Շարունակվում են հունգարա-ադրբեջանական սաֆարովյան առուծախի միջազգային քննարկումները, բայց Հայաստանը դեռ լուրջ պատժիչ գործողության ականատես չի եղել առայժմ, ուստի որեւէ հիմք չկա վերականգնելու Հունգարիայի հետ դիվանագիտական եւ այլ հարաբերությունները, ինչպեսեւ՝ արցախյան բանակցությունները: Արեւմտյան քաղաքականության քարոզիչներին եւ դերակատարներին հավատալու պատճառ եւս չկա: Ամեն բան դեռ բարոյական անպտուղ աջակցության ոլորտում է, ինչից հայությունն ու Հայաստանը վաղուց հոգնել են:…
Հիմա էլ Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը փաստաթուղթ է հրապարկել, որում նշվում է, որ «Ադրբեջանը Սաֆարովի արտահանձման հարցում, թյուրիմացության մեջ է գցել Հունգարիային»: Նշվում է, թե կա փաստաթուղթ, որն ապացուցում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ քննարկելու բանտարկյալի կարգավիճակը: Նախագահը խոստացել է վարչապետին, որ Սաֆարովը կշարունակի ցմահ բանտարկությունն Ադրբեջանում:
Բուդապեշտը դատապարտել է մարդասպանին ներում շնորհելն ու պարգեւատրումը՝ դիվանագիտական նոտա հղելով Ադրբեջանին: Եվ հունգարական իշխանությունը կարծում էր, թե այսքանն այնքան բավարար է, որ «այս ամենից հետո Հայաստանը չպետք է խզեր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ»: Սա եվրոպական երկերեսանություն անվանենք, թե զուտ հունգարական, ոչինչ չի փոխվի: Բայց որ այս մտածելակերպն ամենամեղմ բնորոշմամբ է երկերեսանություն, հաստատ է: Եթե հունգարացիները թյուրքական տարրի պես պատրաստ են ամեն բան ծախել ու նաեւ ծախվել, ապա դա հայության համար եղել է ու կմնա անհասկանալի եւ անընդունելի, ինչը միայն ուրախացնում է:
Իսկ Հունգարիան շարունակաբար արդարանում է, թե խաբվել է Ադրբեջանի կողմից: Լավ, եթե այդպես է, թող հետ պահանջի Սաֆարովին, քանզի կարող է նաեւ հիմնավորել պայմանավորվածության խախտումը: Ինչու՞ այս քայլին չի գնում Բուդապեշտը, թող միջազգային կոչված հանրությունից ու արդարադատությունից եւս դա պահանջի, որպեսզի օգնեն իրեն՝ վերականգնելու արդարությունը: Ինչու՞ չի անում: Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում:
Հունգարական կողմը հավատացած է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հունգարա-հայկական հարաբերությունները կվերականգնվեն: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ քրտինք պիտի թափեն հունգարները, որ վերականգնեն հարաբերությունները, եթե Սաֆարովը մնա Բաքվում, իսկ առուծախի (հայկական արյամբ թաթախված) փողերը վայելեն ոմանք:
Ինչպես մենք, այնպես էլ շատերն ակնկալում են, որ Հունգարիան կարող է առաջինը ճանաչել Արցախի անկախությունը՝ դրանով պատժելով Ադրբեջանին եւ ինչ-որ փոխհատուցման քայլ անելով Հայաստանին: Բայց նորից լռություն է:
Արցախի քաղաքական ու հասարակական ուժերը կոչ են հղել միջազգային հանրությանը՝ դադարեցնել զենքի մատակարարումները ֆաշիստական Ադրբեջանին. «Մեր մտահոգությունն ենք հայտնում 2004թ. Բուդապեշտում քնած հայ սպային դաժանորեն կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձման, ներման եւ հերոսացման վերաբերյալ: Նախքան մեր դիրքորոշումը հայտնելը ուշի-ուշով հետեւելով միջազգային կազմակերպությունների եւ պետությունների արձագանքներին, ինչպես նաեւ փաստելով, որ Ադրբեջանի իշխանությունների ու հասարակության այս հայատյաց գործողությունները նորություն չեն մեզ համար, ողջունելով տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի եւ Հունգարիայի գործողությունների դատապարտումը, միեւնույն ժամանակ համոզված ենք, որ միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն նման դեպքերը բացառելու համար. ուստի կոչ ենք անում՝ 1. Ադրբեջանի ֆաշիստական վարքագիծը դատապարտող երկրներին եւ կազմակերպություններին՝ դադարեցնել համագործակցությունը մարդասպանին հերոսացնող ադրբեջանական բոլոր կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ: 2. Ադրբեջանին զենք վաճառող երկրներին՝ դադարեցնել զենքի մատակարարումները ֆաշիստական Ադրբեջանին, քանզի յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Ադրբեջանին վաճառված զենքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության դեմ: Էթնիկ հողի վրա կատարած սպանությունը հերոսացնող երկրին զենք վաճառելը համարժեք հանցագործություն է: 3. Միջազգային կազմակերպություններին եւ երկրներին՝ հաստատել/ակտիվացնել հարաբերություններ ԼՂՀ պետական կառույցների եւ Արցախի հասարակության հետ՝ ընդհուպ մինչեւ ԼՂՀ ճանաչում՝ Արցախի ժողովրդի անվտանգության եւ այլ հիմնարար իրավունքների ապահովման համար»:
Եվ եթե Հունգարիան իսկապես զղջում է, ապա պետք է այսօրինակ նախաձեռնությունների օժանդակողը դառնա եւ հասկացնի Ադրբեջանին, որ ստելը, խաբելն ու արհամարհելը պատժվելու են: Եվ ոչ թե Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի միջոցով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին նամակ գրվի, թե «Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպանի արտահանձնումը Ադրբեջան ուղղված չէ Հայաստանի դեմ եւ չի կարող դիտարկվել որպես վիրավորանք՝ ուղղված հայ ժողովրդին»:
Այդ նամակում նշված է, թե արտահանձնումը իրականացվել է միջազգային նորմերին համապատասխան, որոնց Բուդապեշտը հետեւում է նման դեպքերում, հունգարացի նախարարը պնդել է, որ արտահանձնումը կրել է «բացառապես իրավական բնույթ»: Դե հո արյունոտ փողերի մասին չէին գրի եվրոպակերտ հունգարները… Հա՜, նախարարն անգամ ափսոսանք է հայտնել Բուդապեշտի հետ հարաբերությունները կասեցնելու Երեւանի որոշման կապակցությամբ՝ ընդգծելով ավանդական բարեկամական հարաբերությունները 2 երկրների միջեւ եւ «քրիստոնեական արժեքները, որոնք հազարամյակներ շարունակ կապել են մեր ժողովուրդներին»:
Այ հիմա չենք կարող չասել, որ հունգարական ստորությունը ոչ մի բանով չի տարբերվում ադրբեջանականից, եւ ուրեմն՝ թյուրքական արյունը դեռ եռում է հունգարա-ադրբեջանական քաղաքական հիբրիդի երակներում:
Հունգարացի նախարարը նաեւ նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների, որոնք չեն բխում Հայաստանի շահերից: Հիմա հասկանալի՞ է՝ ինչ հունգարական ու համաթրքական ստորության մասին նշեցինք վերեւում: Եվ շարունակվում է մեկ այլ «լուսապսակ» միտք, թե Բուդապեշտը նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ջանքերին՝ բանակցությունների միջոցով «հայ-ադրբեջանական լարվածության կարգավորման ուղղությամբ»:
Այստեղ են ասում՝ եղունգ ունես, գլուխդ քորիր, ա՛յ հունգար, եւ քո անձնական շահագրգռվածությունը պարզ գրգռվածության մի վերածիր «փոխադարձ ջանքեր գործադրելու եւ բարեկամական հարաբերությունները վերականգնելու համար»:
