Որ թյուրքական ձեռագիր ունի
Հունգարիայի միջազգային գործերի ինստիտուտի գաղտնի զեկույցում (Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված) ասվում է, որ Ադրբեջանը շփոթեցրել է Հունգարիային: Եվ այդ զեկույցը հունգարական լրատվամիջոցների ձեռքն է հայտնվել: Զեկույցում նշվում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում թյուրքը Օրբանին երաշխավորել է, որ Սաֆարովը հայրենիքում բանտում կպահվի (հունգարական nol.hu կայքն է գրում):
Եվ այդ զեկույցում, որ ոչ թե գաղտնի է, այլ՝ գաղտնի ի լուր աշխարհի (լրատվամիջոցների ձեռքը հենց այնպես չի հայտնվել), մեղայական կա, թե իբր Ադրբեջանը ցանկանում է սխալ տպավորություն ստեղծել մարդասպանի ազատման հարցում Հունգարիայի համաձայնության մասին:
Մինչդեռ, ըստ նույն «գաղտնի» զեկույցի, Ադրբեջանն այժմ շատ կարեւոր է Հունգարիայի համար, եւ այդ իսկ պատճառով է, որ Բուդապեշտը չի կարողանում բացահայտ ասել, թե Ադրբեջանի նախագահը խաբել է Օրբանին:
Կրկին մինչդեռ՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարել է, որ Հունգարիայի ղեկավարությունը գիտեր, որ Սաֆարովին ներելու են: Ի դեպ, Հունգարիայի իշխանությունները իրենց «անտեղյակությունը» ցուցադրելու մի ամբողջական ողբերգություն են սկսել այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը կտրուկ արձագանքեց Սաֆարովի արտահանձնման փաստին:
Ասենք, որ հունգարական այս բեմադրությունը ողբերգություն չէ, խեղկատակություն է, որի հեղինակը բավականին պարզունակ ձեռագիր ունի: Հեղինակն էլ հենց հունգարական իշխանություններն իրենք են, որ թյուրքական տարրի հետ գործարքի մեջ մտան: Թե չէ ինչ է նշանակում՝ միայն Հունգարիայի վարչապետն է մեղավոր:
Փոխարենը վարչապետը հստակ է արտահայտվել՝ կառավարության անդամները տեղյակ էին, տվել են իրենց կարծիքը եւ ավելին՝ իրենք լավ էլ կանխատեսում էին Հայաստանի արձագանքը՝ ընդհուպ իրենց հետ հարաբերությունների կասեցումը:
Հունգարական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին Օրբանին անվանել է «բարոյապես սնանկ»:
Թեեւ այս բնութագրումը, մեղմ ասած, տեղին չէ: Քանզի կանխատեսել Հայաստանի արձագանքը ու անել ոչ բարեկամական քայլ, կնշանակի թյուրքին ձեռք մեկնելու պատրաստակամություն ունենալ ու մի առանձնակի հաճույքով դա անել:
Արյու՛նն է քաշել:
Սա՛ է ճշմարտությունը:
Արդի քաղաքական լեզվով դա նշանակում է հետեւյալը. Հունգարիան Արժույթի միջազգային հիմնադրամից փող է մուրացել ու մերժվել է: Ադրբեջանն է խոստացել նետել ողորմությունը: Եվ տնտեսական խնդիրը Հունգարիան լուծել է քաղաքական շահի սպասարկմամբ: Արդի դիվանագիտական լեզվով դա նշանակում է՝ Հունգարիան խաբվել է Ադրբեջանի կողմից:
Դիվանագիտական եզրույթից դուրս իրավիճակը սա է: Չի խաբվել, այլապես իրեն արդարացնող միջազգային նորմեր չէր փնտրի, այլ, ի պատասխան, Ադրբեջանին կպատժեր նրանով, ինչից Բաքուն այդքան վախենում է. կճանաչեր Արցախի անկախությունը:
Չի՛ անի:
Որովհետեւ չի՛ խաբվել:
Որովհետեւ կզրկվի ողորմությունից:
Որովհետեւ այդ պետությունը իրեն պահեց իսկական ընկեցիկի պես, որ չգնահատեց նույնիսկ ժամանակին իր ազատագրության համար թափված հայկական արյունը:
Սա՛ է ճշմարտությունը:
Անաղուհաց ընկեցիկի ճշմարտությունը:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
«Լուսանցք» թիվ 28 (249), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



