«Լուսանցք»-ի թիվ 29 (250) համարում տպագրված «Նոր պատվաստում. խաբեությու՞ն, թե՞ անհրաժեշտություն» հոդվածում նշված է՝ Հայաստանում հնդկական դեղեր են ներմուծվել ու համատարած պատվաստումներ իրականացվել գրիպի դեմ: Հայաստանում գրիպի դեմ համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ կատարվում են միայն վարակվելու տեսանկյունից բարձր ռիսկի բնակչության շրջանում՝ այն էլ ոչ համատարած, այլ՝ կամավոր հիմունքներով: Գուցե լրագրողը նկատի ունի 2007թ. կարմրուկի եւ կարմրախտի դեմ զանգվածային պատվաստումները: Այդ դեպքում, հանրությանը պետք է ճիշտ տեղեկատվություն ներկայացնել: Հենց զանգվածային այդ պատվաստումների արդյունքում է երկրի ներկայիս բարվոք համաճարակային իրավիճակը: Մինչդեռ 2010թ. այս երկու հիվանդությունների հարուցիչները՝ վիրուսները, բռնկումներ են առաջացնում ամբողջ աշխարհում, նույնիսկ մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել՝ հասցնելով այդ երկրներին զգալի տնտեսական եւ մարդկային կյանքի կորուստներ: Միաժամանակ տեղին է նշել, որ դեռեւս 2007թ. բնակչությունը վստահեց առողջապահության նախարարությանը եւ դրսեւորեց բարձր գիտակցություն ու կամք՝ ապահովելով կարմրուկի-կարմրախտի դեմ համակցված պատվաստումներում ենթակա ազգաբնակչության մոտ 98%-ի ընդգրկում, իսկ արդյունքը շոշափելի է ներկայումս՝ ՀՀ-ում 2007թ.-ից կարմրուկի եւ կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում, եւ ամենակարեւորը՝ հանարապետությունը զերծ է մնացել 2010թ. կանխատեսվող կարմրուկի եւ կարմրախտի բռնկումից:
Հոդվածում անընդհատ շեշտվում է նոր՝ ռոտավիրուսային պատվաստումների ներդրման անհրաժեշտությունը (՞,-խմբ.): Ռոտավիրուսային պատվաստումները կոչված են կանխարգելելու ծանր ընթացքով փորլուծային հիվանդությունները, որոնք կարող են երեխայի մոտ ծանր ջրազրկման եւ դրանից բխող բարդությունների պատճառ հանդիսանալ: Հոդվածում շատ հանգամանալից ներկայացվել է ռոտավիրուսային վարակի ծանր կլինիկական ընթացքը, որը հեշտությամբ կարող է հասկանալ ոչ բժշկական կրթությամբ մայրիկը: Հետաքրքիր է, կգտնվի՞ մի մայրիկ, ով գիտակցելով «միանգամից տաքության բարձրացում, համարյա անկանգ լուծ ®», նաեւ անզուսպ փսխումներ ախտանշանների լրջությունը, կցանկանա, որ իր երեխան ունենա ծանր ջրազրկում՝ տարբեր օրգան-համակարգերի, հատկապես՝ ուղեղային հյուսվածքի վրա վերջինիս ունեցած հետեւանքներով: Ինչ վերաբերում է Հայաստանի վիճակագրությանը, ապա՝ իրոք մեր հանրապետությունում ռոտավիրուսային վարակները կազմում են մինչեւ 5 տարեկան փորլուծային հիվանդություններով երեխաների ընդհանուր հոսպիտալացումների մոտ 40 տոկոսը, որը համընկնում է միջազգային վիճակագրությանը: Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռոտավիուսային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշ: Ինչու հաշվարկային, քանի որ բոլոր երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաշտոնական գրանցված մահերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին, այլեւ դրանց հետեւանքով առաջացած բարդություններին՝ ջրազրկման արդյունքում հիպովոլեմիկ շոկ, մենիգոէնցեֆալիտ եւ այլն: Այսպիսով, մահերը գրանցվում են որպես մենգիտոէնցեֆալիտ, հիպովոլեմիկ շոկ եւ այլն, այնինչ մահվան հիմնական պատճառը ռոտավիրուսն է: Այսպես՝ ՀՀ-ի համար վերոհիշյալ հաշվարկային ցուցանիշը մինչեւ 5 տարեկան 1000 երեխայի համար կազմում է 0.2, այսինքն մոտ 200 000 մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակի պատճառով երկրում կարող ենք ունենալ տարեկան մոտ 40 մահվան դեպք:
Հոդվածում ներկայացվել է տեղեկատվություն նաեւ պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության վերաբերյալ: Պետք է նշել, որ պատվաստանյութը ներմուծվում է բերանային ճանապարհով, ինչպես պոլիոմիելիտը: Այն բացարձակապես հեշտ է տարվում երեխաների կողմից. հոդվածում նշված թեթեւակի ջերմությունը, փսխումը եւ լուծը կարճատեւ եւ հազվադեպ հանդիպող սպասվող ռեակցիաներ են եւ երեխայի մոտ ծանր կլինիկակական դրսեւորում չեն ստանում: Պատճառը պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող ռոտավիրուսն է, որի ակտիվությունը բավականին թուլացված է: Սա նշանակում է, որ եթե երեխայի օրգանիզմը բնական ճանապարհով վարակվեր ռոտավիրուսով, ապա ծանր կլինիկական ախտանշաններ կզարգանային, մինչդեռ պատվաստման արդյունքում մեծամասամբ դրանք կարող են եւ չլինել, կամ հազվադեպ դեպքերում դրսեւորվեն թեթեւակիորեն: Այլ երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա եւ այլն) պատվաստանյութի կիրառման փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում ռոտավիրուսային պատվաստումների ներդրման հաջորդ տարվանից դիտվում է ռոտավիրուսային վարակով պայմանավորված փորլուծային հիվանդությունների հոսպիտալացումների կրճատում 85-90 տոկոսով, իսկ մահվան դեպքերի կանխում՝ 100 տոկոսով:
Վերոհիշյալ տեղեկատվությունն ինքստինքյան ստիպում է խորհել ու կրկնել նույն հարցը՝ արդյո՞ք կլինինեն մայրեր, որոնք կցանկանան, որ իրենց երեխաները հիվանդանան ու ենթարկվեն դաժան «փորձության», երբ հնարավոր է երեխայի բերանը կաթեցված մեկ դեղաչափ պատվաստանյութով կանխել այդ հիվանդությունը, արդյո՞ք մայրը կարող է երաշխավորել, որ հենց իր երեխան չի տուժի ռոտավիրուսի գրոհից, չէ՞ որ երեխան մեկուսացված չէ արտաքին միջավայրից, իսկ ռոտավիրուսները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ համաձայն հոդվածի՝ «քլորը վարակը չի վերացնում», միեւնույն ժամանակ ռոտավիրուսները բավականին տարածված են արտաքին միջավայրում: Հոդվածում ռոտավիրուսային վարակի կանխարգելման համար շատ լավ խորհուրդ է տրվում՝ «հաճախ լվանալ ձեռքերը, լավ լվանալ միրգը, բանջարեղենը®»: Պետք է վերջինիս ավելացնել նաեւ, որ ռոտավիրուսային վարակիչ հիվանդությունների տարածվածությունն արդյունաբերական զարգացած եւ լավ սանիտարահիգիենիկ պայմաններ ունեցող երկրներում, եւ զարգացող երկրներում գրեթե նույնն է: Միայն սանիտարահիգիենիկ պայմաննների բարելավումը եւ ձեռքերի հիգիենան բավարար չեն ռոտավիրուսային հիվանդությունը կանխարգելեու համար: Այս տեսանկյունից լիարժեք արդյունավետություն է ապահովում միայն պատվաստումը:
Հարկ է նշել, որ թեպետ ռոտավիրուսային վարակը փոխանցվում է բերանային ճանապարհով՝ կեղտոտ ձեռքերի, խաղալիքների, կենցաղային իրերի, ջրի եւ սննդամթերքի միջոցով, հիվանդության եւ վիրուսի անվանումը բոլորովին կապ չունի բերանի հետ, ինչպես հոդվածում է նշվել՝ «ՐՏՑ-Ո-ՉՌՐցր» (հարկ է տարբերել լրագրողի ասածը ռուսական մասնագիտական կայքերից մեջբերածից,-խմբ.): Ռոտա անվանումը պարզապես հարուցչի տեսքի հետ է կապված, այն նման է անիվի եւ լատիներենից՝ «rota» թարգմանաբար նշանակում է հենց անիվ:
Կրծքով սնուցումը, ինչ խոսք ռոտավիրուսային վարակի կանխարգելման մեկ այլ պայման է: Սակայն, մեր հանրապետոթյունում իսկ կատարված մոնիթորինգի արդյունքում պարզ է դառնում, որ մինչեւ 6 ամսական բացառապես կրծքով սնվող երեխաները եւս հիվանդանում են, այն էլ՝ բավականին ծանր ընթացքով: Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների մոտ ռոտավիրուսային հակամարմինները, որոնք նրանք ստացել են մայրերից, ապահովում են արդյունավետ պաշտպանվածություն մինչեւ 3 ամսական հասակը, որից հետո հակամարմինների մակարդակը զգալիորեն պակասում է երեխայի օրգանիզմում եւ նրանք ընկալունակ են դառնում ռոտավիրուսային վարակի նկատմամբ: Այս է պատճառը, որ պատվաստումների շնորհիվ մինչեւ 3 ամսականը երեխայի օրգանիզմում հակամարմինների պաշտպանիչ մակարդակը պետք է համալրվի, որպեսզի հետագայում պատրաստ լինի դիմակայելու ռոտավիրուսային վարակին:
Հոդվածի վերջում հոդվածագրի «Պիտի գա՞ այն օրը, երբ մայրերը վստահեն առողջապահական համակարգի աշխատողներին» հարցի պատասխանը ակնառու է: Այսօր պլանային պատվաստումների ենթակա երեխաների ավելի քան 92 տոկոսը ստանում են իրենց տարիքին համապատասխան բոլոր անհրաժեշտ պատվաստումները, որը հաստատվել է նաեւ 2010թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնային տնտեսություններում ժողովրդագրական եւ առողջության հարցերով հետազոտությունների արդյունքում: Ավելին, այն հարցին, թե ում կդիմեր մայրիկը պատվաստումների վերաբերյալ որոշում կայացնելիս, պատասխանողների կողմից միանշանակ նշվել է՝ «մեր տեղամասային բժշկին»: Մի՞թե՞ նշվածը չի խոսում առողջապահության նախարարության նկատմամբ բնակչության վստահության մասին: Հայաստանում այսօր չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պոլիոմիելիտը, դիֆթերիան, կարմրուկը, կարմրախտը, երեխաների փայտացումը /այդ թվում՝ նորածնային/ եւ հեպատիտ Բ-ն, իսկ խոզուկը, կապույտ հազը, տուբերկուլոզային մենինգիտը /ուղեղի թաղանթի բորբոքում/ գրանցվում են միայն հատ ու կենտ դեպքերի ձեւով: Միթե՞ սա երկրի համար հաջողություն չէ: Արդյո՞ք կգտնվեն ծնողներ, ովքեր կցանկանան, որ իրենց երեխաները այս հիվանդություններով հիվանդանան եւ տուժեն բազմաթիվ բարդություններից, ինչպիսիք են՝ մինչեւ կյանքի վերջ կայուն հաշմանդամությունը, այդ թվում նաեւ ուղեղի թաղանթի բորբոքման արդյունքում մտավոր թերզարգացումը եւ վերջապես ամենասարսափելին՝ մահը:
Գայանե Սահակյան
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար
Հ.Գ. – խմբ. կողմից – Թե ինչքանով նախարարությունը իր այս պարզաբանումով (ի դեպ, տպագրել ենք առանց կրճատումների՝ հաշվի առնելով խնդրո առարկայի կարեւորությունը) տվեց «Լուսանցք»-ի հիշյալ հոդվածում արծարծված հարցերի պատասխանները, թող որոշի ընթերցողը: Բայց մենք այս թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում:
«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



