լիդիա Լոուսոն նշել է, որ ընտրական տեղամասերի գործունեությունը եղել է առանց որեւէ խախտումների: Սակայն դիտորդը, արձանագրել է, որ որոշ ընտրատարածքներ ունեցել են տեխնիկական խնդիրներ՝ կապված կնիքիների թանաքների՝ անձնագրերից ցնդելու փաստի հետ, «սակայն վիճակը շտկվել է, երբ փոխարինվել են սովորական թանաքներով»,- հավելել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեոս Պիսկորսկին ընդգծել է, որ նախկին ԽՍՀՄ երկրները պետք է տեսնեն եւ սովորեն ՀՀ-ից, որն անցկացրեց եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ: Լեհ դիտորդն ընդգծել է ընտրողների բարձր ակտիվությունը՝ արձանագրելով, որ ոչ մի լուրջ խախտումներ չեն գրանցվել. «Մենք Հայաստանի մասին խոսում ենք որպես ժողովրդավարական երկրի»,- ասել է նա: Չեխիայի ներկայացուցիչ Աննա Չուրդովան էլ փաստել է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են եվրոպական օրենքներով ու ժողովրդավարական չափանիշներով. «Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել զլմ-ների միջոցով ներկայացնել իրենց ծրագրերը, այն ընտրատեղամասերում, որտեղ մենք եղանք, տեսանք շատ հանգիստ մթնոլորտ»: Նա նկատել է՝ հայերը եկել էին ընտրելու նրանց՝ «ում սիրում են եւ ցանկանում են տեսնել ապագա խորհրդարանում»: Չեխիայի ներկայացուցիչը եւս խոսել է տեխնիկական խնդիրների մասին, բայց միաժամանակ, համոզմունք հայտնել, որ դրանք ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա. «ՀՀ-ում գտնվում եմ երրորդ անգամ, նկատում եմ, որ երկիրը մեծ առաջընթաց է ապրել, եւ հայ ժողովուրդը ապրում է ժողովրդավարական երկրում»:
«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել համապատասխան ՀՀ Ընտրական օրենսդրությանը, հանգիստ պայմաններում, թափանցիկ, ապահովված էին բազմակարծության եւ ժողովրդավարության բոլոր նորմերը»,- գնահատելով ընտրությունների ընթացքը եւ արդյունքները՝ հայտարարել է ԱՊՀ Միջխորհրդարանական դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը: Ընտրական գործընթացներին մասնակցել են ապրիլից 16-ից, հետեւել է 173 դիտորդ: Մայիսի 6-ին դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել էին մարզեր՝ 978 ընտրատեղամաս: «ՀՀ-ում ստեղծվել էին բոլոր պայմանները, որպեսզի դիտորդները կարողանան մոնիթորինգի ենթարկել նախընտրական գործընթացները: Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը միտված էր բարելավել, լիբերալիզացնել եւ բարեփոխել ընտրական գործընթացները: Դա թույլ է տվել անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»,- ասել է ԱՊՀ դիտորդը:
Գոհար Վանեսյան
Ընտրություններ՝ հայկական շահերին առնչվող
Բացի Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններից, այս օրերին տարբեր ընտրություններ եղան եվրոպական 5 երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Սերբիայում, Գերմանիայում եւ Իտալիայում:
Ֆրանսիայում կայացավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որտեղ պայքարում էինն գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը: Մոտ 46 մլն. մարդ կար գրանցված ընտրացուցակներում: 32 կուսակցություններ պայքարեցին շուրջ 10 մլն. ընտրողների ձայների համար:
Եվ Ֆրանսիան նոր նախագահ ունեցավ՝ Ֆրանսուա Օլանդը: «Exit-poll»-ի տվյալներով՝ Սարկոզին 2-րդ փուլում արդեն իսկ կորցրել էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը: Նրա մրցակիցը՝ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլանդը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 50%-ը:
Նախկին նախագահ Սարկոզին եվրոպական 11-րդ ղեկավարն է, ով հեռանում է իշխանությունից տնտեսական ճգնաժամի պայմաններում: Անցած 2 տասնամյակների ընթացքում առաջին անգամ իշխանությունն անցավ սոցիալիստներին: Նորընտիր նախագահ Օլանդի հաղթանակը հատկապես ոգեւորել է երկրի հասարակ ժողովրդին:
Ինչեւէ, ինչ նոր լուծումներ կբերի նոր նախագահի ընտրությունը ֆրանսահայերի եւ հատկապես Հայոց ցեղասպանության խնդիրների առաջխաղացման համար, դեռ հայտնի չէ: Եվ արդյո՞ք նախկին նախագահի թիմը կշարունակի իր հայանպաստ գործունեությունը քաղաքական ոլորտում, նույնպես հայտնի չէ:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների մասնակցության թիվը կազմել է 72%, իսկ Ֆրանսուա Օլանդը ստացել է ընտրողների ձայների 52,5%-ը: Սարկոզին անմիջապես շնորհավորել է Օլանդին, իսկ նորընտիր նախագահն ասել է, թե «Ֆրանսիան այսօր պիտի ասի, արդյոք օրը գեղեցիկ է, թե՝ ոչ»: Նախկին նախագահի աջակիցներն էլ ասել են, թե նա լավ է կարողացել ղեկավարել երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում ու «նրա շնորհիվ է, որ Ֆրանսիան այսօր չի հայտնվել Հունաստանի ու Իսպանիայի իրավիճակներում»:
