Մայիսի 30-31-ը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Աստանայում գումարվել է Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը «Խաղաղությունն ու համերաշխությունը՝ որպես մարդկության ընտրություն» խորագրով:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, համաժողովին քննարկվել են «Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում», «Կրոնը եւ կինը. հոգեւոր արժեքները եւ ժամանակակից մարտահրավերները», «Կրոնը եւ երիտասարդությունը» եւ այլ թեմաներ: Նույն տեղեկության համաձայն, համաժողովին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ժողովին անդրադարձ է կատարվել Մոսկվայում մայիսի 28-ին տեղի ունեցած միջադեպին, որտեղ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան եւ «Մայակ» ռադիոկայանի փորձագետ Սերգեյ Ասլանյանը դանակի 20 հարված էր ստացել եւ հայտնվել հիվանդանոցում: Խորհուրդը կատարվածի համար ցավ է արտահայտել՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում մարդկանց կրոնական զգացումներն ու արժեքները ոտնահարելու ցանկացած դրսեւորում: Հայ ժողովրդի զավակները դարեր շարունակ տարբեր երկրներում կողք կողքի են ապրել զանազան մշակույթների եւ կրոնների ներկայացուցիչների հետ՝ առաջնորդվելով խաղաղ ու ներդաշնակ համակեցության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության սկզբունքներով»: Նշվել է նաեւ, որ Հայ եկեղեցին մշտապես հորդորում է իր զավակներին ապրել իրենց հայրերի նույն ոգով՝ հավատարիմ մարդասիրության, եղբայրասիրության եւ հանդուրժողականության բարձր արժեքներին:
Հակամահմեդական դրսեւորումներն իհարկե նոր չեն, սակայն ՌԴ-ում դրանք հաճախակի բնույթ չեն կրում: Իսկ ահա ԱՄՆ-ում անգամ քրիստոնեական հոգեւոր սպասավորներն են «Ղուրան» այրում: Վերջերս նման մի դեպք մեծ արձագանքի արժանացավ մահմեդական աշխարհում:
Իսկ ահա Գերմանիայում վերջերս փորձել են խոչընդոտել «Ղուրան»-ն անվճար բաժանելուն: Գերմանիայի իշխանությունները որոշել են խանգարել մահմեդականների սուրբ գրքի անվճար տարածումը, ինչը նախաձեռնել են սալաֆիտները, այսպես կոչված՝ արմատական մահմեդականները: Գերմանացի խորհրդարանականներից ոմանք պնդում են, որ ռադիկալ մահմեդականները տարածելով իսլամական հոգեւոր տեքստերը՝ խախտում են Գերմանիայի հոգեւոր խաղաղությունը, իսկ իշխանություններն էլ այս ամենին ազդելու մեխանիզմներ ուղղակի չունեն: Նրանց կարծիքով, անհրաժեշտ է գոնե դպրոցների տարածքում արգելել «Ղուրան»-ի տարածումը:
Սահմանադրության պաշտպանության ծառայության պետ Հեսսենա Ռոլանդ Դեշն էլ է նախազգուշացրել իշխանություններին՝ մահմեդականների այս նոր՝ վտանգավոր նախաձեռնության համար: Քաղաքական գործիչները խոչընդոտելը հիմնավորող փաստարկներ են փնտրում՝ օրենքի տառը պահպանելու առումով: Իսկ նախաձեռնության կազմակերպիչ է հանդես գալիս գործարար Աբու Նաղին՝ Քյոլնից, ով ազգությամբ պաղեստինցի է: Նա վաղուց հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է, որոնք պաղեստինցուն բնորոշում են իբրեւ վտանգավոր սալաֆիտցու, ով հայտարարել է, որ պատրաստվում է 25 մլն «Ղուրան» բաժանել ոչ մահմեդական գերմանացիներին:
Գերմանիայում նաեւ հայերին հետաքրքրող դեպքեր են կատարվել: Օրերս Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչությունը հայտարարեց. «Այս օրերին թուրքական եւ հայ
կական մի քանի լրատվամիջոցներ հաղորդագրություններ ու տեսագրություններ տարածեցին, որ սույն թվականի մայիսի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հյուսեին Ավին Կարսլիօղլուն այցելել է Քյոլնում գործող հայ առաջնորդանիստ եկեղեցի եւ այնտեղ հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, արժանացել ջերմ հյուրասիրության: Գերմանահայոց ԿԽՎ-ն հայտնում է, որ սույն հանդիպման մասին տեղյակ չի եղել, եւ այս հանդիպմանը չեն մասնակցել ո՛չ խորհրդի վարչությունը, ո՛չ խորհրդի կառույցները՝ 12 հայկական համայնքներ, կազմակերպություններ ու միություններ, եւ ո՛չ էլ խորհրդին անդամակցող անհատ անդամները:
Ուստի Գերմանիայում, թուրք դեսպանի Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան այցի նպատակների ու հանդիպման մասին Գերմանահայոց ԿԽՎ-ն որեւէ տեղեկություն տալ չի կարող եւ պետք է դիմել Գերմանահայոց թեմի առաջնորդարան:
Իսկ թե ինչ են խոսել մահմեդական թուրքերն ու քրիստոնյա հայերը առանց աշխարհիկ հայերի ու գերմանացիների՝ հայտնի չէ դեռեւս:
Իսկ այն, որ Թուրքիայում մահմեդականությունը փորձում է ամրապնդել դիրքերը, նորություն չէ: Անգամ անհավատները հանգիստ չունեն Թուրքիայում, որտեղ իշխանությունները թուրք դաշնակահար ու կոմպոզիտոր Ֆազիլ Սային մեղադրել են հոգեւոր արժեքների ոտնահարման ու ատելության տարածման մեջ: Կոմպոզիտորին կդատեն հոկտեմբերին Ստամբուլում, եւ եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ 1,5 տարվա ազատազրկում:
Դաշնակահարի փաստաբանը տեղեկացրել է, որ վերջինս մտադիր է մասնակցել դատալսումներին, քանի որ նա առաջին մարդն է, ում քրեական հետապնդման են ենթարկում միայն այն բանի համար, որ ինքը խոստովանել է, որ աթեիստ է: Մեղադրանքների դրդապատճառ են Ֆազիլ Սայայի «Twitter»-ում մեկնաբանությունները իսլամի վերաբերյալ: Ավելի վաղ նա հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ աթեիստ է ու պատրաստվում է տեղափոխվել Ճապոնիա, քանի որ իր այդ հայտարարությունը հայրենիքում սվիներով են ընդունել:
Եվ այսպես, եթե նախկին Խորհրդային Միությունում թուրք դաշնակահարին մեդալի կարժանացնեին աթեիստ լինելու համար, ապա, հնարավոր է, աշխարհիկ Թուրքիայում նրան դատեն աթեիստ լինելու պատճառով:
Բոլոր կրոններն անխտիր քարոզում են վերոնշյալ կրոնական համաժողովի՝ «խաղաղությունն ու համերաշխությունը՝ որպես մարդկության ընտրություն» գաղափարաբանությունը, բայց իրականում կրոնական թշնամանքն ու անհանդուրժողականությունը, հատկապես միջկրոնական, լրիվ հակառակն է ապացուցում: Կրոնը հոգեւոր ոլորտից գրեթե ամբողջությամբ քաղաքական ասպարեզում է հայտնվել (աստծուն ծառայելն անգամ քաղաքականության է վերածվել), ավելին՝ միջազգային մեծ քաղաքականության կցորդն ու շահարկումների գործիքն է դարձել:
Եվ միմյանց սիրելու «առաջարկը» այլեւս անցյալում է մնացել…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



