Վահաբականները հատնի են որպես ծայրահեղ իսլամիստներ, որոնք անմասն չմնացին նաեւ չեչենական պատերազմի ժամանակ՝ գործելով ընդդեմ Ռուսաստանի: Նրանք վերջերս սպառնացել էին նաեւ Ադրբեջանին, անգամ հրապարակումներ եղան, թե «Եվրատեսիլ 2012»-ը Բաքվում վտանգված է: Ադրբեջանի վահաբականները սպառնացել էին Գյանջայում սպանված իրենց ընկեր Վյուգար Փադարովի վրեժն առնել հենց Եվրատեսիլի ժամանակ՝ քիմիական զենք օգտագործելով եւ մարդկանց դանակահարելով:
Մեծ Բրիտանիան պաշտոնապես իր քաղաքացիներին զգուշացրել էր հնարավոր ահաբեկչական ակտերի մասին: Իսկ Վաշինգտոնը նշել էր, որ հնարավոր է հարձակումներ կատարվեն քաղաքացիական օբյեկտների, օտարերկրացիների համար նախատեսված հյուրանոցների, ռեստորանների, բարերի վրա, ուստի եւս զգուշացնել էր իր քաղաքացիներին, թե Բաքվում հնարավոր է անգամ հարված հասցվի ԱՄՆ-ի շահերին:
Բայց ոչ մի բան տեղի չունեցավ, սական միջազգային վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը վաղ թե ուշ կաշխուժացնի իսլամական ռազմատենչ խմբավորումներին:
Թուրքիան եւս զգուշացել էր այս իրարանցումից: Անկարան մշտապես անակնկալների է հանդիպում Բաքվի այս կամ այն, անգամ իրարամերժ քաղաքական վայրիվերումներից: Հիմա էլ Ադրբեջանում օրինագիծ է մշակվել կրոնական ուղղվածության կուսակցությունների մասին: Այն է՝ Ադրբեջանում արգելվելու է կրոնական ուղղվածությամբ քաղաքական կուսակցությունների ստեղծումը. «Կրոնական բովանդակությամբ կուսակցությունների ստեղծումն արգելվելու է, քանի որ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, եւ կրոնն անջատ է քաղաքականությունից»,- գրում են ադրբեջանական զլմ-ները: Սակայն ամիսներ առաջ նույն զլմ-ները նույն պատվիրատուի կողմից այլ բան էին քարոզում, թե Ադրբեջանն իսլամական պետություն է, եւ «Իսլամական համաժողով»-ը պետք է սատարի իրենց՝ իսլամական Ադրբեջանի եւ քրիստոնեական Հայաստանի միջեւ առկա Լեռնային Ղարաբաղի հարցում:
Իսլամական գործոնի ակտիվացումը եղավ նաեւ «արաբական հեղափոխությունների» կամ, ինչպես ասում են, «արաբական գարնանից» հետո: Հիշեցնենք, որ արաբական երկրներում սկսված զանգվածային շարժումների ու ցույցերի արդյունքում Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում տապալվեցին երկար տարիներ իշխած վարչակարգերը, հակակառավարական ցույցեր անցկացվեցին Ալժիրում, Մարոկոյում, Մավրիտանիայում, Հորդանանում, Իրաքում, Եմենում, Բահրեյնում, Սուդանում, Լիբանանում, բարդ իրավիճակ ստեղծվեց Քուվեյթում եւ Սաուդյան Արաբիայում, եւ ճգնաժամի մեջ է հայտնվել Սիրիան: Արաբական երկրներում տեղ գտած փոփոխություններն, իրենց յուրահատկություններով հանդերձ, ներքին եւ արտաքին գործոնների ազդեցության հետեւանք են: Այս ընթացքում չէր դադարում այն քարոզչությունը, որ հեղափոխական ալիքը կարող է նաեւ Ադրբեջան հասնել:
Բայց սա հիմնականում աշխարհաքաղաքական խնդիր է եւ քաղաքակրթությունների բախում: Ստանալով ֆինանսական զգալի աջակցություն մի շարք երկրներից, հատկապես Պարսից ծոցի հարուստ արաբական միապետություններից՝ իսլամական ուժերն աստիճանաբար դառնում են հակակշիռ մուսուլմանական աշխարհիկ պետությունների համար՝ փորձելով կառուցել իսլամական ավանդույթների վրա հիմնված պետական համակարգեր: Այս ամենը հակակշիռ էր նաեւ Արեւմուտքի ծրագրերին, ինչն էլ պատճառ դարձավ արաբական երկրների «ժողովրդավարացման»:
