Կա նաեւ հակառակ տեսակետ. Արցախը՝ տարածաշրջանում կայունության գործոն
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, պատերազմի հավանականությունը գնալով մեծացավ,- գրել է «CNN» լրատվական գործակալությունը: Այս իրադարձություններն ավելի սրեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները: Նշվել է, որ ԱՄՆ-ն այն պետություններից է, որոնք դեմ դուրս եկան Սաֆարովի ներման վերաբերյալ որոշմանը: Վաշինգտոնը խորապես անհանգստացած է այս ամենով եւ Հունգարիայից պահանջում է ավելի շատ տեղեկություններ տրամադրել իրեն, թե ինչու է արտահանձնում կատարել:
«Մենք կապվել ենք Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մեր հիասթափությունն ենք արտահայտել Սաֆարովի համաներման վերաբերյալ: Այս իրողությունը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ հաշտեցմանը նպաստելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիտորը:
Բայց առայժմ հայտարարություններից ու ցավակցություններից այն կողմ շարժ չի լինում: Քայլ, որը կստիպի Բուդապեշտին եւ Բաքվին վերանայել խնդիրը եւ մարդասպանին հետ տանել՝ իր տեղը: Քաղաքական, տնտեսական կամ մեկ այլ ճնշում չկա որեւէ կողմից, իսկ այս բարոյական դասերը հետզհետե կվերածվեն թոզփչոցիների:
Չնայած խոսվում է պատերազմի վտանգի մասին, բայց այնուամենայնիվ տեսակետ կա, որ ԼՂՀ-ն կարող է դառնալ Հարավային Կովկասում կայունության երաշխավոր: «Գոլոս Արմենիի»-ն ներկայացրել է հարցազրույց Լեյփցիգի պետական համալսարանի գիտաշխատող, ԱՊՀ երկրների տարածքում սառեցված հակամարտությունների փորձագետ Քրիսթիան Կոլտերի հետ, ով խոսելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման մասին, նշել է, թե Արցախում կայացած ընտրությունները ցույց են տվել, որ այս երկիրը շարժվում է ժողովրդավարության հաստատման ուղով, ինչն էլ պետք է ծանրակշիռ հանգամանք լինի, որպեսզի Արցախը բանակցությունների սեղանի շուրջ ինքնուրույն հանդես գալու հնարավորություն ստանա: Ըստ փորձագետի, Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրություններին հրավիրված միջազգային դիտորդները պետք է բավականաչափ քաղաքական ազդեցություն ունենան իրենց երկրներում, որպեսզի կարողանան վերոնշյալ միտքը հասցնել իրենց իշխանություններին. «ԼՂ-ի այսօրվա աշխարհագրական դիրքն ու տարածքը ամենաբարենպաստն է պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նվազագույնի հասցնելու եւ տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար, այսպիսով՝ ապագայում ԼՂՀ-ն կարող է կայունության երաշխավորի դեր տանել Հարավային Կովկասում»,- ասել է Քրիսթիան Կոլտերը:
Եվ զարմանալի է, որ մեր ԱԺ-ն հերթական անգամ հետաձգեց Արցախի անկախության ճանաչումը, էլ չենք նշում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման մոռացված փաստի մասին…
Անդրադառնալով մարդասպան Սաֆարովի արտահանձնման եւ իր հայրենիքում ազատ արձակման փաստին՝ ԱՊՀ փորձագետը նշել է, որ այս քայլով Ադրբեջանն ու Հունգարիան հնարավորություն են տվել Երեւանին՝ ավելի ազատ եւ կոշտ դիվանագիտական գործողությունների դիմել ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ Եվրազեսին կամ Եվրամիությանն անդամակցելու հարցում: Բայց մերոնք նորից խուսափում են: Ի՞նչ է՝ միշտ ուշացած արձագանքելը այլեւս դարձել է արտաքին քաղաքականության սկզբու՞նք…
Արման Դավթյան
* * *
Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենի ու ԵՊՀ դասախոսական եւ ուսանողական կազմի հանդիպումից հետո դրսում հավաքված ուսանողները «ամո՛թ», «արդարությու՛ն» եւ այլ բացականչություններով ու սուլոցներով են դիմավորել ՆԱՏՕ-ականին, ում տեղափոխող մեքենայի դիմաց էլ պատռվել է Սաֆարովի լուսանկարը:
* * *
ԵԽԽՎ-ում եւ «Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել ԵԽ նախագահ Մարթին Շուլցին, ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինիին. «Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու եվրոպական հանրությունը ցնցված են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, երբ կոնկրետ շահերի դիմաց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, վաճառքի հանելով եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, ավտորիտար Ադրբեջանին վաճառեց հայ սպային կացնահարած հրեշին: Եվրոպական արժեքները լաթի կտոր չեն, որ մենք թույլ տանք ամեն տականքի իր ոտքերն այդ արժեքների վրա մաքրի ու խրախճանի: Ես համաձայն եմ ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի այն գնահատականի հետ, որ նա տվեց ադրբեջանական հրեշին արտահանձնելուց հետո՝ «Սա այն Եվրոպան չէ, որը մենք ձգտում ենք կառուցել»: Ակնկալում եմ Ձեր հստակ արձագանքն ու գնահատականը եւ հույս ունեմ, որ այս հարցը բաց եւ հրապարակային քննարկման առարկա կդառնա ԵԽԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում եւ «Եվրանեսթ» ԽՎ-ում.- նշել է հայ պատգամավորը:
Իսկ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳՆ Էմոն Գիլմորին՝ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու հետ կապված: Միաժամանակ ընդգծել է. «Արցախի ժողովուրդը ճիշտ է վարվել՝ ընտրելով անկախ, ժողովրդավար եւ ուժեղ պետություն կառուցելու ուղին… Մենք ի զորու ենք պաշտպանել մեր երկիրը եւ նրա ազատության ու անկախության նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված տալ ագրեսորին»:
Տհասների հերոսականը
Հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ Ադրբեջանի հասարակությունում մեծացել է բարոյական տհասությունը: «Ազգին լավ հասկանալու համար նախ պետք է նայել, թե ում է հերոսացրել: Տվյալ պարագայում Ադրբեջանը հերոսացրել է մարդասպանի: Եթե այդ ազգը արժեքային նորմալ կողմնորոշում ունենար, պետք է առաջին զգացումը, որ ունենար՝ լիներ ամոթը: Իսկ մենք գործ ունենք հակառակի հետ՝ հերոսացնում են: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս»,- հոգեբանը փորձել է վերլուծել, թե մարդասպան Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին ու այդ երկրի ղեկավարի կողմից նրան ներում շնորհելը ինչպիսի հոգեբանական ազդեցություն է ունեցել ադրբեջանական եւ հայ հասարակության վրա:
Ըստ նրա, Ադրբեջանում միտում կա հայերի հանդեպ «կենդանական ատելություն ունեցող մարդկանց» հերոսացնել, ինչը բնորոշում է այդ ազգի (հաստատ արհեստական ազգի – Գ.Վ.) հոգեկերտվածքը, «որը չի փոխվել դարեր շարունակ, ազգային բնավորությունը եւ դիմագիծն արագ չի փոխվում»:
Ի դեպ, երեւի սա էր պատճառը, որ հայության բուռն բողոքից հետո անհասանելի էին դարձել մարդասպանին հերոսացնող Ալիեւի՝ ինչպես բջջային հեռախոսը, այնպես էլ պաշտոնական կայքը:
Իհարկե, հայտնի դարձավ, որ հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը եւ տեղադրել Գուրգեն Մարգարյանի նկարը եւ գրություն, բայց հետո էլ՝ շփոթությունից, թե տհասությունից խառնված Ալիեւը մնացել էր «անջատված», իսկ կայքը ներկայանում էր միայն ադրբեջաներենով, ռուսերեն եւ անգլերեն միջավայրերը չէին բացվում:
Ինչ վերաբերում է հայերին, հոգեբանը նշել է, որ ցավի զգացումը մարդկանց համախմբում է, հանրույթի մեջ «ես»-ից ավելի շեշտված է դառնում «մենք»-ի զգացումը: Ադրբեջանի քայլը մեր հանրության վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ, իսկ ադրբեջանականի վրա՝ բացասական, որովհետեւ նրանց մոտ, ի տարբերություն մեզ, մեծացել է բարոյական տհասությունը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 27 (248), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