Մինչ Հունգարիան փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ եւ ինչ-որ «հայ-ադրբեջանական լարվածություն կարգավորել», ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հայտնում է, որ «Սաֆարովի գործը բանակցությունների դադարի նախադրյալ է»: Նա նշել է, որ ադրբեջանցի սպայի հայրենիք արտահանձնման որոշումը եւ հատկապես Բաքվում նրա ներումը՝ պետական մակարդակով հերոսացումով, մտահոգության ալիք է առաջ բերել, իսկ հունգարական կառավարության վաղահաս եւ միչեւ վերջ չհաշվարկված որոշումը լուրջ հարվածի տակ է դրել ոչ միայն Բուդապեշտի հեղինակությունը, այլ նաեւ արեւմտյան հանրությանը՝ ընդհանուր առմամբ: Այստեղից է բխում ամերիկյան գրասենյակի եւ մի շարք այլ միջազգային կառույցների խիստ արձագանքը: Քաղաքագետը զարմանում է, քանզի «ԼՂՀ հարցը միայն խոսքերով է լուրջ ընդունվում, իսկ իրականում ոչ կովկասցի քաղաքագետները պատկերացում չունեն, թե այս հակամարտությունը որքան լուրջ է ընդունվում 2 երկրների հանրության կողմից: Այստեղ մեկ ոչ ճիշտ որոշումը կարող է լուրջ ճգնաժամի եւ սրացման պատճառ դառնալ»:
Ըստ ռուս քաղաքագետի, «Սաֆարովի գործը ցույց տվեց, թե Բաքուն եւ Երեւանը ինչքան հեռու են փոխադարձ զիջումներ անելու գիտակցությունից: 2012թ. սեպտեմբերին առաջին պլան են դուրս եկել այլ նպատակներ եւ արժեքներ: «Հայրենասիրական գովազդը» հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, թշնամու կերպարի շահագործումը եւ արտաքին վտանգի առկայության շուրջ ազգի մոբիլիզացումը հօդս ցնդեցրին խաղաղապահ բոլոր առաջընթացները: Պարզ է, որ հակամարտող կողմերը տասնյակ պատճառներ ունեն, որպեսզի թույլ չտան պատերազմի նոր բռնկում: Եվ «Սաֆարովի գործը», իհարկե, խաղաղ գործընթացի մահ չէ, սակայն դա ամենաքիչը բանակցությունների դադարեցման նախադրյալ է, որը չի բացառվում, որ երկարաժամկետ կլինի եւ բացառված չէ, որ այն կուղեկցվի «շփման գծում» նոր միջադեպերով:
Եվ այստեղ հարցադրումներ պետք է ուղղել ոչ միայն Բաքվին ու Երեւանին, այլեւ միջնորդ երկրներին, ովքեր դիվանագիտական լավատեսություն եւ չարդարացված խոստումներ տալու փոխարեն, պետք է կենտրոնանան՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոցներ գտնելով: Եվ արդեն հանդիպել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ովքեր քննարկել են արցախյան հակամարտության կարգավորումը: Ըստ ամենայնի, վերջերս ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Փարիզում ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ ցանկալի արդյունք չի տվել:
Եվ ահա Վլադիվոստոկում՝ ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շրջանակում, ռուս-ամերիկյան խնդիրների հետ շոշափվել է նաեւ մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցը. այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն խիստ բացասաբար են արձագանքել հունգարա-ադրբեջանական գործարքին:
Սաֆարովյան ստորությանը զուգահեռ Սլովակիայում մեկ այլ հակահայկական դրսեւորման հարց էր քննարկվում: Ինչպես նշվել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության հաղորդագրությունում, ԵՀՄՖ եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանն ամիսներ առաջ դիմել էր Սլովակիայի գլխավոր դատախազություն՝ պարզելու Սլովակիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գյուլհան Ուլուտեկինի կողմից Սլովակիայի Քրեական Օրենսգրքի 424Ա հոդվածի, այն է՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարող օրենքի վերոհիշյալ պարագրաֆի խախտման շուրջ, որի դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամանակով: Խոսքն այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության Հուշաքար-խաչքարի մոտ տեղի ունեցած միջոցառման դեմ դեսպանի գրած արձագանքի մասին էր («Հայերը, Միկլոշկոն եւ Հարաբինը» վերնագրով՝ հրապարակված մայիսին): Թրքուհին կասկած էր հայտնել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ «այդ ժամանակաշրջանում առավել շատ թուրքեր են կոտորվել», եւ ահա, դատախազության հանձնարարությամբ Սլովակիայի ՆԳ ոստիկանության վարչությունը պարզաբանել է կատարվածը Թուրքիայի դեսպանի հետ ու ստացել հստակ պատասխան. «…Դեսպանուհին այդ հարցի շուրջ (նկատի ունեն Հայոց ցեղասպանության փաստը) արտահայտվում է շատ զգուշորեն, դիվանագիտորեն եւ կասկածի տակ չի դնում այն (Հայոց ցեղասպանությունը)»: Հետեւաբար,- գրում է ՆԳ պատասխանատու պաշտոնյան, «այս հարցի շուրջ ունենալով հենց իր՝ դեսպանուհու անձնական կարծիքը հայտնի դեպքերի, փաստերի հաստատման վերաբերյալ, հայտարարում եմ, որ նա ՔՕ-ի համապասխան հոդվածը չի խախտել»:
Այսինքն, ըստ ՆԳ մարմնի պարզաբանման՝ թուրք դեսպանուհին, որպես պետական պաշտոնյա եւ
դիվանագետ, չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը: Սլովակիայում Թուրքիայի դեսպանի սենսացիոն հայտարարությունը ԵՀՄՖ-ն Սլովակիայի ՆԳ նախարարության կողմից վարած աշխատանքները համարում է բավարար եւ ընդունում, որ Թուրքիայի դեսպանուհու տված բացատրություններն իսկապես հաստատում են Հայոց Ցեղասպանության փաստը, ու սրանով նա դառնում է առաջին թուրք դեսպանն աշխարհում, որն ընդունում է 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ կոտորածները որպես ցեղասպանություն:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղղել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի տ. Գյուլհան Ուլուտեկինին եւ պատճեն՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հայտնելով խորին շնորհակալություն անկեղծ խոստովանության համար՝ սա համարելով մեծ նվաճում հայ-թուրքական հարաբերություններում պարզություն մտցնելու կարեւոր գործում:
Միաժամանակ ԵՀՄՖ-ն հույս է հայտնում, որ այս առաջին ձեռքբերումը հիմք կդառնա Թուրքիայի ԱԳՆ-ի համար նույն ոգով շարունակելու Հայոց ցեղասպանության շուրջ պարզաբանումները եւ կարճ ժամանակում գալու ընդհանուր հայտարարի եւ համանման հայտարարությամբ հանդես գալու արդեն ողջ աշխարհի առջեւ. «Սա կլինի մեծ նվեր հայ եւ թուրք ժողովուրդների համար Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ»:
Ահա թե ինչպես է Սլովակիան վերականգնում արդարությունը, իսկ հարեւան եվրաերկիր Հունգարիան փորձում է դեռ արդարացնել իր ծախու կերպը եւ արդարության վերականգնումը միայն իր քիմքին հարիր է նկատում:
Այս ադրբեջանա-թուրքական հակահայ աղմուկի մեջ Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում ստորագրել են 5 միջպետական համաձայնագրեր՝ հավաստելով իրենց եղբայրությունն ու արնախում կապերը: Թուրքիայի վարչապետը քննարկել է հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական ու տնտեսական ոլորտներին, կողմերի միջեւ ռազմական գործակցությանը, հայ-ադրբեջանական հակամարտությանը, Հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանի գործողություններին հակազդման միասնական ծրագրերին եւ երկկողմանի այլ հարաբերությունների:
