ԱՄՆ պետքարտուղարի այցին «Լուսանցք»-ը հանգամանալից անդրադարձել է նախորդ թողարկումում, բայց նշենք, որ օրերս Թուրքիան բացահայտ մերժել է Հիլարի Քլինթոնի կոչը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված: Անկարան նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտն է: Այն, որ թուրքական ստորությունը սահմաններ չի ճանաչում, հայտնի է նաեւ միջազգային հանրությանը, ուստի նրանց ինչ-որ բան բացատրել պետք չէ: Իսկ հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունները տապալած Անկարան նորից իր բնույթին հարազատ վայնասուն է բարձրացրել, թե հայերը իրավական խոչընդոտ են ստեղծել, ինչը չի կարելի թույլ տալ: Եվ այն փաստը, որ թուրքական կողմն ինքը նախապայմաններ սկսեց առաջադրել, ինչը նախատեսված չէր արձանագրություններով, այլեւս «չեն հիշում» Թուրքիայում: Արցախյան եւ Հայոց ցեղասպանության խնդիրների արծարծումը, ինչպես նշել էինք նախկինում, հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները դարձրել էին եռակողմ՝ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան, ինչը ոչ միայն հակասահմանադրական էր, այլեւ չէր տեղավորվում միջազգային պայմանավորվածությունների շրջանակում եւ քաղաքական հումորի ոլորտից էր պարզապես…
ԱՄՆ պետքարտուղարի այցին հետեւեց ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էյմոն Գիլմորի այցը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր եւ, կարծում ենք, հայ-թուրքական հարաբերությունների հարցը եւս շոշափվել է:
Եթե Եվրոպան հնարավորինս հստակ է արտահայտվում հայ-թուրքական եւ արցախյան հարցերի առումով, ապա ամերիկյան կեցվածքը հիմնականում խաղարկային է եւ հավատ չի ներշնչում: Ժամանակին այդ խաղը տանում էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ով այժմ էլ հաճախ է հայտարարություններ անում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, իսկ այժմ Հիլարի Քլինթոնն է ընտրել բոլորին հավասարապես մեղադրողի մի անհասկանալի կեցվածք եւ բոլոր կողմերին նույն դասերն է տալիս՝ անկախ գործած կամ չգործած մեղքերի… Սա պարբերաբար խառնաշփոթ է առաջացնում նշյալ խնդիրների կարգավորմանն ուղղված, ինչը կամ խնդիրներն իրապես լուծելու նպատակ չի հետապնդում, որպեսզի բոլորի նկատմամբ էլ ազդեցությունը պահպանվի, կամ՝ հետագա ծրագրեր կան տարածաշրջանում, ինչի մասին դեռ չի բարձրաձայնվում…
Վերոհիշյալ տխրահռչակ Բրայզան նաեւ ԱՄՆ-ի չհաջողված դեսպանն է Ադրբեջանում, ով շատ էր ձգտում մնալ դեսպան եւ ադրբեջանցի եղբայրների փողերով բազում ծառայություններ մատուցել սրանց: Բայց չստացվեց ու երեւի թրքուհի կնոջ խորհրդով նա դարձավ թուրքական մի ընկերության տնօրենների խորհրդի անդամ եւ մնաց տարածաշրջանի ինչ-որ մի ոլորտում, որպեսզի իր թուրքասիրության եւ ադրբեջանասիրության մասին հայերը չմոռանան…
Բայց Բրայզան դեռ կարտահայտվի արցախյան հարցերով եւ, ինչպես նախկինում, դրանք կլինեն հակահայկական: Հետո պաշտոնական Վաշինգտոնը կասի, որ դա իրենց տեսակետը չէ, բայց բրայզաների բերանով է, որ այս կամ այն հարցերը շոշափվում են միջազգային ասպարեզում՝ մինչեւ որոշումների կայացումը:
Թուրքերը իրենց հարազատ ամերիկացուն նորից գործածելուց զատ, որոշել են սփյուռքում գործել ամերիկահայերի պես: Վաշինգտոնում կայացել է թուրք-ամերիկյան 32-րդ համագումարը, որի նպատակը ամերիկաբնակ թուրքերի ձայնն ավելի լսելի, իսկ մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ ավելի ազդեցիկ դարձնելն է: Համագումարը կազմակերպել են թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիան, թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան եւ թուրք-ամերիկյան համայնքային կենտրոնը: Այդ համագումարում թուրքերից մեկը նշել է. «Թեեւ թուրքերը չեն ողջունում քաղաքականության մեջ փողի գաղափարը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ում փողն ազդեցիկ գործիք է քաղաքական գործընթացներում: Պապս ինձ մի պատգամ էր ավանդել այն մասին, որ արդար լինելը դեռ բավարար չէ, պետք է նաեւ համոզիչ լինել: Եվ ահա մենք էլ, որպես ԱՄՆ-ում թուրքական համայնք, մեր աշխատանքներով ու մեր լոբբիստական գործունեությամբ պետք է համոզիչ երեւանք մեր պաշտպանած հարցերում»: Մեկնաբանությունն ավելորդ է:
Համագումարի մյուս ելույթներում անդրադարձ է եղել հայկական թեմային ու, մասնավորապես, ամերիկահայության գործելաոճին: Բանախոսներից մեկն ընգծել է, որ, օրինակ, մի շրջանում ապրող ընդամենը մեկ հայի ձայնը կարող է շատ ավելի լսելի լինել եւ ազդել քաղաքական գործիչների վրա, քան մի քանի հոգու ձայնը: Հետեւաբար, թուրքերը եւս պետք է կարեւորեն ոչ թե մարդաքանակը, այլ իրենց ձայնը լսելի դարձնելու կարողությունը: Իսկ թուրք-ամերիկյան իրավապաշտպան հիմնադրամի գլխավոր խորհրդականն ուշադրություն է հրավիրել այն իրողությանը, որ ԱՄՆ-ում քիչ են այն գիտնականները, ովքեր համարձակվում են հակառակվել 1915թ. դեպքերի վերաբերյալ հայկական տեսակետին, բայց ԱՄՆ-ի թուրքական համայնքը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի նման գիտնականներին:
Հիշեցնենք, որ մի քանի տարի է ինչ պաշտոնական Բաքուն Իլհամ Ալիեւի գլխավորությամբ փորձում է ադրբեջանական սփյուռքը համախմբել, որպեսզի գործեն այնպես, ինչպես հայկական սփյուռքը, բայց Ադրբեջանի նախագահի մենաշնորհային քաղաքական գիծը գրեթե տապալել է այդ ծրագիրը: Հայկական սփյուռքը բազմաճյուղ է եւ բազմակարծիք, ինչն ավելի է հարստացնում համահայկական ծրագրերը: Կարեւորն այն է, որ բոլոր կարծիքներն ու նպատակները բխեցվում են համահայկական շահերից ու գերնպատակներից: Այս գործելաոճը հոտային մտածողությամբ թյուրքական տարրին դժվար հաջողվի յուրացնել: Ինչպես շատերն են նշում, թերեւս միայն հրեական ու հայկական սփյուռքերն են, որ ազգամետ եւ հայրենակենտրոն մղումներ ունեն հիմնականում:
Այս ամենին զուգահեռ Թուրքիայում ուժգնանում է հակահայ քաղաքականությունը: Սրան առավելապես նպաստում է Ադրբեջանը: Ամիսներ առաջ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում Բաքվից եկած փողերով Խոջալուին նվիրված հանրահավաք տեղի ունեցավ, ինչն ավելի խորացրեց այս խնդիրը: Հանրահավաքների ու ցույցերի ժամանակ եւս շատացել են հակահայ բացականչությունները, չնայած դրանց պաշտոնական ձեւակերպումներ չեն տրվում, անգամ հայասիրական քաղաքականության շղարշ է քաշվում վերեւներից:
Թուրքիայի մի քաղաքացի` Եվա Աքսոյը, իր այգում ամիսներ առաջ մի գլխարկ է տեսնում, որի վրա գրված էր. «Հայերի ստին անտարբեր մի մնա» գրությունը: Նա անմիջապես դիմել է ոստիկանություն եւ նշել, որ իր տան առջեւ տեղադրված տեսախցիկն արձանագրել է, որ գլխարկ նետող անձը իր հարեւանն է: Նա իր ցուցմունքում նշել է, որ այգում գլխարկ նետելուց բացի այդ հարեւանը իրեն բազմիցս սպառնացել ու ահաբեկել է նման բովանդակությամբ էլեկտրոնային նամակներով. «Իմ երկիրը քեզ համար չէ, դու գնա Երեւան», «Քո վերջը կախաղանն է» եւ այլն: Սակայն դատախազությունը որոշում է ընդունել դատավարություն չսկսել՝ պատճառաբանելով, որ չկան դրա համար բավարար հիմքեր ու ապացույցներ: Աքսոյի փաստաբանը հայտնել է, որ փաստորեն անտեսվել է դատախազին հանձնված տեսագրությունը եւ փորձ է արվում կոծկել այդ դատը: Դատախազի վճռում ոչ մի հիշատակում չկա տեսագրությունների մասին:
Իսկ այսօրինակ դեպքերը հաստատ հիշեցնում են ոչ այնքան հեռավոր 1915-ը……
Ստամբուլի հայկական դպրոցը եւս փակման վտանգի առաջ է. Թոփքափը թաղամասի 200-ամյա պատմություն ունեցող հայկական մասնավոր Լեւոն Վարթուհյան՝ անմարդկային պայմաններում մի կերպ գոյատեւող տարրական դպրոցն ունի 100 աշակերտ, ֆինանսական խնդիրներ, ապահովված չէ սննդով, հագուստով:
Խնդիրներ միշտ եղել են նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտում, նաեւ նորերն են ավելանում: Ժամանակին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը հայց է ներկայացրել Անկարայի դատարան՝ Էրզրումի (Կարին) պատմական Սանսարյան վարժարանի շենքը վերադարձնելու ակնկալիքով: Նշենք, որ այս շենքում 1919թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ տեղի է ունեցել Օսմանյան կայսրության 6 արեւելյան վիլայեթների ներկայացուցիչների կոնգրեսը, որը հիմք դրեց ժամանակակից Թուրքիայի հանրապետության ձեւավորմանը:
Պատրիարքությունը պահանջել է վերադարձնել նաեւ Սըվասի (Սեբաստիա) նահանգում գտնվող մի քանի շինություններ եւ մտադիր չէ սահմանափակվել պատմական արժեք ներկայացնող շինությունների վերադարձով, պատրաստվում են փոխհատուցում պահանջել Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից՝ 1936-ից ի վեր պատրիարքարանի կրած բոլոր նյութական կորուստների դիմաց: Թուրքիայի հանրապետության հիմնադրման առաջին տարիներին ազգային փոքրամասնությունների անշարժ գույքի մեծ մասը բռնի պետականացվել է: Մի մասն էլ այս տարիների ընթացքում վաճառվել է երրորդ անձանց, ինչը հակասում է բոլոր միջազգային իրավական նորմերին, այդ թվում՝ Լոզանի պայմանագրին (1922թ. հուլիսի 23-ի Լոզանի պայմանագիրը Թուքիայի հանրապետության եւ Անտանտի միջեւ, որով ապահովվում էր Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների գույքային եւ այլ իրավունքները): Թուրքիայի հայկական համայնքը, Հայոց ցեղասպանությունից ի վեր, առաջին անգամ Արեւմտյան Հայաստանի տարածքում ակնկալում է հայկական գույքի վերադարձը հաջողել: Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության 2011թ. օգոստոսի 27-ի որոշմամբ, ազգային եւ կրոնական փոքրամասնությունները կարող են վերադարձնել հանրապետության հիմնադրման տարիներին բռնագրավված գույքը:
Եվրաբութ հանրույթ
Իսկ Ստամբուլում բացվել է «Սպասումից վեր. պատմություններ հայ-թուրքական սահմանից» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես: Սա Հրանտ Դինքի անվան հիմնադրամի, Գալաթայի լուսանկարչատան, «Free Press Unlimited»-ի եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ նախաձեռնությունն է: Ցուցադրվող 5 վավերագրական ֆիլմերը ստեղծվել են Ստամբուլում Հոլանդիայի գլխավոր հյուպատոսության եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ (դե սրանց ինչքա՜ն բացատրես, որ միլիոնավոր զոհերը եւ հայկական հողերը ֆիլմերի ցուցադրման հետ համարժեք չեն…): Կա մի եվրաբութ հանրույթ, որի ուղեղն իսկապես դարվինիզմի տեսության հետեւանք է:
Ռաքել Դինքն էլ դստեր հետ հյուրընկալվել է Գյումրիում. «Գյումրի բաց քաղաք» խորագրի ներքո միջոցառումներ են իրականացվում: Նպատակը եւ իմաստը, ըստ Շիրակի մարզպետարանի, Գյումրի ու Կարս քաղաքների միմյանց այդքան մոտ ու այդքան հեռու գտնվելու եւ պետությունների ու քաղաքների միջեւ վաղուց գոյացած անջրպետը հոգեւոր մշակութային կապերով վերականգնելու, համագործակցության նոր եզրեր փնտրելու մի փորձ է ընդամենը: Իսկ ընտրվել է Գյումրին, քանի որ բոլոր ժամանակների համար Գյումրին եղել է եւ կմնա երկխոսությունների ամենահարմար խաչմերուկ:
Հա՜, չմոռանանք ասել, որ Գյումրիում, դե նախկին Ալեքսանդրապոլում էր, որ թուրքերին 1918-ականներին աղուհացով ընդունեցին ու հետո բռնաբարվեցին ու կոտորվեցին… Վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը Կարսից հանել տվեց հայ-թուրքական բարեկամությունը (այս բարի բառն անգամ հայ-թուրքական հարաբերություններում նզովյալ է հնչում…) խորհրդանշող կոթողը, եւ հասկանալի է, որ ինչ-ինչ միջազգային դրամաշնորհներով հիմա էլ հայկական կողմից «բարեկամության» կոթողներ կտեղադրվեն…
Իսկ Գյումրիի միջոցառման հրավերը ընդունել եւ մասնակցել են ՀՀ-ում Արգենտինայի, Գերմանիայի, Շվեցարիայի դեսպանները, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսը, մարզային եւ քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Տեսնում եք, թե ինչքա՜ն «բարեկամասեր» են գյումրեցիները… Միայն թե 1915-ի կամ 1918-ի դասերը չմոռանան՝ արյունոտված աղուհացի:
Եվ իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը չէր կարող չանդրադառնալ միջոցառմանը հրավիրված Ստամբուլի «Ակոս» թերթի նախկին խմբագիր թուրք ազգայնամոլների դավադրության զոհ դարձած Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը: Երբ «Լուսանցք»-ը գրում էր, որ Հրանտ Դինքը սպանվեց, որպեսզի հակաթրքական միջազգային խնդիրները արդիականացվեն, շատերն էին ասում, թե դա այդպես չէ: Հայտնի հայազգի մտավորականն իսկապես հայասեր էր եւ կատարում էր ազգօգուտ գործ, բայց նա մինչեւ իր մահը հայտարարել է, թե Թուրքիան պետք է դառնա Թուրքիայում բնակվող բոլոր ժողովուրդների տունը, եւ ժողովրդավարական Թուրքիան կլինի այդպիսին: Այսինքն, երբեք հարցը չի դրվել այնպես, որ Արեւմտյան Հայաստանը հայերը կորցրել են Հայոց ցեղասպանությունից հետո, եւ այն պետք է վերադարձվի պահանջատեր հայերին: Այսինքն՝ սպանվեց մի հայ, ով հանրահայտ էր, բայց շատ չափավոր էր ազգային նկրտումներում, ու կարող էր միջազգային ժողովրդավարական տեսության մեջ պաշտպանվել… Սա ասել ենք ու համոզվում ենք վերստին: Իսկ «ժողովրդավարական Թուրքիան բոլոր ժողովուրդների տուն» ցանկությունը քմծիծաղ է առաջացնում: Հայկական հողերի վրա ստեղծված պետության հետ արդեն հաշտվե՞լ ենք, որ դեռ մի բան էլ դրա ժողովրդավարացման մասին ենք մտածում:
