Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. հոկտեմբերի 16-ին եւ այս պահի դրությամբ, միայն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն է հայտարարել, որ կայանալիք ընտրություններին կրկին՝ 3-րդ անգամ առաջադրելու է գործող նախագահի թեկնածությունը: Հիշեցնենք, որ չնայած միջազգային ճնշումներին, Ադրբեջանում 2009թ. տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների արդյունքում գործող նախագահին հնարավորություն ընձեռվեց 3-րդ անգամ անընդմեջ նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:
Գործող նախագահ Իլհամ Ալիեւը «սաֆարովյան հաջողած գործը» դեռ վերջնական չի համարում իր «հերոսական» կերպարը ի ցույց դնելու համար եւ այժմ նա արդեն իսկ սպառնում է իր քաղաքացիներին: Ադրբեջանական զլմ-ները Ռաշադ Սաֆարովին, Էլդար Ալիեւին, Անար Իմանովին, Լալա Սաֆարովային, Հուսեյն Ջաֆարովին, Վուգար Ալիեւին եւ Գյուլնարա Մամեդովային հորդորել են առաջիկա շրջանում (առնվազն մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունները) զգույշ լինել: «Բոլոր հիմքերը կան կարծելու, որ ձեր կառավարությունն իր՝ գետնին հավասարեցված պատիվը փրկելու համար որոշել է ձեզ զոհել».- գրում են զլմ-ները:
Բայց Բաքուն որոշել է հայկական հարված հասցնել ադրբեջանցի ընդդիմադիրներին: Մամուլը տարածել է ԱՍԱԼԱ-ին վերագրված մի հայտարարություն, որտեղ ուղիղ սպառնալիք կա ադրբեջանցի դիվանագետների հասցեին եւ հնչում է խոստում. «Մոտ ապագայում ադրբեջանական բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները կսպանվեն՝ մինչեւ այժմ երբեք չկիրառված միջոցով»: Այս նամակը կեղծ եւ հիմարություն համարվեց, շատերի մոտ, նշվեց անգամ, որ ԱՍԱԼԱ-ն 1980-ականների վերջից ի վեր եւ անգամ արցախյան պատերազմի տարիներին որեւէ գործողություն չի իրականացրել:
Փաստ է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո հայ գաղտնի բանակը դադարեցրել է գործունեությունը:
Բայց չէ, «սաֆարովյան գործի հերոս» երկրի նախագահը հիմա էլ պետք է «պայքարի ու կռվի» վտանգավոր «հայկական ահաբեկիչների» դեմ եւ «հերոս սաֆարովից» հետո, հիմա էլ փրկի Ադրբեջանը:
Իսկ Ադրբեջանում խոսում են, որ ԱՍԱԼԱ-ն որեւէ անգամ նախապես չի հայտարարել իրականացվելիք գործողության մասին:
Իսկ որ ԱՍԱԼԱ-ի անունից հրապարակված նամակի հետեւում Բաքուն է, ապացուցվում է ոճաբանական-լեզվաբանական փորձաքննությամբ: Արդյունքում պարզվում է, որ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնածներն իրենց գործողություններում ոչ միայն անկարող են ու ստախոս, այլեւ՝ տխմար են ու անհեռատես:
Նշվում է, որ միայն հիմարը կարող է մտածել, որ ԱՍԱԼԱ-ն սպառնալիքներով լի նամակ է ուղարկում եւ այն էլ՝ «թուրքերենով՝ Բաքվի ակցենտով»: «Միայն հիմարի մտքով կանցնի խոսել Հայոց ցեղասպանության մասին, անդրադառնալ զոհերին ու ներկայացնել Թուրքիայի կողմից առաջարկված ու ադրբեջանական քարոզչության կողմից շրջանառության մեջ դրված 600 հազար թիվը (քանի որ իրականում ցեղասպանությանը զոհ են գնացել ավելի քան 1,5 մլն հայ): Նամակից մի հիմարություն էլ է դուրս սպրդում, իբր ԱՍԱԼԱ-ն խոստովանում է, թե Խոջալուում սպանել է ադրբեջանցիների ու այսօր էլ ամեն օր սպանում է, աջակցում ու հրահանգներ է տալիս Քրդական բանվորական կուսակցությանն ու ամենակարեւորը՝ համարում է, որ Հայաստանը շրջափակել են սիոնիստները…
Բաքուն փորձել է հնարավորինս շատ կողմերի խառնել, որ աղմուկն ապահոված լինի, բայց… չկա: Մեր թերթի նախորդ համարում նշել էինք հայտնի Կոմանդոսի խոսքերը, որ Բաքուն ինքն է սպանելու Ռամիլ Սաֆարովին եւ «գտնելու» է մի հայի, որը դա կազմակերպել է: Բաքվին կենդանի Սաֆարով այլեւս պետք չէ: Հիմա կարծես գծագրվում է այդ պատկերը: Բայց, պարզվում է, Բաքվին ոչ միայն «կենդանի Սաֆարով» պետք չէ, այլ «կենդանի ընդդիմադիրներ», որոնք եւս զգուշացվել են…
Ինչեւէ, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանում բացառապես տգետներ եւ տխմարներ են բնակվում, եւ այսօրինակ կեղծիքները փառավորում է նրանց՝ «հերոս եւ պայքարող նախագահի» կերպարը հայտնաբերելով:…
Իսկ ԱՍԱԼԱ-ն հերքել է ադրբեջանական սադրանքը. «Բանակը երբեք չէ առնչուած տարածաշրջանին մէջ ատրպէյճանական գաղութարարական եւ ծաւալապաշտական գործունէութեան հետ»,- ասված է գաղտնի բանակի սեպտեմբերի 11-ին իրապես տարածած հայտարարության մեջ: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ԱՍԱԼԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
«Կտրականապէս կը հերքենք Ատրպէյճանի իշխանութեանց տարածած ապատեղեկատուութիւնը, թէ իբր մեր կազմակերպութիւնը նամակներ յղած է Պուտափէշթի մէջ իրենց դեսպանատան՝ սպառնալով անոր անձնակազմին:
Որպէս կազմակերպութիւն, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը երբեք չէ առնչուած տարածաշրջանին մէջ ատրպէյճանական գաղութարարական եւ ծաւալապաշտական գործունէութեան հետ, հետեւաբար, կը հերքենք նաեւ մինչեւ հիմա մեր անունով կատարուած նմանատիպ ապակողմնորոշող եւ կեղծ լուրերն ու յայտարարութիւնները:
Ատրպէյճանի Հանրապետութիւնը ժառանգական, բռնապետական, թագաւորական վարչակարգի վերածած Ալիեւներու գերդաստանը նման մանկական ապատեղեկատուութիւն տարածելով կը փորձէ միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել իր վերջին խայտառակութենէն՝ դատապարտուած մարդասպան ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու ու զայն հերոսացնելու անբարոյական արարքէն: Աշխարհն ականատես դարձաւ, թէ ինչպէս ատրպէյճանական բարբարոսական ցեղամոլութենէն երկար տասնամեակներ տառապած Արցախի հերոս ժողովուրդի մարտունակ եւ բարոյական բանակը, յանուն հայրենիքի ազատութեան եւ անկախութեան, գրեթէ ամբողջապէս ինքնուրոյնաբար եւ առանց արտաքին նեցուկի, միայն աշխարհասփիւռ հայութեան ներոյժին աջակցութեամբ գլխովին ջախջախեց ալիեւեան վախկոտ վարձկանները, որոնք միայն ունակ են հայ զինուորը կացինահարել անոր քնացած պահուն՝ դառնալով Ալիեւ գերդաստանի հերոսի տիպարը եւ աշխարհի առջեւ բացայայտելով արդարութեան ու միջազգային իրաւունքի ատրպէյճանական ըմբռնումը:
Հայաստանի արեւմտեան հատուածին ազատագրութիւնն էր ու կը շարունակէ մնալ սփիւռքահայութեան, բնականաբար նաեւ ՀԱՀԳԲ-ի գլխաւոր առաքելութիւնը:
Մեր նպատակն անշեղ է:
Թուրքիան չի կրնար փախուստ տալ պատմութեան դատաստանէն եւ միլիոնաւոր անմեղ Հայոց ցեղասպանութեան պատասխանատուութենէն:
Թուրքիան չի կրնար պետութիւն կառուցել ցեղասպանութեան ենթարկած ժողովրդի ոսկորներուն վրայ:
Տարածաշրջանի ժողովուրդներուն զարթօնքը արդէն իսկ կը թակէ Անգարայի գաղութատիրական վարչակարգին դուռը, եւ կասկած չի կրնար ըլլալ, որ հայ ու քիւրտ ժողովուրդները պիտի վերականգնեն իրենց ոտնահարուած իրաւունքներն ու պիտի ազատագրեն իրենց բռնագրաւուած Հայրենիքները թուրք գաղութարարներուն ճիրաններէն:
Յաղթանա՛կ հայ ժողովուրդին: Արդարութի՛ւն իրաւազրկուած բոլոր ժողովուրդներուն»:
Արտակ Հայոցյան
Եվրոպան դեռ մտածու՜մ է…
