«Սիվիլիթաս»-ի խմորը ջրից զատ լի՜քը թթխմոր է ուզելու

Հասկանալի է, որ «Սիվիլիթաս»-ի գործը միայն ներքին խնդիր չէր եւ սպասելի էր, որ դրան ավելի շատ դրսի ուժերը կխառնվեն, քան՝ ներսի: Մեծ հաշվով ներսի խառնվածներն էլ դրսի նման են, քանի որ նրանց ուշքն ու միտքն անընդհատ դրսում է:…

Ջոն Հանթսմանի ներգրավվածությունը ինչպե՞ս կարող էր չանհանգստացնել ամերիկյան կողմին, էլ չենք ասում մորմոնական հսկայական ու մեծ հնարավորություններ ունեցող զանգվածին: Բայց ինչպես միշտ նման դեպքերում մեղավորը մենք ենք նախ եւ առաջ, քանզի թույլատրել ենք, որ Հայաստանում ով ինչ ու երբ ուզում անում է՝ ապրելով մեր երկրի սահմաններից դուրս-կյանքից հեռու: Ինչքա՜ն է ասվել, որ այս կամ այն թվացյալ բարեգործությունը մեր սիրուն աչքերի համար չէ, կա շահ, եւ «բարեգործներն» այդ շահը հեռվից են տեսնում: Իսկ մեզանում քիչ չեն այն պաշտոնյաներն ու կուսակցական գործիչները, հասարակական կառույցներն ու մարդու իրավապաշտպան հռչակված ոչ ազգային միավորումները, որոնք պատրաստ են ընդունել օտարի «բարեգործությունները»՝ դրամաշնորհների տեսքով: Ու երբ հասկանում են, որ այլեւս կախյալ վիճակում են եւ պետք է նաեւ անեն այն՝ ինչ «բարեգործը» պահանջում է, ուշ է լինում՝ ետդարձ չկա: Այսպես է նաեւ մասոնների, տարբեր աղանդավորական ու անբարո կազմակերպությունների մեջ մտած «ազգային գործ» անողների վիճակը: Նրանք այլեւս գերի են բառի ամենաբացասական իմաստով: Գերի են ոչ թե նրանց հետ աշխատելու պատճառով, ինչը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, այլ այդ աշխատանքի ընթացքում բարեգործաբար կաշառվելու եւ «փողեր լվալու» պատճառով, որից փախչել այլեւս չեն կարող, դրանք փաստագրված են, անգամ նկարահանված: Եվ հարստություն դիզած գերին ամեն րոպե կարող է հիշել իր կարգավիճակի մասին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Եվ ահա այս քանի օրվա թոհուբոհից հետո, երբ Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից, Ջոն Հանթսմանին Հայաստանում «ներդրած» ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նրա անունից հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ. «Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է՝ երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր եւ իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում՝ իշխանության մեջ, այնպես էլ՝ հիմա: Բացառիկ արդարամիտ է, եւ սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների ու վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում: Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար եւ իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:

Առաջին արձագանքս, որ եղավ, այն էր, որ սա նախկին նախագահը չի գրել: Հետո տարածվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետը, թե չի հավատում, որ ՀՀ 2-րդ նախագահի անունից Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ տարածած հայտարարության հեղինակը հենց Ռոբերտ Քոչարյանն է: «Ես իհարկե կարող եմ մեկնաբանել, բայց հայտարարության տակ որեւէ ստորագրություն չկա, եւ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը այս տարիների ընթացքում բնավորությունը փոխել է, պարզապես հայտարարություն է, որը ոչ նման է իր լեքսիկոնին, ոչ էլ իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորությանը»:

Պատգամավորի խոսքին պարզապես մի բան ավելացնենք, այո՛, սա գրվել է ոչ քոչարյանական բառերով ու ոչ քոչարյանական կամքով, բայց պիտի գրվեր, քանի որ Օսկանյանին «բան ասելով» Հանթսմանին են ասում, իսկ դրա համար պարտադրված խոսք կար ասելիք: Գուցե այդ խոսքը հենց այդպես էլ ասվե՞լ է, որ հասկացողը հասկանա…

