Սեպտեմբերի վերջերին Տոկիոյում ընթացող «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների եւ այցելուների շրջանում: Սա ադրբեջանական ստերի տարածման անթույլատրելի ձեւ է, որ կիրառվում է տարբեր միջոցառումների ժամանակ:
Բայց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական սադրանքը, ինչին ճապոնական կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, եւ ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:
Հիշեցնենք, որ օրերս Փարիզում «Top Resa» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները, քանի որ ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս բարբարոսությանը՝ տաղավարը վերականգնվել էր, իսկ հայկական քարտեզները եւ գովազդային նյութերը հասանելի էին դարձել միջազգային հանրությանը:
Գոհար Վանեսյան
* * *
Թուրքերը Հայաստան չեն կարող մտնել
«Ապավեն» ընկերության սեփականտեր Արսեն Ղազարյանը «Ա1+»-ին հայտնել է, որ բեռնափոխադրման խնդիրը կարգավորվել է: Շուրջ տասնօրյա ընդմիջումից հետո բեռները Թուրքիայից Հայաստան կհասնեն:
Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը հայտնել է, որ բեռնափոխադրման դադարի պատճառը վրացական կողմի՝ բեռնափոխադրումների ռեժիմը փոխելու որոշումն էր: Այսուհետ թուրքական ընկերությունները բեռները հասցնելու են մինչեւ վրացական սահման:
Վրաստան-Հայաստան ճանապարհահատվածում փոխադրումը պետք է կատարի վրացական ընկերությունը:
Կարծում ենք, այսպիսի որոշումը պետք է հայկական կողմը նախաձեռներ, բայց լավ է, որ Վրաստանն արդեն որոշել է:
Հայաստանը պետք է այլեւս զգուշություն ցուցաբերի եւ թուրքերի ելումուտը արգելափակի, քանզի Ադրբեջանում նախատեսում են Թուրքիայի հետ համատեղ զինված միավորումներ ստեղծել եւ համատեղ ծրագրեր իրականացնել:
Նման առաջարկ արվել է Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նիստում, ինչը արդեն քննարկման նյութ է դարձել Բաքվում եւ Անկարայում:
Իսկ հերթական համաթրքական հարցով համաձայնության գալն ու երկկողմանի որոշում կայացնելը հաստատ չի ուշանա:
Նարե Մշեցյան
* * *
Հայերը Ադրբեջան չեն գնա
Բաքվում նոյեմբերին կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցի: Համաժողովի հիմնադիր նախագահ Խոսե դե Վենեցիա կրտսերին եւ գլխավոր քարտուղարին ուղղված պատասխան նամակում նա հիմնավորում է մերժումը՝ նշելով, որ մի երկրում, որտեղ վերջերս ազատ է արձակվել, սրբացվել մարդասպան Ռամիլ Սաֆարովը, իր ղեկավարած կուսակցությունը չի կարող միանալ եւ չի մասնակցի այդտեղ կայանալիք վեհաժողովին:
«Կամբոջայում կայացած արդյունավետ հանդիպումից հետո հաճելի էր ստանալ ԱՔԿՄՀ-ի հաջորդ հավաքին մասնակցելու հրավերը: Համոզված եմ՝ տեղյակ եք, որ հյուրընկալող երկրի նախագահը նորերս վերահաստատեց ռասիզմի, իրավունքների ոտնահարման եւ հակահայկական կեցվածքի իր վաղեմի համբավն ու հետագիծը՝ ներում շնորհելով եւ պանծացնելով ադրբեջանցի այն սպային, ով Բուդապեշտում դատապարտվել էր կացնով սառնարյուն կերպով իր հայ գործընկերոջը սպանելու համար: Այսօր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան: Չեմ քաղաքականացնի այս նամակը՝ մանրամասնելով Ալիեւյան վարչակարգում տիրող մարդու իրավունքների հակապատկերը, վերջինիս կողմից հայ մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպեսեւ նրա տապալված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի… Բավական է նկատի ունենալ միայն այն հանգամանքը, որ վերջերս ազատ է արձակվել եւ սրբացվել կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովը… Սա անխուսափելիորեն կստվերի հյուրընկալող կառավարությանը»…
