Վերջին շրջանում վրացական մամուլը չէր դադարում հանդես գալ հրապարակումներով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու էթնիկ ծագման մասին: Վրացական «Ասավալ-դասավալի» պարբերականն անգամ անդրադարձել էր Վրաստանի նախագահի տոհմածառին:
Մանրակրկիտ ներկայացնելով Սաակաշվիլու՝ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածը, որում Վրաստանի նախագահը հերքել է իր հայ լինելու մասին խոսակցությունները, պարբերականը նշել է. «Ինչպե՞ս մենք հավատանք Սաակաշվիլիի այն խոսքերին, եթե նրա պապը՝ Թբիլիսիի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միխայիլ Սահակովը, ում Թբիլիսիում գովաբանում են եւ ջերմությամբ են հիշում, երբեք չի թաքցրել իր հայ լինելու փաստը: Իսկ ազգանունը Սահակովը փոխել է այն ժամանակ, երբ վերջինիս նշանակել են բժշկական համալսարանի ռեկտոր»: Այսպես տասնյակ հազարավոր հայեր են վրացականացվել, որպեսզի Հակոբյան-Հակոբաշվիլիները, Ալվանյան-Ալվանաշվիլիներն ու բազում այլերը պաշտոններ կամ գործելու իրավունք ստանան…
Վերջերս Վրաստանի նախագահը անգամ նեղսրտել էր, որ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող նախագիծ է հայտնվել Ֆրանսիայի Սենատում: Նեղսրտել էր թուրք եւ ադրբեջանցի եղբայրների հետ, քանզի ինքը Թբիլիսիում անգամ մերժում է այդ համաշխարհային մակարդակի ողբերգության առիթով երթեր անցկացնելու Վրաստանի հայերի դիմումները: Վրացիներն էլ անգամ նեղվել էին Ֆրանսիայի նախագահ Սարկոզիից, որ մինչ այդ՝ հիշյալ նախագծի արծարծումը, նա Երեւան էր ժամանել ու հայերին բարեկամական ծրագրեր առաջարկել: Թբիլիսի եւ Բաքու հաջորդող ֆրանսիական այցերը համարվեցին «հենց այնպես, ձեռքի հետ արված», իսկ ահա, ըստ վրացական զլմ-ների, «Սարկոզին մեծ կարեւորություն է տվել հատկապես Հայաստան այցին, քանի որ նրա համար շատ կարեւոր է Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունը»:
Երեւի «հայ» Սաակաշվիլու հակահայկականությունն այնքան էր ընդգծվել, որ նա հիմա էլ որոշեց ազատվել հակահայի բարդույթից եւ մի այնպիսի հայտարություն արեց, որ ստացվեց թե՝ Թբիլիսին նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքն է. «Թբիլիսին ողջ Կովկասի մշակութային եւ պատմական մայրաքաղաքն է,- Քութայիսիում է նշել Վրաստանի նախագահը,- Վրաստանի մայրաքաղաքը տարածաշրջանային կենտրոն է եւ նրա նշանակությունը օրեցօր աճում է: Թբիլիսին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պատմական ու մշակութային մայրաքաղաքն է»: Ավելին, Սաակաշվիլին հավելել է. «Հարցրեք բազմազգ Դաղստանի ժողովուրդներին, ինգուշներին, չեչեններին, օսերին, թե ինչ են նրանք մտածում, Թբիլիսին բոլորի համար պատմական եւ մշակութային կենտրոն է, Թբիլիսին տարածաշրջանում օրինակ է բարեփոխումների ու տնտեսական առաջընթացի տեսանկյունից»:
Մինչդեռ հարցնել պետք չէ. վերաբերմունքը հստակ քաղաքականությամբ ընդգծված է տարիներ շարունակ: Դաղստանի ժողովուրդները որեւէ աջակցություն չեն փնտրել ու, առավել եւս չեն փնտրում, Թբիլիսիում, քանզի Կովկասում վրացական գործոնի արհեստական «հեգեմոնիզացիան» երբեք մյուս կովկասցիների սրտով չի եղել եւ անգամ Ռուսաստանից կովկասյան հանրապետությունների անկախանալու փորձերը Վրաստանի պաշտպանությանն արժանանալու հույսով չի իրականացվել: Դաղստանի լեզգիները Ռուսաստանի եւ Ադրբեջանի արանքում սեփական պետությունը հիմնելու համար եւս Վրաստանին դրական գործոն չեն դիտարկում, հատկապես վրացա-ադրբեջանական
եղբայրության համապատկերում: Իսկ Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախացան «պատմամշակութային կենտրոն» Վրաստանից, որին օժանդակել են վերոնշյալ չեչեններն ու ինգուշները: Աջարիան էլ է հերթի կանգնել: Իսկ թե ինչ է նշանակում Վրաստան կամ վրացի, հիշեցնեմ հայ-արիների մի ասածը, թե՝ «դեռեւս հայտնի չէ, որն է Վրաստանը եւ ով՝ վրացին, նման երկիր ու ազգ ցայսօր չկա կազմավորված: Ո՞վ է վրացին՝ աբխա՞զը, աջա՞րը, օ՞սը, սվա՞նը, մեգրե՞լը, իմերեթցի՞ն, գուրիացի՞ն, լեզխումցի՞ն… Ո՞րն է Վրաստանը. Աբխազիա՞ն, Աջարիա՞ն, Օսեթիա՞ն, Ջավա՞խքը, Սամեգրելո՞ն, Գուրիան եւ Իմերեթիա՞ն, թե՞ Տփղիսը»: Այլ ազգերի ձուլած ու այլ երկրների հաշվին պետություն կազմած «վրացին» դարձել է տարածաշրջանի կովկասցին ու օրվա եվրոպացին եւ դասե՞ր է տալիս մեզ: Էլ չենք խոսում հայկական Ջավախքի մասին եւ այն փաստից, որ Թբիլիսին «պատմական ու մշակութային մայրաքաղաք» դարձրել են հենց հայերը, վկա՝ Թբիլիսիի առաջին մեկ տասնյակից ավելի քաղաքապետերի հայ լինելը…
Իսկ Ջավախքը արդեն իսկ Հայաստանին վերամիավորված պետք է լիներ կամ Աջարիայի հետ համադաշնություն կազմած, անկախ՝ ինչպես Արցախը, բայց ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահները չօգտվեցին Մոսկվայի առաջարկներից եւ Աջարիայի ու Վրաստանի ղեկավարներ Ասլան Աբաշիձեի ու Էդուարդ Շեվարդնաձեի հակասություններից, եւ Հայաստանը չվերահսկեց Ջավախքի տարածքը… Գուցե ՀՀ 3-րդ նախագա՞հը օգտվի, եթե նոր առաջարկ լինի:
Բայց Վրաստանի նախագահը պետք չէ, որ շատ անհանգստանա: Իհարկե, հայերը «հայ» եւ հակահայ Սաակաշվիլիներից ոչ մեկին չսիրեցին, իսկ Կովկասում էլ նա համակովկասյան առաջնորդ չդարձավ (դա չէր էլ կարող լինել), որովհետեւ անգամ Վրաստանի ազգայնական կուսակցության ղեկավարը համավրացական առաջնորդ չդարձավ, բայց Քիշնեւի քաղաքապետ եւ Մոլդովայի Լիբերալ կուսակցության փոխնախագահ Դորին Կիրտոաքեն կարծում է, թե Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նախագահի պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո, պետք է հրավեր ուղարկել՝ Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկով:
Զարմանալի՞ է: Բնավ՝ ո՛չ: Մոլդովային պետք է Սաակաշվիլին, որպեսզի Վաշինգտոնի ու Բրյուսելի պատգամներին ծառայելով կարողանա չճանաչված Մերձդնեստրի հանրապետության հարցը Մոսկվայից տեղափոխել այլ հարթություն, եւ Կովկասում կովկասցիների կողմից չհասկացված «առաջնորդը» գուցե դառնա մոլդովա-ռումինական վերամիավորման ճանաչված առաջնորդ:
Նախագահ Սաակաշվիլիի լիազորությունների 2-րդ ժամկետն ավարտվում է, այնպես որ, այլեւս չի կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում եւ կարող է գնալ Մոլդովա, որտեղ համոզված են, որ նրա գալով նաեւ երկրում իրավիճակը կփոխվի՝ կոռուպցիան կվերանա, ներդրումներ կլինեն եւ ընդհանրապես, կարգուկանոն կհաստատվի:
Բայց թե ինչ են անելու Սահմանադրության հետ, որում հստակ նշվում է, որ երկրի նախագահ կարող է դառնալ 40 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող, վերջին 10 տարիներին Մոլդովայի տարածքում բնակվող եւ պետական լեզվին տիրապետող ցանկացած քաղաքացի, հայտնի չէ: Իսկ գուցե պարզվի, որ Սահակաշվիլին ոչ թե Սահակով-Սահակյան է եղել, այլ ինչպես ռումինացի-մոլդավացիներից շատերը՝ Սաակունտյան, ինչպես բոլորիս հայտնի Մունտյան մոլդովական ազգանունն է:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 24 (245), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում