Վարչապետի պատասխանը «քաղաքական սպեկուլյանտներին» (՞…, ՛…, ՞…)
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ՝ կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ: Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ («Ունիվերսամ Ավան» ՍՊԸ, «Սամ Սեր գրուպ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ, «Պարգեւ» ՍՊԸ,-խմբ.) որեւիցե առնչություն ես բացարձակապես չունեմ՝ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետեւում, ինձ հետ կապված չկան: Թե այս 5 ընկերություններն ում են պատկանում, երեւում է պարոն Բախչագուլյանի թվարկած ձեռնարկությունների անուններից, որոնք հայտնի են մեր երկրում: Առաջարկում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի բոլորն իմանան, թե ով է Հնդկաստանից Հայաստան միս ներմուծում, ինչ ծավալների: Ամեն դեպքում մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք, որ պատշաճ ձեւով այդ ընկերություններն իրենց պարտականությունները պետության նկատմամբ կատարեն, մսի խնդրում չլինի որակական որեւիցե պրոբլեմ եւ կստուգենք, որ դրանք իրենց հարկային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարեն»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը այն բանից հետո, երբ նախապես գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին խնդրել էր ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը մեր երկրում՝ «հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ»:
«Դրա դեմ պայքարելու լավագույն ձեւն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է»,-ասաց գործադիր իշխանության ղեկավարը:
Կհավատա՞ հանրությունը, թե՞ ոչ, հանրությունը կորոշի: Բայց կարեւորագույն այս հարցին (վարչապետի հնարավոր կապին գոմեշի մսի ներկրման հետ) ուզում եմ մեկ այլ հարց էլ գցել «քաղաքական սպեկուլյանտներին», որպեսզի դրանով էլ զբաղվեն: Ինչու՞ են այդ քաղաքականները միշտ խոսում այն ժամանակ, երբ ձիուց հայտնվում են քուռակի թամբին: Ինչու՞ չեն խոսում այն ժամանակ, երբ ձիու վրա են: Ինչու՞, օրինակ, երբեւէ չեն ասում թե՝ ա՛յ, հանրություն, բա գիտե՞ս, որ այս ու այն …-ն եմ ուտում, որովհետեւ քո փողերի հաշվին հարստացել եմ ու հիմա էլ քո իսկ փողերի ամենաչնչին մասը քեզ եմ վերադարձնում, բայց դու, ինձնից ավելի չնչին լինելով, ինձ իբրեւ բարեգործի ես ընդունում:
Անի Մարության
* * *
Ի պատասխա՞ն
ՀՀ-ում գործող խաղատների ներկայացուցիչների խորհրդակցություն է հրավիրվել Տիգրան Սարգսյանի մոտ, որպեսզի խոսեն առկա խնդիրների մասին: Անհանգստություն կա, թե «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի փոփոխության արդյունքում ստիպված են լինելու հաջորդ տարեսկզբին տեղափոխվել Ջերմուկ կամ Ծաղկաձոր, իսկ Երեւանի շրջակայքում ստեղծվելու է մենաշնորհային վիճակ, եթե Երեւանում ավելի քան 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի:
Վարչապետը լսել է բոլորին եւ նշել, որ փաստարկները ճիշտ են, հանձնարարել է հետաձգել օրենքի կիրառումը 1 տարով, որպեսզի մշակվեն ճիշտ մոտեցումներ: Խաղատների տերերը գոհ են հեռացել կառավարությունից: Բայց ոչ բոլորը: Թեեւ խորհրդակցությունում անուններ չեն նշվել, ակնհայտ է, որ խաղատները վտանգ են տեսնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկայնին պատկանող նոր համալիրի մասով, որը Երեւան-Սեւան մայրուղու վրա է: Ուստի՝ խորհրդակցությունը կարելի է համարել նաեւ վարչապետի պատասխանը ԲՀԿ-ին՝ իր հասցեին հնչող քննադատությունների համար:
Օսկանյանը մեղադրվու՞մ է
Լուրեր կան, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում կքննարկի իր միջնորդությունը՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Կարծիք կա, որ սա առաջին փուլն է, նախկին ԱԳ նախարար Օսկանյանը դեռ չի ձերբակալվի, այլ որպես ձեռնմխելի անհատ կհարցաքննվի ԱԱԾ-ում եւ այլուր, բայց կմնա որպես պատգամավոր: Հետո, իբր եթե չհամագործակցի իշխանության հետ, կզրկվի նաեւ պատգամավորական մանդատից, եւ քրգործն ավելի խորքային կընթանա:
Հետաքրքիր է, որ Օսկանյանին այս մասին ոչինչ հայտնի չէ, ԱԺ պատգամավորները եւս տեղյակ չեն դատախազության ծրագրերից, անգամ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն է հայտնել, թե նման տեղեկության չի տիրապետում: Իսկ մամուլը շարունակում է գրել: Սա նշանակում է՝ կա՛մ գլխավոր դատախազությունն է այս տեսակետը զլմ-ներին «փոխանցել» եւ հնարավոր իրավիճակներն է վերստուգում, կամ պարզապես ԲՀԿ-ին հիշեցնում է, թե այս գործով դեռ «թեմա» կա զրուցելու… Եվ այլ «թեմաներ» եւս ի հայտ եկան ՏԻՄ ընտրությունների ընթացքում, որոնք կգումարվեն մեկ այլ «թեմաների»՝ առաջիկա նախագահի ընտրության շեմին:
Դեռեւս Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու իրավական որեւէ գործընթաց սկսված չէ, ինչը վկայել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ավետիսյանը վերադառնու՞մ է
ՀՀ նախագահի վերջին ելույթը կառավարության խորհրդակցության ժամանակ ներքին լարումներ է առաջացրել իշխանական վերնախավի պաշտոնյաների շրջանում, նաեւ սպասումներ՝ մարդկանց մոտ:
Սերժ Սարգսյանը հատկապես նշեց «ատկատների», «մեծ շնաձկների» հայտնաբերման եւ պետական համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու մասին: Բայց դեռ միայն սպասումներ են ու դիտարկումներ:
Իսկ այն լուրը, թե կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը դառնալու է հանրապետությունում իրականացվող շինարարության թիվ մեկ պատասխանատուն, սպասումներին ավելացրեց վտանգավոր կասկածներ:
Ժամանակին այս պաշտոնյայի անվան հետ էին կապվում կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր, ինչը թարմ է մարդկանց հիշողության մեջ:
Հետաքրքիր է նաեւ, որ վերջինիս հայրը եւս հանրությանը հայտնի դարձավ, սակայն այլ բնագավառում: Երբ որդին աշխատանքից ազատվեց, նա պարբերաբար զանգում եւ «զգուշացնում» էր, որ պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ կա տեղադրված: Այսպիսով էլ վրեժ էր լուծում որդուն աշխատանքից ազատելու համար, սակայն իրավապահներն ի վերջո նրան հայտնաբերեցին:
Հ.Գ. – Լեզվի տեսչությունն այս օրերին շնչակտուր փորձում է հայտնաբերել «ատկատ»-ի հայերեն համարժեքը:
Գոհար Վանեսյան
* * *
Բոլորի՞ գործերը կվերանայվեն
ՀՀ նախագահի հայտնի ելույթից հետո վերանայվում են նաեւ կառավարության անդամների աշխատանքները: Իրավապահ մարմինները քննում են մի քրգործ, որով առնվազն որպես վկաներ առաջիկայում պետք է հարցաքննվեն առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն ու քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը, ովքեր ԲՀԿ ներկայացուցիչներն են: Սպասենք՝ գուցե այլ՝ նախկին ու ներկա կոալիցիաների ներկայացուցիչների գործերն էլ վերանայվեն, կլինեն ՀՅԴ-ական, թե ՕԵԿ-ական, կամ ԲՀԿ-ական ու, ինչու ոչ, ՀՀԿ-ական:
Քաղշին նախկին նախարարը հայտնել է, որ թերություններ, բացթողումներ բոլորի աշխատանքում էլ լինում են, բայց չի կարծում, թե լուրջ բան լինի, որ քրգործ հարուցվի. «Նյութերը հանձնել եմ, թող նայեն: Ինչ ասեմ, ես վախենալու բան չունեմ, բոլորովին»: Քաղաքական ենթատեքստի մասին դեռ կարծիքներ չեն հայտնել նախկին նախարարները:
Իսկ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր -Ադամյանի նախագահությամբ քննվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Նիստին ներկա է լինում «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը, իսկ Վարդան Օսկանյանը առայժմ քիչ հեռվից է հետեւում այս ամենին՝ ԱԺ նիստերի դահլիճից, որտեղից նրան ցանկանում են մանդատազրկել:
Կարեն Բալյան
* * *
Մշտական անդամատոմս կա՞ վերնախավում
ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակվելը միանշանակ չի ընկալվել: Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը ընդդիմադիր «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին հրապարակավ «դատարկ դհոլ» անվանեց եւ հետո այդ կուսակցապետը սկսեց աշխատել գործող նախագահի հետ, եւ անգամ ՀՀԿ ցուցակով դարձավ պատգամավոր, շատերն էին կարծում, որ սա վերջն է… Սակայն վերջը նոր է սկսվում եւ գուցե սրանով էլ չավարտվի:
Նախկին «մշտական» պատգամավոր Դալլաքյանի մասին արտահայտվել է նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը. «Սերժ Սարգսյանը կիրովականցոց թոշակները մսխում է Մոնտե Կառլոյի կազինոներում… Ժանամակին այսպես էր հայտարարում իրեն անկախ հռչակած Վիկտոր Դալլաքյանը, ով հիմա որպես վերջին ռեսուրս տարվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմ: Դրա տեսագրությունն էլ կա, որ ժամանակին կիրովականցոց դեմ թոշակառուներին բացատրում էր, թե ինչպես է նախագահը կրվել է իրեց թոշակները կազինոներում»: «Նման վարկաբեկված մարդիկ, ինչպիսին այս պարոնն է՝ Դալլաքյանը, Գեղամյանը եւ այլոք, դառնում են վերջին ռեսուրսը, վերջին ռեզերվը… ռեժիմը չունենալով ներքին ռեսուրս՝ կարծում է, թե նման վարկաբեկված մարդիկ կօգնեն, որ իրենք դիմակայեն առկա մարտահրավերներին»,- հավելել է Խզմալյանը: Կարծիք կա նաեւ, որ նման մարդիկ (Վ. Դալլաքյան, Ա. Գեղամյան), պատրաստ են 30 արծաթով ծախել իրենց սկզբունքը, գաղափարը՝ ծառայելով իրենց հին ու նոր տերերին ու այնքան ժամանակ, մինչեւ ավելի մեծ գումար առաջարկեն ավելի հարուստ տերերը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



