Սրանով սկզբունքորեն պետք է շահագրգռված լինեն եւ՛ Հայաստանի իշխանությունները, եւ՛ ընդդիմությունները, եւ՛ սփյուռքահայ հատվածը, մի խոսքով՝ համայն հայությունը (իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդ՝ անկախ քաղաքական ու կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, այս կամ այն պետության հպատակը լինելուց): Բնական Հայաստան – Հոգեւոր Հայաստան կեցական եւ հոգեւոր (իմա՝ մարմնական ու հոգեւոր) համակարգը պիտի լինի համահայկական շահերից բխող մեր ռազմավարությունը…
Ազգայնական ուժերը, որոնք առավել շահագրգիռ են հայության հիմնախնդիրների եւ միասնական հոգեւոր-հավատամքային, գաղափարախոսական սկզբունքների պահպանմամբ, կարող են նախաձեռնել այս հույժ կարեւոր ու վերանորոգչական, ազգապահպան գործը: Ազգայնական հայերն իրական հնարավորություն ունեն (խոր արմատներ ունենալով ազգում) ազնիվ քաղաքականությամբ առաջնորդվելու՝ հստակ ուղղվածությամբ եւ առանց այլեւայլությունների շատ արագ հզոր հասարակական-քաղաքական ուժ դառնալու համար: Թերեւս կարճ ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարվի հասարակության մեջ սպրդած ապազգային անլիարժեքության (թերարժեքության) բարդույթը, ինչպես նաեւ հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալու հոգեբանական հանգամանքը, որպեսզի վերջնականապես վերականգնվի մեր խեղաթյուրված ազգային-բարոյական նկարագիրն ու արժանապատվությունը…
Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ նախաձեռնել է ազգայնական ուժերի համագործակցություն եւ այսօր էլ Հայ Ազգայնականների համախմբման հետ որդեգրել է մի քաղաքականություն, որն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում հենված է պատմա-քաղաքական, հոգեւոր-հավատամքային, գենետիկ-ծինաբանական առաջնահերթությունների վրա եւ պետական քաղաքականության դեպքում կնպաստի ազգային էության եւ ինքնության՝ ինքնագիտակցության վերահաստատմանը, հայեցի արժանապատվության ու մտածողության վերականգնմանը, հայրենիքի ամբողջականության (ներկայումս՝ Արցախի հետ վերամիավորմամբ, հետագայում՝ նաեւ Ջավախքի, Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի) գաղափարների կարեւորմանը, որն էլ կամրագրի հայ ազգայնական քաղաքականության հիմնական առաքելությունը՝ Հայ Ցեղի եւ Հայոց Բնօրրանի արարչաստեղծական գաղափարաբանությունը:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անհերքելի է, որ հզոր հայոց պետության վերականգնման ու հայ ազգի բարգավաճման համար անհրաժեշտ է վարել անկախ քաղաքականություն եւ ստեղծել զարգացած տնտեսություն, սակայն, անժխտելի է նաեւ, որ դրան հասնելու նախապայմանը սեփական ակունք
ներից սնվելն ու ազգային գաղափարախոսությամբ, հավատով եւ կացութաձեւով առաջնորդվելն է:
Այս առումով անհեռանկար է ինչպես իշխանությունների, այնպես էլ եկեղեցու որդեգրած հարմարվողական գործելաոճը: Անհեռանկար է հատկապես Բնական Հայաստան – Հոգեւոր Հայաստան համակարգի ենթագիտակցական, այդուհետ՝ գիտակցական եւ կիրառական հաստատման համար: Օտարաշունչ հանրային օրենքներն ու ապրելակերպը եւ օտարադավան կրոնա-գաղափարախոսական ուղղվածությունը, լեզվակրթական-մշակութային ու բարոյա-հոգեբանական քաղաքականությունը եւ այլ օտարասիրական դրսեւորումներ պատճառ են դառնում օտարածին ու օտարահաճ մտածելակերպի ձեւավորման, ազգի մասնատման, ներազգային, հատկապես՝ հավատամքային հակամարտությունների դրսեւորման, այլոց հայակուլ քաղաքականության ամրապնդման համար:
Կարելի է, իհարկե, որդեգրել ապազգային գաղափարախոսություն, կրոն (ինչպես այժմ) եւ մաս կազմել ինչ-որ «միջազգային հանրության» կամ որեւէ կայսրության, դրա բազմաքանակ ու անդեմ ժողովուրդ-զանգվածի եւ այդպես երեւալ «հզոր», դառնալ մի «մեծ» կրոնի կամ անբնական եւ «անգերազանցելի» գաղափարի հետեւորդ: Սակայն, մի օր արհեստական գոյակցության ու դրա «կառուցած» անիրական քաղաքականության անխուսափելի փլուզումից հետո այդ ամենը կարժեզրկվի, եւ «ձեռքբերումը» վերստին կլինի լքյալի, անօգնականի կարգավիճակը: Մենք մի դառը փորձ ունենք՝ Խորհրդային Միության «սովետական հզոր ժողովուրդ» կոչմանն արժանանալով… Իհարկե ավելի տխուր օրինակ էլ կա, երբ մեր քաղաքական ուժերը, մինչեւ ցավալի 1915-ը, հայությանը փորձում էին երիտթուրքերի հետ դարձնել Օսմանյան կայսրության հավասար ու միադեմ քաղաքացիներ…
Ազգայնական քաղաքականության խնդիրն է նաեւ վերլուծել ինչպես քաղաքա-տնտեսական, այնպես էլ գաղափարա-իմաստասիրական, հոգեւոր-կրոնական, լեզվա-մշակութային իրավիճակը, ամրագրել պատմական եւ ծինաբանական ազգային ակունքները, որոնց վրա կարելի է կառուցել իրական, մնայուն ու փրկարար ազգային գաղափարախոսությունը, հավատը, դրանցից բխող արտաքին ու ներքին քաղաքականությունը եւ տնտեսական համակարգը, որն էլ Բնական Հայաստան – Հոգեւոր Հայաստան համակարգի առանցքը կդառնա:
Ակնհայտ է, որ այսօր էլ Հայաստանում ամբողջական (հասկանալ՝ բոլորի կողմից ընդունելի), հայության համապարփակ շահերը ներառող միասնական ազգային կրոն-հավատք, գաղափարախոսություն եւ դրանք իրացնող քաղաքականություն ձեւավորված չէ (չնայած քրիստոնեությունը պետական կրոն է համարվում, իսկ ժողովրդավարությունը՝ քաղաքական արժեք): Բայց հայն ի բնե արիադավան է՝ հեթանոս, ինչպես կոչում են այլադավանները, եւ ազգային է ըստ էության՝ ժողովրդավարական սանձարձակություններին հակամիտված: Այսինքն՝ հայն ունի ազգային հավատ ու գաղափարախոսություն ի սկզբանե եւ միայն դարձի պետական քաղաքականություն է պետք կիրառել, ուրիշ ոչինչ:
Բայց միջազգային պարտադրանքներից բխող բացառություններ են լինում, ինչն էլ, ինքնըստինքյան, խթանում է օտարածին, փոխառած եւ այդ ընթացքում էլ կրկին խեղաթյուրված գաղափարախոսությունների, կրոնահավատքային եւ այլ բարոյախոսությունների ներխուժումն ու տարածումը: Այն ավելի կատաղի բնույթ է ստանում՝ ամենատարբեր կրոնական աղանդների, միասեռական փոքրամասնությունների ու մոլագարական այլ խմբավորումների ձեւավորմամբ, որը կատարվում է «քաղաքակիրթ պետությունների» վարակիչ օրինակի կապկանմանակությամբ…
Հարյուրամյակներ շարունակ հատկապես քրիստոնեությունն են փորձում ներկայացնել որպես ազգային կրոն, անգամ՝ գաղափարախոսություն (ավելի ստույգ՝ հուդա-քրիստոնեությունը). էլ ի՞նչ հայ ես, եթե քրիստոնյա չես. գրեթե համլետյան «լինե՞լ, թե՞ չլինել»: Սակայն, քրիստոնեության շուրջ 1700-ամյա ժամանակաշրջանը չկարողացավ ջնջել բազում հազարամյակների պատմություն ունեցող հայոց նախաքրիստոնեական ու, հատուկ ընդգծում եմ, նաեւ նախահեթանոսական՝ հայ-արիական փառահեղ անցյալը:
Ներկա կրոնն այն ակունքը չէ (կապ ունի միայն այլ ազգի ծագումն աբանության եւ ընտրյալության ու մեզ խորթ մի «հայրենի» տարածքի հետ, անգամ մարգարեներն ու սրբերը, մինչեւ Աստված ու Աստծո որդի զորությունները, ոչ մի ձեւով չեն առնչվում հայի առքելությանը…), որից պետք է սնվեն արդի հայոց ազգային հավատը եւ գաղափարախոսությունը:
Շատհազարամյա հայոց պատմությունն անքակտելի է եւ, խախտելով դարերի օրգանական կապը (անցյալ-ներկա-ապագա), մենք կտրատում ենք մեր նախնական-արարչածին «մարմինը» եւ «հոգին»:
Մեր անցյալի մի մասն են ինչպես 1700-ամյա քրիստոնեությունը, այնպես էլ մոտ 70-ամյա համայնավարական ժամանակաշրջանը: Բայց անտեսել չենք կարող հայ տեսակի (Աստվածներ, աստվածամարդիկ եւ մարդիկ) արարման պահից սկսած բոլոր ժամանակաշրջաններից եւ ոչ մեկը, դրանք բոլորն էլ կապ ունեն մեր ինքնության հետ եւ հետք են թողել մեր առաքելության ճանապարհին ու նաեւ մեր հավերժելու նախապայմանն են…
Ազգայնական գաղափարախոսությունը պետք է հենվի ոչ թե հայոց պատմության մի հատվածի, այն էլ՝ պարտադրանքով լեցուն մի արարի, այլ պետք է սնվի ամբողջ պատմության ամբողջական ընթացքում ձեռք բերած իմաստությամբ, արժեքներով, ավանդույթներով՝ կարեւորելով Ազգատեսակ եւ Հայրենիք-Բնօրրան հասկացությունները, դրանք վերհառնելու եւ վերատիրելու գաղափարաբանությունը:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



