Արցախի անկախությունը՝ ՀՀ նախագահի ընտրության օրակարգում

Արցախյան թեման շարունակում է մնալ տարածաշրջանային ամենաբռնկուն հարցերից մեկը: Չնայած սրան, վերջին ժամանակներս ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արեւմտյան վերլուծաբաններն առավելապես Արցախի ինքնորոշված կարգավիճակի եւ դրա հետագայի մասին են խոսում, քան Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության:

Հենց սա էլ ավելի է կատաղեցնում Բաքվի իշխանություններին, որոնք մերթ ընդ մերթ բարձրաձայնում են ռազմական գործողությունների դիմելու մասին: Իհարկե, բազմիցս հայկական կողմը պատասխանել է, որ պատրաստ է նման ծավալումների, ինչը ավելի վատ վերջաբան կունենա Ադրբեջանի համար: Չի բացառվում հայկական բռնազավթված այլ տարածքների ազատագրման խնդիր դրվի նաեւ: Անգամ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարները մեկ անգամ չէ, որ նշել են, թե հայկական բանակը տարածաշրջանի ամենապատրաստված բանակն է եւ տիրապետում է ժամանակակից զինատեսակների:

Վերջերս երկրապահները կրկին մեկնել են Արցախ՝ ԵԿՄ ավանդական ուխտագնացության ծրագրի շրջանակներում: Արցախ են մեկնել նաեւ մի շարք համույթներ, որոնք ելույթ են ունեցել Մարտակերտում, Ասկերանում, Մարտունիում, Հադրութում, Տող եւ Մեծ Թաղլար գյուղերում եւ այլ վայրերում, նաեւ՝ Ստեփանակերտում: Ուխտագնացության մասնակիցները հանդիպել են Արցախի տարբեր շրջանների բնակիչների հետ, ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների հուշարձան-կոթողներին, եւ հասկանալի է, որ ինչպես մյուս բոլոր ազատամարտիկները, նրանք եւս երդվել են պաշտպանել ազատագրված հայկական տարածքները:

Իսկ համանախագահող երկրներից հատկապես Ռուսաստանը կտրուկ է արձագանքում պատերազմի վերսկսման խոսակցություններին: «Ուժի կիրառմամբ ԼՂ հակամարտությունը կարգավորելը՝ ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՄՆ-ի կողմից կտրուկ դիմադրության կարժանանա»,- գրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն: Ադրբեջանը ոչ միայն բանակցություներ է վարում Ռուսաստանի հետ` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ)-ի վարձակալման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, այլեւ որոշել է ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում ՌԼԿ-ի աշխատակցների ընտանիքներին տեղափոխել Կասպից ծովին հարակից տարածքներ: Սա դժգոհություն է առաջացրել Մոսկվայում, քանի որ «ՌԼԿ-ի տարածքում բնակվող ընտանիքների տեղափոխման լուրը սպրդեց այն ժամանակ, երբ ԱՄՆ դեպարտամենտը 2011թ. ահաբեկչության դեմ պայքարի զեկույցում նշել է, որ Ադրբեջանը հաջողություններ է գրանցել ահաբեկչության դեմ պայքարի, կենսաքիմիական սպառնալիքների, փողերի ապօրինի լվացման եւ սահմանային վերահսկողության դեմ պայքարում»:

Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության երկարաձգման բանակցությունների վերջնակետը դեռ հայտնի չէ: Ու դա այն դեպքում, երբ վերջնական որոշում կայացնելու ժամկետը լրանում է: Դեռ ուժի մեջ է Գաբալայի ՌԼԿ-ի՝ Հայաստան տեղափոխման հարցը: Բաքուն Մոսկվայից այդ ՌԼԿ-ի վարձակալման համար տարեկան 7 մլն. դոլարի փոխարեն 300 մլն. է պահանջում: Ադրբեջանցի մի շարք փորձագետներ Գաբալայի ՌԼԿ-ն ընկալում են որպես անցյալի մասունք եւ կարծում են՝ այն պետք է վերածել թանգարանի՝ սառը պատերազմի համար որպես «ոչ մեկին պիտանի դինոզավրի»: Բաքվում շատ լավ հասկանում են, որ հայկական սփյուռքը Սպիտակ Տանը, Սենատում եւ Կոնգրեսում հզոր լոբբի ունի, որն Ադրբեջանը չունի եւ ջանքերը՝ ուժի միջոցով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ոչ միայն Մոսկվայի եւ ՀԱՊԿ-ի, այլեւ Վաշինգտոնի, ու, բնականաբար, իր դաշնակիցների կողմից կտրուկ դիմադրության կարժանանա:

«ԱՄՆ-ն անելու է ամեն ինչ՝ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կանխելու համար»,- «Թուրան» գործակալության հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետ, դոկտոր Ջեֆֆրի Մանկոֆֆը: Ըստ նրա, հնարավոր հետեւաքները Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների համար կարող են շատ լուրջ լինել: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կառերեսվի ճնշման բոլոր կողմերի հետ՝ հակամարտության վերսկսկան դեպքում, եւ կորոնի դրա շուտափույթ դադարեցման ուղիները»: Իսկ թե արդյո՞ք ԱՄՆ-ն զոհաբերում է տարածաշրջանի հիմնախնդիրները՝ հանուն էներգետիկ անվտանգության եւ Ռուսաստանի հետ համագործակցության, ամերիկյան մասնագետը նշել է, որ Վաշինգտոնն ունի մի շարք տարածաշրջանային շահեր. «Մենք փորձում ենք պահպանել կայունություն եւ լուծել հակամարտությունները, նպաստել ժողովրդավարացմանը, լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ՝ կապված էներգետիկայի եւ առեւտրի հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային ուժերի՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ»:

Վերջերս թարմացել է նաեւ Արցախի վերաբնակեցման խնդիրը: ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է եւ Բաքուն չի կարող արգելանքներ դնել: ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության նոտայի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «ԼՂՀ-ն, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ եւ նրա անդամ-երկրների ուշադրությունն է սեւեռում այդ փաստաթղթի քարոզչական բնույթի վրա, ինչը նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում: Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչն էլ հավաստում են 2010թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի՝ ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները»: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, առաքելությունը չի հայտնաբերել «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում» եւ «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»:

Այդ համատեքստում անհրաժեշտ է համարվել հերթական անգամ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը եւ ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ (հավելենք՝ անգամ Արծվաշենը, որը բռնազավթված ՀՀ տարածք է – Ա.Ա.): Ավելին, Ադրբեջանը տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը՝ համանման դիտարկում անցկացնել այդ շրջաններում, ինչը անվիճելիորեն փաստում է դրանց բնակեցումը եւ դա չի կարող լուրջ մտահոգություն չպատճառել ԵԱՀԿ-ին ու միջազգային մյուս կազմակերպություններին:

Պաշտոնական Բաքուն նաեւ հոխորտացել էր ս.թ. հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների առթիվ, որոնց որպես դիտորդ ներկա են եղել 22 երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, եւ որոնք գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային չափորոշիչներին համահունչ: Սա առավել ընդգծել էր Բաքվի անհանդուրժող կեցվածքը, որը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որտեղ իշխում է ամբողջատիրական վարչախումբ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որտեղ ընտրություններն ընդամենը ցուցադրանք են եւ խաբկանք, չի կարող հարգել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իշխանությունների ընտրովիության սկզբունքը՝ քաղաքացիների իսկական կամարտահայտման հիման վրա: Սա մի նոր ճանապարհ է բացում Արցախի անկախության միջազգային ճանաչման համար:

Ինչ մնում է բռնազավթված Արծվաշենին, ապա այն հայկական հող է եւ մինչեւ բռնազավթումը այնտեղ մեկ օր անգամ ադրբեջանցի չի քնել. ասում են արծվաշենցիները: Արծվաշենի գրավման 20-ամյակի կապակցությամբ Ճամբարակ քաղաքում, որտեղ արծվաշենցիները հուշարձան են կառուցել, հիշատակի միջոցառում է տեղի ունեցել: Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը հայտնել է, որ բնակավայրի կորստից հետո արծվաշենցիները հաստատվել են Գեղարքունիքի մարզում ու ստեղծել իրենց անկյունը: «Արծվաշենը պաշտպանելու համար պետք էր 11.000 զինվոր, սակայն այդ ժամանակ ընթանում էր արցախյան պատերազմը եւ այդքան ուժեր հայկական կողմը չէր կարող հատկացնել Արծվաշենի պաշտպանության համար, բոլոր ուժերը կենտրոնացած էին Արցախում: Սակայն Արծվաշենն ընկավ 1992թ.: Արծվաշենը հայկական անկլավ էր՝ շրջապատված 40.000 ադրբեջանցիներով»,- նշել է գյուղապետը՝ նկատելով, որ Արծվաշենն այսօր նույնպես իրավաբանորեն պատկանում է Հայաստանին, սակայն օկուպացված է Ադրբեջանի կողմից, ինչը ցավոք չի միջազգայնացնում պաշտոնական Երեւանը: Արծվաշենցիների 80%-ը կենտրոնացած է ՀՀ-ում, մի փոքր մասն էլ՝ ՌԴ-ում, եւ բոլորը սպասում են իրենց վերադարձին:

Անդրադառնալով արծվաշենցիների իրավական կարգավիճակին՝ նշենք, որ արծվաշենցիները համարվում են ներքին տեղահանված եւ, ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի, Շահումյանի շրջւանի եւ այլ տեղահանված վայրերի հայությանը, չունեն փախստականի կարգավիճակ:

Դառնալով արցախյան խնդրին՝ նշենք, որ ադրբեջանական «Հանրապետական այընտրանքը» շարժման ղեկավար Իլգար Մամեդովը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ի վիճակի չէ ուղղել հակամարտող կողմերին դեպի խաղաղություն. «Կարգավորման գործընթացին իրենց վերաբերմունքը միջնորդները շաղկապել են զորքերի շփման գծում առկա իրավիճակի հետ: Այս քայլով նրանք, ըստ էության, ընդունել են հակամարտող կողմերին՝ դեպի խաղաղությունը ուղղելու գործում իրենց անզորությունը: Գործընթացի ամենակարեւոր գործոն դարձնելով առկա ռազմական իրականությունը՝ միջնորդները կողմերին դրդում են այդ իրականության փոփոխության համար քայլեր ձեռնարկել: Եթե Միացյալ Նահանգները ու մասամբ նաեւ Ֆրանսիան շահագրգռված են ցանկացած պայմաններում հիմնահարցի լուծման մեջ, ապա Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո նույնպես ապահովի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում»: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն նախկինում առավել կտրուկ էր արտահայտվել՝ փորձելով ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային փոխարինել տալ Թուրքիայով կամ էլ հարցը ԵԱՀԿ-ից տեղափոխել Եվրամիություն: Սակայն ԵՄ-ն աջակցություն հայտնեց ԵԱՀԿ ՄԽ-ին՝ համարելով որ հարցի լուծումն այստեղ պետք է փնտրել:

Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակում են պարբերաբար այցեր կատարել տարածաշրջան: Վերջերս համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) կրկին եղան հակամարտության գոտում՝ այցելեցին Բաքու, հետո Ստեփանակերտ եւ Երեւան: Ռուս համանախագահը նշել է, թե այցի ընթացքում քննարկումներ են անցկացվել նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի, երկու երկրների արտգործնախարարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Հանդիպումներում քննարկվել են ԱԳ նախարարների փարիզյան բանակցությունների արդյունքները, հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակն ու կարգավորման հեռանկարները:

Հիշեցնենք, որ հուլիսին Մոնակոյում էլ տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Իսկ ԵՄ-ն շարունակում է խուսափել Արցախի հետ ուղղակի հարաբերությունների հաստատումից: «Մենք մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցով, այլ տնտեսական, սոցիալական, հումանիտար բնագավառներում: Մենք կողմ ենք եվրոպական կառույցների հետ հարաբերությունների հետագա ընդլայմանը»,- «Panorama.am»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունն այն մասին, թե ԼՂ հարցը շարունակում է մնալ առավել «պրիորիտետային», ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, ուղղակի ցավալի է այն հանգամանքը, որ ԵՄ-ն ինչ-որ առումով խուսափում է Արցախի հետ ուղղակի հարաբերությունների հաստատումից, չնայած, որ նույն եվրոպական կառուցներն այնպիսի բանաձեւեր են ընդունել, որով խրախուսում են չճանաչված հանրապետությունների հետ համագործակցությունը: Բաբայանի խոսքերով՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցելելիս եվրոպացի պաշտոնյաները ցանկալի կլիներ, որ այցելեին նաեւ Արցախ ու տեղում ծանոթանային իրավիճակին եւ համագործակցության հնարավոր ոլորտներին: «Սակայն մինչ օրս մենք միայն Արցախի հետ համագործակցության ցանկություններ ենք լսում, որոնք ռեալ կյանքում չեն իրագործվում»,- նշել է արցախցի պաշտոնյան:

Արցախի նախագահը վերջերս ընդունել է ամերիկահայ բարերարների, քննարկվել են պետական տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների, փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր, հատկապես՝ մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար: Կարծում ենք՝ սփյուռքյան ներուժը պետք է ներդրվի նաեւ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:

Իսկ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները:

Օգոստոսի վերջերին ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցություն, այդ նպատակով Մոսկվա էր մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդակցությանը քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Այս ընթացքում Իրանում կայացած «Չմիավորման շարժման» համագումարին, որպես դիտորդ երկրի ԱԳ նախարար, մասնակցել է Էդվարդ Նալբանդյանը: Վստահ ենք՝ նախարարը տարբեր երկրների պաշտոնյաների հետ քննարկել է ազգային այն հիմնախնդիրները, որոնք այսօր կան միջազգային օրակարգում, այդ թվում՝ նաեւ Արցախյանը:

Այժմ ավելի քան առավել հնարավոր է դարձել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնել, ինչը պետք է դառնա նաեւ ՀՀ նախագահի հերթական ընտրության կարեւորագույն հարցերից եւ քննարկումներից: Իսկ միջազգային դրական արձագանքի հապաղումը պետք է դառնա ՀՀ-ԼՂՀ վերամիավորման նոր ազդակ:

Արամ Ավետյան

* * *
ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի է

Իտալիայի Ռազմավարական բարձր հետազոտությունների եւ հարակից գիտությունների ինստիտուտի կողմից հրատարակվող «Geopolitica» ամսագրում տպագրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին» հոդվածը: Դեսպանը հակիրճ պատմական ակնարկ է ներկայացրել 20-րդ դարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետական միավորների առաջացման հիմքում ընկած քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ գործոնների ու այդ ուղղությամբ ընդհանուր պատմական դինամիկայի մասին: Նա ներկայացրել է խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի մեծամասնությունը կազմող հայ բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ազգային խտրականության հետեւողական քաղաքականությունը, անդրադարձել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար «անխոցելի իրավական հիմքերի առկայությանը»: ՀՀ դեսպանը անհեռանկարային է համարել ներկայումս ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի կամարտահայտության ու պայքարի արդյունքում ավելի քան 20 տարի առաջ ձեռք բերված անկախության մերժումը՝ ընդգծելով նաեւ, որ միջազգային հանրության որդեգրած «հավասարակշռված մոտեցումը» սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս Բաքվին՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով խուսափելու խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի համապարփակ ու տեւական հանգուցալուծումից:

Ըստ հայ դիվանագետի, ԼՂ անկախության ճանաչումը անխուսափելի է, քանի որ անհնար է մի կողմից հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իսկ մյուս կողմից՝ «պաշտպանել ստալինյան ժառանգության ամենազավեշտալի մնացորդը՝ Ադրբեջանին ԼՂ-ի բռնակցումը», մի կողմից քարոզել ժողովրդավարական արժեքային համակարգ, իսկ մյուս կողմից հավասար նժարի վրա դնել փոքր, սակայն ժողովրդավար Արցախի ժողովրդի իրավունքները եւ էներգակիրներով հարուստ, սակայն բռնատիրական Ադրբեջանի ոչ ժողովրդավար քայլերը:

Լինել պատրաստ՝ մի՛շտ է անհրաժեշտ

2012թ. ուստարվա պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 27-ից ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում մեկնարկել են զորամասերի սպայակազմին ցուցաբերվող մեթոդական օգնության եւ վերահսկողական աշխատանքներ, որոնք իրականացնում են ՊԲ հանձնաժողովները: Ուշադրության կենտրոնում են ինչպես մարտական պատրաստության գործընթացի վիճակը, այնպես էլ զորահավաքային եւ հասարակական պետական պատրաստության, փաստաթղթերի վարման եւ շտաբային պատրաստության հարցեր: Ըստ որոշ լուրերի, Հայաստանում էլ հոկտեմբերին լայնամասշտաբ համապետական զորահավաք կանցկացվի: Նախատեսված է հավաքել մինչեւ 58 տարեկան մի քանի տասնյակ հազար պահեստային շարքայինների ու սպաների: Որպեսզի հոկտեմբերի 1-10-ը կազմակերպվող զինավարժությունը առավելագույնս լավ կազմակերպվի, ՊՆ-ն դիմել է կառավարությանը՝ աջակցության համար: Ակնկալվում է այդքան մարդկանց հավաքել նաեւ ՏԻՄ-երի աջակցությամբ: Տեղական զինկոմիսարիատների հետ քաղաքապետարաններն ու թաղապետարաններն արդեն սկսել են զորահավաքի աշխատանքները: Մամուլում նշվում է, որ զորավարժությունը զուտ խաղաղ նպատակներով է անցկացվելու:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.