Նեմրութ լեռան Հայ Աստվածների սրբատեղին այսօր էլ համարվում է հայ արիադավան-հեթանոսական մեծ սրբավայրը: Եվ չնայած տարբեր ժամանակներում նույնատիպ խեղումների փորձերին՝ իբր այս սրբատեղին հունական Աստվածներինն է, չի խամրում ո՛չ սրբավայրի ձգողականությունը, ո՛չ էլ Հայ Աստվածների պաշտամունքի վայր լինելու փաստը:
Եվ ահա այն ճանաչվել է իբրեւ աշխարհի 8-րդ հրաշալիք:
Հայերը Թուրքիայում ոչ թե ազգային փոքրամասնություն են համարվում, այլ՝ կրոնական: Ուստիեւ՝ Հայ Աստվածների հուշարձանախումբը ներկայացնելիս նշվում են հունական Աստվածների անուններ…
Սակայն, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բազմաթիվ զլմ-ներ նշել եւ նշում են, որ Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի կամ Կամախի արքա Անտիոքոս 1-ինը, ով Քրիստոսից առաջ 70 թվականին Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագադրվել էր Տիգրանյան թագով, 2150 մ բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր դամբարանն էր կառուցել, շրջակայքում տեղադրել հեթանոսական Հայ Աստվածների ու իր արձանը:
Եվ հայտնի է, որ Նեմրութ լեռան գագաթին է գտնվում Անտիոքոս 1-ի դամբարանը, որը 50 մ բարձրությամբ բլրաձեւ ավազախումբ է եւ, ըստ պնդումների, ներսում թաղված է հենց Անտիոքոսը:
Ավազաբլուրների արեւելյան եւ արեւմտյան կողմում նրա կողմից կանգնեցվել են Արամազդի (Հայր Արան՝ Հայոց Գերագույն Աստվածը՝ Հայ Տեսակի Աստվածահայրը), Մայր Անահիտ Աստվածուհու, Միհր, Տիր եւ Վահագն Աստվածների մոտ 9 մ բարձրությամբ արձանաշարքերը: Իր եւ Աստվածների արձաններից բացի, Անտիոքոսն այնտեղ կանգնեցրել է նաեւ թագավորության խորհրդանիշ առյուծի եւ արծվի արձանները, որոնց մերձակայքում են գտնվում Անտիոքոսի նախնիների պատկերները՝ քանդակված ժայռաբեկորների մեջ…
Եվ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեմրութ լեռան սրբավայր դամբարանաբլուրը անգամ վեճի առիթ է դարձել Թուրքիայի Ադըյաման եւ Մալաթիա նահանգների միջեւ, քանզի շահութաբեր է զբոսաշրջության տեսանկյունից: Իսկ լեռան վրա անբարենպաստ եղանակային պայմանները, ուժեղ քամիներն ու սառնամանիքները մեծ վնաս են հասցնում հուշարձաններին, ինչը շարունակական քայքայման պատճառ է դառնում:
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը հայտնել է, որ տարբեր առաջարկներ են ստացել արձանների պահպանման հետ կապված, անգամ առաջարկում են դրանք պատել քիմիական լուծույթներով, որոնք կապահովեն արձանների ամրությունը:
Առաջարկներ կան նաեւ արձանների շուրջ ապակե պատ կառուցել, բայց ամուր ապակե պատեր կառուցելու համար անհրաժեշտ է հիմքեր փորել, ինչը կարող է ավելի վնասել հուշարձանախումբը:
Քննարկվում է նաեւ արձանները ուղղաթիռով տեղափոխելու տարբերակը՝ 800 մետր ներքեւում գտնվող Քահթայի թանգարաններից մեկում պահելու համար:
Ցավալի է, բայց ինչպես Մայր Անահիտի ոսկեձույլ արձանի բեկորների դեպքում, որոնք գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում, այնպես էլ Նեմրութ լեռան հայ արիադավան-հեթանոսական մեծ սրբավայրի պարագայում մենք՝ հայերս, որեւէ նախաձեռնություն չենք կարողանում ցուցաբերել:
Լոնդոնի թանգարանում Հայ Աստվածամայր Անահիտին համարում են պարսկական Աստվածուհի, իսկ Նեմրութ լեռան Հայ Աստվածների հուշարձանախումբը համարում են հունական Աստվածների սրբավայր…
Գոնե այս հարցերում պետական եւ համահայկական մոտեցումներ պետք է լինեն, բայց չգիտես ինչու տուրք տալով 1700-ամյա քրիստոնեական պատմությանը, ուրանում ենք՝ 5, 8 կամ 12 եւ ավելի հազարամյան…
Քուրմ Արամ
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի անդամ
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում