Բարև ձեզ, հայե’ր

Բարև ձեզ, հայե’ր:

Ձեռքս մեկնում եմ՝

Դեպ ուր արևը ծագում

Մայր մտնում,

Բացվում է կյանքի ծաղիկն ամեն օր,

ՈՒր որ շնչում ենք:

Ձեռքս մեկնում եմ,

Ահա սեղմեցեք, –

- Անչա’փ, նվաստս, անչափ ուրախ է

Ձեզ ծանոթանալ.

Ո’չ «EDGAR», ո’չ «GEORGE»,

Անունս Ահմադ է:

Ի’նչ է:

ՈՒրախ չե՞ք,

Ինչո՞ւ եք թթվում:

Հայի անուն չէ՞:

Իսկ մի՞թե «EDGAR»,

Կամ «GEORGE» անունը

«Հայկ»-ից է սերում:

Թե հայն այն է,

Որ հանդիպելիս որևէ հայի

Պիտ «բարև»ասի,

Դեռ շատ-շատերդ «HELLO» եք ծամում,

«Շատ բարի» կամ «լավ» ասելու փոխան

«O’Key»-ներ թափում:

Հարց եմ տալիս ձեզ. –

Մի՞թե չեք ասում ձեր քարոզներում,

Որ հայը պիտի պահպանի ազգը,

Պիտի զարկ տա միշտ իր մշակույթին,

Մոռացման չտա իր պատմությունը,

Այս ժողովրդի հերոսությունը

Դարերի բքում:

Հար որոճում եք.

- Հային պիտի փրկել

ձուլում-զուլումից:

Բայց ինչո՞ւ ազգին հար-հավետ

ձուլում-զուլումից

փրկող-պահպանողին

Միշտ հարվածում եք:

Դեհ, էլ ինչ արած,

Թող այս օրերում,

Երբ շատ հայերը

Փորձում են մաքուր «hello»-ներ ծամել,

Մի ոչ հայն էլ

Ելնի ու ասի.

- Բարև ձեզ, հայե’ր…

Ահմադ Նուրիզադե՝ իրանցի բանաստեղծ,

ՕՏԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ձեզ ենք ներկայացնում իրանցի բանասեր, բանաստեղծ, հայագետ և հայասեր Ահմադ Նուրիզադեի «Բարև ձեզ, հայե’ր» պոեմից հատվածներ:

Ահմադ Նուրիզադեն ժամանակակից բանաստեղծ է, որ ամէնավեհ զգացմունքներից մղված գրում է հայերեն (երկու ժողովածու ունի): Գրում է հայապահպանման ու Մասիսների շղթայազերծման ի խնդիր: Սա բացառիկ երևույթ է մեր գրականության ու մշակույթի բովանդակ պատմության ընթացքում:

Ինքն իր մասին գրում է. «…Կյանքս և գրիչս նվիրել եմ մշակութային և գրական աշխատանքներին. ցայսօր հեղինակել և թարգմանել եմ ավելի քան տասը հատոր գիրք և հրատարակել եմ տասնյակ հոդվածներ, որոնք համարյա ամբողջովին նվիրված են եղել հայ գրականությանն ու հայ մշակույթին»:

Իրանցի այս մտավորականը գիտե մեր ցավ ու դարդը, գիտե մեր լեզվի վիճակը Սփյուռքում և Հայաստանում, գիտե, թե ինչքան անփույթ ենք մեր ինքնության փարոսի նկատմամբ:

Եվ այսպես, մի քանի հատված «Բարև ձեզ, հայեր» պոեմից, որի բնաբանը հետևյալ տողերն են. «Խոնարհվելով համայն հայության առջև՝ խոսքս ուղղում եմ այն հային, որն իր ազգային և մշակութային արժանիքների հանդեպ անփույթ է». Ահմադ Նուրիզադե:


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։