Նման գործընթացները մշտառկա են Կովկասում եւ մերձավոր Արեւելքում: Արեւմուտքի աչքին լավ երեւալու համար Ադրբեջանում շարունակվում են իսլամիստների զանգվածային ձերբակալությունները: Տասնյակ մարդկանց ձերբակալություն է տեղի ունեցել, սակայն կալանավորվում են ոչ միայն իսլամիստները, այլեւ անցանկալի մարդիկ՝ նույն բնորոշումով:
Այս համապատկերին առավել ընդգծված է երեւում Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը, ինչը գրգռում է իրանական եւ արաբական իսլամական խմբավորումներին: Ամերիկյան նշանավոր «MSNBC» հեռուստաալիքն անդրադարձել է «The Britain՛s Times» թերթում Իսրայելի հատուկ ծառայությունների՝ «Մոսսադ»-ի գործակալների՝ Իրանի դեմ ազատ գործունեությանը Բաքվում: Բրիտանական թերթն իր «Բաքու. երկրորդ համաշխարհային պատերազմի Կասաբլանկա» կոչված հոդվածում նշել էր, որ «Իրանի դեմ ռազմական միջամտություն նախապատրաստելու եւ այդ երկրի միջուկային գործունեությունը վերահսկողության տակ պահելու համար Իսրայելի լրտեսներն օգտվում են Ադրբեջանի տարածքից, ու ադրբեջանական կողմը Բաքվում լայն հնարավորություններ է ստեղծել «Մոսսադ»-ի գործակալների համար»: Ադրբեջանական «Ազադլըգ»-ի մեկնաբանմամբ, հեռուստաալիքին տված հարցազրույցում Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետ Արիել Քոենն ասել է, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելի գործակալների Իրանի դեմ գործունեությունը չպետք է ստորություն համարվի, քանի որ նրա խոսքով՝ «դա բխում է Իրանի վարչակարգի կողմից տարածաշրջանում վարած եւ հարեւաններին ուղղված ագրեսիվ քաղաքականությունից»:
«MSNBC»-ն հայտնել է, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար մեծացնում է նրա նշանակությունը Թեհրանի ռեժիմի դեմ գործունեության հարցում: «Իրանի նկատմամբ հաղթանակի տեսակետից Ադրբեջանն իդեալական տարածք է»,- հայտնել է ամերիկյան հեռուստաալիքը եւ նշել, որ հակաահաբեկչական գործողություններում մասնակցության համար Արեւմուտքն աչք է փակում Ադրբեջանում առկա ժառանգական դիկտատուրայի վրա: «Իլհամ Ալիեւն իր հորից՝ Հեյդար Ալիեւից իշխանությունը ստանալուց հետո հավատարիմ է մնացել բռնատիրական ավանդույթներին: Մարդու իրավունքների «Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ 2003թ. նախագահական ընտրություններում զանգվածային խախտումներ են կատարվել Իլհամ Ալիեւի օգտին, եւ անօրինական ճանաչել նրա ընտրվելը: Կազմակերպությունը հայտնել է նաեւ, որ նրա իշխանության տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ավելի է ծանրացել»:
Իսկ ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից, եւ սա պետք է մտահոգի նաեւ Հայաստանին ու հայությանը:
Վերջերս Պակիստանում «ազգ»ությամբ ադրբեջանցի «Ալ-Ղաիդա»-ի անդամի սպանության փաստը տարածաշրջանում ահաբեկչական այս կազմակերպության ծավալած գործունեության համատեքստում լուրջ աղմուկ է բարձրացրել: Իսլամի ծայրահեղ արմատական ճյուղերից մեկի՝ վահաբիստական ուղղության գաղափարական հենքի վրա գործող ահաբեկչական կազմակերպություններից մեկը համարվող «Ալ-Ղաիդա»-ին անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր մուսուլմանական պետություններից սերող անձինք, այդ թվում՝ ուզբեկներ, թուրքմեններ, տաջիկներ, ադրբեջանցիներ, դաղստանցիներ, չեչեններ, թուրքեր եւ այլք, ինչը պետք է հետաքրքրի նաեւ ՀՀ իշխանություններին: Չնայած ահաբեկչական հռչակված այս կազմակերպության հիմնական թիրախն են ԱՄՆ-ն եւ Արեւմուտքի երկրները, բայց դա չի վերացնում համընդհանուր վտանգը:
Հատկապես Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում ծագած հակամարտությունները եւ զինված բախումները, մուսուլմանական պետություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակները աշխուժացնում են իսլամական ռազմատենչ խմբավորումներին: «Ալ-Ղաիդա»-ի ադրբեջանական հետքից բացի կա նաեւ թուրքական հետքը, ինչի համար իրաքյան, իսկ վերջին ժամանակներում նաեւ սիրիական իշխանությունները բազմիցս մեղադրել են Անկարային՝ այդ ահաբեկչական կառույցի անդամներին իր տարածքում կենտրոնացնելու, զինելու եւ հովանավորելու հարցում: Եվ իրենց աշխարհիկ եւ չափավոր իսլամական համարող Ադրբեջանն ու Թուրքիան իրենց անհեռատես քաղաքականությամբ կարող են մեր տարածաշրջանը վերածել մի նոր եռացող տակառի: Սա Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ն ու Իսրայելը, նաեւ ՌԴ-ն չպետք է անտեսեն եւ քաղաքական խաղերի պատճառով ահաբեկչական վտանգը ակամա խթանեն:
Արամ Ավետյան
Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում
Այս վերնագիրը հենց խորագիրն է ծաղրանկարների ցուցահանդեսի, որը բացվել է Թավրիզում:
Իրանի Արեւելյան Ատրպատական (ներկայումս՝ Արեւելյան Ազարբայջան) նահանգի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման կազմակերպության ղեկավար Ալի Դանանդեն ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարել է, թե ցուցահանդեսը նվիրված է Ադրբեջանի հակաիսլամական ու հակամարդկային քաղաքականության դատապարտմանը: Սա պատասխանն է ադրբեջանական սին իսլամական դրսեւորումների, ինչի քննադատությամբ մշտապես հանդես են գալիս Իրանի հոգեւոր առաջնորդները:
Վերջերս Ադրբեջանի եւ Իրանի միջեւ լարվածությունն այնքան է մեծացել, որ Բաքվից հետ է կանչվել ԻԻՀ դեսպանը:
Միեւնույնն է, Իրանի ազդեցությունն Ադրբեջանում նկատելի է, չնայած նախագահ Իլհամ Ալիեւը ձգտում է առավելապես աթեիստ ներկայանալ: Անգամ գլխաշոր կրելն ադրբեջանական դպրոցներում արգելված է, հեռուստատեսությունում բացակայում են կրոնական հաղորդումները, ժամանակ առ ժամանակ երկրում մզկիթներ են փակվում: Իսկ երկրի հարավում գյուղացիները նախընտրում են իրենց երեխաներին իրանական դպրոցներ ուղարկել:
Վերջերս պաշտոնական Թեհրանը հայտարարեց, թե ադրբեջանական կառավարությունն անարգում է իսլամը՝ Եվրատեսիլի միջոցով արվամոլություն քարոզելով: Իրականում՝ Թեհրանը հատկապես բարկացած է, որովհետեւ նավթային Ադրբեջանը Իսրայելի հետ միլիարդավոր դոլարների ռազմական գործարք կնքեց վերջին ամիսներին:
Իրանական «սալամթաբրիզ. քոմ» կայքի հաղորդմամբ՝ Թավրիզի ցուցահանդեսին ներկայացվել են Սերբիայի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի եւ Խորվաթիայի ծաղրանկարիչների 56 աշխատանքներ:
Կարծում ենք՝ Բաքուն չի հապաղի պատասխան քայլը նախաձեռնելով, իսկ ադրբեջանա-իրանական հակամարտությունը հնարավոր է չբավարարվի միայն դիվանագիտական կամ մշակութային «կրակոցներով»…
Հետո էլ մեր մշակույթի որոշ գործիչներ հայտարարում են, թե մշակույթը քաղաքականություն չէ… Եվ նետվում են թուրքերի գիրկը՝ իբր հայ մշակույթը «քարոզելու»…
Կարեն Բալյան
Էջի նկարները՝ «սալամթաբրիզ. քոմ» կայքից (նայել PDF տարբերակում)
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