Իսկ վերոնշյալ միջոցառման ելույթների ավարտից հետո մասնակիցները դիտել են ամերիկահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը, որը պատմում էր 1915թ. Թուրքիայից մազապուրծ եղած ուդագործ Հովհաննես Մուրադյանի մասին, ում թոռը պատահական գալիս է Պոլիս եւ գտնում այն տունը, որտեղ ապրել է իր պապը ու այն արհեստանոցը, որտեղ իր պապը պատրաստել է ուդ: Ռաքել Դինքն իր ձեռքով տնկել է Հրանտ Դինքի հիշատակի ծառ:
Եվ այս ամենը, ու հաջորդիվ «դրամաշնորհվող» այսօրինակ տխուր ու տաղտկալի միջոցառումները «միջազգային հանրություն» կոչվածը կհամարի հայ-թուրքական հարաբերությունների նորովի զարգացում:
Մահաբեր վարանմունք՝ անուղեղների համար
Իսկ Երեւանում «Քաղցր վարանմունք՝ քաղցր վաթսունականներ» ձեւակերպմամբ մի նախագիծ է իրականացվել հունիսի 11-13-ը, որտեղ հայ եւ թուրք (ինչպես նաեւ՝ հույն ու ռուս) մասնագետները ներկայացրել են 1960-ականների հայկական եւ թուրքական կինոն: Թուրք Ահմետ Գյուրաթան նշել է, որ նման կոնֆերանսերի անցկացումը հնարավորություն կտա «հայտնագործել նոր մշակութային տարածք, նաեւ՝ ակադեմիական ու սոցիալական հարաբերությունների սկզբնավորման նախաձեռնություն է»: «Նման նախագիծ իրականացնելու գաղափարը ծնվեց հետաքրքրությունից: Մինչեւ քննարկում էինք երկու երկրների 60-ական թվականների կինեմատոգրաֆիայի նմանություններն ու տարբերություները, եկանք «վարանմունք»-ի գաղափարին: 1960-ականներին վարանմունքի պահ ունեցանք, բայց այսօր միմյանց մասին պատկերացումները շատ կարծրացած են, միգուցե որովհետեւ պակասում է վարանմունքը: Կարծում ենք՝ ինքներս մեզ ճանաչում ենք, գիտենք խնդիրների բնույթի մասին, մինչդեռ հսկայական տարածություն կա, որը պետք է բացահայտել նաեւ նմանատիպ կոնֆերասների միջոցով»,- ասել է թուրքական կողմի համակարգող Օվգյու Գյոկչեն, ով թվարկել է նաեւ հայերի ու թուրքերի մի շարք նմանություններ: (Սա էր պակաս, հիմա էլ պետք է մեզ ցեղասպանողի հետ նմանություններ ու ընդհանրություններ հրամցնեն…): Եվ ինչու չէ, թուրքերը նաեւ կիսամեղադրական են խոսել. «Թուրք հասարակությունը այնքան էլ շատ բան չգիտի պատմության մասին. նրանք կրթվել են պատմության նվազ գիտակցմամբ: Եթե ճանապարհին կանգնեցնենք ու հարցնենք, թե ինչու են սահմանները փակ, չեմ կարծում, որ հստակ պատասխան կարող ենք ակնկալել: Սա նույնպես ավանդական քաղաքականության մասին է խոսում»:
Չենք կարծում, թե նշյալ թուրքերը պատրաստվում են սեփական ժողովրդին պատմել, որ սահմանները փակ են, քանի որ իրենք հայերի հողի վրա նրանց ցեղասպանել ու տիրել են հայերի հայրենիքին…
Սա ուղղակի պարզունակ «հաղորդագրություն» է, որ հարկավոր է ավանդական մոտեցումներից ձերբազատվել, ինչը նաեւ հայերիս է վերաբերում: Այսինքն՝ ավանդական հայը վտանգավոր է, եւ անհրաժեշտ ժողովրդավար Հայաստան ու Թուրքիա ստեղծել, մոռանալ անցյալը (իհարկե՝ հիմնականում հայերը մոռանան, քանզի մենք ենք հայրենիքի զգալի մասը կորցրել ու ցեղասպանվել) եւ տեսնել միայն «հայերի ու թուրքերի նմանությունները»: Այնքան ստոր մոտեցում է, որ անգամ ծիծաղելի չէ:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 22 (243), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



