Այժմ հայերիս՝ Արցախը պահելու կամքն են տնտղում

«ԱՄՆ-ն բավարարված չէ Բաքվի ու Բուդապեշտի՝ «Սաֆարովի գործին» վերաբերող բացատրություններից»,- հայտարարել է ԱՄՆ-ի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Սա նշվել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի «ԱՄՆ-Կենտրոնական Եվրոպա ռազմավարության ֆորում»-ի շրջանակներում:

«Վաշինգտոնը շարունակում է մտահոգություն ու հիասթափություն արտահայտել Բուդապեշտին՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու առիթով,- նշել է Գորդոնը՝ հավելելով,- նույն «մեսիջն» է հղվել նաեւ Ադրբեջանի իշխանություններին, որոնք ներում են շնորհել Սաֆարովին ու հերոսի կոչում շնորհել»:

Ըստ պետքարտուղարի տեղակալի, ԱՄՆ-ում ցնցված են այն մարդու մեծարումից, ով դատապարտված է եղել սպանության համար, իսկ «Սաֆարովի գործը համարվել է սադրանք տարածաշրջանում»: ԱՄՆ-ից բացի, ԵՄ-ն, ԵԽ-ն, ԵԱՀԿ ՄԽ-ն, Ռուսաստանը եւ Հունգարիան եւս իրենց մտահոգությունն են արտահայտել մարդասպանի ներման եւ աջակցման կապակցությամբ:

Սակայն, ամերիկացիների «ցնցված» լինելը կամ եվրոպացիների ու ռուսների «ցասումները» եւ հունգարացիների «զղջումը» դեռեւս որեւէ առաջխաղացում, նույնիսկ ինչ-որ փոքրիկ արդյունք չեն արձանագրել:

Իսկ Հայաստանը սպասողական վիճակում է, չնայած բոլոր հնարավոր միջազգային ատյաններում խիստ քննադատություն ու ահազանգեր հնչեցվել են: Բայց գործնականում, ինչպես Արցախի անկախության ճանաչումը կլիներ, առաջխաղացում չկա: Ադրբեջանն էլ իր «հաղթանակի» վայելքների մեջ է՝ անպատժելիության վստահությունն ունենալով…

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) մտադիր է մարդասպանի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան եւ Հաագայի միջազգային դատարան: Այս պահին իրավաբանության ոլորտում աշխատում է փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը: Այն թերեւս մի քանի ամսից պատրաստ լինի, եւ հունգարա-ադրբեջանական այս գործարքը կհանձնվի դատարան:
ԵՀՄՖ-ն հունգարական կառավարությունից սպասում է ներողության հայցում եւ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում:

«ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու ու կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը,- ընդգծել է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը,- բավարար կլինի, եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել եւ այն շտկեն, որպեսզի Հունգարիան «մաքրվի»:

Հունգարիայի հայ համայնքն էլ մեղադրանք է հարուցում կացինով սպանողին արտահանձնողների դեմ. «Որոշել ենք գործ հարուցել, փաստեր ենք հավաքում եւ շուտով կկատարենք համապատասխան քայլերը»,- հունգարական զլմ-նե- րին հայտնել է Հունգարիայի հայկական համայնքի նախագահ Սեւան Սերկիսյանը: Գործում կներառեն նաեւ կաշառակերությունը եւ պաշտոնական դիրքի չարաշահումը: Փաստաթուղթը կպարունակի նաեւ այն, որ Հունգարիայի կառավարությունը խախտել է ստրասբուրգյան կոնվենցիան՝ չուսումնասիրելով այն կարեւոր հանգամանքը, որ կացինով սպանողին Ադրբեջանում կհռչակեն ազգային հերոս:

«Դպրոցներ, փողոցներ էին անվանել նրա անունով: 2006թ. տարվա մարդ էր նա հռչակվել: Նրա ծնողներին պարգեւատրում էին»,- մամուլին հայտնել է հայկական համայնքի նախագահը՝ բացատրելով, որ միանշանակ կանխատեսելի էր դեպքի նման զարգացումը: Ըստ նրա, կառավարության մի քանի անդամները այս որոշմամբ նաեւ Հունգարիայի դատարանի պատիվն են գցել:

Այս երկրի փոխվարչապետ, ադմինիստրացիայի եւ արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչը, ով ստորագրել էր Հունգարիայի դատարանի կողմից 30 տարի առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը, արձագանքել է

Սեւան Սերկիսյանի հայտարարությանը՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով. «Այն, որ գործընթացքը օրինականական էր, ոչ ոք չի կասկածում, այս խնդրի վերաբերյալ իմ խիղճը մաքուր է»:

