Ըստ միջազգային զլմ-ների, նավթի գների անկումն Ադրբեջանին խոցելի է դարձրել: Ադրբեջանը նավթի գների իջեցման պատճառով շարունակում է «ժողովրդավարական» ամենատարբեր ճնշումների ենթարկվել: Այս մասին հավաստում են նաեւ միջազգային վարկանիշային գործակալության զեկույցի արդյունքները:
Սույն գործընթացները վատ հետեւանքներ կունենան, ինչպես 2009թ. նավթի գների անկումն առաջացրեց: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները վերջին 10 տարիների ընթացքում հանգեցրել են ՀՆԱ-ի զգալի աճին այն պատճառով, որ նավթային եկամուտները ուղղվում էին Ադրբեջանի տնտեսության մեջ պետական ներդրումների տեսքով:
Իսկ Բաքվում կայացավ մի այսպես կոչված գիտաժողով, որը նվիրված էր ադրբեջանցի 2009-2013թթ. Ադրբեջանի բոլոր շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի իրականացմանը: «Նավթակեր» պաշտոնյաների այս հավաքը մամուլը մեծամասամբ վերնագրեց՝ «Թղթաբանության բնագավառում Ադրբեջանը նմանը չունի»:
Ալիեւի ելույթի բովանդակությունն անգամ ծիծաղ է առաջ բերել ադրբեջանցի ընթերցողների մոտ: Անգամ փառապանծ կոմունիզմի գնացող հեռավոր Սիբիրի գյուղերից որեւէ մեկի գյուղապետը այսօրինակ ելույթ չէր ունենա:
Ի դեպ, այստեղ էր, որ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ Հայաստանն ու հայերին հռչակեց թիվ 1 թշնամի: Բայց կրտսեր Ալիեւի հոր՝ Հեյդարի խորհրդական Վաֆա Գուլուզադեն կարծես համաձայն չէ կրտսեր Ալիեւի տեսակետին, նա Ադրբեջանի թիվ 1 թշնամի է համարում Ռուսաստանին:
Այսպես Ադրբեջանին եւ նրա իշխանությանը փառաբանելով, կոչերով գիտաժողով անցկացնելով, նաեւ թշնամի հայերի ու ռուսների վրա ծղրտալով՝ Բաքուն փորձում է սեփական ժողովրդից հեռու պահել Չեխիայի մայրաքաղաքում հայերի պարզած կարգախոսի այն ճշմարտացիությունը, որ «Ժողովրդավարությունը նավթից թանկ է»: Եվ անգամ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը չի կարողանում անտեսել այս ակնհայտ իրողությունը:
Ի դեպ, Լոնդոնը եւս զգուշացրել է Բաքվին՝ նավթի բումը հետեւում է մնացել: Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարիներին ոչ թե դեմոկրատական, այլ սահմանափակ արդիականացման քաղաքականութուն է վարել. ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնի հրապարակած զեկույցում.- գրել է ադրբեջանական «Ազադլիգ»-ը:
Զեկույցում նշվում է, որ չնայած Ադրբեջանում տնտեսությունն ընդլայնվել է, այսուամենայնիվ, քաղաքական շարժառիթներով ձերբակալությունները շարունակվել են, քաղաքական ազատությունների, ազատ ընտրությունների եւ մամուլի ազատության բնագավառում վիճակը վատացել է: Զեկույցի հեղինակները զգուշացնում են Ադրբեջանի իշխանությանը, որ նավթային բումը՝ շահադիտկան նպատակներով առաջացված խառնաշփոթն այլեւս անցած էտապ է, եւ Ադրբեջանի կառավարությունը ձեռքբերած ֆինանսական միջոցները պետք է ծախսի խելամտորեն, ուղղի կոռուպցիայի դեմ պայքարին, հակառակ դեպքում՝ կհանդիպի հանրության մեծ ճնշմանը:
Արման Դավթյան
Հենակետեր՝ Իրանի դեմ
Իսրայելի մամուլը Ադրբեջանի հետ իսրայելական կապերի եւ Հարավային Կովկասում այդ երկրի գործունեության հետ կապված տեղեկություններ է հրապարակել: «Իսրայելի նոր բարեկամները» վերտառությամբ հոդվածում զլմ-ները նշում են, թե հրեական պետությունը տարածաշրջանից դուրս նոր դաշնակիցներ է որոնում: Միեւնույն ժամանակ, խոսվում է Թուրքիայի, Հունաստանի եւ մի շարք աֆրիկյան երկրների հետ Իսրայելի հարաբերությունների մասին:
Նշվել է, որ վեր
ջին շրջանում Իրանի ու Իսրայելի միջեւ հարաբերություններն ավելի են սրվել, եւ սա վտանգավոր է: Ներկայումս Իսրայելը սերտացրել է կապերը հատկապես Ադրբեջանի ու Վրաստանի հետ:
Հայաստանի հետ շփումներ եղան, բայց ըստ ամենայնի, հրեաները տեղի տվեցին ադրբեջանա-վրացական (նաեւ՝ թուրքական) պահանջներին…
Հետո Թել Ավիվը հասկացավ, որ Հայաստանը հենակետ չի ծառայի հարեւան Իրանի դեմ, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը, անգամ Թուրքիան: Եվ Իրանին մոտ գտնվող Ադրբեջանում ու Վրաստանում սկսեցին գործել Իսրայելի ռազմական կառույցների համար հետախուզական տեղեկությունների հավաքման հենակետեր:
Այսինքն՝ հրեական պետությունը Իրանին հետեւում է Ադրբեջանից ու Վրաստանից: Նման կայանները կարող են օժանդակել Իսրայելին՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելու նպատակով Իրանի տարածքում անցկացվելիք հնարավոր գաղտնի գործողություններին: Եվ սա շատ լավ են հասկանում Թեհրանում:
Արտակ Հայոցյան
ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ. հանու՞ն, թե՞ ընդդեմ
