ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է եվրոպական հակահրթիռային համակարգի տեղակայման 1-ին փուլի ավարտը: Ելույթ ունենալով Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ նա նշել է, թե 18 ամիս առաջ Լիսաբոնում դրվել էր ԵվրոՀՀՊ-ի ստեղծման խնդիրը եւ Չիկագոյում իրենք պայմանավորվեցին այն իրականություն դարձնել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ իրենք այն անվանում են տարանցիկ օպերատիվ պատրաստվածություն. «Դա առաջին քայլն է՝ միտված պաշտպանելու եվրոպական ողջ տարածքի, բնակչության եւ զինված ուժերի անվտանգությունը»: Վերջին ամիսներին աշխատանք է տարվել տեխնիկական խնդիրների, այդ թվում՝ ծրագրային ապահովման եւ ՀՀՊ համակարգերի ստեղծման իրավական դաշտի համապատասխանեցման մասով: Միաժամանակ հայտարարվել է, թե դաշինքը շարունակելու է վերոնշյալ հարցի շուրջ երկխոսությունը ռուսական կողմի հետ:
Գուցե նաեւ սա էր պատճառը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա այցից եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումներից հետո չմեկնեց Չիկագո:
Եվ կարծես առաջին անգամ էր, որ Նիկոլայ Բորդյուժայի բերանով Ադրբեջանին բացահայտ հայտարարվեց, որ ԱՊՀ ՀԱՊԿ-ն կպաշտպանի Հայաստանն ու Արցախը, ինչը նաեւ պատասխան էր Տավուշի մարզում սպանված մեր զինծառայողների դիմաց սպանված 7 ադրբեջանցի զինծառայողների ու ադրբեջանական զլմ-ների այդ դեպքերի վերաբերյալ արձագանքին: Մինչ այդ, Երեւանի ու Բաքվի նկատմամբ վարվում էր «կոմպլեմենտար» քաղաքականություն՝ հաշվի չառնելով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ չէ:
Իսկ Թուրքիայում տեղադրված ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգը վստահաբար կգործի նաեւ Հայաստանի դեմ, իսկ Երեւանին ուղղված սպառնալիքը նաեւ սպառնալիք է ուղղված ՀԱՊԿ ամբողջ համակարգին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նաեւ սա է նշել, թե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երեւանին: Սա նշանակում է՝ ԱՊՀ ՀԱՊԿ անդամ երկրները վճռական են իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում:
Իսկ Չիկագո մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը: Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ 5 տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում դրական տեղաշարժերն ակնհայտ են: Բայց անկասկած առավել շատ ջանքեր են անհրաժեշտ այս գործընթացն անդառնալի դարձնելու համար: Դժբախտաբար, մենք ամեն օր ականատես ենք լինում, որ անցումային շրջանը սահուն իրականացնելն այդքան էլ հեշտ խնդիր չէ: Կործանարար ուժերը խոչընդոտում են խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը Աֆղանստանում: Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ նաեւ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք թե դա ինչ է նշանակում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը հանդիպել է նաեւ հայ համայնքային կառույցների հետ՝ այդ նպատակով ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին: Հանդիպմանը ԱԳ նախարարը Չիկագոյի հայությանը փոխանցել է Հայաստանի նախագահի ողջույնները: Ըստ նախարար Նալբանդյանի, այս օրերին, Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպանը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը, պետք է լիներ հանդիպում նաեւ հայ համայնքի հետ: Բայց նախագահը չի ժամանել, քանի որ ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատ որոշակի փոփոխության, հակասում է արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին եւ դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության համապատկերում:
Նախարարը անդրադարձել է նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարեւորությանը: Ներկայացվել են ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ կարեւորվել է ամերիկահայության դերը հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ սփյուռքահայության ներդրումը Հայաստանի զարգացման գործում:
ԱՄՆ-ում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Կանցլեր Մերկելը նախագահ Գյուլին շատ շեշտակի հարցում է արել. «Երբ հույները ստանձնեն Եվրամիության նախագահությունը, Անկարան ամբողջապե՞ս է դադարեցնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, թե՞ ոչ»: Թուրքիայի նախագահն ի պատասխան ասել է, որ այդ ժամանակ Անկարան կդադարեցնի շփումները միայն ԵՄ նախագահության հետ, իսկ հանձնաժողովների ու ԵՄ-ի այլ կառույցների հետ կշարունակի հարաբերվել:
Իսկ Ֆրանսիայի նախագահի հետ բացի տնտեսական բնույթի խնդիրներից, խոսվել է նաեւ Հայոց ցեղասպանության թեմայից, որը օրկարգում չի եղել: Թուրքիայի նախագահը նշել է, որ ցանկանում են «երկու երկրների հարաբերություններում նոր սպիտակ էջ բացել եւ ամեն ինչ սկսել նորից»: Ֆրանսուա Օլանդը արձագանքել է. «Ես բնավ մտադրություն չունեմ Թուրքիան ռեսուրս դարձնել Ֆրանսիայի ներքին քաղաքականության համար»: Հայտնի է, որ նա կողմնակից է Հայոց ցեղասպանության քրեականացման նախագծին:
