ԳՁՕ. ՀՀ-ն կապահովագրվի, եթե ուզի

Երբ ձեւախեղվում է նաեւ սննդի գենը

Սկիզբը՝ թիվ 30 (251)-ում

Քառակուսի ձմերուկ, խնձորի չափ ելակ, կապույտ կարտոֆիլ, ավանակի ականջներով նապաստակ, բադի թաթերով խոզուկ եւ ոչ բնական այլ օրգանիզմներ. սրանք են այն ամենի հետեւանքները, որ այսօր մեզ տալիս է «քաղաքակրթությունը»: Մի քաղաքակրթություն, որ, կամա թե ակամա, ի չարս է գործադրում գիտական նվաճումները: Խոսքը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին է:

Բանն այն է, որ դրանք ստեղծվեցին մարդկությանը կերակրելու համար, բայց, ի վերջո, հանգեցնում են դա գործածողի գենետիկայի փոփոխությանը: Ի դեպ, ասեմ, որ ցայսօր էլ ԳՁՕ-ները միանշանակ չեն ընդունվում. գիտնականների մի մասը կողմ է դրանց, մի մասը՝ ոչ: Օրինակ մեջբերեմ. կողմ հատվածը հարցնում է՝ ի՜նչ վատ բան կա նրանում, որ լոլիկին պատվաստելով ձնծաղկի բջիջ, այդ լոլիկը ցրտադիմացկուն ենք դարձնում: Դեմ հատվածը պատասխանում է՝ այդ ոչ թե համեմատաբար ցրտադիմացկուն (որ ընտրասերման հետեւանք է), այլ սառցադիմացկուն (որ անբնական է) լոլիկը վնասում է մարդու առողջությանը: Այլ կերպ՝ մարդուն սկսում են կերակրել ոչ թե լոլիկով, մսով, ելակով…, այլ՝ լոլիկանման բանջարեղենով, մսանման մթերքով, ելականման հատապտուղով, իսկ այս մուտանտ սննդամթերքը իրականում սննդամթերք չէ, որովհետեւ սննդամթերքը ենթադրում է սննդարարություն, այլ ոչ հակառակը:

Ինչեւէ, նախորդ համարում անդրադառնալով ֆրանսիացի գիտնականների այն հայտնագործությանը, որ ցնցել էր Եվրոպան, ցավով նկատել էինք, որ մաքուր բնամթերքի բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի Հայաստանի Հանրապետություն հատվածը ապահովագրված չէ ԳՁՕ-ներից:

Բանն այն է, որ մեր կառավարությունը ԱԺ-ից հետ է կանչել «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը՝ լրամշակման նպատակով: Վարչապետն ասել էր, թե օրենքը պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշերին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են մեր երկիր ներմուծել ԳՁՕ-ներ: Եվ այս խստությանը զուգահեռ հանրային սննդի ծառայությունը հանվում է պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից£ Սա նույնն է թե՝ հանրային սննդի ոլորտում խստացումներ մտցնենք առանց… խստացումների: Ու թեեւ մերոնք փաստաթղթերի պակասեցումը եվրոպական չափանիշների հետ են կապում, բայց Եվրոպայում հանրային սննդի բնագավառում խստացումները շատ են: Իսկ մենք խստացումների փոխարեն անընդհատ հեշտացնում ենք, ինչն էլ սպառողի քթից է դուրս գալիս: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իմ դիտարկմանը համաձայն չէ. «Եթե խստացումներն իրավիճակը չեն բարելավում, ապա դրանք ինքնանպատակ են: Սերտիֆիկացման գործընթացը էական ազդեցություն չէր թողնում սննդի որակի վրա: Դրանք ուղղակի լրացուցիչ ծախսեր էին բիզնես ոլորտի համար: Իսկ լրացուցիչ ծախսը նաեւ արտադրանքի գնի բարձրացում էր ենթադրում: Եթե բիզնես ոլորտը գոհ մնա, ապա գոհ կմնան նաեւ նրանք, ում մատուցվում է ծառայությունը»:

