Երկիրը վաճառողը՝ մարդասպանից էլ մարդասպան – (3-րդ մաս) – Վերջ
Էջմիածինը եւս խոսեց
Կասեցվեցին նաեւ մի շարք մշակութային ու մարզական միջոցառումներ՝ կապված Հունգարիա մեկնելու հետ: Դաշնակահար Հայկ Մելիքյանը հրաժարվեց դեպի եվրոպական երկրներ 2012թ. աշնանային լայնածավալ համերգային ուղեւորության շրջանակներում նախատեսված միանգամից 2 մենահամերգներից: Առաջինը Բուդապեշտում կայանալիք համերգն էր եւ ծրագրում պետք է հնչեին հունգար կոմպոզիտորներ Բ. Բարտոկի, Գ. Լիգետիի, Դ. Կուրտագի, Ֆ. Ֆարկաշի, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Տ. Մանսուրյանի, Ա. Բաբաջանյանի եւ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները: Երկրորդ համերգը երեւանյան համերգաշարի շրջանակներում կայանալիք համերգն էր, բացառապես հունգարական երաժշտության ծրագրով, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին, անմիջապես դաշնակահարի Երեւան ժամանելուց հետո:
Հայկ Մելիքյանի հայտարարությունը մեկ անգամ եւս գալիս է փաստելու, որ իրապես արվեստի մարդը չի կարող չհասկանալ, որ մշակույթն է ամենամեծ քաղաքականությունը: Թե չէ արվեստի մեր որոշ ներկայացուցիչներ հենց գալիս է փող աշխատելու պահը, նույնիսկ եթե դա Թուրքիայում պիտի լինի, դատարկաբանում են, թե մշակույթը քաղաքականություն չէ:
Պաշտոնական Էջմիածինը նույնպես արտահերթ ժողով էր գումարել: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի արտահերթ ժողով, որը վրդովմունքով եւ մտահոգությամբ անդրադարձավ Բուդապեշտում ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը. «Կատարվածը հերթական դրսեւորումն է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության: Ցավոք, ժողովրդավարության եւ արդարադատության սկզբունքներ դավանող ԵՄ անդամ Հունգարիան՝ ոտնահարելով եվրոպական արժեհամակարգի բարոյական նորմերը, պախարակելի համագործակցությամբ սատարեց Ադրբեջանում հերոսացված մարդասպանին ազատ արձակելու նենգ ծրագրին, որը հղի է ազգային եւ կրոնական պատկանելության հողի վրա սպանությունների վտանգով: Մարդկային կյանքը աստվածատուր է, եւ կանխամտածված մարդասպանության ոճրագործությունը՝ ոճիր մարդկության եւ Աստծո դեմ»: Հայ եկեղեցին նաեւ կոչ է ուղղել եկեղեցու բոլոր սպասավորներին, աշխարհասփյուռ մեր ժողովրդի հավատավոր զավակներին միասնական ոգով բողոքի իրենց ձայնը հնչեցնելու տեղական հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների առջեւ՝ հանուն մեր ազգային իրավունքների պաշտպանության: «Դիմում ենք նաեւ մեր Քույր Եկեղեցիներին եւ կրոնական բոլոր կազմակերպություններին՝ դատապարտելու այս իրողությունը եւ իրենց ձայնը բարձրացնելու հանուն արդարության եւ ճշմարտության»: Կաթողիկոսն այս առնչությամբ դիմել է կրոնապետերին, ինչպեսեւ առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ կրոնական ու հասարակական կառույցների ղեկավարների:
Հունգարիայի իշխանություններին բողոքի նամակով է դիմել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ նշելով, որ այս անարդարությունը բորբոքել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայությանը: Հունգարիայի հոգեւոր առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոնն ի պատասխան Հայ եկեղեցու ուղերձի, զորակցություն է հայտնել հայ ժողովրդին, ցավ է ապրել հայ սպային սպանած ադրբեջանցու ազատ արձակման համար եւ դատապարտել ազգային պատկանելության հողի վրա իրականացվող բռնությունն ու ատելությունը՝ հայցելով, որ «Բարձրյալ Աստված պահպանի համայն հայ ժողովրդին եւ օրհնի արդարության ու խաղաղության շնորհներով»: Հունգարիայի ավետարանական համայնքերն էլ իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ կրկին ցավ արտահայտելով «Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ»: Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի եւ Հունգարիայի Ռեֆորմիստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ էլ ասվում է. «Հավատում ենք, որ միայն Աստված է արդարորեն դատում մեզ բոլորիս եւ Նրա առջեւ է, որ պետք է բոլորս մի օր կանգնենք: Սակայն պետությանն է տրված իշխանությունն ու պատասխանատվությունը ծառայելու եւ պաշտպանելու հասարակությանը. այսպիսով՝ հանցագործներին թողնել ազատությունը վայելել Աստծու պատվիրանին դեմ է: Մենք լիովին հասկանում ենք ներման՝ դատապարտելի քայլի առնչությամբ հայ ժողովրդի վրդովմունքը եւ մեր ժողովրդի անունից հայտնում մեր համերաշխությունը»:
Արձագանքելով Մայր Աթոռի կոչին՝ ցավալի երեւույթի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ անդամ 349 Եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանություններին իր վրդովմունքն է արտահայտել Խորհրդի Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Տվեյթը: Անդրադառնալով Հունգարիայի եւ Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին՝ ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողությունները, որոնք կոպտորեն խաթարում են խաղաղությունը եւ արդարությունը տարածաշրջանում:
Կարծիքներ կան, որ Հունգարիայից Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու գործընթացում Բաքուն օգտվել է սիրիահայերի շուրջ ստեղծված բարդ իրավիճակից: «Բաքուն իր հանցավոր քայլի համար հատուկ ժամանակ էր ընտրել՝ նպաստավոր այնքանով, որ այսօր մեծ տագնապներ է հնչեցնում հայության վիճակը Սիրիայում: Արեւմուտքի կողմից զինվող խմբավորումներն արդեն ոտնձգություններ են կատարում՝ եկեղեցիների նկատմամբ եւ նպատակաուղղված հարվածում են հայերին»,- ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը կապված է ոչ միայն Արցախի, այլեւ հայտնի այն նամակի հետ, որով առաջարկվում է Իրանի մի մասը միացնել Ադրբեջանին:
Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) եւս հանդես է եկել կոչով՝ ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ԵՄ նախագահությանն ու եվրոպական այլ կառույցների: ԵՀՀ կոչում ասվում է. «Թեեւ հայ ժողովուրդը եւ մանավանդ Լեռնային Ղարաբաղի հայությունը վաղուց ի վեր որեւէ սպասելիք չունեին ազգային խտրականության խորհրդանիշ հանդիսացող Բաքվի իշխանություններից, այնուամենայնիվ, այս անգամ ադրբեջանական ռասիստները կատարեցին այն ամենը, ինչը պետք էր՝ միջազգային հանրության, եվրոպական կառույցներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարությանը համոզելու, որ Ադրբեջանի համար հայասպանությունը՝ Ադրբեջանում թե այլուր, ոչ միայն հանցանք չէ, այլեւ պարգեւատրվող արարք»: Այնուհետեւ համոզմունք է հայտնվում, որ «Պետական կառույցներ հիմնադրած, դեմոկրատական եւ կայուն քայլերով իշխանական հիմքեր ամրապնդող Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Սումգայիթի եւ Բաքվի ջարդերից հետո, այսուհետ, առավել եւս, իրավունք ունեն, միջազգային հանրությունից պահանջելու, որ ադրբեջանական շինծու եւ ինքնակոչ սահմանների հողային ամբողջականության անվան տակ չվտանգեն Ղարաբաղի քաղաքացիների անվտագությունը իրենց հայ լինելու պատճառով»:
Բարոյական հաղթանակների մերժելիությունը ………………………………
Ո՞վ կսպանի Սաֆարովին
«Ադրբեջանի իշխանությունները մտադիր են սպանել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին»,- հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Գեներալի կարծիքով՝ Սաֆարովն արդեն կատարել է իր դերը եւ ուղղակի գլխացավանք է դարձել Ադրբեջանի նախագահի համար: Իր ծրագրի հետագա իրագործման համար Ալիեւին արդեն մեռած Ռամիլ Սաֆարով է պետք: Նա նշել է, որ մարդասպանի հետ կապված ամբողջ պատմությունը թուրք-ադրբեջանական դաշինքի մտահղացած մեծ խաղի մի մասն է: «Ադրբեջանի նպատակը Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելն է, եւ Սաֆարովի հետ կապված այս ամբողջ պատմությունն այդ նպատակին հասնելու համար էր: Համաձայն ռազմական տեսության՝ ռազմական գործողություններ սկսելու համար հարկավոր է եռամիասնություն ապահովել՝ ուժեղ բանակ, երկրի իշխանությունների նկատմամբ վստահության բարձր մակարդակ եւ հանրության պատրաստակամություն: Սաֆարովի դերը հենց այս վերջին երկու տարրերն ապահովելն էր»,- ասել է Կոմանդոսը: Սաֆարովի արտահանձնումն ապահովեց Ալիեւի վարկանիշի էական բարձրացումը, իսկ հայկական կողմի արձագանքը միայն ուժեղացրեց տվյալ հանգամանքը՝ Ադրբեջանի ուժեղ եւ անհաղթելի դիվանագիտության առասպելը թեժացնելով: Մնում է ապահովել երրորդ բաղադրիչը՝ հանրության պատրաստակամությունը: Հենց դրա համար անհրաժեշտ է մեռած Սաֆարովը: «Նրան մտադիր են սպանել, հետո բռնել եւ կալանավորել հայկական ազգանունով մարդու, հետո հայտարարել, որ տվյալ անձը գործել է ՀՀ իշխանությունների հրահանգով եւ ուղարկված է եղել նրանց կողմից»,- ասել է Կոմանդոսը: Նման քայլը, ըստ պատերազմի վետերանի, երկակի ազդեցություն կունենա: Մի կողմից, հերոս ընկալվողի համար ադրբեջանական հասարակության մեջ վրեժի ցանկություն եւ ռազմական գործողությունների պատրաստակամություն կձեւավորվի, մյուս կողմից, հայերին կմեղադրեն ահաբեկչության եւ Ադրբեջան ներխուժելու մեջ՝ դրանով իսկ միջազգային հանրության աչքում արդարացնելով ռազմական գործողությունների վերսկսումը՝ նրանից աջակցություն ստանալով:
«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում մեր հաղթանակի հարցում: Բայց պատերազմը միշտ ենթադրում է մարդկային զոհեր: Խաղաղությունը միշտ էլ գերադասելի է, մենք պետք է ձգտենք հասնել պատերազմի ցանկացած սպառնալիքի վերացման»,- ամփոփել է միտքը հայտնի զորավարը, ով կողմ է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:
Հունգարիան պետք է 1-ինը ճանաչի Արցախի անկախությունը
«Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին,- ասվում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունում,- Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսեւորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում եւ «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձեւավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը՝ որեւէ ձեւով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը»: Հայտարարությունում, նշվում է, որ եթե «հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին եւ հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել ԼՂՀ ճանաչումը»:
Ի դեպ, սեպտեմբերի 4-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կրկին շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Օրենքի ընդունմամբ մեր պետությունը իրավամբ կճանաչի ԼՂՀ փաստացի կարգավիճակը՝ ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
Բայց ՀՀ-ն դեռ չի ճանաչելու ԼՂ-ի անկախությունը, ինչը անգամ ստորեւ ներկայացրած բացատրությունը չի արդարացնում եւ իրապես անհասկանալի է մեր պետության անհամարձակությունը, քանի որ միջազգային հանրության բարոյական գնահատականներից զատ այլ բան ակնկալելը ժամանակի կորուստ է, եւ դա ժամանակի կորուստ է լինելու հենց մեր նպատակների իրագործման համար: «Մենք պիտի կարողանանք մեր կողմից չվնասել տարածաշրջանային անվտանգությունը»,- ասել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ այսպես պատճառաբանելով մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուց հետո ԼՂ-ի անկախությունն այս պահին չճանաչելու ՀՀ իշխանության որոշումը: Ըստ նրա, հայ-հունգարական հարաբերությունների օրակարգում Սաֆարովի հարցը բազմիցս բարձրացվել է, պաշտոնապես դիմումներ եղել են Հունգարիայի իրավասու մարմիններին եւ նույն կերպ պաշտոնապես տեղեկացվել է, որ ազատ արձակումը տեղի ունենալ չի կարող: Պատգամավորը նշել է, որ Հունգարիայի խորհրդարանից որեւէ պահանջ ունենալու հարցը այս պահին ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբում չի քննարկվել. «Պետք է միջազգային խորհրդարանական կազմակերպություններից պահանջենք բանաձեւեր, զեկույցներ: Ակնկալում ենք նրանցից անդրադարձ Հունգարիայի իշխանությունների կայացրած որոշմանը եւ դատապարտող գնահատական՝ Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությանը»:
Զղջումի անարգասաբեր հետողորմյան …………………………….
Ուշացած ներողություն, որ Սաֆարովին հետ չի տանի
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին՝ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնելու փաստը զայրացրել է ոչ միայն հայերին, այլեւ այլազգիների, այդ թվում՝ հունգարացիների: Հունգարացի հայագետներից մեկը հայտնել էր, որ ամաչում է հունգարացի լինելու համար: Հետո երբ Բուդապեշտում ցույցեր եղան, հայտարարեց, որ հետ է վերցնում հունգարացի լինելուց ամաչելու մասին խոսքը, բայց շարունակում է ներողություն խնդրել հայերից: Ֆեյսբուքյան խմբում, որտեղ հունգարացիները Հունգարիայի կառավարության որոշման համար ներողություն են խնդրում հայերից, մեկը գրել է. «Գուրգեն Մարգարյանի հիշատակին Հունգարիայի Սեգեդ քաղաքում նոր խաչքար կտեղադրվի»: «Դադարեցրե՛ք Հայոց Ցեղասպանությունը (1894, 1909, 1915, 1990, 2004)»,- գրել է մեկ այլ հունգար՝ Պետեր Կրանիցը:
Հունգարիայում այս օրերին բողոքի ակցիաներ են լինում կառավարության որոշման դեմ: Ցույցերի նպատակները նման են. մասնակիցներն ընդգծում են, որ հունգար ժողովուրդը ցանկանում է ցույց տալ, որ հայ ժողովրդի կողքին է, նույնիսկ այն ժամանակ, երբ կառավարությունն այնպիսի որոշում է կայացնում, որը հայանպաստ չէ: Հունգարացիները ներողություն են խնդրում հայերից, ինչպես նաեւ ցույցերով իրենց կառավարության վրա ճնշում գործադրում, որպեսզի նա շտկի Հայաստանի հետ կապերը, պաշտոնապես ներողություն խնդրի թե հայերից, թե Հայաստանից: Ինչ վերաբերում է Հունգարիայում պանթուրքիզմի գաղափարների տարածմանը, ապա, հունգարացի մի հայագետի խոսքով, հունգար ժողովուրդը ոչ մի կապ չունի պանթուրքիզմի հետ, եւ այնտեղ հայտնաբերված առաջին թուրքերեն արձանագրությունը 1500 տարեկան է, հետեւաբար՝ չի կարող որեւէ կապ լինել հունգարերենի եւ թուրքերենի հետ կամ այդ ժողովուրդների միջեւ (այս վերջինը վիճելի հարց է – Ա.Հ., Ն.Մ. եւ Ա.Մ.): Նրա կարծիքով՝ պանթուրքիզմը հակագիտական տեսություն է, որը չի կարող շրջանառվել Հունգարիայի գիտական շրջանակներում: Ըստ նրա, Հունգարիայում միայն մեկ կուսակցություն կա, որը սերտ կապերի մեջ է Ադրբեջանի դեսպանատան հետ եւ այդ գործարքի հետեւանքով տարածում է տեսություններ, թե հունգարացիները հեռավոր ազգակցություն ունեն թուրքական ցեղերի հետ:
Պատմական խնդրին առիթով դեռ կանդրադառնանք՝ Հունգարիայի ծագու՞մն է թյուրքական, թե՞ քայլը, թե՞ երկուսը միասին՝ պատճառահետեւանքային կապի համաձայն:
Իսկ առայժմ շեշտենք մի բան. նրանց ներողությունն այլեւս ուշացած է, քանզի Սաֆարովին հետ չեն տանի: Ոչ կուզեն: Ոչ էլ կանեն: Գուցե, ի ամոթ իրենց, ոչ էլ կարող են անել: Կանե՞ն (ինչին խորապես կասկածում ենք), ներողությունն ընդունելի կդառնա:
Արտակ Հայոցյան, Նարե Մշեցյան, Անի Մարության
«Լուսանցք» թիվ 27 (248), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



