«Washington Post»-ը պատռու՞մ է Օսկանյանի եւ Հանթսմանի դիմակները (1-ին մաս)

Ամերիկյան աշխարհակուլ նպատակները վտանգված են այլեւս, քանզի բացահայտված են մեկ անգամ եւս

Ինչպես սպասվում էր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ԱԺ ներկայացրեց միջնորդագիր՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին՝ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով: Խոսքն առայժմ որպես մեղադրյալ ներգրավելու մասին է: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, որն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ դրա հիմնադիր Օսկանյանին:

Այս առիթով գումարվեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության նիստ, որն էլ վարել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նախապես հայտարարվեց, թե ԲՀԿ-ն իր տեսակետը կհայտնի ավելի ուշ՝ ԱԺ նիստում, երբ քննարկվի գլխավոր դատախազի միջնորդագիրը: Բայց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրապարակեց կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ ԲՀԿ-ի դեմ: Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից»: Նաեւ նշվեց, թե այս հարցի քննարկման ընթացքում կներկայացվի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը, ուստի ԲՀԿ-ն անվերապահ աջակցություն է հայտնում իր համակուսակցին եւ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը:

Այս հայտարարության պատասխանը հետագայում տվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, թե որեւէ քաղաքական պատվեր, որեւէ հետապնդում չի իրականացվում. «Եթե պարոն Օսկանյանն արդար է, ապա ոչ մի խնդիր չի կարող լինել: Մենք տալիս ենք համաձայնություն, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի եւ հարցաքննվի: Եթե հարցաքննվի ու տեսնենք, որ որեւէ խնդիր չկա, ապա… Ոչ մի նեղանալու բան չկա: Կարեւորը որ մենք որեւէ մեկի վրա ոչինչ չենք բարդում: Ու թող իրենց մտահոգությունները չբարդեն»: Իսկ ԲՀԿ-ին քաղաքական հետապնդման ենթարկելու մասով ԱԺ նախագահն ասել է, թե դա իրականությանը չի համապատասխանում, եւ կյանքը ցույց կտա, որ «մենք քաղաքական պատվեր կամ հետապնդում չենք իրականացնում»:
Միջնորդագիր Օսկանյանաց՝ մեղադրագիր Հանթսմանաց

Մինչ ԱԺ-ում հարցը կքննարկվեր, զլմ-ներն արդեն քննարկում էին այդ միջնորդագրի բովանդակությունը: Իսկ միջնորդագրի պատճառաբանությունում ասված է. «Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այսպես, դեռեւս 2010թ. ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երեւան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991թ. լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ 1 մլրդ 153 մլն 965 հազ ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:

Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երեւան քաղաքում Տիգրան Կարապետյանի եւ վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջեւ կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն՝ «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների եւ բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի եւ հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաեւ 577 հազ 897 ԱՄՆ դոլար եւ 11 մլն 494 հազ ՀՀ դրամ ընդհանուր չափով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:

Այնուհետեւ՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիներ Տիգրան Կարապետյանի եւ Սամվել Բեգլարյանի միջեւ, ըստ որի «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ-ի միակ մասնակից Տիգրան Կարապետյանին ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 530 մլն ՀՀ դրամ, որը գնորդ Սամվել Բեգլարյանը նույն օրը փոխանցել է Տիգրան Կարապետյանի անձնական հաշվեհամարին: Հաջորդ օրը՝ 2010թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:08-ին, Տիգրան Կարապետյանն ամերիկյան կողմի ներկայացուցիչ Տրոյ Քելլերին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) հայտնել է կայացած գործարքին առնչվող մանրամասները, նշելով, որ առուվաճառքի արդյունքում բաժնեմասերի համար իր կողմից ստացված գինը կազմում է 530 մլն ՀՀ դրամ, ինչը համարժեք է 1 մլն 457 հազ 44 ԱՄՆ դոլարին (փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 363.75 ՀՀ դրամ), ինչի կապակցությամբ խնդրել է «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններին ցուցում տալ այն իրավաբանական անձի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի բաժնեմասերի վաճառքից ստացված գումարը:

Ընդ որում, նշված էլեկտրոնային նամակում ամբողջությամբ շարադրվել է բաժնեմասերի փոխանցման առթիվ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների եւ Տիգրան Կարապետյանի միջեւ 2010թ. հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի «12.11» բաժնի վերոհիշյալ դրույթը, ըստ որի՝ Տիգրան Կարապետյանը Տրոյ Քելլերին հավաստիացրել է, որ բաժնեմասերի վաճառքից ստացված գումարի փոխանցումն ուղեկցվելու է անհրաժեշտ փաստաթղթով, որում նշվելու է, որ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունները նվիրատուներ են՝ ինչպես պահանջվում է բաժնեմասերի փոխանցման պայմանագրերի «12.11» բաժնում:

2011թ. հունվարի 10-ին՝ ժամը 21.55-ին, Տրոյ Քելլերը Տիգրան Կարապետյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների անունից խնդրել է «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ դրա հիմնադիր եւ խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով: Այնուհետեւ Տիգրան Կարապետյանն իր անձնական հաշվեհամարին փոխանցված 530 մլն դրամ գումարից 10 մլն ՀՀ դրամը, Վարդան Օսկանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, պահել է իրեն՝ որպես վարձատրություն՝ գործարքին նպաստելու համար, իսկ 520 մլն ՀՀ դրամը փոխարկել է 1 միլիոն 427 հազար ԱՄՆ դոլարի եւ 2011թ. հունվարի 13-ին վճարման մեկ հանձնարարագրով փոխանցել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին՝ որպես փոխանցման նպատակ նշելով բաժնեմասերի վաճառքի 2010թ. հոկտեմբերի 5-ի պայմանագիրն ու Տրոյ Քելլերի՝ 2011թ.-ի հունվարի 10-ի վերոհիշյալ հանձնագիրը:

Սակայն, Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատեւ ժամանակահատվածում այն տնօրինելով նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազ 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով: Համապատասխանաբար, ամերիկյան կողմի նվիրաբերած 530 մլն ՀՀ դրամ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաեւ չի արտացոլվել հիմնադրամի 2011թ. գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որն, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին: Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը, 2012թ. մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011թ. մարտի 1-ից մինչեւ 2012թ. մարտի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր, «դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում նշել է 1 մլն 100 հազ ԱՄՆ դոլար կանխիկ գումարի առկայության մասին (որեւէ այլ դրամական միջոց կամ եկամուտ հայտարարագրում չի նշվել), մինչդեռ 2012թ. հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված Էր եւ քննվում Էր այս քրեական գործը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել Է 2012թ. մայիսի 31-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործով ձեռք են բերվել վերը շարադրված հանգամանքները լուսաբանող բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռեւս հրապարակման ենթակա չեն: Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ: Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքները, «Սիվիլիթաս» հիմնադրամի 2010 եւ 2011 թթ. գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը 2008թ. հունիսի 11-ից վարող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ խորհրդատվական-հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարված դատաապրանքագիտական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության 01.08.2012թ. թիվ 12-1907 եզրակացությունը, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմաններն ամրագրող պայմանագրերի, համաձայնագրերի ու համապատասխան Էլեկտրոնային նամակների պատճեներն ու դրանց թարգմանությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից ստացված փաստաթղթային հիմքերը եւ գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ-ապացույցները:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ՝ առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

Եվ ահա, ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Սահմանադրության 66-րդ հոդվածով՝ գլխավոր դատախազը միջնորդեց, որպեսզի պատգամավորները համաձայնություն տան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Է՞լ ում դուռը կթակի դատախազը

«Սիվիլիթաս»-ը եւս շտապել էր ԱԺ շենքի մոտ եւ ցույց էր կազմակերպել ու պատգամավորներին տեղեկացնում էին, թե այդ օրը «Սիվիլիթաս»-ը նշում է իր 4-րդ տարին: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել Օսկանյանի քաղաքական հետապնդումը: ԱԺ մուտքի մոտ հավաքվածները նշում էին, թե մի հարց ունեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ գուցե նա շփոթել է պատգամավորների անունները՝ միջնորդագիր ներկայացնելիս եւ նկատի ունի ոչ թե Վարդան Օսկանյանին, այլ՝ Վարդան Այվազյանին, քանի որ վերջինիս դեմ էլ, որպես նախկին բնապահպանության նախարարի, միջազգային բողոք է ներկայացրել ՀՀ-ում չհաջողած ամերիկյան մի կազմակերպություն:

Ամերիկյան կողմից «Սիվիլիթաս»-ի հիմնադրի «դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ» հայտարարություն է տարածել Սերժ Թանգյանը՝ նշելով, թե Ջոն Հանթսմանի (մորմոնների «թագավորի»,-հեղ.) հիմնադրամը «Սիվիլիթաս»-ի միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին եւ նա հրաշալի աշխատանք է կատարել Հայաստանում, իսկ երկրից դուրս՝ դիվանագիտական լավ գործ Հայաստանի համար: Զարմանալի մեծածավալ տվյալների՞ է տիրապետում հայազգի հայտնի արվեստագետը, հետաքրքիր է՝ որտեղի՞ց նրան այդ «հրաշալի» աշխատանքների փաստերը: Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւս հետ չի մնացել եւ հայտարարել է, թե «Օսկանյանին հալածելը պախարակելի է», քան որ ինքը ճանաչում է Օսկանյանին երկար տարիներ եւ համոզված է, որ «փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ»: Իսկ գուցե Հանթսմանն էլ հայ ազգի բարեկամների նվիրյալների ցուցակու՞մ է «հրաշալի» որակմանն արժանի: Դրա՞ համար է մորմոնների կլանը (նաեւ այլ աղանդներ՝ այլ «բարեգործների» միջոցով) բարգավաճում Հայաստանում: Սրանք հարցեր են, որոնք իրոք առնչվում են մեր ազգային ու պետական անվտանգությանը:

