«Այո, սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հայերը ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային: Թշնամանքի զգացումն անիմաստ է, նոր սերունդն այլեւս չի մտածում հին սերունդի նման: Այո, Հայոց ցեղասպանությունը հսկա ցավ է պատճառել հայ ժողովրդին, սակայն այն չի կարող կանխել դեպի ապագա նայելու մեր ձգտումը»:
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը մի առիթով ասել էր, թե դեմ չէ Թուրքիայում համերգին, որովհետեւ մշակույթը քաղաքականության հետ չի խառնում:
Ռուբեն Հախվերդյանն էլ մեկ այլ առիթով նշել էր, թե գնահատում է թուրք մտավորականների՝ երկու երկրների հաշտեցմանն ուղղված քայլերը. «Եկեք հեռու մնանք ազգայնամոլությունից: Ազգայնամոլությունը թունավորում է բոլորիս»: Ու հավելել՝ «հազար տգետ հայի չեմ փոխի մեկ կիրթ թուրքի հետ»:
Այսպես են խոսում մեր մշակույթի ոլորտի գործիչները: Չնայած Նունե Եսայանին հարկ է մե՜ծ վերապահումով մոտենալ՝ նրան կցելով ոչ թե մշակույթին, այլ «շոու բիզնեսին»՝ ցուցադրանքի ոլորտին: Ինչեւէ, ցուցադրանքն էլ յուրօրինակ մշակույթ է, ուստի ընդհանրական դիտարկում կանենք՝ անցնելով բուն նյութին՝ հենց ընդհանուր-երեւութական, ոչ թե անձնավորված խոսելով:
Մի բան հաստատ է. մեր մշակույթի ոլորտի գործիչներին (բացառություններին խորապես հարգում եմ) հակացուցված է բերանները բացել, իսկ դրանից առաջ՝ հակացուցված է հարստանալը: Որովհետեւ նրանք քանի դեռ սոված են, հայրենասեր են, հենց հարստանում են՝ մոռանում են հայրենիք ու պատիվ: Հիշում ենք՝ աստղերի մեծ մասը ցուցադրանքի ոլորտ մտավ հենց առավելապես հայրենասիրական երգերով: Եթե նրան(ց) քընընենք նրա(նց) իսկ տրամաբանությամբ, ուրեմն ինքն (իրենք) այն ժամանակ հին սերունդ էր(էին), իսկ հիմա՝ նոր: Նոր է, ու հասկանում է, որ թշնամանքի զգացումն անիմաստ է: Այսինքն՝ անիմաստ է ատել այն թշնամուն, ով քեզնից խլել է պատմական հայրենիք, տուն, տեղ, ընտանիք:
Ընդհանրապես սա նշանակում է, որ այս ձեւով խոսողների… ոչ միայն սիրտն է բաց (հավելենք «բացության» կարկառուն ներկայացուցիչ գեորգիվանյաններին, ադրբեջանասիրությամբ ու հրապարակավ չարտահայտվող, բայց գործող այլ թրքասերների): Այս օրերին շատերը մեկնաբանեցին, ուրեմն՝ չկա ազգային արժանապատվություն, պատիվ, հպարտություն: Ես մի փոքր այլ կերպ կբացատրեմ: Երբ քեզնից խլում են ամեն ինչ, դու ջարդարարի հանդեպ միայն զգում ես թշնամություն, ինչը բնական է ու մարդկային: Իսկ երբ քեզնից խլում են հայրենիքդ ու ոչնչացնում ցեղդ, դու ցեղասպանի հանդեպ զգում ես թշնամություն, որը, փոխանցվելով սերնդեսերունդ, արդեն գետենիկորեն է ամրագրվում, ինչը ուչ միայն նույնպես բնական է ու մարդկային, այլեւ՝‘ազգային: Իսկ եթե ժամանակին քո նախնին թուրքի առջեւ ոչ միայն սիրտն է հաճույքով բացել… ու մի խոսքով տեղի է ունեցել գենախեղում, ու որի պտղի ծնվելն էլ թույլ է տրվել, ապա տարիներ անց հնարավոր է, որ խեղման հետեւանքը ժայթքի, խոսի բոլորի՝ հին ու նոր սերունդների փոխարեն՝ ընդ որում՝ հնի ու նորի տեղերն էլ խառնած: Բացատրությունս հաստատ գիտական չէ (ես գիտնական չեմ), բայց ասածիս գիտական հիմնավորումը հոգեբաններն ու գենետիկայով զբաղվողները վստահաբար կարող են տալ:
Այս անհեթեթություններից ու ժայթքումներից խուսափելու համար մեր մշակույթի ոլորտի գործիչները պիտի հասկանան, որ իրենց արգելված է, կրկնենք, բերան բացելը: Այն պարզ պատճառով, որ իրենք դեռ չեն հասկացել, որ մշակույթը ամենամեծ քաղաքականությունն է: Ու դրա համար է, որ երբ մշակույթը քաղաքականության հետ չխառնողը բերանը բացում է, առանց չափազանցության, լացս գալիս է: Նա պիտի նվագի, նրա նվագում այնքա՜ն հայկական պատմություն կա ու այնքա՜ն ճիշտ մատուցված: Իսկ երբ բերանը բացում է՝ մտածում ես՝ գուցե սա այն նվագողը չէ՞:
Կամ՝ շատ եմ սիրում հեղինակային երգչի ստեղծագործությունները, բայց երբ նա մեր հայրենիքը մեզնից խլած թշնամուն ատելը համարում է ազգայնամոլություն, մտածում ես՝ սա ինչպե՞ս է երգեր գրում, երբ բառի հարգը չգիտի: Իսկ երբ հազար տգետ հային մեկ կիրթ թուրքի հետ չի փոխում, ակամա հիշում եմ, թե ինչպես թուրքի կրթվածությանը հավատալով՝ Զոհրապը կիրթ-կիրթ մորթվեց:
Հիմա մասնագետներին եմ ուզում հարցնել. ի՜նչ է կատարվում, գենախեղու՞մ է ջրի երես դուրս գալիս, թե՞ բոլորովին այլ երեւույթ է, որի ծագման պատճառները հայտնի չեն: Տասնամյակներով նույն դասը սերտել չկարողանալը, թշնամու հանդեպ տարօրինակ ձգտումը ինչի՞ հետեւանք է:
Դեմները բերանկապիչներով առնել է պետք,
այլապես մշակույթի մեր՝ իրապես արժանավոր գործիչները, գլխներիս ակամա կարող են մշակութային այնպիսի աղետ բերել, որի առջեւ վաղը կչոքեն հաջողած քաղաքականությունն էլ, տնտեսությունն էլ:
Աստղինե Քարամյան
Հ.Գ. – Ի դեպ, եթե «Հուրիեթ»-ը թուրքավարի աղավաղել է երգչուհու խոսքերը, ապա մենք մեծ հաճույքով կարծարծենք նրա տեսակետը եւ բացատրությունը:
* * *
Նախազգուշական բերանկապիչներ
Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում կազմակերպվել է «Miss World League Of Beauty and Fashion 2012 մրցույթ»-ը, որին մասնակցում է նաեւ ներկայացուցիչ Հայաստանից:
Թուրքական «Posta»-ի փոխանցմամբ՝ Բոդրումում անցկացվող մրցույթին մասնակցում են 22 երկրների գեղեցկուհիներ, որոնց հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել Աշխարհի գեղեցկության մրցույթին:
Ժամանակին, մի 7-8 տարի առաջ հիշյալ Ա. Խաչատրյանը կազմակերպում էր «Միսս եւ միստր մանկապարտեզ», «միսս եւ միստր… հրաշք, փոքրիկ» ու զանազան այլ մրցույթներ: Ու դա էր նրա գործունեության սանդղաչափը: Հիմա անցել է ավելի մեծ մասշտաբների, ասել է թե՝ ոտքը մեկնել է ոչ իր վերմակի ուղղությամբ ու չափով, ինչը ենթադրում է, որ սա էլ կարող է հանկարծ ինչ-ինչ հայտարարություններ անել ու հետո՝ շատերի պես թե՝ կգամ Հայաստան, կբացատրեմ, թե ինչի եմ ասել:
Իսկ բացատրել պետք չէ, պարզապես անհրաժեշտ է, ինչպես թերթի այս թողարկման մեկ այլ նյութում ասացինք, բերանկապիչ գործածել՝ նախազգուշական նկատառումներով:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