Այնպես որ, Հայաստանն ու աշխարհասփյուռ հայկական համայնքները սպասելու կամ արեւմտյան, թե հունգարական կողմերի հետ բանակցելու խնդիր չունեն: Հունգարիան գործել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բացահայտ թողտվությամբ, եւ սրանով ստուգում են ոչ միայն հայերիս զգոնությունը, այլեւ մեր զիջելու կամ չզիջելու պատրաստակամությունը: Այս հարցը միանշանակ շաղկապված է Արցախի խնդրին:

Եվ միակ հաղթական արդյունքը Արցախի անկախության ճանաչումն է Հայաստանի կողմից (կամ այլ երկրների կողմից):

Եթե սրան ընդդիմանան Արեւմուտքի տերերը, ապա առանց վարանելու պետք է հաջորդի մյուս հաղթական արդյունքը՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման վերահաստատումը:

Ինչու՞ համահայկականությունը չի կարող դառնալ ռազմա-քաղաքական երեւույթ, դաշինք, քաղաքականություն, եթե համաթրքականությունը վաղուց գործում է միջազգային ասպարեզում եւ շարունակում է գործել հատկապես հայության եւ Հայաստանի դեմ:

Ինչպես հայ արիներն են հայտարարել՝ համահայկականությունը (աշխարհասփյուռ հայության համար) պետք է ծառայի մեր ներազգային խնդիրներին, իսկ համաարիականությունը՝ մեր արտաքին (նաեւ՝ բնածին ազգերի ու բնական հայրենիք ունեցողների համար), ինչի նախադրյալներն այսօր էլ կան եւ՛ տարածաշրջանում եւ՛ աշխարհում առհասարակ:

Հայկ Թորգոմյան

* * *

Մարդաորս՝ «եղբայրական» սահմանին

Ադրբեջանի պետական սահամանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել էին Վրաստանի 6 քաղաքացիների, որոնցից 3-ն ազգությամբ հայեր էին: Հայտնի է, որ Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են «փչովի ռետին» նավակով եւ մետաղյա նավակով Ադրբեջանի պետական սահմանը խախտելու համար»: Վրաստանի քաղաքացիներ Զ. Խիխիտիաշվիլին, Ն. Գոգիլաձեն, Վ. Զաբիեւը, Է. Արզումանյանը, Ս. Լեւանյանը եւ Մ. Սարգսյանը ձերբակալվել են վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Ջանդարի լճի (ջրամբարի) վրա: Տեղեկացնենք, որ այդ լիճը (ադրբեջանական տարբերակով Ջանդարգյոլ) հայկական պետական սահմանից մոտ 15 կմ հեռավորությամբ է: Լիճը եւ նրա հարեւանությամբ գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրը ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած վարչական սահմանով բաժանված է Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ: 2 կմ երկարությամբ եւ 1,5 կմ լայնությամբ լիճը գրեթե սիմետրիկ բաժանված է: Պետական սահմանի հարցում երկրների տարաձայնությունները հիմնականում կապված են այս հատվածի հետ. Վրաստանը ցանկություն ունի փոխանակել այս տարածքը մեկ այլ տարածքի հետ, քանի որ այն ունի մշակութային եւ պատմական նշանակություն Վրաստանի համար, իսկ Բաքուն հրաժարվում է փոխանակել այն՝ տարածքի բարձունքների կարեւոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է գործադրել նաեւ Հայաստանի դեմ: Տարածքային այս վեճն է պատճառը, որ Վրաստանն ու Ադրբեջանը մինչ օրս չեն զատել պետական սահմանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո վրաց-ադրբեջանական սահմանի այս հատվածը միշտ էլ եղել է երկկողմ պետական ռեկետի օջախ, սահմանապահները գերեվարել են որսագողերին եւ կաշառքի դիմաց բաց թողել: Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը չի հրաժարվել նաեւ զուտ մարդաորսից կաշառք ստանալու մտադրությունից:

Գերեվարված հայերն արդեն ազատ են արձակվել եւ իրենց տանն են. այս մասին տեղեկացրեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնք իրենց հերթին աշխատանքներ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեսպանը նշեց, որ Ադրբեջանում հսկողության տակ գտնվելու ընթացքում բռնության կիրառման կամ բացասական վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ չեն եղել:

Նշված անձանց նկատմամբ չկա նաեւ որսագողությամբ զբաղվելու մեղադրանք: Իսկ աղմուկը հաստատ խանգարել է կաշառք ուզելու գործին…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.