Հիշեցնենք, որ ռազմավարական գործակցության խորհուրդը ստեղծվել է 2010թ. Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական համագործակցության ու փոխհարաբերությունների վերաբերյալ պայմանագրի համաձայն, վերջինս էլ ստորագրվել է 2010թ. օգոստոսի 16-ին Իլհամ Ալիեւի եւ Աբդուլա Գյուլի կողմից: Թուրքիա-Ադրբեջան բարձրագույն մակարդակով ռազմավարական փոխգործակցության խորհրդի առաջին նիստը կայացել է անցյալ տարվա հոկտեմբեին Իզմիր քաղաքում:
Թուրքիայի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին եւ այլ պաշտոնատար անձանց, այնուհետեւ մեկնել է Ուկրաինա, հանդիպել նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու մասնակցել ուկրաինա-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Թուրքիայի վարչապետը այցելել է նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինա, որտեղ եւս աշխուժանում են թյուրքական տարրերը:
Իսկ Վաշինգտոնը շարունակում է միայն հարցադրումներ անել եւ սպասել պատասխանների: Առավելագույնը, որ նշվում է ԱՄՆ պետքարտուղարության բարձրացրած «աղմուկում», այն է, թե ինչու Բաքուն չի կատարել Բուդապեշտին տված խոստումը եւ մարդասպանը չի հայտնվել ադրբեջանական բանտում:
Այսինքն, Արեւմուտքը համոզվա՞ծ է, որ հայասպանը անգամ հայտնվելով Բաքվի բանտում՝ չի կարող օգտվել բաց դռների տարբերակից՝ վայելելով բանտից մինչեւ Բաքվի ռեստորանների ու վայելքների այլ տեղերի դռնբաց ճանապարհները: Ու՞մ են հիմարի տեղ դրել: Երեւի թե իրենք իրենց, իբր բարությունից ու կամեցողությունից բացի այլ բան չե՞ն հասկանում:
Այս ամենը հավաստում է, որ պաշտոնական Երեւանը չպետք է գնա որեւէ զիջման ո՛չ Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնման, ո՛չ Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսման, ո՛չ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ո՛չ էլ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ փոխվստահության հայտարարման հարցերում: Այսօր «սաֆարովյան գործը» վտանգավոր է ոչ միայն բուն գործի իրավական ու բարոյական տեսանկյունից, ինչին էլ տանում են տխմար եվրաարժեքակիրները, այլեւ վտանգում է համայն հայության նպատակները եւ հայության խաղաղ գոյակցությունն աշխարհում:
Սա պետք է հասկանանք ազգովի՝ բոլոր հայերս ու ամենուր, անգամ այնտեղ, որտեղ 1 հայ է բնակվում:
Արամ Ավետյան
Հ.Գ. – Հունգարիայի օմբուդսմենը արդարադատության նախարարից պահանջել է Սաֆարովի գործին առնչվող փաստաթղթերը՝ օգտվելով օրենքով սահմանված իր իրավունքից: Նա պատասխան է պահանջել հանրային եւ արդարադատության նախարարից: Պահանջը ներառում է «արտահանձման նախապատրաստման, հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամանքերի, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաեւ արտահանձնումից հետո նախատեսվող քայլերի մասին» փաստաթղթերը:
Ըստ օմբուդսմենի, հունգարական օրենքների համաձայն, արտահանձնումը միայն այն դեպքում է կարելի, եթե երկրորդ կողմը երաշխավորում է Հունգարիային, որ դատապարտյալը բանտում է անցկացնելու բանտարկության ժամկետի մնացած մասը: Սակայն Սաֆարովին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել եւ նրան որպես ազգային հերոս են դիմավորել:
Օրենքի համաձայն, նախարարը օմբուդսմենի նամակին պետք է պատասխանի 15 օրվա ընթացքում:
Նման խնդրանքով նախարարին դիմել է նաեւ ԱԺ սահմանադրական հարցերի հանձնաժողովը:
Փաստաթղթերն ուսումնասիրվում են:
«Լուսանցք» թիվ 28 (249), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