Եվրախորհրդարանի մաս կազմող կուսակցությունների 6 խմբեր բանաձեւերի նախագծեր են ներկայացրել, որոնք առնչվում են Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնած ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ներման ու ազատ արձակման որոշմանը: Բանաձեւերի քննարկումն ու քվերակությունը սեպտեմբերի 13-ին էր, ԵԽ լիագումար նիստի վերջին օրը եւ դիտարկվելու է հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերի թեմատիկ քննարկման շրջանակներում:
Եվրախորհրդարանի Պահպանողական եւ ռեֆորմիստական խմբի ներկայացրած բանաձեւում առաջարկված 6 կետերից 5-ում ուղղակիորեն մտահոգություն է արտահայտվում ադրբեջանական իշխանությունների՝ Սաֆարովի վերաբերյալ ձեռնարկած քայլերի առնչությամբ, մասնավորապես, նրան ներում շնորհելու օրինականության, Ադրբեջանի արդարադատության ողջ համակարգի բարեփոխման անհրաժեշտության, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների իրագործման եւ այլ հարցերի շուրջ:
Կետերից մեկով առաջարկվում է ԵՄ-Ադրբեջան Ասոցացման համաձայնագրում ներառել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի դիտարկման ավելի լայն հատված:
Սոցիալ-դեմոկրատական խմբի ներկայացրած բանաձեւի նախագծում նախ դատապարտվում է Սաֆարովին ազատ արձակելու Ալիեւի որոշումը, այնուհետեւ մարդասպանի հերոսացումն ու փառաբանումը: Անհանգտություն է արտահայտվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացիկ բանակցություններին հասցված վնասի կապակցությամբ եւս: Ադրբեջանական իշխանություններին նաեւ կոչ է արվում վերանայել ներման որոշումը՝ արդարության, մարդու իրավունքների եւ օրինականության մասին միջազգային, այդ թվում Եվրամիության չափանիշների ու ոգուն համաձայն:
ԵԽ-ում ամենամեծ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բանաձեւի նախագծում նշվում է, թե Ալիեւի՝ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը ավելի է սրում կողմերի միջեւ առկա լարվածությունն ու մեծացնում ԼՂ չլուծված հակամարտությամբ պայմանավորված անարդարության զգացումը: ԵԺԿ-ն անհանգստացած է Սաֆարովի ներման ու հրապարակավ փառաբանման գործողությունների՝ ապագա սերունդների վրա հնարավոր ազդեցության առնչությամբ: Կողմերին կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել, իսկ հայկական կողմին խորհուրդ է տրվում զերծ մնալ ծայրահեղ հուզական արձագանքներից, որոնք երկարաժամկետ հեռանկարում առավել կբարդացնեն խնդրի կարգավորման հնարավորությունները:
Լիբերալ-դեմոկրատների խումբը Սաֆարովին ներում շնորհելու որոշումը դիտարկում է որպես Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիայի հումանիստական նպատակներին հակասող քայլ, ինչը խարխլում է հունգարական կառավարությանը տված հավաստիացումների արժանահավատությունը, ադրբեջանական իշխանությունների կողմից տրված երաշխիքներ մասով, համաձայն որոնց Սաֆարովը պետք է շարունակեր պատժի կրումը հայրենիքում:
Եվրոպական Միացյալ ձախերի եւ Կանաչների խմբերի ներկայացրած բանաձեւերում եւս դատապարտվում է մարդասպանի ներման ու ազատ արձակման որոշումը եւ կոչ է արվում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը: 6 նախագծերն էլ կողմերին հորդորում են ջանքեր գործադրել տարածաշրջանում առաջացած լարվածությունը թուլացնելու նպատակով:
Վերջում՝ ԵԽ-ն ընդունեց Սաֆարովի գործով բանաձեւ ու կոչ արեց Ադրբեջանին ենթարկվել ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներին:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 28 (249), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