Գերմանիայի ղեկավարությունը հորդորել է Ֆրանսիայի նորաստեղծ կառավարությանը միակողմանի չփոխել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ժամկետները. «Մենք միասին մտել ենք Աֆղանստան եւ ցանկանում ենք միասին դուրս գալ դրանից»,- ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հայտարարել է Անգելա Մերկելը:
Ռուսաստանյան զլմ-ներն արձագանքել են այս փաստին ու նաեւ նշել Գերմանիայի ՆԳ նախարարի խոսքը, ով մատնանշել է, թե որոշ արեւմտյան երկրներ, որոնք կարծես մրցում են միմյանց հետ զորքերը դուրս բերելու առումով, այդպիսով ոչ թե օգնում են պայքարել ահաբեկչության դեմ, այլ հակառակը՝ թուլացնում են այդ պայքարը: Ավելի վաղ Ֆրանսիայի նորընտիր նախագահը հայտարարել էր, որ իր երկրի զորքերը Աֆղանստանից դուրս կբերվեն մինչեւ 2012թ. վերջ: Սա նախընտրական խոստումներից մեկն էր: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն զորքերը այդ երկրից պատրաստվում է դուրս բերել ինչպես եւ ծրագրված է՝ մինչեւ 2014թ. վերջը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել է Իրանի միջուկային ծրագրի մասին: Մինչ այդ, ավելի վաղ Քեմփ Դեւիդում կայացած «Մեծ ութնյակ»-ի համաժողովի ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այս միջուկային խնդիրը կլուծվի Իրանի ազգային շահերի հարգման շրջանակներում: Իրանի եւ «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ եւ Գերմանիա) միջեւ Բաղդադում կայացած հանդիպմանը խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվելու հեռանկար է ձեռքբերել: Միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում արդեն իսկ առաջընթաց էր արձանագրվել եւ կողմերի միջեւ համաձայնություն էր եղել առաջիկայում էլ շարունակել բանակցությունները: Մինչ այդ՝ ապրիլին, Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Ստամբուլում կայացել էր Իրանի եւ «5+1 խմբի» հանդիպման 1-ին փուլը:
Իսկ այս օրերին Երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին 10 երկրի շուրջ 70 պատվիրակներ: Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: Քննարկվեցին կազմակերպչական եւ ՍԾՏՀ-ի գործունեությանն առնչվող հարցեր, մշակույթի, կրթական, սոցիալական, տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական, բնապահպանական եւ այլ խնդիրներ: Նիստին մասնակցեցին նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի պատվիրակությունները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ՍԾՏՀ-ի պատվիրակներին փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը, հայտնել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների ու հատկապես ՍԾՏՀ կազմակերպության գործունեությանը եւ խորհրդարանական վեհաժողովի հետագա զարգացմանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: Եվ դրա ապացույցն այն է, որ մեր երկիրը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել լիագումար նիստի մասնակիցներին անկախ այն բանից, թե ինչ ներքաղաքական գործընթացներ կան երկրում: «Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ խաղաղ երկխոսության ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման հիմք կդառնա: Այս համատեքստում եւս կարեւորվում է ՍԾՏՀ ԽՎ դերակատարությունը: Վստահ եմ, որ մեզ համախմբում են միասնական նպատակները՝ ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդայլմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ եւ ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ամեն նախաձեռնություն»,- ՀՀ նախագահի խոսքը հնչեցրել է Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ 6 ամիս է, ինչ վեհաժողովում նախագահում է Հայաստանը:
Արամ Ավետյան
Արցախին աջակցում են
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը ընդունել է մի շարք դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում, որտեղ կոչ է արվել Լեռնային Ղարաբաղին տրամադրել առնվազն 5 միլիոն դոլար՝ 2 միլիոն դոլարի փոխարեն, ինչպես նաեւ մերժել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության 7,2 միլիոն դոլարով կրճատման առաջարկը:
Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերը եւ դեմոկրատ Նիթա Լոուիին կարեւորել են նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը եւ կոչ են արել վարչակազմին մշակել հատուկ ռազմավարություն՝ Վրաստանի Ջավախքի հայ համայնքին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Նրանք նաեւ կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարին՝ աջակացություն ցուցաբերել հայերին ու այլ քրիստոնյա ազգերին:
Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ֆրանսիա կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Արցախ-Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



