Կաթ արտադրողների կաթում սոդա է հայտնաբերվում, բայց նրանք չեն հասկանում, թե որտեղի՞ց
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը կաթ եւ կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումներ անցկացրեց: Ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ իրականացվել է հում կաթի եւ պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել են 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական գործածում, կաթի փոշու օգտագործում:
Միանգամից ասենք, որ ստուգված 11 ընկերություններից 7 ընկերությունների արտադրած կաթում սոդա է հայտնաբերվել, ինչը, սակայն, չի թույլատրվում: Սոդա է հայտնաբերվել «Թամարա եւ Անի» (Անի կաթնամթերք), «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Թամարա» ընկերություններում: Ի դեպ, սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, ընկերությունները սոդա օգտագործում են, որպեսզի կաթը շուտ չթթվի: Մինչդեռ տեխնիկական համապատասխան կանոնակարգերն արգելում են կաթում սոդա խառնել: Այլ կերպ՝ կաթում սոդայի առկայությունը վնասակար է առողջությանը:
Բուսական յուղի առկայություն 11 ընկերություններից եւ ոչ մեկի կաթում չի հայտնաբերվել: Փոխարենը բուսական յուղ է հայտնաբերվել «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի արտադրած թթվասերում, ինչը նույնպես չի թույլատրվում:
11 ընկերություններից եւ ոչ մեկի ոչ կաթում, ոչ էլ թթվասերում չի հայտնաբերվել կալիումի սորբատ (E 420-ն է սա): Ի միջի այլոց, կաթի եւ թթվասերի մեջ սրանց օգտագործումն էլ չի թույլատրվում:
Թթվասերում կաթի փոշի հայտնաբերվել է 3 ընկերությունների արտադրանքում՝ «Թամարա եւ Անի», «Դուստր Մարիաննա», «Մուլտի ագրո»: Ասենք, որ կաթի փոշու առկայությունը թթվասերում թույլատրելի է միայն այն դեպքում, երբ մակնշման մեջ այդ մասին կա համապատասխան գրառում: Սակայն, եթե առաջին երկու ընկերությունները պատշաճ մակնշել են այդ մասին, ապա «Մուլտի ագրո»-ի մասին նույնը ասել չենք կարող. մակնշում չի եղել:
Ի տարբերություն այս խախտումների, «Չանախ»-ի կաթում սոդա, թթվասերում բուսական յուղ եւ կաթի փոշի չի հայտնաբերվել: Մաքուր է նաեւ «Սիս Ալպ»-ի եւ «Վամաքս»-ի (Սյունիք կաթնամթերք) մոտ: Թեեւ սա գովազդ է, բայց նաեւ այս տվյալներն են ուսումնասիրությունում ներառվել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նախորդ նիստում Աբրամ Բախչագուլյանին հարցրեց, թե ինչն է ստիպում ընկերություններին թթվասերում օգտագործել կաթի փոշի եւ այդ մասին չմակնշել՝ այն դեպքում, երբ օրենքով կաթի փոշու գործածումը չի արգելվում: Ա. Բախչագուլյանը պատասխանեց. «Եթե հայտնեն, որ թթվասերը ոչ թե թարմ կաթից է, այլ՝ փոշուց, ապա սպառման ծավալները կնվազեն: Ես հետաքրքրվել եմ ընկերություններից՝ արդյոք մակնշման մեջ կաթի փոշու առկայության մասին տեղեկատվության հրապարակումն ազդել է ապրանքի սպառման ծավալների վրա, ընկերությունները նշել են՝ ոչ: Մեր սպառողը բաղադրություն չի կարդում, բայց մտավախություն կա, որ եթե կաթի փոշու առկայության մասին հայտարարեն, ապա սպառման ծավալները կնվազեն»: Բացի այդ՝ Ա. Բախչագուլյանը տեսակետ հայտնեց, թե մեր սպառողը մշակույթ չունի, մակնշումները չի նայում, ընկերություններն էլ իրենց պակաս պատասխանատու են զգում:
Խնդրո առարկայի շուրջ բազմաթիվ հարցեր ծագեցին. սոդայով կաթն ինչպես է ազդում մարդու առողջությանը, առողջությանը վնասած ընկերությունը ինչպես կպատժվի, ինչ կարգի պատիժ դա կլինի եւ այլն: Ա. Բախչագուլյանի պատասխանները լրագրողներին զայրացրեցին: Պարզվում է՝ խախտումների համար այս ընկերությունները պատժվել են ընդամենը 300 հազ դրամով: Ի դեպ, առավելագույն պատիժը 500 հազ դրամ է, այն էլ՝ եթե առողջությանը վնաս է հասցվել ու կա որոշակի դեպք, բողոք եւ բժշկական համապատասխան տեղեկանքներ: Մեղմ չէ՞ արդյոք այդ 500 հազ դրամ պատժաչափը (այդպես է վարչական օրենսգրքով): «Իմ կարծիքով այդ չափը քիչ է»,-անկեղծացավ սննդի անվտանգության պետական ծառայության պետը:
Նկատենք, որ սոդայով կաթի գործածումից եթե առաջանա թեթեւ գլխապտույտ, սրտխառնոց, ապա այդ դեպքում ոչ ոք բժշկի չի դիմի, բայց տարիների ընթացքում այդ սոդան ի վերջ քայքայում է ստամոքսը, ստացվում է՝ ընկերությունները միայն 300 հազ կտուգանվեն, կշարունակեն իրենց գործը՝ փոխարենը վնասելով հազարավոր մարդկանց: Ա. Բախչագուլյանն այս դիտարկմանն ի պատասխան լրագրողներին ուղղորդեց առողջապահական բնագավառի կարգավորման ոլորտ: Հարց է ծագում՝ ի՞նչ է, բա՞րդ է ընկերություներին միանգամից կարգի հրավիրելը: «Տնտեսվարողները մեզ հավաստիացնում են,- ֆանտաստիկայի ժանրից դասական, բայց հնացած օրինակ մեջբերեց նա,- թե իրենք կաթում սոդա չեն օգտագործում: Բանն այն է, որ մենք սոդայով կեղծվածություն չենք հայտնաբերվել հում կաթում, միայն պաստերիզացված կաթում: Այնպես որ, ուսումնասիրելու ենք ամբողջ շղթան, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում»:
Ու երեւի հասկացան՝ թե ինչ: Մեկ շաբաթ անց Ա. Բախչագուլյանը հայտարարեց, թե խախտումները վերացված են: Միայն թե չհստակեցրեց՝ մինչեւ երբ…
Հավելենք նաեւ, որ պանիր արտադրող ընկերություններում նույնպես տեսչական ստուգումներ են անցկացվում: Հայաստանում գործում է պանիր արտադրող 100 ընկերություն: Կան մտավախություններ, նաեւ ահազանգեր, որ պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները փորձում են սպառողին թյուրիմացության մեջ գցել պանրի յուղայնության հետ կապված՝ օգտագործելով տարբեր ներկանյութեր: Ստուգման արդյունքը հայտնի կլինի 2 ամսից:
Աստղինե Քարամյան
Հուշարձանները՝ կոտրված, անտեր
Կառավարությունը երեկ Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրեց մեր երկրի բոլոր մարզերի տարածքներից հավաքել եւ 2012թ. սեպտեմբերին Երեւան տեղափոխել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ՝ հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ եւ թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:
Անկեղծ ասած չեմ պատկերացնում՝ անշարժ հուշարձանները շարժելն է ճի՞շտ, թե՞ դրանք փրկելը, վերականգնելը: Մանավանդ որ՝ այդ հուշարձանների մեծ մասի վիճակն անմխիթար է, ինչպես ստորեւ խոստովանում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Սյունիքից Երեւան կբերվի Աստվածածնի քանդակը, Վիշապի հուշարձանը, Վերիշեն գյուղի սբ Հռիփսիմե եկեղեցու բակի խոյակը, Գորիս քաղաքի երկրագիտական թանգարանի բակի տապանաքարը, Գորիսից նաեւ հրեշտակի քանդակով քարը, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Հոգեվանքի սբ Կարապետ եկեղեցու մեջի կոթողը, նույն մարզի Անիպեմզա գյուղի Երերույքի տաճարի մոտի կոթողը, Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի Զովունի գյուղատեղիի 10-12-րդ դարերի կոթողը, նույն մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանքի 16-րդ դարի արձանագիր քարը, Լոռու մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ վանքի տարածքի արեւի ժամացույցը, նույն վանքի տարածքի եկեղեցու մակետը եւ այլն:
Նախարարը համոզված է, որ «բերված կոթողները կնպաստեն հասարակության կողմից մեր ժառանգության նկատմամբ նորովի վերաբերմունքի արտահայտմանը, կիրառական արվեստի ճյուղերի զարգացմանը եւ նրանց լիարժեք դրսեւորմանը»:
Գանք խոստովանությանը. «Հուշարձանների պահպանությունը բաց երկնքի տակ, անգամ հսկողության ներքո, չի երաշխավորում դրանց անխաթարությունը, չի փրկում բնական քայքայումից: Նախագծով ներկայացված հուշարձանների մի մասն արդեն իսկ վնասված է, կոտրված, տապալված, հողի մեջ թաղված, երեսնիվայր ընկած մասնավոր հողամասերում: Ընտրված հուշարձանների մեծ մասը տեղահանված է իր ստեղծման վայրից, եւ շարժական լինելը վտանգում է դրանց ամբողջականությունը ու պահպանությունը դարձնում անվերահսկելի: Այժմ մեր երկրի բոլոր մարզերից կհավաքվեն եւ կներկայացվեն հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ եւ ցուցադրություն կկազմակերպվի: Դրանք կլինեն այն հուշարձանները, որոնք առաջիկայում հնարավոր չէ օգտագործել հուշարձանի գիտական ամբողջական վերականգնման համար: «Ակնկալում ենք տարբեր մարզերից բերված նմուշներին վերաբերող մեծադիր, նկարազարդ բացատրագրերում ներկայացնելով տվյալ մարզի մշակութային ընդհանուր պատկերը խթանել զբոսաշրջությունը՝ ցուցադրությունը դարձնելով թանգարանի այցելուներին դեպի մարզերը ուղղորդող ներգործուն գովազդ»:
Դատողություններ չեմ անի՝ դա թողնելով մասնագետներին, բայց կասեմ՝ ոնց որ այնքան էլ համոզիչ չէ որոշման հիմնավորումը՝ երկակիության պատճառով:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 28 (249), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



