Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին կետով ու 123-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 35-րդ կետն ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը եւ ֆինանսների նախարարի գրությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի պաշտոնից:
Ի դեպ, Հակոբ Բեգլարյանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Սրանով կամ Գագիկ Բեգլարյանի դիրքերն են թուլանում կամ…
Մինչ այս հրամանը ներկայացնենք դրանից ժամեր առաջ կառավարության նիստում վարչապետի եւ ֆինանսների նախարարի խոսակցությունից մի հատված:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ եւս խնդիրներ կան, եւ մենք ամեն ինչ կանենք դրանք արագ լուծելու համար, այլ այստեղ
իրականում խնդիրը վարչարարության շուրջ ձեւավորված նորմերի հետ է, որտեղ ներդրվել է այնպիսի համակարգ, որն ունի իր բացասական հետեւանքները: Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետեւ կարող են չկատարվել:
Վարչապետ Տիգրան Սարգսյան – Կոնկրետ ի՞նչ եք առաջարկում:
Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության եւ թերացումների հետ:
Տիգրան Սարգսյան – Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը:
Վաչե Գաբրիելյան – Ղեկավարիների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, որոնք դրա հետ կապ ունեն:
Տիգրան Սարգսյան – Պարոն Գաբրիելյան, այսօր ներկայացրեք միջնորդությունը եւ պարոն Սարգսյան (կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին է դիմում,- հեղ.), պատրաստեք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր եւեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ:
… Հիմա սպասենք տեսնելու՝ թուլանալու՞ են Գագիկ Բեգլարյանի դիրքերը, թե՞ որոշ ժամանակ անց ավելի են ուժեղանալու, երբ նրա եղբայրը, իր իսկ օրինակով, նշանակվի ավելի լավ աշխատանքի:
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տվեց երկրի նախագահի արարողակարգի ծառայության աշխատակցին առեւանգելուց ու ծեծելուց հետո: Եվ երբ բոլորը մտածում էին, որ «չորնի Գագոն» արդեն վերջացած է, նա նշանակվեց տրանսպորտի եւ կապի նախարար, մի ոլորտ, որ մեծապես պատասխանատու է տնտեսական զարգացումների համար:
Այնպես որ, հնարավոր է երկրի ղեկավարի մի քանի օր առաջվա սառը ցնցուղից հետո այս կարգի պաշտոնանկություններ լինեն, բայց հետո՝ նույն մարդկանց ավելի լավ պաշտոնների նշանակեն:
Այսպիսի՛ն է մեր երկրում կադրային քաղաքականությունը (ինչին առանձին թեմայով դեռ կանդրադառնանք): Թե չէ ի՜նչ է, Գագիկ Բեգլարյանի եղբորը հանկա՞րծ հայտնաբերեցին…
Անի Մարության
Ատոմակայանը չի աշխատի 88 օր
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը. այս մասին հայտնել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:
ՀԱԷԿ-ը կանգնեցվել է ամենամյա պլանային վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման եւ վերալիցքավորման նպատակով:
Պլանային վերանորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 11-ը: Սա նշանակում է, որ ատոմակայնը կանգ է առնելու 88 օրով: Ամենամյա պլանային նորոգումները տեւում են սովորաբար 40 օր, կապիտալ նորոգումները՝ 65 օր (4 տարին մեկ անգամ): Եթե անհրաժեշտ են լինում նաեւ հավելյալ աշխատանքներ, ապա ԱԷԿ-ը կանգնեցվում է ավելի երկար ժամկետով, ինչպես տվյալ դեպքում:
Սրանից օգտվելով Թուրքիան եւ մեր երկրում գործող ու դրսից ֆինանսավորվող որոշ հ/կ-ներ սկսել են աղմկել ՀԱԷԿ-ի վտանգների մասին: Թուրքիան զայրացած է, որովհետեւ ԱԷՄԳ-ն (ՄԱԳԱՏԵ-ն է սա (անգլերեն հապավմամբ) չի արձագանքում՝ հասկանալի պատճառներով. սա մասնագիտական կառույց է (գոնե ցայսօր) եւ քաղաքական խաղերի փոխարեն հոգում է ընդհանրապես աշխարհում ԱԷԿ-ների անվտանգության մասին:
Ինչեւէ, մեզ ՀԱԷԿ-ի հավելյալ վերանորոգումը անհրաժեշտ է, քանզի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացված է այլեւս:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 29 (250), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