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե «ներկայումս կոնսենսուս է ձեւավորում այն հարցի շուրջ, թե 2014թ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովը լինելու է ընդլայնման գագաթաժողով, եւ Վրաստանը մինչ այդ ժամանակը պատրաստ կլինի դառնալ դաշինքի անդամ՝ իհարկե միաժամանակ շարունակելով բարեփոխումները»: Այդ ժամանակ դժվար կլինի համոզել որեւէ մեկին, թե ինչ հիմքով է Վրաստանին հնարավոր մերժել դաշինքին անդամագրվելու հարցում. համոզված են Թբիլիսիում:
Վրաստանի նախագահը շատ է կարեւորել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հենց այն խոսքերը, որ դաշինքի հաջորդ գագաթաժողովը լինելու է ընդլայնման գագաթաժողով: Ըստ վրացական կողմի, այժմ Ռուսաստանին մնում է միայն մեկ տարբերակ խանգարելու Վրաստանի՝ հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու ծրագրերը. «Այն է, ապակայունացնել իրավիճակը Վրաստանում եւ սադրանքներ իրականացնել, ինչպես դա տեղի ունեցավ 2008թ.: Սակայն, վրաց ժողովուրդը ավելի իմաստուն է դարձել եւ մտադիր չէ երկրորդ անգամ նույն ճանապարհով անցնել»,- ընդգծել է նախագահ Սաակաշվիլին:
Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հեռակա կարգով հակադարձել է Վրաստանի նախագահին՝ ասելով, որ այդ երկիրը երկար ճանապարհ ունի ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար. «Վրաստանին ու ՆԱՏՕ-ին կապում է առանձնահատուկ գործընկերություն եւ սեղմ համագործակցություն: Բուխարեստի գագաթաժողովի ժամանակ դաշինքը հայտարարել էր, թե Վրաստանը կանդամագրվի կառույցին: Դեռեւս անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք, քանի որ դաշինքին անդամագրվելու ճանապարհը այդքան էր հեշտ չէ, սակայն Վրաստանի ցանկությունը մեծ է եւ նա արդեն առաջընթաց է արձանագրել»:
Վերջերս Չիկագոյում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Վրաստանի նախագահը նորից հայտարարել է, թե Վրաստանը մինչ 2014թ. կարող է դառնալ դաշինքի անդամ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չէր մասնակցել այս գագաթաժողովին, քանզի Եվրո- ՀՀՊ տեղակայման հարցում սրացումներ են նկատվել երկու բեւեռներում: Եվ այստեղ միայն Վրաստանի կամ Հայաստանի խնդիրը չէ, կա նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի գործոնը:
Վահագն Նանյան
Կովկասը՝ ափի մեջ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հայտնել է, որ «անկախության պայմաններում կովկասյան տարածաշրջանի երկրներում աշխատելու առումով խիստ հրատապ է ոչ միայն հետազոտողներ, այլեւ դիվանագիտական աշխատողներ պատրաստելու խնդիրը՝ ինչպես հայագիտական մեր միջավայրում, այնպես էլ միջազգային ասպարեզում մրցակցությանը դիմանալու առումով»:
Ճշմարիտ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մեր հարեւան երկրներում մշտապես մեծ ծավալների հասնող պատմության կեղծումներ են տեղի ունենում: Նաեւ հայերենի ուսուցման ծրագրեր կան, անգամ Թուրքիայում հետախուզական աշխատանքների համար հայերենի իմացությունը առաջնահերթ է համարվել:
Անդրադառնալով կովկասագիտության զարգացման խնդիրներին՝ ԵՊՀ դեկանը նշել է, որ այս տարվանից ԵՊՀ պատմու
թյան ֆակուլտետում կովկասագիտություն մասնագիտացմամբ ընդունելություն է կազմակերպվելու: Նշված մասնագիտացման համար նախատեսվում է 50 տեղ: Նաեւ հավելել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում վրացերենի ու ադրբեջաներենի ուսումնասիրությանը:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանն էլ իր հերթին անդրադառնալով կովկասագիտության զարգացմանը, հայտնել է, որ Հայաստանն այս ոլորտում զիջում է իր հարեւաններին եւ օրինակ է բերել, որ Թբիլիսիի պետական համալսարանում հայոց լեզվի ուսուցումը շատ բարձր մակարդակի վրա է եղել ու գործում է հայագիտության ամբիոն: Իսկ Ադրբեջանում եւս կա վերջին տարիներին Հայաստանից տեղափոխվածների մի մեծ բանակ, որոնք հիանալի տիրապետում են լեզվին. նշել է պրոֆեսոր Մարգարյանը:
ԵՊՀ-ում նոր բացված բաժնի գործունեությանը մասին էլ մանրամասնվեց, ըստ որի՝ նախատեսվում է ադրբեջաներեն եւ վրացերեն սովորեցնել բակալավրի ուսումնառության ընթացքում:
Նշվել է, որ այսօր մենք ունենք ուսանողներ, ովքեր պարզապես ինքնուրույն են փորձել ադրբեջաներեն սովորել:
Հարկ է օտար լեզվաիմացության խնդիրը դնել ինչպես հարեւաններին ճանաչելու, այնպես էլ՝ մեր ուժային կառույցներին եւ անվտանգության մարմիններին աջակցելու համար:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



