Պատիժն անկասելի է, քանզի պարբերական Տիեզերափուլ է

Բազմիցս նշել ենք՝ երբ տեր չենք լինում մեր պատմական արժեքներին, հայրենիքին ու հավատին եւ ամեն հայկական բանի, ապա օտարներն են տեր կանգնում, անգամ «որդեգրվում» մեր նախնիներին… Աստվածներին……

Օրերս համացանցում մի լուր տեղադրվեց (տեսաժապավենը՝ եւս), որ Թուրքիայում մի զույգ ամուսնացել է հայ հեթանոսական սրբավայրում (http://news.am/arm/news/121813.html):

Համացանցում նշվել է. «Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Նեմրութ լեռան վրա գտնվող հայ հեթանոսական Աստվածների հուշարձանախմբի մոտ ամուսնության գրանցում է տեղի ունեցել: Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ Ադըյամանի նահանգի բնակիչներ՝ լրագրող Ֆերիթ Բինզեթը եւ մոդելավորող Մեհթափ Բոստանջըի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի 8-րդ հրաշալիք ընդունված Նեմրութ լեռան վրա գտնվող հուշարձանախմբի մոտ: Ամուսնությունը գրանցել է Ադըյամանի քաղաքապետ Նաջիփ Բույուքասլանը՝ շեշտելով, թե մեծ երջանկություն է զգում՝ արեւելքի եւ արեւմուտքի թագավորությունների հատման կետում ամուսնություն գրանցելու համար:

Նշենք, որ հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի կամ Կամախի արքա Անտիոքոս 1-ինը, ով Քրիստոսից առաջ 70թ. Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագարդրվել էր Տիգրանյան թագով, 2150 մ բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր դամբարանն էր կառուցել, շրջակայքում տեղադրել հեթանոսական Աստվածների եւ իր արձանը: Նեմրութի գագաթին է գտնվում նաեւ Անտիոքոսի դամբարանը»:

Հայ Աստվածների պատիժը դեռ շատերը կզգան, ինչպես հայ արիներն են հայտարարել՝ Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են եւ ամեն բան դառնում է ի շրջանս յուր…

Պատիժն անկասելի է, քանզի Տիեզերական Գարնան պարբերական Տիեզերափուլ է ու հավերժական՝ Բնական Կարգի մեջ… Եվ դրանից չեն խուսափի այն հայերը (եւ նրանց հետեւորդները), ովքեր մասնակցեցին հայոց հավատի եւ արժեքների պղծմանը, ավերեցին ամեն ազգային բան ու եղեռնագործությամբ Հայաստան մտցրին հուդա-քրիստոնեությունը, ինչպեսեւ՝ օտարները, ովքեր 301թ. եկան Հայաստան ու հայերին դրդեցին մեծ ուրացման, իսկ հաջորդիվ եւ այսօր էլ իրենց ներկայությամբ պղծում են հայոց սրբավայրերն ու սրբազան հողը:
Նարե Մշեցյան

* * *
Հայոց սիրո Աստվածուհին ՝ գեղեցկության չափանիշ

«Իմ գեղեցկության չափանիշը հանդիսանում է հայուհին, սիրո եւ գեղեցկության Աստվածուհի Աստղիկի կերպարով»:

Ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «News. am»-ի տված՝ «համաշխարհային հայտնի կանանցից ու՞մ գեղեցկությամբ եք հիանում» հարցին ի պատասխան:

* * *
Նախնյաց հիշատակի տոնը՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտ

Հայ արիներն ու ազգայնականները սեպտեմբերի 23-ին նշել են արդեն ավանդական դարձած Նախնյաց տոնը:

Ինչպես տեղեկանում ենք Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, ՀԱՄ կազմակերպած տոնակատարությանը մասնակցել են նաեւ սփյուռքահայեր ու այլազգի հյուրեր: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Խուստուփ լեռան լանջին, մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կատարել են հայ-արիական (արիադավան-հեթանոսական) ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց եւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

«Այդ օրը հայ արիները հիշում են հայ նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով Արարչատուր եւ Աստվածազարմ Հայ Գենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու շարունակականությունը, որը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայաշխարհները»,- ասված է ՀԱՄ հաղորդագրությունում:

Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ վերջերս երկրային կյանքից հեռացած արցախյան պատերազմի բովով անցած բժիշկ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանին, ով 1980-ականներին մի շարք հայորդիների հետ մասնակցել է Գարեգին Նժդեհի մասունքների Հայաստան տեղափոխման եւ վերաթաղման սրբազան գործին: Հետագայում մասնակցել է նաեւ Նժդեհյան ուխտագնացությունների կազմակերպմանը եւ դրանց գրառմանն ու հրատարակմանը:

Հայ նախնյաց հիշատակի օրվա հետ, որը նշվում է աշնանային գիշերահավասարին, նշվել է նաեւ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը (1991թ. սեպտեմբերի 21-ին հաստատված), որը հայ արիներն ու ազգայնականները տոնել են «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» կարգախոսով:

Հայ արիները վստահ են, որ «Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք հայությունը կհրապարակի եւս մեկ հռչակագիր, որը կազդարարի Հայաստան-Արցախ վերամիավորումը, ինչն էլ հիմք կդառնա Հայկական լեռնաշխարհը եւ հարակից տարածքները ներառող Միացյալ Հայաստանի հետագա՝ ամենաբաղձալի հռչակագրի համար:

Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Հայոց Փառահեղ Նախնյաց: Փա՜ռք Միացյալ Հայքը վերակերտողներին»:

Վահագն Նանյան

* * *

Ցեղակրոնի կյանով՝ ցեղահավատ հայությամբ

Շարժանկար՝ Գարեգին Նժդեհի մասին

Գյումրիում սեպտեմբերի 2-րդ կեսին մեկնարկել է «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական լիամետրաժ կինոնկարի նկարահանումը: Այս գաղափարը հայկական գեղարվեստական ֆիլմերի բնագավառում հայտնի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանինն է, ով հայտնել է, թե հնարավորինս կպատմվի անվանի հայ պետական ու ռազմական գործչի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա հավելել է. «Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն վաղուց կար: Գաղափարը առկա էր մի քանի տարի շարունակ, սակայն չկար անհրաժեշտ ֆինանսավորում, ինչը կարգավորվեց, ու նպատակ կա, որպեսզի ֆիլմի պրեմիերան համընկնի 2013թ. հունվարի 28–ի՝ Հայոց ազգային բանակի կազմավորման օրվա հետ, ինչը, սակայն, նախնական կանխատեսում է»:

Նախաձեռնողները վստահեցնում են, որ յուրաքանչյուր մարդ կբացահայտի իր Նժդեհին: «Ես փորձել եմ սցենարիստի հետ միասին ստեղծել Նժդեհի էկրանային ճիշտ կերպարը, մի մարդու, ով ֆանատիկորեն սիրում է իր հայրենիքը, ում համար հայրենիքից բացի մնացած բաներն անկարեւոր են, այդ ամենի հետ միասին ֆիլմի հերոսը նաեւ խոր փիլիսոփա էր, ինչպես նաեւ սովորական մահկանացու մարդ»,- նշել է ռեժիսորը:

Կինոնկարում գլխավոր հերոսի կյանքը եւ գործունեությունը ներկայացված է լինելու 2 ժամանակահատվածներում: Երիտասարդ տարիքում Նժդեհին կմարմնավորի դերասան Շանթ Հովհաննիսյանը, իսկ ավելի ավագ տարիքում՝ Արտաշես Ալեքսանյանը: ՌԴ ժողովրդական դերասանուհի Չուլպան Խամատովան եւս կնկարահանվի: «Խամատովան ֆիլմում հանդես է գալու Նժդեհի օրինական կնոջ՝ Էփիմեի դերում: Մենք հանդիպեցինք, ներկայացրեցի սցենարը, որին ծանոթանալով նա շատ հավանեց եւ իր համաձայնությունը տվեց նկարահանվելու համար»,- տեղեկացրել է ռեժիսորը:

«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարի նկարահանման ընթացքին մասնակցություն կունենան նաեւ օտարազգի այլ ներկայացուցիչներ, որոնց թվում է գլխավոր նկարիչ, հատուկ էֆեկտների մասնագետ Անդրեյ Նովիկովը:
Նժդեհի ուսմունքը՝ ԳԱԱ պատերից ներս

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է հոդվածների մրցույթ՝ «Գարեգին Նժդեհի ուսմունքը եւ դրա արդիականությունը» թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ: Հոդվածները պետք է լինեն 12 տառաչափով, Arial Armenian տառատեսակով, մինչեւ դեկտեմբերի 1-ը (Մելիք Ադամյան 2 հասցեով տրվեն):

Ինչպես տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, լավագույն 3 հոդվածները կպարգեւատրվեն դրամական պարգեւներով.

1-ին տեղ՝ 100 հազ. դրամ, 2-րդ տեղ՝ 70 հազ. դրամ, 3-րդ տեղ՝ 50 հազ. դրամ:

Կարծում ենք՝ Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն ուսմունքը» պետք է որպես ազգային գաղափարախոսական հենք հայտնվի նաեւ ԳԱԱ պատերից ներս, եւ պաշտպանվի որպես գիտական աշխատություն՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային նշանակության:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։