Իլհամ Ալիեւի աշխատակազմը փորձել է պատասխանել մարդասպան Սաֆարովի ազատ արձակման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը եւ կրկին ի ցույց է դրել իր անգրագիտությունը. «Դատապարտված անձանց փոխանցման կարգը կարգավորվում է 1983թ. ԵԽ շրջանակներում ընդունված դատապարտված անձանց փոխանցման Եվրոպական համաձայնագրով: Ադրբեջանը եւ Հունգարիան ստորագրել են այդ համաձայնագիրը: Ըստ սույն համաձայնագրի՝ պայմանավորված երկրներից որեւէ մեկում դատապարտված անձը կարող է հանձնվել մյուս կողմին՝ շարունակելու կրելու իր պատիժը: Ռամիլ Սաֆարովի հանձնման գործընթացում թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Հունգարիան հետեւել են Համաձայնագրի կետերին»: Սակայն ինչպես Հունգարիան, այնպես էլ եվրոպական երկրները հասկացան, որ սա մի նողկալի գործարք-վաճառք է, որը ոչ մի համաձայնագրով ու փոխհամաձայնությամբ չի արդարացվում: Եվրոպական մամուլը անգամ աննախադեպ որակեց այս հունգարա-ադրբեջանական առեւտուրը…
Իսկ թե ցմահ դատապարտվածին ինչպես կարելի է ներում շնորհել, արդեն բազմիցս նշվել է, որ ինչպես միջազգային օրենքներով, այնպես էլ ադրբեջանական, դա հնարավոր չէ, նույնիսկ ադրբեջանական իրավագետները դա հաստատեցին: Ադրբեջանի նախագահն անգամ իր ստորագրած օրենքներն է խախտել: Ադրբեջանի քրեական օրենսդրությունը նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներում շնորհելու դեպքում ցմահ պատիժը կարող է փոխարինվել մինչեւ 25 տարի ազատազրկումով, բայց ոչ երբեք՝ ազատման որոշմամբ: Ներման խնդրին կարելի է իրենց իսկ օրենքով անդրադառնալ, եթե դատապարտվածը պատիժը կրել է 10 տարի, իսկ հայասպանը պատիժը կրել է շուրջ 8,5 տարի: Եվ ալիեւյան պնդումները, թե «ներումը պետք է դիտվի որպես փոխարինում այն ազատազրկման ժամկետով, որը Սաֆարովն արդեն կրել է», եւս չի բավարարում օրենքի պահանջները:
Որոշակի հապաղումից հետո արձագանքեցին նաեւ Անկարայից: Թուրքիայի ԱԳՆ-ն արտահանձնման վերաբերյալ հայտարարություն է տարածել, ինչն, իհարկե, ոչ մի բանով չի տարբերվում ադրբեջանական պնդումներից, եւ համաթրքական մտածողությունը երբեք էլ չի տարբերվելու: Իսկ այդ երկրի ԱԳՆ խոսնակ Սելջուկ Ունալը մի հարց է մասնավորեցրել, ինչն էլ երեւի ամենակարեւորն է թուրքերի համար: Նա ասել է, որ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնման եւ Իլհամ Ալիեւի՝ նրան ներում շնորհելու վերաբերյալ ԱՄՆ հայ համայնքի՝ Թուրքիային ուղղված արձագանքը իրենց զարմացրել է: «Թուրքիան չի միջամտել այս գործընթացի ոչ մի փուլին, եւ անհիմն պնդումներով Թուրքիան թիրախ դարձնելու այս ջանքերը Թուրքիայի նկատմամբ ոչ բարյացակամ դիրքորոշում ունեցող շրջանակների արդեն սովորություն դարձած զրպարտությունների արշավն է»,- այսպես է ասված նաեւ հայտարարության մեջ:
Վահագն Նանյան
Ազգությամբ հայը կարո՛ղ է վտանգված լինել
