ՀԱԿ-ը լքած Դավիթ Շահնազարյանը, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին է նաեւ, հայտարարել է, թե ՀԱԿ-ը վերակենդանացնում է քոչարյանիզմը: Նա ՀՀՇ-ական իշխանական տարիներին 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանն է եղել, իսկ 1994-95թթ.՝ ՀՀ ԱԱԾ ղեկավարը: Այժմ «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահն է եւ կարծիք կա, որ ՀԱԿ-ից հեռացել է ՀՀ նախագահի «ինքնուրույն» թեկնածու լինելու համար: Ուստիեւ, պարզ է ՀԱԿ-ին քոչարյանիզմի հետ կապող թեման: Նա պետք է կտրուկ մի գործիչ երեւա եւ իբր հարվածելով Տեր-Պետրոսյանին, հարվածի հենց Քոչարյանին: Գործող նախագահի համար երեւի շուտով մեկ այլ բան կմտածեն:
Դավիթ Շահնազարյանը հարցազրույց էր տվել «Ժամանակ» թերթին եւ ՀԱԿ-ի վարկանիշին վերաբերող հարցին պատասխանել է. «Եկեք պարզ խոսենք՝ ՀԱԿ-ը իր վարկանիշի, իր ձայների հաշվին ամեն ինչ արեց, որպեսզի կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար: Սա փաստ է: Որովհետեւ անձամբ Քոչարյանի հարցը ինքը չի որոշելու, նույնիսկ Քոչարյանը չի որոշելու: Ակնհայտ է, որ այսօր քոչարյանիզմը, այդ եռանկյունին՝ (ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ) քոչարյանիզմի ինստիտուտի եռանկյունին է»:
Պատկերացնու՞մ եք, ՀՀ 2-րդ նախագահին «Մարտի 1-ի գործով» Հաագայի միջազգային դատարան «քարշ տվող» կոնգրեսականները դեռ այն ժամանակից ջուր էին լցնում «քոչարյանիզմի» ջրաղացին: Իսկ գուցե 1-ին նախագահի խնամին հանկարծ ու հայտարարի, թե «Մարտի 1-ի գործի» պատասխանատուն անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ նա դա կազմակերպել է հետագայում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացնելու՞ համար: Այսինքն, եթե հիմա հայտարարի, որ Տեր-Պետրոսյանն է պատասխանատուն, ապա Քոչարյանի վարկանիշը կտրուկ կաճի…
Բայց 1-ին նախագահի խնամին դեռ լռում է: Չնայած նշել է, որ ԲՀԿ-ի հետ խաղերը հենց «քոչարյանիզմի» օգտին են, եւ ինքը հրաժարվում է մասնակցել դրանց: Նա անգամ զայրանում է. «ԲՀԿ-ն ուղղակի պահանջեց, որ ՀԱԿ-ը պատասխան տա իրեն, հրահանգ էր տրված՝ «պատասխանը պետք է լինի լիարժեք եւ սպառիչ»: Այսինքն՝ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ասել է, որ «պետք է գնաք, ապացուցեք, որ ԲՀԿ-ն առաջադեմ ուժ է, լեգիտիմ ընդդիմություն է, ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, ԲՀԿ-ն ապակայունացման գործոն չէ»:
Եվ ահա ընդդեմ «քոչարյանիզմի» պայքարով իր քաղաքական նոր եռանդն է ցուցադրում Դավիթ Շահնազարյանը: Նա հայտարարում է, որ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռանկյունին ամեն գնով փորձում է Հայաստանում իշխանության բերել 2-րդ նախագահին, բայց դա չի հաջողվի եւ ինքն իր համեստ միջոցներով թույլ չի տալու, որ այդ նպատակը իրականություն դառնա: «Այո՛, ես ունեմ խիստ անձնական պատճառներ: 1997թ. էլ ինձ անընդհատ մեղադրում էին, որ ես անձնական հարցեր եմ լուծում… Այո՛, ես այն ժամանակ պատասխանեցի, հիմա էլ եմ կրկնում, անձնական հարցեր եմ լուծում, խիստ անձնական… ես չեմ ուզում, որ իմ երեխաները, թոռները ապրեն այդպիսի իշխանության պայմաններում, դա ինձ համար անձնական հարց է…»,- ասել է նախկին ՀՀՇ-ականը, ով նաեւ նախկին ՀԱԿ-ական է այլեւս:
Գուցե արեւմտյան երկրները մեկ այլ ուժի՞ սատարեն, ՀԱԿ-ն այլեւս առաջվանը չէ, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միաձուլումը ձգձգվում է: Իսկ ահա ՀԱԿ-ից հեռացած Դավիթ Շահնազարյանն ու «Ազատ դեմոկրատներ»-ից հեռացած Արարատ Զուրաբյանը եւ այլոք գուցե նոր արեւմտամետ ուժի նոր հույսե՞րն են…
