Հիշու՞մ եք սոցիալական քարտերի պատմությունը: Սկզբում ասացին՝ կամավոր է, հետո՝ ստիպեցին: Մինչեւ Սահմանադրական դատարանը շտկումներ մտցրեց: Բայց այդպես էլ սոցքարտը ոչ ոքի պետք չեկավ: Պարզապես վերեւներում գումարներ աշխատեցին:
Հիմա՝ նույնականացման քարտերի մասով է նույն պատմությունը՝ կամավոր պարտադիրի:
Երեկ կառավարությունը որոշում ընդունեց՝ այս անգամ կտելը սկսելով տնտեսվարողներից:
«Եկամտային հարկի մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով գործադիրը նիստում որոշեց հաստատել անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:
Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի նախագահը մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը վարչապետին պետք է տեղեկատվություն ներկայացնի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի եւ արդյունքների մասին: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները եւ մարզպետները մինչեւ 2012թ. նոյեմբերի 1-ը պետք է ապահովեն իրենց ղեկավարած հիմնարկների, իրենց ենթակայության տակ գտնվող հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) համապատասխան աշխատակիցների կողմից (այն աշխատակիցների կողմից, ովքեր ստորագրելու են գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները) նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) եւ եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի տեղեկատվական համակարգ մուտք գործելն ապահովող‘ օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալը: Իսկ մինչեւ 2012թ. նոյեմբերի 30-ը պետք է ապահովեն նշված աշխատակիցների համար գրանցման հայտեր ներկայացնելը:
Ինչպես տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մինչեւ 2012թ. նոյեմբերի 30-ը նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) եւ պետական եկամուտների կոմիտեից օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալու դեպքում՝ հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձի էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձավճարը 2013թ. համար կվճարվի պետական բյուջեի միջոցներից:
Ի դեպ, նույնականացման քարտ ստանալն արժե 3 հազար դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը եւս 3 հազար դրամ է: Նույնականացման քարտեր ստանալու համար պետք է դիմել ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրություն տրամադրում է «Էկինգ» ընկերությունը (կառավարության հիմնադրած): Այն տնտեսվարող սուբյեկտնները, որոնք էլեկտրոնային ստորագրություն չեն ունենա, նրանց հաշվետվությունները չեն ընդունվի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ 2013թ.-ից կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Մարզերում արդեն ստեղծվել են աշխատանքային խմբեր գործընթացին աջակցելու համար: Նախատեսվում է իրականացնել լայնածավալ իրազեկում եւ տնտեսվարող սուբյեկտների ուսուցում, որպեսզի 2013թ. արդեն հնարավոր լինի անցնել միասնական հաշվետվության ձեւին:
Ստացվում է՝ կամ կունենաս նույնականացման քարտ (որը կրում է էլեկտրոնային ստորագրությունը) կամ ստիպված կլինես փակել բիզնեսդ:
Ի պատասխան այս դիտարկման՝ նախարար Արտեմ Ասատրյանը համառոտեց. «Այդպես չեմ կարծում»:
Պարզվում է նաեւ, որ սոցքարտերի օրինակով երեկվա որոշումն էլ է հակասահմանադրական: «Այդպես չեմ կարծում»,- կրկին սա էր նախարարի հերթական պատասխանը:
Մնում է հավելել՝ Ձեր կարծելը շատ քիչ է: Ձեզ նախարար են նշանակել ոչ թե սեփական կարծիք արտահայտելու, այլ՝ փաստերով խոսելու համար: Թեեւ սխալվում ենք՝ Ձեզ նախարար են նշանակել հենց այդ կարգի կարծիքներ արտահայտելու համար: Պարզապես հարկ է գոնե խուսանավելու ավելի հստակ ձեւ ընտրել՝ ծիծաղելի չդառնալու համար: Այ, ինչպես ժամանակին սոցքարտերի մասով անում էր դաշնակցական նախարար Աղվան Վարդանյանը: Բայցեւ՝ հասկանալի է, որ կեղծելու արհեստավարժությամբ նրան կամ… նրանց ոչ ոք չի հասնի:
Ոչինչ, դեռ կհասցնեք սովորել…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 28 (249), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