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսն ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Իլհամ Ալիեւի որոշման առնչությամբ տարածած իր հայտարարությամբ կարեւոր ուղերձ է հղել: Մասնավորապես նշել է. «Ազգային պատկանելության հողի վրա եւ ատելությամբ կատարված հանցագործությունների փառաբանությունը ուղերձ է առ այն, որ միեւնույն էթնիկ խմբին պատկանող մարդիկ, ինչպիսին զոհն էր (նկատի ունի Գուրգեն Մարգարյանին), իրականում թիրախ են դառնում: Սա իսկապես ծայրահեղ վտանգավոր ուղերձ է»: Ստրասբուրգից հնչած այս հայտարարությունը փաստում է, որ վտանգված կարող է լինել ազգությամբ ցանկացած հայ, որտեղ կարող է պատահմամբ անգամ ադրբեջանցի մի լամուկ հայտնվել: «Ռասիստական խտրականության հողի վրա կատարված սպանությունները չպետք է անպատիժ մնան: Ռասսայական կամ ազգամիջյան ատելության հողի վրա կատարված բռնությունները, կործանարար հանցագործություններ են: Բացի հարազատների ու մերձավորների համար ծանր լինելուց, դրանք նաեւ ծանր կարող են լինել երկրի հասարակության համար: Պետությունները պետք է ուժեղ սանկցիաներ կիրառեն նրանց նկատմամբ, ովքեր կատարել են նման հանցանք»,- հայտարարել է Նիլ Մուժնիեկսը եւ ցավ է հայտնել, որ «դատապարտված մարդասպանը փառքի ու պարգեւատրման է արժանացել Ադրբեջանում»:
Ցավալի է, որ մարդը, որը ազգային պատկանելության հողի վրա սպանություն է կատարել, նման վերաբերմունքի է արժանանում: Այդպիսի մարդը կարող է անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված միջազգային կանոնները.- նշել է հանձնակատարը:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը եւս արձագանքել է. «Ես չեմ ուզում մեկնաբանել իրավական գործընթացը, սակայն համարում եմ, որ սպանության համար դատապարտվածին որպես հերոս հռչակելն անընդունելի է»: Նա մերժում է այն աշխարհի հեռանկարը, «որտեղ բարոյական օրենսգիրքը կռիվ է ծնում, որտեղ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը մերժվում է»: «Սա չէ այն Եվրոպան, որը մեր սերունդներին ենք ցանկանալու: Ես դատապարտում եմ հանցագործության նման փառաբանումը եւ կոչ եմ անում, որ մենք բոլորս աշխատենք, որպեսզի պահպանվի կյանքի ու մեր արժենքերի հանդեպ հարգանքը, ինչպես Եվրոպայի Խորհրդում է պաշտպանվում»:
Իսկ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Վիոլա ֆոն Քրամոնը, ով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Եվրախորհրդի նիստին, հայտնել է, թե ինքը լինելով Բունդեսթագ – Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամ, պատրաստվում է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը բարձրացնել Եվրախորհրդի նիստի ժամանակ:
Հայկ Թորգոմյան
Ճիշտը սա է. Հունգարիա, պատժի՛ր եւ փոխհատուցի՛ր
Մեծ բողոքի ալիք է բարձրացել Հունգարիայում: Այդ երկրի զլմ-ները, տարբեր ոլորտների գործիչներ վրդովված են եւ ապշած իրենց կառավարության ծախու բնույթից: «Սարսափելի դիլետանտի՞զմ, թե՞ փողի համար իրագործված գործարք». այսպիսի խորագրեր են մամուլի էջերում: Հունգարները գրում են, թե անհնարին է, որ այս խնդրի հետ շփում ունեցող նախարարություններից ոչ մեկը չգիտեր, թե Ադրբեջանը ինչ է պատրաստվում անել հանձնված հանցագործի հետ: Եթե ենթադրում ենք, որ Արդարադատության նախարարությունը մանրամասնորեն չի գիտակցել փաստերը, այդ դեպքում արտաքին գործերի նախարարության պարտականությունն էր զգուշացրել կառավարությանը հետեւանքների մասին: Հայկական հասարակական կազմակերպությունները վերջերս դիմեցին կառավարությանը խնդրանքով՝ չհանձնել հանցագործին, որովհետեւ պարզ էր, որ նրանից հերոս կսարքեն՝ վիրավորելով հայ ժողովրդին: Հունգարական կառավարությունը պետք է բացատրություն տա ինչպես վիրավորված հայ ժողովրդին, այնպես էլ ներքին եւ միջազգային հանրությանը, ովքեր զարմացած են ու զայրացած կատարվածով:
Այն ցուցարարները, ովքեր ընդվզում էին Բուդապեշտում, հայտարարում էին. «Մենք կառավարությունը չենք, մենք վարչապետ Վիկտոր Օրբանը չենք, եւ ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից, զոհի ընտանիքից, ընկերներից, նրա ազգականներից, որ մենք ստիպված ենք մի որոշ ժամանակ էլ հանդուրժել (բայց ոչ երկար) այդպիսի ղեկավարներ, ովքեր մինչ մեզ ազնվության, բարոյականության մասին են քարոզում, առաջին առիթը բաց չեն թողնում, որ ցանկացած մեկին վաճառվեն մի փոքր «թեյավճարի» փոխարեն: Մենք դիակագողեր չենք, մենք վախկոտ ուխտադրուժ չենք»…
Մարդիկ նաեւ ցասման բացականչություններ եւ կոչեր էին անում ցույցի ընթացքում. «Որպեսզի հունգարացի լինելը տհաճ իրավիճակ չլինի, որ դրանից հետո էլ կարողանանք շարունակել հայելու մեջ նայել, որ բախտավոր ազգերի անդամները իրավունք չունենան մեզ արհամարհել, որ պետք չլինի այս անտանելի ամոթով ապրել… պետք է պայքարե՛նք»:
Ըստ Հունգարիայի նախկին ԱԳՆ Լասլո Կովաչի՝ հունգարական կառավարությունը իրական, գրավոր երաշխավորություն պետք է պահանջեր ադրբեջանական ղեկավարությունից, որ կացնով սպանողին ներում չեն շնորհելու, եւ որ՝ խոսքի տերը չլինելու, փոխադարձ համաձայնությունը չհարգելու դեպքում ադրբեջանական կողմը շատ ծանր հետեւանքների առաջ կկանգնի: Նաեւ այլ կարծիքներ են հնչում, որ «Ադրբեջանը դիվանագիտական ներկայացուցչություն Հունգարիայում ստեղծել էր այն նպատակով, որ պաշտպանի Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. այնտեղ սպանություն կատարեց: Հիմա, որ հաջողվեց նրան տուն տանել եւ ազատել, այդ հաջողության մեջ նրանք իրենց ազգի մեծությունն են տեսնում», կամ՝ «այն փաստը, որ Վիկտոր Օրբանը տականքի մեկն է, վաղուց գիտեի: Բայց, որ իր հայրենիքը՝ Հունգարիան էլ նրան չի հետաքրքրում, սա արդեն իրոք չափից շատ է»:
Իրապես հասկանալի է ազնիվ հունգարացիների այս պոռթկումը եւ շնորհակալ ենք, որ կան այդպիսիք: Բայց նախեւառաջ նրանք պետք է պայքարեն արդարության վերականգնումն ապահովելու համար եւ դրան պետք է հասնեն անգամ իշխանափոխությամբ, հատկապես, որ ատում ու զզվում են ծախու վարչապետից:
Իսկ Հունգարիայի ազնիվ պաշտոնյաներն ու քաղաքական, մտավորական եւ այլ շրջանակները իրենց երկրին խաբած եւ դավադրի կարգավիճակի հասցրած Ադրբեջանին պատժելու, նաեւ վիրավորված Հայաստանին աջակցելու համար կարող են ճանաչել Արցախի անկախությունը, ինչը ամենամեծ ապտակը կլինի Ալիեւին եւ ամենամեծ փոխհատուցումը հայությանը ու Գուրգեն Մարգարյանի ընտանիքին:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 27 (248), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