Արտակ Հայոցյան
* * *
Անկարան համաթրքական ՄԱԿ է ուզու՞մ
Թուրքերը միշտ կարողանում են զարմացնել: Այն փաստը, որ իրենք քոչվորների ժառանգներ լինելով եկել ու զավթել են հայերի հայրենիքը ու ցեղասպանելով բնիկներին պետություն են սարքել, չեն կարողանում ոչ մի կերպ հասկանալ, բայց արաբների եւ այլոց մասին սկսել են հոգ տանել…
Նախ փորձեցին պաղեստինցիներին «փրկել» իսրայելցիներից եւ մի նավակ թուրք զոհաբերեցին այդ նպատակով, հիմա էլ սիրիացի արաբներին փորձում են «փրկել» սիրիացի արաբներից… Ավելի պարզ՝ ընդդիմությանը՝ իշխանությունից: Իսկ մինչ այս՝ քրդերին էին (եւ՝ են) կոտորում, որպեսզի նրանք Իրանի, Սիրիայի եւ Իրաքի տարածքներում պետություն չստեղծեն, հարեւանների մասին շա՜տ են մտածում: Դե, մի քիչ էլ Թուրքիայի համար են դա անում: Դրա համար էլ թուրքական զորքերը Իրաք են մտնում երբեմն, եւ ցանկություն ունեն Սիրիա ու Իրան եւս մտնելու:
«Մարդկանց կյանքերը չպետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների քննարկման առարկա դարձնել»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Ահմեթ Դավութօղլուն: Նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսին, որում էլ անդրադարձել է Սիրիայի խնդրին եւ այս հարցում քննադատել ՄԱԿ-ին՝ ասելով, եթե խաղաղություն լինի, ՄԱԿ-ը անելիք չունի…
Կարեն Բալյան
* * *
Ահմադինեջադի հրեամետ «բաշիքյարթման»
Ըստ «The Telegraph»-ի, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով հայտնի է իր հակահրեական ռազմաշունչ հայտարարություններով, ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում բավականին զարմանալի մի միտք է արտահայտել: Լրագրողի այն հարցին, թե ինչ զգացողություն կունենա նախագահը, եթե իր զավակներից մեկը սիրահարվի ծագումով հրեայի, Ահմադինեջադը պատասխանել է. «Ես որեւէ խնդիր չեմ տեսնում այս հարցում, եւ դեմ չեմ լինի զավակներիցս մեկի՝ հրեայի հետ ամուսնությանը: Բայց նախքան համաձայնություն տալը, պետք է տեսնեմ այդ հրեա տղամարդուն կամ կնոջը»:
Չմեկնաբանելով ԻԻՀ նախագահի այս խոսքը, պարզապես հիշեցնենք, որ կարճ ժամանակ առաջ նա հայտարարել էր, թե «Իսրայելը որպես պետություն՝ պետք է ջնջել երկրի երեսից»: Եվ հիմա՝ կամ նախագահ Ահմադինեջադը դեմ չէ հրեա փեսա կամ հարս ունենալուն, որպեսզի հրեաները Իսրայելի ոչնչացումից հետո տեղ ունենան բնակվելու, կամ… մնում է նրան հավատալ ու էլի զարմանալ:
«Մեր երկրում շատ կան հրեաներ, որոնց հետ մենք շատ մտերիմ ենք: Պատահում է նաեւ այնպես, որ մուսուլմաններն ամուսնանում են հրեաների կամ քրիստոնյաների հետ: Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- հավելել է Իրանի նախագահը եւ շեշտել, որ իր երկիրը ռմբակոծելու կամ Իրանի դեմ պատերազմ սկսելու Իսրայելի հնչեցրած սպառնալիքները «լուրջ չի ընդունում»:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



