Այսօր 5-րդ գումարման Ազգային Ժողովի 1-ին նստաշրջանը սկսեց իր աշխատանքը: ԱԺ նիստերի դահլիճում ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, կառավարության անդամները՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի: Օրհներգից հետո ԱԺ նորընտիր պատգամավորներին ողջույնի խոսքով դիմել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ անցած խորհրդարանական 5 տարիները արդյունավետ ժամանակահատված էին ու լավ հիմք՝ գալիք 5 տարիների համար: Եվ քանի որ պատգամավորներից շատերը պրոֆեսիոնալներ են ու նախկինում էլ պատգամավոր են եղել, վստահություն հայտնեց, որ նրանք ապահովելու են խորհրդարանի գործունեության սահուն ընթացքը. «Հանրապետությունով մեկ առ մեկ ցուցակագրել ենք մարդկանց հոգսերը, իսկ մարդիկ մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են մեզ ու հույսեր կապել: Պետք է այնպես աշխատենք, որ հուսախաբ չանենք մարդկանց եւ որպեսզի նրանք չզղջան, որ մեզ ձայն են տվել»,- դիմելով օրենսդիրներին՝ ասել է նախագահ Սարգսյանը, ում ելույթից հետո պատգամավորները, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, երդվել են:
Ամեն նոր բան… հնի լավ կամ վատ կրրկնությունն է
Հայաստանը հայտնվեց նոր քաղաքական իրավիճակում՝ իշխանական նորացված քաղաքական դաշինքով եւ ընդդիմադիր խորհրդարանական ուժերով:
Սակայն այս ամենն ինչքան նոր է, դրանից մի քանի անգամ ավելի էլ հին է՝ իր էությամբ եւ իրականության հավաստմամբ:
Ինչեւէ, ԱԺ ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժը ինքը որոշեց իշխանական բուրգի կառուցվածքը: Եվ հիմք ընդունելով 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու կարեւորելով 2008թ. մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը՝ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն եւ փոքրամասնություն ունեցող ՕԵԿ-ը, առանց ԲՀԿ-ի ստորագրեցին նոր քաղաքական կոալիցիոն համաձայնագիր:
Ստորագրող կողմերը համաձայնել են նպատակաուղղել իրենց ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար ՀՀ հաստատուն եւ առաջընթաց զարգացումը, ներհասարակական սոցիալական գործընկերության եւ համերաշխության ամրապնդումը: Քաղաքական կոալցիայի կողմերը պարտավորվում են գործել ստորագրված համաձայնագրի շրջանակներում՝ իրականացնելով միասնական քաղաքականություն միմյանց հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները երկրում եւ արդյունավետ իրականացնել իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրագիրը:
Կոալիցիոն գործընկերները լիահույս են, որ համագործակցության սկզբունքներին համահունչ գործունեությունը մեծապես կնպաստի ՀՀ առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու, հասարակության սպասումներն արադարացնելու գործին: Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը, դրանով իսկ իր քաղաքական կամքն ու վճռականությունն արտահայտում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկրի հետագա կայուն զարգացման, առաջընթացի եւ անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության ամրապնդման գործում:
Նոր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը կրկին կղեկավարի կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել են նաեւ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Ըստ այդմ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Վարդան Այվազյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը՝ Գագիկ Մինասյանը, սոցիալական հարցերի հանձնաժո
ղովը՝ Հակոբ Հակոբյանը, առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովը՝ Արա Բաբլոյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը՝ Արտակ Դավթյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արտակ Զաքարյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը:
ԱԺ պաշտոններում ՀՀԿ-ն ընդարձակվում է, իսկ ԲՀԿ-ն բավարարվում միայն հանձնաժողովներով: Չնայած ԲՀԿ-ն հրաժարվեց լինել կոալիցիայի անդամ, բայց ԱԺ-ում նրանք կշարունակեն ղեկավարել նախկինում ունեցած 4 մշտական հանձնաժողովները:
ՀՀ վարչապետի եւ նախարարների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա ՀՀԿ ԳՄ հաջորդ նիստում: Չնայած Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում մնալը կարծես թե որոշվել է: Ըստ ամենայնի, շատ նախարարներ եւս կմնան իրենց պաշտոնում:
ՀՀԿ 5-րդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվեց մեկ թեկնածու՝ Հովիկ Աբրահամյանը, ով էլ կղեկավարի նորընտիր ԱԺ-ն: Փոխխոսնակների պաշտոնները կզբաղեցնեն ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը:
Հայկ Թորգոմյան
Համերաշխությունը՝ նաեւ արտախորհրդարանական կատեգորիա
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից: «Ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ՀՀԿ-ն ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն եւ շարունակական զարգացումը՝ դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը»,- ասված է հայտարարությունում:
Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ ՀՀԿ-ն հայտարարել է. «1. Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, մենք, ինչպես եւ նախկինում, հանդես ենք գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից: 2. Այդ համատեքստում մենք պատրաստակամ ենք քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ՝ ի նպաստ մեր պետության զարգացման եւ յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն: 3. Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ եւս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն‘ հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում»:
Իհարկե կարեւոր է, երբ իշխող եւ հաղթած կառույցը պատրաստակամ է «հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության», նաեւ պատրաստակամ է լսել խորհրդարան անցած ուժերի կարծիքները:
Սակայն ինչպես Հայ Արիական միաբանությունն էր հայտարարել ընտրությունների ավարտից հետո, շատ կարեւոր է նաեւ, որ հանրապետականները լսեն արտախորհրդարանական ուժերի տեսակետները եւս ու համագործակցեն նաեւ այդ կառույցների հետ, որոնք նույնպես ազգի ու հանրության մաս են կազմում եւ կարող են անգամ առավել օգտակար լինել երկրին ու հայությանը, քան որոշ վարկաբեկված ու կասկածելի խորհրդարանականներ:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