Միլիոնավոր մարդիկ Եվրոպայում մասնակցել են նախագահական, խորհրդարանական եւ քաղաքապետարանի ընտրություններին միաժամանակ: Արդյունքները կարող են ազդել Սերբիայի եւ ԵՄ հետ հարաբերությունների, ինչպես նաեւ Կոսովոյի հարցի վրա, որի անկախացման հռչակագիրը Սերբիան հրաժարվել է ընդունել: Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելի աջ կենտրոնամետ կոալիցիային էր առնչվում ընտրությունները, իսկ Իտալիայում առաջին ընտրություններն էին այն ժամանակվանից ի վեր, ինչ վարչապետ Մարիո Մոնտին փորձում է փրկել երկիրը ճգնաժամից: Իտալացիները 942 քաղաքներում ընտրել են նաեւ քաղաքապետեր ու խորհուրդներ:
Իսկ Հունաստանում մայիսի 6-ին անցկացված ընտրություններից հետո 3 թուրք պատգամավոր են անցել խորհրդարան՝ թուրքաբնակ Թրակիայի տարածաշրջանից: Այսպիսով՝ 16 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ Հունաստանի 300 անդամ ունեցող խորհրդարանում տեղեր կզբաղեցնեն թուրք պատգամավորներ: Իշխող PASOK (Պանհելենիստական սոցիալիստական շարժում) եւ Նոր դեմոկրատական կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում պարտություն են կրել: Սա եւս պայմանավորված է խորը տնտեսական ճգնաժամով, ինչպես եվրոպական այլ երկրներում:
Խորհրդարանական ընտրություններ եղան նաեւ Սիրիայում, որտեղ 250 տեղի համար պայքարում էին 9 նոր կուսակցություններ: Չնայած ընդդիմությունը հավաստիացնում է, որ այդ կուսակցությունները կապված են հին քաղաքական էլիտայի հետ եւ բոլորովին էլ անկախ չեն, ինչպես ներկայացնում են:
Մայիսի 7-ին էլ Կրեմլի Մեծ պալատում տեղի ունեցավ ՌԴ նախագահ ընտրված Պուտինի պաշտոնակալման հանդիսավոր արարողությունը: Նա 3-րդ անգամ կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը, այս անգամ ոչ թե 4, այլ՝ 6 տարով: Պաշտոնակալման արարողությանը ներկա են ՌԴ-ի գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների, հիմնական կրոնական դավանանքների ներկայացուցիչները, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2 հազար մարդ: Նախագահի երդմնատվության արարողությունը կայացել է Անդրեեւյան դահլիճում, որտեղ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նորընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել նախագահական իշխանության խորհրդանիշը:
Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, ապա միջազգային դիտորդները հիմնականում հայտնել են, որ հաճելիորեն զարմացած են, քանի որ դրանք անցել են այնպես, ինչպես լինում է Ֆրանսիայում կամ Հունաստանում:
Կարեն Բալյան
Կրկին մերժել են Կոբզոնին
ՌԴ ԱԳՆ-ն «հիասթափություն եւ տարակուսանք» է արտահայտել ամերիկյան իշխանության կողմից հերթական անգամ ռուսաստանցի երգիչ, դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին մուտքի արտոնագիր չտալու փաստի առնչությամբ: Ըստ «Իտառ-Տասս»-ի, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նշել է, որ մերժումը «հիմնականում տարօրինակ է» երեւում այն համապատկերին, որ վերջերս ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել դյուրացնել փոխադարձ այցերը: Այսպիսով չի կայանա Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունը, բացի այդ՝ ԱՄՆ-ում երգչին սպասել են բազմաթիվ երկրպագուներ, նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ: «Ցավոք, այս անգամ, ինչպես նախկինում, նման որոշում ընդունելու համոզիչ հիմնավորում չենք լսել: Հղումները, որ Իոսիֆ Կոբզոնը իբր թե «վտանգում է ԱՄՆ ազգային անվտանգությանը», հազիվ թե կարելի է լուրջ ընդունել»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին հերթական անգամ մերժել են ԱՄՆ մուտքի վիզա տրամադրել, իսկ նրա առջեւ ԱՄՆ մեկնելու արգելքը դրվել է դեռեւս 18 տարի առաջ: Շուտով նա կդառնա 75 տարեկան, ինչի կապակցությամբ ծրագրվել են մեծ հրաժեշտի հյուրախաղեր: Դրա շրջանակում երգիչը մտադիր էր մայիսին եւ հունիսին համերգներով հանդես գալ ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, Չիկագոյում եւ Բոսթոնում:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 17 (238), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում