ԱՍԱԼԱ-ն զգուշացնում է, իսկ «Հեզբալլահ»-ը՝ նախապատրաստվում

Սիրիայում չի դադարում արյունալի ներքաղաքական հակամարտությունը: Գուցե թե այն արդեն դադարած լիներ, եթե արտաքին միջամտությունը մեծ չափերի չհասներ: Արեւմուտքն իր շահերն է հետապնդում, Ռուսաստանն ու Չինաստանը՝ իրենցը, Թուրքիան, Իրանն ու արաբական երկրները տարբեր շահեր ունեն, Իսրայելը բոլորովին այլ խնդիր է լուծում եւ այսպես շարունակ:

Հայաստանը որեւէ միջամտության խնդիր չուներ թերեւս, եւ միայն խաղաղություն էր կամենում բարեկամական Սիրիային: Բարի կամքից զատ՝ միակ անհանգստությունը սիրիահայերի հարցն էր: Երեւանն անգամ որոշակի քանակությամբ սիրիահայերի ժամանակավոր տեղավորման խնդիրներ լուծեց, որպեսզի հնարավորինս թեթեւացնի սիրիահայության հոգսերը, որ նաեւ Սիրիայի իշխանությունների հոգսերն էին: Մինչեւ վերջերս Սիրիայի ընդդիմադիրները եւս չեզոքություն էին պահպանում երկրի հայ բնակչության նկատմամբ, սակայն հանկարծ սպառնալիքներ հնչեցին որոշ ընդդիմադիրների կողմից: Չնայած հայ արաբագետներից ոմանք պնդեցին, թե Սիրիայի հայ համայնքի հասցեին տեղի ընդդիմության կողմից հնչեցված սպառնալիքներով հայտարարությունը զուտ սադրանք էր, այնուամենայնիվ հանգստությունը խաթարվեց: Սա, իհարկե, ձեռնտու է Անկարային, ով առիթ է ման գալիս միջամտելու այս հակամարտությանը եւ նպատակ ունի հիմա էլ Սիրիայից տարածքներ զավթել: Հայերի դեմ հայտարարությունը փորձ էր հայ համայնքին ներքաշել ընթացող քաղաքացիական պատերազմի մեջ: Շատերի կարծիքով՝ նման քայլը ձեռնտու էր առաջին հերթին Թուրքիային, որը փորձում է ավելի շիկացնել իրավիճակը իր հարեւան երկրում, եւ դա հենց Անկարայի ձեռագիրն է, հատկապես, որ սիրիական ընդդիմությունը նաեւ Թուրքիայից է ֆինանսավորվում: Այստեղ հիմնավորված ճշմարտություն կա, ինչը պիտի բարձրաձայնել նաեւ միջազգային ասպարեզում, քանի դեռ հարցը իրապես չի շիկացվել:

Սիրիայի հայության իրավունքների, նաեւ ինքնապաշտպանության իրավունքի մասին վերջերս խոսել է Բերիո թեմի Հայ Կոթողիկե եկեղեցու առաջնորդ Պետրոս արքեպիսկոպոս Մարիաթյանը («1in.am», 24.08.2012): «Մենք ուրիշ ելք չունինք. չենք կրնար կողմ ըլլալ, չենք կրնար զինվիլ, ոչ ալ զենքով պաշտպանվիլ: Հավանաբար այսպես մտածել եւ ասել են, հավանաբար, այսպես խուճապ են առաջացրել նաեւ 1915-ի օրերին: Մինչդեռ ճիշտ էին նրանք, ովքեր ինքնապաշտպանության էին կոչում եւ փրկվեցին նրանք, ովքեր դիմեցին ինքնապաշտպանության: Այսօր իրավիճակը տարբեր է, անշուշտ, սակայն խնդիրը նույնն է: Բարեբախտաբար, կա սեփական իրավունքների գիտակցության եւ դրանք պաշտպանելու որոշակի ներուժ եւ վճռականություն: Վկա 1965-ից Խորհրդային Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական շարժումները, Գուրգեն Յանիկյանը, Նորագույն զինյալ ազատագրական պայքարը եւ Արցախյան հաղթական ազատամարտը: Դրանք բոլորը սեփական իրավունքները հստակ գիտակցելու եւ դրանք վճռականորեն պաշտպանելու օրինակներ են»:

Շատերն են խոսում հատկապես սիրիահայության իրավունքներից, քանի որ նրանք Սիրիայի պետության լիարժեք քաղաքացիներ են եւ կյանքի, ինչքի ապահովության եւ անվտանգության իրավունքներ ունեն: Որպես տարածաշրջանի բնիկ (հայ)՝ սեփական ինքնությունը եւ ինքնատիպ մշակույթը պահպանելու եւ պաշտպանելու իրավունք նույնպես ունեն: Անգամ արծարծվում է այն հարցը, որ եթե սիրիահայերը մնան անօթեւան, ապա որպես Արեւմտյան Հայաստանում (ներառյալ Կիլիկիայում) ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված Արեւմտյան Հայաստանի հայերի ժառանգներ՝ բնօրրան-հայրենիք վերադառնալու իրավունք պետք է ունենան, դրա իրավական, քաղաքական եւ բոլոր այլ հետեւանքներով:

Սիրիայի հայությունը ինքնապաշտպանության իրավունք ունի, եւ դա ասում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայերը: Իսկ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) հայտնի հայ վրիժառուական կառույցն էլ հայտարարել է իր անմիջական աջակցությունը սիրիահայերին: «Հայությունը այլեւս այլ տեղ չունի նահանջելու, բացի իր բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից (ներառյալ Կիլիկիան)»,- այս մասին էլ հայտարարել է Սփյուռքում գործող Արեւմտյան Հայաստանի կառավարությունը:

ԱՍԱԼԱ-ն անգամ զգուշացրել է, որ թուրքական որեւէ ռազմական արկածախնդրություն հանդիպելու է պատասխան հարվածի. «…Ուղղակի կամ անուղղակի որեւէ ոտնձգություն հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը»: Հայտարարությունում նաեւ նշված է, որ «Թուրքիայի դավադիր եւ թշնամական քաղաքականությունը դրացի երկրների դեմ հասել է իր գագաթնակետին, ինչը բացահայտորեն՝ տարածաշրջանում ամբողջական մեկուսացման է առաջնորդում նրան: Իրաքի գերիշխանության դեմ ծավալվող ոտնձգությունները, Սիրիայի արյունալի տագնապում ուղղակի ռազմական միջամտությունը, Հայաստանի դեմ կիրառված 20-ամյա շրջափակման շարունակությունը, Իրանի դեմ դավադիր եւ երկդիմի քաղաքականությունը, Կիպրոսի ու Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ չդադարող, հերթական գրգռիչ ոտնձգությունները եւ քուրդ ժողովրդի դեմ օրեօր աճող բարբարոսային հալածանքը տարածաշրջանում Թուրքիային վերածել են դավադրությունների եւ անկայունության հրահրման կենտրոնի»: Հայ վրիժառուական կառույցը թուրք մտավորականությանն ու առաջադեմ հանրությանը զգուշացնում է, որ սեփական պատմության սեւ էջերի հետ հաշտվելու եւ այլ ժողովուրդների իրավունքները հարգելու փոխարեն, թուրքական իշխանությունների կողմից հարեւան երկրների նկատմամբ ցեղասպանական ու թշնամական քաղաքականության շարունակությունը եւ Օսմանյան արյունախում կայսրության վերակենդանացման երազանքներ փայփայելը, միմիայն ավելացնելու են դրացի ժողովուրդների մոտ թուրք հասարակության դեմ կուտակված դարերի արդար ատելությունն ու թշնամանքը:

«Մեր համերաշխությունն ենք հայտնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին եւ հայտարարում, որ արաբ ժողովուդը ինքը՛ պիտի որոշի իր ճակատագիրը, կերտի՛ իր ապագան եւ պետք չունի թուրք իշխանությունների կոկորդիլոսյան արցունքներին եւ երկդիմի հոգատարությանը»,- ընդգծված է ԱՍԱԼԱ-ի հաղորդագրությունում: Եվ սա ոչ միայն հայ վրիժառուների, այլեւ հազարավոր հայ ազատամարտիկների ու պարզապես հայ մարդկանց կարծիքն է…

«Հեզբալլահ» արմատական շիա շարժումը եւս անհանգստացած է ու Լիբանանի հարավում անցկացրել է զանգվածային դաշտային զորավարժություններ: Մասնակցել են ավելի քան 10 հազար գրոհայիններ: Զորավարժությունների անցկացմանը հետեւել են Իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի ներկայացուցիչներն Իրանից, ինչպես նաեւ՝ «Հեզբալլահ»-ի առաջնորդ շեյխ Հասան Նասրալան: Զորավարժություններում հիմնականում փորձարկվել են պարտիզանական պայքարի, ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի պաշտպանության, ինչպես նաեւ՝ Իսրայելի տարածքում դիվերսիոն գործողությունների անցկացման մեթոդները: «Հեզբալլահ»-ը սկսել է նախապատրաստել Հարավային Լիբանանի բնակչությանը քաղաքացիական պաշտպանության՝ Իսրայելի հետ հնարավոր պատերազմի դեպքում:

Իսկ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հիշեցրել է, որ իրանա-սիրիական ռազմական պայմանագիրն ուժի մեջ է: «Այդ պայմանագիրն ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռեւս որեւէ հարցով չի դիմել Իրանին»,- ասել է նախարարը եւ հիշեցրել, թե պայմանագրում նախատեսված է, որ Իրանի եւ Սիրիայի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, եթե կողմերից որեւէ մեկի տարածքը ենթարկվի ռազմական հարձակման, մյուս ռազմավարական դաշնակիցը պարտավոր է միջամտել ու օգնություն ցուցաբերել:

Այս ամբողջից հստակ երեւում է, որ ամեն մի արտաքին միջամտություն սիրիական ներքին խնդրին կհանգեցնի տարածաշրջանային լուրջ ծավալումների, ինչը կարող է ռազմական տեղային բախումներ առաջացնել ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես է Կովկասի տարածաշրջանում:

Արման Դավթյան

Հ.Գ. – Ադրբեջանը Սիրիայի ահաբեկիչներին 500 հազ. եվրո օգնություն է հատկացրել. գրել է իրանական «Արաննյուզ.իռ» կայքը՝ հղում անելով թուրքական զլմ-ներին: Նշվում է, որ Արցախում սիրիահայերի բնակեցման գործընթացը խոչընդոտելու նպատակով Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանին համոզել են, որպեսզի վերջինս աջակցություն ցուցաբերի Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող խմբավորումներին: Ադրբեջանը համաձայնել է աջակցել Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին՝ պայմանով, որ այդ փաստը պետք է գաղտնի պահվի: Բաքվի տված օգնության առաջին խմբաքանակը փոխանցվել է Թուրքիայի միջոցով:

Իսկ Թեհրանի պաշտոնական աղբույրներն առաջին անգամ է, որ հաստատել են Սիրիա ուղարկած իրանցի զինվորականների փաստը՝ Ասադի կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերելու համար: «ZMAN.com»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է ամերիկյան «Ուոլսթրիթ» պարբերականը: Համաձայն հրապարակման՝ Իրանը Սիրիա է ուղարկել Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարների եւ շուրջ 100 զինվորների: Մինչ այժմ Իրանը հերքում էր իր մասնակցությունը Սիրիայում տեղի ունեցող դեպքերին:

«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։