Բայց ի վերջո ի՞նչ են ուզում այդքան ժողովրդավար ու այսքան շատ ընդդիմադիրները: Հո նոր բան չե՞ն ասելու: Եվրաամերիկյան արժեքների փառաբանման համար քանի՞ կառույց է պետք ֆինանսավորել դրսից: Միեւնույնն է՝ օգուտ չկա: Անգամ ֆինանսավորողներին օգուտ չկա: Արդեն 15-20 տարի է նույն մարդիկ նույն բաներ են երգում ու միեւնույն նվագի տակ: Այստեղ փողը շա՜տ քիչ օգտավետություն ունի, հավա՛տ չկա այդ մարդկանց նկատմամբ, ովքեր չեն ուզում, որ իրենց «երեխաները, թոռները ապրեն այդպիսի իշխանության պայմաններում»:
Իսկ հիշու՞մ են, թե իրենց իշխանության պայմաններում ինչպես էին ապրում մարդիկ, ինչ անեծքներ ու հայհոյանքներ էին լսվում երկրի բոլոր անկյուններից: Բայց մեր երեխաներն ու թոռները ապրել ու ապրելու են իրենց երկրում ու երկիրն էլ իրենցն են դարձնելու՝ հայինը: Իսկ իրենք, եթե չեն կարող ապրել «այդպիսի իշխանության պայմաններում», ապա կարող են ազատ դեմոկրատորեն հեռանալ «այնպիսի իշխանության պայմաններ», ինչպիսին ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում է ասենք: Բայց հեռացած «ընդդիմադիրներին» այնտեղ փող չեն տալու եւ չեն էլ օժանդակի, քանի որ նրանք միայն Հայաստանում են պետք օտարներին, ուստի նորօրյա ընդդիմադիրները կմնա՛ն այստեղ ու դեռ կխոսեն ոչ միայն «քոչարյանիզմից»…
Նարե Մշեցյան
* * *
ՀՀ ԱԺ ընտրությունների ավարտից եւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո քաղաքական օրակարգի գլխավոր հարց է դարձել 2013թ. նախագահական ընտրությունը: Հնարավոր թեկնածուների մեջ նախեւառաջ տրվում են ՀՀ 3 նախագահների անունները: Այս համապատկերին վերլուծաբանների մեծ մասը գործող նախագահ Սերժ Սարգսյանի մրցակից համարում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական «կապիտալը» սպառված են նկատում: Այսպես, վճռորոշ կարող է լինել 2-րդ նախագահի գործոնը, ով նախագահի լիազորությունները ցած դնելուց հետո, թեեւ պաշտոնապես որեւէ քաղաքական գործընթացի անձնական մասնակցություն չի ունեցել (որոշ կուսակցությունների միջոցով չհաշված), բայց պահպանել է իր ազդեցությունը եւ հնարավոր վերադարձի հավանականությունը:
Որոշակի տեղեկատվական արտահոսքերի միջոցով նաեւ ճշտումներ են կատարվում հանրային եւ քաղաքական շրջանակների տրամադրվածությունը իրապես զգալու համար: Եվ իզուր չէ, որ պարբերաբար լուրեր են սպրդում, իբր Մոսկվան իր «դաբրոն» կտա նախագահի թեկնածու Քոչարյանին կամ առնվազն նրա մարդուն, եթե բացահայտ մասնակցություն լինի: Մերթ ընդ մերթ խոսում են ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումների եւ ռուսաստանյան ազդեցության գոտու գործարարների գաղտնի ժողովների մասին, ինչը արծարծվում է նաեւ սոցցանցերում: Այստեղ նաեւ նախկին նախագահի վերադարձը պահանջող խմբեր են ստեղծվել, որտեղ նյութեր են տեղադրվում նրա ղեկավարման տարիներին արձանագրված տնտեսական նվաճումների եւ Արցախյան պատերազմի հաղթանակի մասին: Գուցե հենց այսպես էլ փորձ է արվում վերադարձի նախընտրական ընթացք առաջացնել եւ հանրային պահանջի ցուցադրականությունն ապահովել:
Բայց, ըստ վերջին քաղաքական ծավալումների, գործող նախագահը կարողացել է լավ հարաբերություններ ստեղծել ինչպես եվրոպական ու ամերիկյան ուղղություններով, այնպես էլ ռուսաստանյան, եւ, եթե կարողանա իր նախորդի՝ իբր իր պահանջի անհրաժեշտության փորձերը չեզոքացնել, ապա Սերժ Սարգսյանը կարող է չանհանգստանալ Լեւոն-Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունից: Իսկ այլ թեկնածուներ կարո՞ղ են դառնալ մրցակիցներ, կիմանանք կարճ ժամանակ անց:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



