Բայց այդ շատերի համար, նաեւ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի, նոր խորհրդարանը «նույն հնամաշ, ժամանակավրեպ, ժամանակի պահանջներին ոչ ադեկվատ, ժամանակի պուլսը չզգացող ինչ-որ մի իրավիճակ, նույնիսկ ինչ-որ մի տեղ անմեղսունակության հասնող» մարմին է: Եվ բոլոր նախնտրական խոստումները մնալու են թղթին, եւ այս խորհրդարանը չի տարբերվելու նախորդներից, շուտով շատ պատգամավորների լրագրողներն այլեւս չեն տեսնի խորհրդարանում, այն պարզ պատճառով, որ նրանք օրենսդիր աշխատանքի համար չեն եւ այլն: Քաղաքագետին չի ոգեւորում նաեւ խորհրդարանում ՀԱԿ-ի հայտնվելը, թեեւ ՀԱԿ-ի քաղաքական քայլը, որով բոյկոտեցին ԱԺ առաջին նիստը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, ճիշտ է համարում:
Իսկ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մասին, որպես ընդդիմադիրներ, նույն վերլուծողները չեն ցանկանում խոսել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կազմակերպությունները ոչ վաղ անցյալում եղել են իշխանական կոալիցիայի անդամներ եւ պատասխանատվություն չեն կրել… ու պատսպարվում են ընդդիմադիր դաշտում:
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, որ նոր ԱԺ-ն «նույն հնամաշ, ժամանակավրեպ, ժամանակի պահանջներին ոչ ադեկվատ…» մարմինը չէ, եւ նա քննարկման առարկա կդարձնի ԱԺ պատգամավորների վարքագիծը: Խորհրդարանն առայժմ չի շտապում էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հարցում, բայց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն ասել է, որ ԱԺ 6 խմբակցություններից առայժմ 4-ն են իրենց թեկնածուներին առաջադրել, եւ հիմա իրենք սպասում են ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի թեկնածուներին: էթիկայի հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է լինելու, այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ապա, ինքնըստինքյան, ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում ՀԱԿ-ն է, որի ներկայացուցիչն էլ ՀՀԿ-ի հետ ռոտացիոն կարգով ղեկավարելու է հանձնաժողովը: Իսկ ՀԱԿ-ը էթիկայի հանձնաժողովում մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Ահա այսպիսի նորություններ «հնամաշ» ԱԺ-ից:
Հնարավոր է, որ շուտով ՌԴ Պետդումայում պատգամավորները բացակայելու համար կզրկվեն ոչ միայն աշխատավարձից, այլեւ՝ մանդատից: Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած կուսակցությունը շրջանառության մեջ մի օրինագիծ է դրել, որով նախատեսվում են փոփոխություններ կանոնադրությունում: Մասնավորապես՝ արգելվում է պատգամավորներին առանց հարգելի պատճառի բացակայել նիստերից: Որպես պատիժ անպատասխանատու պատգամավորներին առաջարկվում է կիրառել աշխատավարձի պահումներ, իսկ ծայրահեղ դեպքերում նաեւ՝ զրկել մանդատից: Սա հրաշալի օրինակ է, որը կարելի է կիրառել նաեւ ՀՀ ԱԺ-ում, եւ էթիկայի հանձնաժողովը կարող է օգտվել ռուսաստանյան փորձից, որը ճիշտ է, արեւմտյան չէ, բայց օգտակար է:
Դառնալով խորհրդարանի բոյկոտներով նորամուտին՝ նշենք, որ ԱԺ առաջին նիստը նշանավորվեց նաեւ այն բանով, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ն չհայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին: Ստացվեց՝ ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն, այլ պարզապես այլընտրանք է: ԲՀԿ-ի այլընտրանք լինելու մասին հայտարարությունը զլմ-ներին հիշեցրեց ԱԼՄ-ի եւ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հայտնի արտահայտությունն այն մասին, որ ինքը ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանություն, ինքն ուղիղ կենտրոնում է:
Իսկ ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ԱԺ-ն ընդդիմության կամ այլընտրանքների համար: «Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում իր քաղաքական գործունեությունն ու քայլերը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ՀԱԿ-ը ներկայացված է նոր խորհրդարանում ու հնարավորություն ունի ԱԺ ամբիոնից բարձրաձայնել իր առաջարկների ու նախաձեռնությունների մասին, ապա ցանկալի կլիներ, որ քննարկումները ոչ թե հանրահավաքների, այլ առավել քաղաքակիրթ տարբերակով ընթանան»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչն այն կարծիքին է, որ լավ կլինի, եթե տարբեր հարցերի շուրջ քննարկումները տեղի ունենան ԱԺ-ում, քանի որ խորհրդարանն ավելի շատ հնարավորություն է ստեղծում, քան դա քաղաքական ուժերը կարող են ունենալ փողոցում՝ հանրահավաքների միջոցով:
Բայց ՀԱԿ-ը բազմիցս է հայտարարել, որ խորհրդարանական պայքարին զուգահեռ, չի դադարեցնելու նաեւ հանրահավաքային պայքարը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասել է. «Մեր հիմնական ուժը ժողովուրդն է, եւ շատ լավ գիտակցում ենք, որ ժողովրդի ճնշմամբ կարելի է այս իշխանություններին խելքի բերել, նրանց վրա ազդեցություն գործել: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ 7 պատգամավորական տեղը շատ լավ է, դա խոսափող է, դա հնարավորություն է, դա ակտիվ քաղաքական գործունեության հնարավորություն է: Բայց գորշ մեծամասնության դեմ 7-ը քիչ է, եւ այդ տարբերակի համար մենք օգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները»:
Այսինքն, իրենց 7-ից այն կողմ կոնգրեսականները ընդդիմադիրներ չեն տեսնում ԱԺ-ում, եւ «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն իզու՞ր են հայտարարել ընդդիմություն լինելու մասին: Իսկ ՀԱԿ-ը ինչու՞ քայլեր չի անում 2-րդ խորհրդարանական ուժին՝ ԲՀԿ-ին, այլընտրանքային լինելուց ընդդիմադիր դաշտ բերելու ուղղությամբ:
Պարզ է, եզակի ընդդիմություն լինելը ՀԱԿ-ի դերն էր, երբ արտախորհրդարանական ուժ էր եւ այդպիսին էլ ցանկանում է մնալ խորհրդարանում: Այսինքն, ով ընդդիմադիր է, պետք է միանա ՀԱԿ դաշինքին……
Հա, «հնամաշ» ԱԺ-ում ՀԱԿ-ը կզբաղվի նաեւ «իմփիչմենթով», չնայած ՀՀ նախագահի ընտրությունն այլեւս առջեւում է, բայց ինչպես կարելի է չպայքարել, օր առաջ չազատվել «հանցավոր ռեժիմից», որպեսզի ամենաառաջին «հանցավոր ռեժիմը» իր գործը շարունակի առավել «ժողովրդավարական» եւ «զիջելու պատրաստ» մեթոդներով:
ՀԱԿ-ը նաեւ «սեւ ցուցակ» է հրապարակել, եւ այնտեղ առայժմ 3 պատգամավոր է՝ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հայկ Բաբուխանյանը, ովքեր իրենց կուսակցությունները «փաթաթել» են ՀՀԿ-ի մեջ եւ դարձել պատգամավոր: «Մենք պայմանավորվել ենք այդ երեքից ոչ մեկին երբեք չպատասխանել՝ դա կլինի մեր արձագանքը նրանց ցանկացած ելույթին»,- ՀԱԿ հանրահավաքում հայտարարել է Արամ Մանուկյանը, ով հպարտացել է, որ ԱԺ առաջին նիստին չեն մասնակցել, որովհետեւ իրենք «չէին երդվելու գողերի առջեւ»:
Դե ո՜նց չհիշենք այն ասացվածքը, որ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին, որպեսզի իրեն չնկատեն ու չկասկածեն: …
Չէ, կարծես քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ճիշտ էր՝ նոր ԱԺ-ն «նույն հնամաշ, ժամանակավրեպ, ժամանակի պահանջներին ոչ ադեկվատ» մարմինն է:
Մնում է հավելենք, որ փորձագետ Հարություն Մեսրոբյանը հայտնել է, թե ՀՀ-ում լուրջ փոփոխություններ չեն եղել. «Ոչ մի սպասելիք մի ունեցեք նոր խորհրդարանից, ընդհանրապես ոչ մի նոր որակական հատկանիշ, դրական իմաստով, չունի այս ԱԺ-ն ի տարբերություն նախորդ խորհրդարանների»: Հայաստանը այսօր էլ շարունակում է մնալ ընտրությունների փուլում, հետեւաբար քաղաքական դաշտում շարունակվում է առեւտուրը՝ յուրաքանչյուրը փորձում է իր գինը բարձրացնել տարբեր միջոցներով: «Նախագահական ընտրությունների հետ էլ կապած ոչ մի արտառոց սպասելիք մի ունեցեք,- հավելել է փորձագետը,- եթե այս քաղաքական դաշտը չփոխվի, ոչ մի բան էլ չի փոխվի»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով էլ՝ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում կատարվել է թղթային հեղափոխություն եւ հարկավոր են վճռական քայլեր. «Հայաստանում առանց լուրջ ցնցումների իշխանություն չի փոխվի»:
Վահագն Նանյան
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 24 (245), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



