Ֆրանսիան ոչ միայն եվրոպական, այլեւ աշխարհի առաջատար երկրներից է, եւ պաշտոնական Փարիզի դիրքորոշումը հաճախ է կարեւորվում արեւմտյան համընդհանուր քաղաքականությունում: Ուստի, երբ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին եւ Բերնար Ֆուրնիեն վերջերս՝ մինչ ՀՀ խորհրդարանական ընտրությունները, այցելեցին Հայաստան ու Արցախ, թուրքական եւ ադրբեջանական զլմ-ները արագ եւ թուրքավարի աղմկեցին՝ այցը վտանգավոր համարելով: Վտանգավոր իհարկե՝ թուրքական ցեղասպան պետությունների համար:
«Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղ ձեր ուղեւորության հետ կապված Ադրբեջանի արձագանքը հուսախաբ չի արել ձեզ,- հանդիպմանն ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւ հումորով հավելել,- ադրբեջանական «սեւ ցուցակում» դուք, անշուշտ, լավ բարեկամներ կգտնեք»: Պատասխանը առավել քան հստակ էր. «Մեզ համար միեւնույնն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին»,- ասել է սենատոր Ֆիլիպ Մարինին:
Հայ պատգամավորներն ու ֆրանսիացի սենատորները քննարկել են արցախյան ձեռքբերումները եւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների ընթացքը, նաեւ խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, նախապայմաններով խոսող Թուրքիայի մոտեցումների անընդունելի լինելը Հայաստանի համար: Քննարկումներ ծավալվել են նաեւ ԼՂ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, միջուկային ծրագրի հետ կապված իրանական խնդրին ու տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի եւ այլ ոլորտներին առնչվող հարցերի շուրջ եւս:
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը նույնպես ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներին եւ հատկապես ողջունել նրանց այցն Արցախ՝ ընդգծելով, որ նմանատիպ այցերը հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու եւ «առաջին ձեռքից» տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին: Սենատորները խոսել են Ստեփանակերտում հանդիպումների տպավորություններից: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության, ինչպեսեւ՝ մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ճակատագիրը: Արդյո՞ք նախագիծը կմտնի Սենատի օրակարգ եւ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հետամուտ կլինի այդ օրինագծի ընդունմանը:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց եւ հնարավորություն չտվեց կյանքի կոչել այն: Այդ առումով սենատոր Բերնար Ֆուրնիեն հայ լրագրողների հետ հանդիմանը նշեց. «Մենք Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին սատարող «Ժողովրդական շարժում միության» անդամներ ենք եւ մեծ հետաքրքրությամբ իմացանք Ֆրանսուա Օլանդի նպատակի մասին: Մենք՝ ֆրանսիացիներս, հայերի բարեկամներն ենք եւ, իհարկե, շատ ուրախ կլինենք, որ Ֆրանսիայում կոնսենսուս ստեղծվի այս հարցի վերաբերյալ»:
Այցելելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ֆրանսիացի սենատորներն է՛լ ավելի են համոզվել, որ 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի ու դատապարտվի:
Սենատորներին ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը ու նշել, որ խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցերը եւս նպաստում են միջազգային հանրության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի ԼՂՀ ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների պես իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ ու անվտանգ ապրելու:
Սենատորները ՀՀ նախագահին հայտնել են, որ արդեն մանրամասնորեն տիրապետում են ԼՂ-ի հակամարտության պատմությանը եւ հետեւելով կարգավորման բանակցային գործընթացին, ողջունում են պաշտոնական Երեւանի կառուցողական մոտեցումը:
Սենատորներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենն ու Բեռնար Ֆուրնիեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, բացի Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին ծանոթանալուց, դիտեցին ցուցանմուշները եւ գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում: Սենատոր Մարինին գրառեց. «Այստեղ տեսա ցավ, կորուստ ու կոտորածներ, որոնց մասին պատմում են փաստաթղթերն ու վավերագրերը: Մինչդեռ այսօր կան մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, որի արհավիրքներից էլ ծնվեցին 2-րդ աշխարհամարտի արհավիրքները»:
Դատապարտելով 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին՝ սենատորները վստահություն հայտնեցին, որ «Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ եւ՛ նախկին նախագահ Սարկոզիի, եւ՛ նորընտիր նախագահ Օլանդի կողմնակիցները, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մեջ ամրագրված նախկին օրինագծի վերաբերյալ առարկությունները, երբ ձեւավորվի Ֆրանսիայի նոր խորհրդարանը՝ կներկայացնեն նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի: Հիմնական նպատակն է օրենսդրորեն պատժել այն մարդկանց, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեն Հայոց ցեղասպանությունը»:
Այս հանդիպումները հավաստեցին, որ հայ-ֆրանսիական եւ թուրք-ֆրանսիական, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական հարաբերությունները նոր փուլ են մտնում, որտեղ հայկական շահերի պաշտպանությունը պետք է հարձակողական եւ անբեկանելի լինի:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