Չէ՞ որ նման հարցերում, երբ երկրի անվտանգության խնդիր կա, պետք է ԱԱԾ-ն ու դատախազությունը զբաղվեն, ի՞նչ է, նախկին նախագահը չգիտի՞, թե ի՞նչ կապ ունի երկրի շահը Հանթսմանի եւ Օսկանյանի «բարիդրացիական հարաբերությունների» հետ: Եվ հետո, հիշելով Քոչարյանի կերպը, հաստատ կասկածելի է թվում, որ նա «բացառիկ արդարամիտ» նախարարների է տեսել իր շուրջբոլորը կամ ինչ է նշանակում, թե նախկին ԱԳ նախարարը «լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում», այսինքն՝ ամեն բան կարելի՞ է այդ կուսակցության անդամներին… Թե՞ ակնարկն այլ հարթության մեջ է:

«Panorama.am»-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասել է. «Բարեգործական հիմնադրամին հատկացված ամբողջ գումարը պատկանում է հիմնադրամին եւ պետք է օգտագործվի բացառապես հիմնադրամի նպատակների համար: Անգամ հիմնադրամի տնօրենը չի կարող իր հայեցողությամբ որեւէ գումար վերցնել: Եթե իր հայեցողությամբ վերցրել է, ուրեմն դա հափշտակություն է, իսկ հափշտակությունն իր մեջ ներառում է նաեւ յուրացում»:

Մինչդեռ քրգործով «Սիվիլիթաս»-ի հիմնադրին մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ իր ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մասնավորապես նշել էր, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով հիմնադրամի անդամները կարող են լինել հիմնադրամի շահառուներ, եթե դա նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ: Հետեւաբար, ըստ պատգամավորի, հիմնադրամից ստացված գումարը հիմնադրամի որեւէ անդամ կարող է օգտագործել անգամ իր անձնական նպատակների համար, որը, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, տեղի է ունեցել «Սիվիլիթաս» հիմնադրամի պարագայում:

Ի դեպ, «լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցության» մասին, ավելի ճիշտ ղեկավարի մասին զարմանալի լրատվություն է հրապարակել 1in.am-ը՝ նշելով, որ իրենց տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 80-ական թվականներին «ազատազրկվել է բռնաբարության համար եւ իր պատիժը կրել Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի միլիցիոներների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը աշխատել է Պարեկապահակային ծառայությունում, ուստի իր պատիժը կրել է հատուկ իրավապահների համար նախատեսված կալանավայրում եւ լավ վարքի համար վաղաժամկետ ազատ է արձակվել: Ավելի ուշագրավն այն է, որ նշյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ամենափթթուն շրջանում, մեղքն ընդունած Գագիկ Ծառուկյանը 80-ական թվականներին գործած բռնաբարության համար արդարացվել է Հայաստանի գերագույն դատարանի կողմից:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի գործած արարքը դատական կարգով արդարացնելու միջնորդությունը կատարվել է այսօր ընդդիմության շարքերում կարկառուն ներկայացուցչի կողմից, որի անունը եւս նպատակահարմար չենք գտնում այժմ հրապարակել»:

Սա կրկնակի զարմանալի էր (բայց փաստաթուղթ կա), քանի որ դեռ ապրիլին «Pozor.am-DodoGago.mht»-ը (13 ապրիլի – 19:07) «Թե ինչ չգիտեր ու չգիտի Գագիկ Ծառուկյանը» վերնագրով հոդված էր հրապարակել, որը ստորեւ ներկայացնում ենք առանց խմբագրումների:

«30 տարի առաջ Հայաստանն ավելի ծանրակշիռ պետություն էր. կար Խորհրդային Միությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը միլիցիոներ էր աշխատում (դրանից ավելիի հույս ունենալ չէր կարող): Հետո բանտ էր նստել (ասում են՝ բռնաբարության համար): Այն ժամանակ նա չէր էլ կարող երազել մի քանի բան, որոնց վրա կուզենայինք ուշադրություն դարձնել: 1. պրն Ծառուկյանը չէր կարող իմանալ, որ Հայաստանն այնքան կայլանդակվի, որ բարձրագույն դատական ատյանը 2001թ. կարդարացնի իրեն ու իր վրայից կհանի դատվածությունը:

Բայց, ինչպես տեսնում ենք, մի պետությունում, որտեղ 10 տարի նախագահ է աշխատել Ռոբերտ Քոչարյանը, ամեն ինչ էր հնարավոր, այդ թվում եւ նախկին բռնարարին արդարացնելը: 2. պրն Ծառուկյանը չէր կարող իմանալ, որ դառնալու է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը: Իհարկե, Խորհրդային Միությունում եւս գոյություն ուներ գանձագողությունն իբրեւ գործունեության հատուկ տեսակ, բայց որ բազմամիլիոնանոց կարողություն դիզես, այն էլ՝ այդքան կարճ ժամկետում, դա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է: 3. պրն Ծառուկյանը չէր կարող իմանալ, որ բարոյազրկությունն այն աստիճանի կհասնի, որ ինքը կզբաղվի քաղաքականությամբ, ավելին՝ կդառնա երկրի քաղաքական իրականության առանցքային դեմքերից մեկը: Դա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ պետությունը 10 տարի ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը: 4. պրն Ծառուկյանը չէր կարող իմանալ, որ 10-ամյա կառավարումից հետո Ռոբերտ Քոչարյանը կուզենա վերադառնալ իշխանություն, իսկ որպես հենարան կընտրի հենց իրեն ու կկանգնեցնի մարմնավաճառի ուղու վրա: 5. պրն Ծառուկյանը չէր կարող իմանալ, որ հարկադրված կլինի անբարո արարքներ կատարել, էլ ավելի անբարո, քան բռնաբարությունն է. օրինակ, ինչպե՞ս կարող էր իմանալ, որ ժամանակ է գալու, երբ սկսելու է հովանավորել ԶԼՄ հանրույթի մարմնավաճառներին:

Իսկ ի՞նչ չգիտի այսօր պրն Ծառուկյանը: Նշենք, որ չգիտի մի քանի կարեւոր բան: 1. պրն Ծառուկյանը չգիտի, որ Վովա Գասպարյանը մայիսի 6-ին փակելու է իր թթվածինը եւ թույլ չի տալու աջուձախ կաշառք բաժանել, եւ իր կուսակցությունն ընտրություններին անհամեմատ ավելի քիչ ձայն է հավաքելու, քան 5 տարի առաջ, իսկ Վարդանիկ Օսկանյանի վայնասունն ու գողական հեղինակությունների ջանքերը նրան չեն օգնելու: 2. պրն Ծառուկյանը չգիտի, որ փորձանքի է գալու, ասել է թե՝ մի անգամ էլ է նստելու, իսկ բանտախցում իրեն այցելության է գալու Վարդանիկ Օսկանյանը՝ հայ դիվանագիտության հայրն ու խիստ իմաստուն մի մարդ:

Վերջապես, պրն Ծառուկյանը չգիտի, որ այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Ե՞րբ է գալու այս տրագիկոմեդիայի վերջը, որի անունն է՝ ԲՀԿ եւ Գագիկ Ծառուկյան – «Pozor.am»:

Իսկ դրսի ուժերը լավ գիտեն, թե ում եւ ինչպես հովանավորեն, որ «խաղեր» տալու եւ «աջուձախ» անելու հնարավորություններ չունենա եւ իր կարգավիճակից ելնելով ապավինի միայն իրենց: Իսկ սա ամենավտանգավորն է, ինչը պետության ինքնաքայքայման պատճառ է դառնում:
Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.