Ֆրանսիայի նոր կառավարությունը Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող նոր օրինագիծը խորհրդարան ներկայացնելուց առաջ կքննարկի Սահմանադրական խորհրդի՝ այս տարվա փետրվարի 29-ի որոշումը: Ֆրանսիական «Le Mond»-ին հայտնել է Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: Հիշյալ որոշմամբ՝ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց հունվարի 24-ին Սենատի ընդունած օրինագիծը, որը 1 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք էր նախատեսում Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար:
Անգամ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է նշել, որ այս «իրավական» վերաբերմունքը անհավասարություն է դնում հայկական եւ հրեական ցեղասպանությունների միջեւ, ինչն անընդունելի է եւ վտանգավոր:
Իսկ նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական շրջանում ֆրանսահայ ընտրողներին խոստացել էր նոր օրինագիծ ներկայացնել Սենատ: «Սակայն այս հարցում որոշակի իրավական սահմանափակումներ գոյություն ունեն»,- ասել է ԱԳ նախարարը՝ առանց խորանալու մանրամասների մեջ: Նշելով, որ նախորդ օրինագծի ընդունման փուլում ֆրանս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատացել էին, Լորան Ֆաբիուսը կասկած է հայտնել, թե դրանք հեշտությամբ կվերականգնվեն: Ամեն դեպքում, Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը Փարիզի համար կարեւոր է, քանի որ «այդ երկիրը լուրջ դերակատարում ունի տնտեսական եւ դիվանագիտական ոլորտներում, օրինակ՝ սիրիական եւ իրանական խնդիրներում»:
Իսկ թուրքական զլմ-ները վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ նշել են, որ hայկական հարցը շարունակում է ֆրանս-թուրքական հարաբերությունների համար հավանական սպառնալիք լինել:
Արման Դավթյան
* * *
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խորհուրդ է տվել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ զերծ մնալ Մերձավոր Արեւելքում քաոս եւ ճգնաժամ հարուցելուց: «Ինչ էլ պատահի Մերձավոր Արեւելքում, այն քաոսը, որ ներկայումս տիրում է այստեղ, ահաբեկչությունները, այդ ամենը բացասաբար կանդրադառնան Եվրոպայի վրա: Եվրոպան հեռու չի գտնվում մեր տարածաշրջանից: Մենք հարավային սահմանն ենք, Եվրոպայի հարավային հարեւանները»,- ասել է Ասադը ու հավելել, թե հույս ունի, որ Ելիսեյան պալատի նոր ղեկավարը «կմտածի Ֆրանսիայի շահերի մասին»:
Սիրիայի ղեկավարի խոսքերով, իր երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն առաջին հերթին անդրադառնում են հասարակ մարդկանց վրա, ոչ թե կառավարության, իսկ Դամասկոսը «հիանալի հարաբերություններ ունի աշխարհի բոլոր երկրների հետ, բացառությամբ արեւմուտքի: Այդ իսկ պատճառով էլ կկարողանա այլընտրանքներ գտնել»:
Իրական վտանգ՝ Իրանի դեմ
Իրանի IRIB պաշտոնական լրատվական գործակալությունը Ադրբեջանի 1-ին հանրապետության օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ հայտնել է, որ Ադրբեջանի ժողովրդական հանրապետությունը 1918թ. հիմնադրվել է Իրանի տարածքում: Նշվել է, որ պատմության մեջ առաջին անգամ «Ադրբեջանի հանրապետություն» անվամբ պետությունը ստեղծվել է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի խայտառակ պայմանագրերի հիման վրա՝ Իրանից պոկված տարածքներում»:
«Իրանը տարածքն այդպես կոչելու դեմ բողոք չի հայտնել, չնայած այն բանին, որ Ադրբեջանի տարածքը հիմնականում տեղակայված էր Իրանի կազմում, եւ Արաքսի հյուսիսում Իրանից պոկված այդ տարածքներն անցյալում այլ անուններով էին կոչվում»,- հայտնել է վերոնշյալ կայքը:
Իսկ Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, դոկտոր Հոսեյն Ահմադին հայտնել է, որ Ադրբեջանն Իրանի շուրջ 400 հազ. քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ հավակնություններ ունի, ինչը չի էլ թաքցնում: Նա ներկայացրել է նաեւ իրանա-ադրբեջանական հարաբերությունները վատթարացնող բոլոր գործոնները եւ նշել. «Ինչու՞ պետք է Իրանը վստահի Ադրբեջանին
, երբ վերջինս դպրոցական դասագրքերում Իրանի տարածքի հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրի նկատմամբ հավակնություն է դրսեւորում»:
Իրանական զլմ-ները եւս ահազանգում են, որ ադրբեջանական բարեկամական կոչերը սին են, Իրանն ինչպե՞ս հավատա ադրբեջանցի պաշտոնյաների այն պնդումներին, թե «Սիտալչայ» ռազմակայանն օգտագործվելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, այն դեպքում, որ այդ ռազմաբազան օժտված է այնպիսի ռադարային համակարգով, որն ընդունակ է բալիստիկ հրթիռները ճանաչել մինչեւ 500 կմ հեռավորության վրա, եւ սա այն պարագայում, երբ Բաքվից մինչեւ Լեռնային Ղարաբաղ ընդամենը մի քանի կիլոմետր է:
Անդրադարձ կա նաեւ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորմանը, որն Ադրբեջանում է տեղակայվել: «Ինչպե՞ս կարող է Իրանին չմտահոգել այն փաստը, որ շուրջ 16 հազար իրանցու նկատմամբ ահաբեկչություն իրականացրած վերոնշյալ խմբավորման անդամները վերջերս Իրաքից տեղահանվելուց հետո շուրջ 20 ավտոբուսով ուղիղ ուղեւորվել են դեպի Գյանջա»:
Իրանական մի շարք կայքեր Ադրբեջանն անգամ համարել են Կովկասի հակաիրանական սատանայական կենտրոն:
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