Իսկ ինչքանո՞վ ենք համոզված, որ մեր շուկայում կա ԳՁՕ-ացված մթերք, չէ՞ որ դա կարող է ցույց տալ միայն փորձաքննությունը: Փաստն այն է, որ գյուղնախարարությունն ինքը չի հերքում, որ «ակնհայտ են Հայաստանի սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող սննդամթերքի առկայության փաստերը: Ուստի այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից իրականացվող վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախորդ տարիների համեմատ կատարել շուկայահանված սննդամթերքի ավելի լայն տեսակների լաբորատոր փորձաքննություններ եւ հաճախակի դարձնել վերջիններիս պարբերականությունը»: Ծառայությանը վերապահված է վերահսկողական դաշտի լայն շրջանակ, այդ թվում՝ ԳՁՕ-ացված մթերքի փորձաքննություն: Հիմա դա թանկ մեթոդներով է արվում: Օրինակ, կաթնամթերքում չոր կաթի հայտնաբերման ցուցանիշի լաբորատոր հետազոտության արժեքը 40 հազ. դրամ է, իսկ մսամթերքում գենետիկորեն ձեւափոխված մթերքի պարունակության ցուցանիշի արժեքը՝ 28 հազ.: Բացի այդ՝ լաբորատորիաներում ներդրված հետազոտությունների արագացված մեթոդները նույնպես թանկարժեք են: Դա է պատճառը, որ պետությունը նախատեսում է միայն ռիսկային գործոններ պարունակող սննդամթերքի նմուշների նմուշառում եւ որակյալ հետազոտությունների իրականացում: Բայց խնդիրն այն է, որ սպառողը արտաքինից չի կարող տարբերել՝ մթերքի մեջ ԳՁՕ կա՞, թե՞ ոչ: Սպառողը չի կարող մթերքից նմուշ վերցնել, տանել-ստուգել, հետո նոր միայն գնել նմուշառված մթերքի մնացած մասը: Իսկ գործարարը հաստատ չի դիմի՝ թե ստուգեք, իմ արտադրանքում ԳՁՕ կա՞, թե՞ ոչ:

Ի՞նչ անել: Պատասխանը միանշանակ մեկն է: Մենք կարող ենք գոնե գյուղատնտեսության ոլորտում չհետեւել աշխարհի օրինակին, որովհետեւ ունենք մաքուր բնամթերք ունենալու ներուժը: Կարող ենք, եթե իհարկե ցանկանանք: Մենք եթե ոչ հիմա միանգամից, ապա աստիճանաբար կարող ենք անցնել օրգանական գյուղատնտեսության: Մասնագետները սա այլ կերպ անվանում են վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն: Ավանդական գյուղատնտեսության վարման այս եղանակն ունենալը այսօր, առանց չափազանցության, երազանքի պես մի բան է աշխարհում, բայց՝ ոչ մեզ համար: Կրկնում ենք՝ աստիճանաբար հնարավոր է: Միանգամից օրգանական գյուղատնտեսության անցնել չենք կարող, բայց կարող ենք դարձյալ մաքուր մթերք ստանալ՝ թունանյութերը ճիշտ ու սահմանված քանակով գործածելով, բայց ոչ թե գենը փոխելով: Իսկ օրգանական գյուղատնտեսության անցումը ենթադրում է, որ այլեւս պետք է կիրառվեն օրգանական պարարտանյութեր՝ գոմաղբ, կենսահումուս, տորֆ, բուսական մոխիր, որոնք պարունակում են բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, նպաստում են բերրիության բարձրացմանը եւ հողի վիճակի բարելավմանը, այսինքն՝ հողից ոչ միայն վերցնում են, այլեւ տալիս են այդ հողին: Բացի այս՝ օրգանական գյուղատնտեսության անցումը ենթադրում է, որ հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտվածության դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե թունանյութերի, բուժանյութերի եւ հերբիցիդների, այլ կենսաբանական պայքարի մեթոդների, բուսական թուրմերի միջոցով, ինչու ոչ՝ հողի մշակությունը ճիշտ եւ ժամանակին կազմակերպելով: Օրգանական գյուղատնտեսությունը հենց բնականորեն մաքուր սնունդն է: Այս պատճառով էլ ասում են, որ այս գյուղատնտեսությունը վերադարձ է դեպի ավանդական գյուղատնտեսություն:

Գուցե սա այսօր շատերին ծիծաղելի թվա, բայց հասկացողները կտեսնեն դրա հեռանկարը: Սա է միակ ելքը (ի դեպ, օրգանական գյուղատնտեսությունը կարող է արժեք եւ արտահանման ծավալ ապահովել, որովհետեւ ճիշտ մշակման դեպքում բերքը որակյալ է լինում, մաքուր, քանակն էլ չի զիջում քիմիական բազմաթիվ խթանիչների կիրառմամբ ստացվող բերքի քանակին: Հողն էլ, իր հերթին, զերծ է մնում քիմիական միջամտություններից), այլապես մենք էլ շուտով կհանգենք այն վիճակին, երբ սնունդի փոխարեն կուտենք սննդանման քիմիա, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ վնասակար հետեւանքներով հանդերձ:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։