Ռուսը սա էլ կհանգեցնի արեւմտամետ լինելուն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ դժգոհ է ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի իրագործումից, որովհետեւ դրա մեկնարկից ի վեր ՌԴ են տեղափոխվել շուրջ 1500 հայեր (ի դեպ, Գյումրիում ամիսը 2 անգամ գրանցվելու եւ ՌԴ մեկնելու համար հերթեր են գոյանում,-հեղ.):

Անդրադառնալով ՀՀ վարչապետի դժգոհությանը՝ ռուսական «Վզգլյադ»-ը հիշեցնում է, որ սա առաջին քննադատությունը չէ, ու Երեւանը լավ չի էլ աջակցել ծրագրին, Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրի իրագործումն այստեղ դադարեցվել է եւ չի շարունակվելու:

Ռուսական կողմը կեղծ եւ սին փաստարկներ է բերում, իբր մարդիկ գալիս են եւ անձնական կյանքն են դասավորում, իսկ Երեւանն էլ շահարկում է հայերի՝ ՌԴ արտագաղթելու փաստը:

Այս ռուսական ցնդաբանությունը պատասխանի կարիք էլ չունի, իսկ ի՞նչ է, հայկական կողմը պիտի քաջալերե՞ր արտագաղթը:

Բանն այն է, որ Հայաստանից (եւ ոչ միայն) ներգաղթողները այնքան են շատացել, որ Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը կոչ է արել «դադարեցնել կովկասցիների միգրացիան»: Իսկ պաշտոնական Մոսկվան դեմ չի լինի, որ Կրասնոդար կամ Ստավրոպոլ գնացող հայերը մեկնեն Յակուտիա կամ Սախալին, թեկուզ Սիբիր:

* * *
Կառավարությունն այլեւս մեռած է, ու հաջորդ երկուշաբթին մեռելոց է

ՀՀ կառավարությունը երեկ եւս աննպատակահարմար համարեց Արցախ-ԼՂՀ անկախությունը ներկա փուլում ճանաչելու վերաբերյալ ներկայացված օրինագծի քննարկումն ու ընդունումը: Այսպես է նշված գործադիրին ներկայացված օրենսդրական նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության հիմնավորման մեջ:

Մնում է միայն զարմանալ, թե այդ նպատակահարմարությունը ով եւ երբ է բերելու: Հունգարիան մարդասպան-հայասպան Սաֆարովին եվրաարժեքների կիրառումով հանձնեց Ադրբեջանին, իսկ Արեւմուտքը դեռ Երեւանին է սթափության կոչ հղում: Թուրքիան շարունակում է հայտարարել, որ մինչեւ Լեռնային Ղարաբաղն ու ազատագրված տարածքները չտրվեն Ադրբեջանին՝ հայ-թուրքական արձանագրությունները կյանք չեն ունենա: Իսկ համաշխարհային ծրագրերում վերստին Արեւմտյան Հայաստանի տարածքում Քուրդիստան են նկարում եւ հակաիսլամիստ Իսրայելը էլի զինում է Ադրբեջանին՝ Թուրքիայից հետ չմնալով: Անգամ Վրաստանը կարեւորում է Արցախի նախագահի ընտրությունները չճանաչելու հայտարարությունը: Իսկ մենք այս իրավիճակում դեռ նպատակահարմար չենք գտնում…

Այսինքն՝ Արցախի խնդիրը մեկընդմիշտ փակելու քայլերի փոխարեն նոր խնդիրնե՞ր ենք փնտրում:

Մեր անհամարձակությունը մեր թշնամիների համարձակության խթանիչն է դարձել: Իրավունք ունե՞մ մտածելու, որ այսպիսի գործադիրն այլեւս մեռած է, եւ երկրի նախագահը պետք է ոչ թե նախարարություն առ նախարարություն ստուգումներ հանձնարարի, այլ՝ նոր կառավարության ձեւավորումը նախաձեռնի:

* * *

Ռոմանսներ են երգում եվրոպական բանկերը

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների միջոցով Հայաստանում գործարարության աջակցման նպատակով տրամադրվող ցածր տոկոսադրույքներով վարկավորման ծրագրերով:

«Այս վարկավորման ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանայան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որի տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%՝ կախված 6-ամսյա պայմանական արժեքից, իսկ մարման ժամկետները՝ 5-8 եւ ավելի տարիներ:

Վարկերից օգտվելու պայմաններին կարելի է ծանոթանալ ԵՀՄՖ-ի Երեւանի ու Բրատիսլավայի կենտրոնական գրասենյակներից»,- հայտնել են ԵՀՄՖ-ից:

Գուցե նման մրցակցությունը հուշի հայաստանյան բանկերին, թե ինչպես կարելի է աջակցել ՀՀ քաղաքացիներին սեփական տունն ու երկիրը կառուցելու գործում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։