Դառնանք ԱԺ նիստին, որից առաջ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին եւ Վարդան Օսկանյանին Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ: Գլխավոր դատախազը այս մասին ԱԺ-ում նշեց՝ ասելով, որ Օսկանյանը չէր ցանկանում ցուցմունք տալ, այդ իսկ պատճառով էլ փորձել է խոսել նրանց հետ: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի այն հարցին, որ եթե չկա պետական գույքի հափշտակում, ինչո՞ւ է հարուցվել քրեական գործ, Աղվան Հովսեփյանն ասել է. «Այո պետական գույքի հափշտակում չի կատարվել, սակայն կատարվածը հանցագործությունն է, որը քննվում է ԱԱԾ-ում»: Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Արտակ Դավթյանը հարց ուղղեց, թե ինչու է գործը քննվում ԱԱԾ քննչական վարչությունում, այլ ոչ թե ԱԺ պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովում, ինչին ի պատասխան նշվեց, որ այս դեպքում գործը քննվում է փաստի առթիվ, այլ ոչ թե Օսկանյանի հանդեպ: ՀՀԿ-ականներից հարց ուներ նաեւ պատգամավոր Արտակ Զաքարյանը. «Ինչպե՞ս են մեկնաբանվում այն բազմաթիվ տեսակետները, թե Օսկանյանի դեմ գործը հարուցվեց այն ժամանակ, երբ նա սկսեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ»: Գլխավոր դատախազը պատասխանեց. «Գուցե ժամանակահատվածը զուգադիպեց, բայց վստահաբար ամեն ինչ տեղի է ունեցել մինչեւ Օսկանյանի ակտիվ քաղաքականություն մտնելը եւ պատգամավոր դառնալը»: ՀՀԿ-ականների հարցերից մեկն էլ Նաիրա Կարապետյանը հնչեցրեց. արդյո՞ք այս միջնորդագիրը վերաբերում է Օսկանյանին միայն մեղադրյալ ներգրավելուն: Պատասխանը դրական էր եւ Ա. Հովսեփյանն ընդգծեց, որ այս միջնորդությամբ որեւէ կալանքի կամ ձերբակալության հարց առաջ չի քաշվում:

Քաղաքական կոալիցիայի մյուս անդամ ՕԵԿ-ի դիրքորոշումը, ինչպես միշտ, հստակ չէր: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադառնալով գլխավոր դատախազի ելույթին, նշել էր. «Կլսենք պարոն Օսկանյանի խոսքը եւ վերջնական որոշում կկայացնենք: Երբ մենք լսեցինք պարոն դատախազի միջնորդագիրը եւ այն հարցերը, որոնք հնչեցին, եւ որոնց պատասխանեց Աղվան Հովսեփյանը, կային որոշակի կետեր, որոնք անհասկանալի էին, թե ինչու՞ են այդպիսի գործընթացներ տեղի ունեցել: Երբ ավարտվի, մեզ համար գուցե հասկանալի լինի, թե ինչու են այդպիսի գործընթացներ տեղի ունեցել, եթե այդ գումարները ուղղված են եղել բացառապես միայն օգնությունների համար, բայց օգտագործվել են անձնական նպատակներով, ինչը ես հասկացա պարոն դատախազի ելույթից, որը մինչեւ վերջ պնդվի, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կհայտնենք»:

Մյուս խմբակցությունների վերաբերմունքն այլ էր: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միանգամից դատապարտեց Աղվան Հովսեփյանին. «Ներկայացրած միջնորդագրում ուրիշի գույք չի տեսնում եւ Վարդան Օսկանյանի կողմից յուրացրած այդ ուրիշի գույքի տեր ուրիշը ունի՞ արդյոք դժգոհություն, թե՞ ոչ»,- եւ հավելեց. «Ուշադիր կարդացի ձեր միջնորդագիրը եւ եկա այն եզրակացության, որ եթե Վարդան Օսկանյանի անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով եւ 1 մլն չգիտեմ ինչքան կանխիկ գումարը «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով, նույն հիմնավորումներով կարող ենք խոսել ձեր դեմ քրեական գործ հարուցելու մասին»:

«Ժառանգություն»-ը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը, բայց կուսակցության ղեկավար, պատգամավորական մանդատը վայր դրած Րաֆֆի Հովհաննիսյանը անհիմն է համարել Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի միջնորդությունը. «Դա քաղաքական եւ նախընտրական ենթատեքստ ունի: Եթե Օսկանյանը սխալ է թույլ տվել, թող վարչական պատասխանատվության ենթարկվի: Իրականում նա ընդամենը նախընտրական զոհ է, քավության նոխազ»:

ՀՅԴ անդամները մինչեւ նիստը հայտարարել էին, որ դեմ են լինելու Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ արտահայտվել են գրեթե «րաֆֆիհովհաննիսյանաբար»: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն էլ հայտնել է, թե վտանգ է զգում, որ մի օր էլ Աղվան Հովսեփյանը «կթակի իր դուռը»: Նա շատ կուզեր, որ բոլոր պատգամավորները, իրենից սկսած, ինչպես Օսկանյանը ներկայացրեց իր հնարավորությունները, պատմեին իրենց եկամուտների ու ստացված գումարների մասին. «Կարող ե՞ն… շատերը չեն կարող՝ տեղում կկալանավորեն»:

Իհարկե, ամենալարվածը ԲՀԿ-ականների վիճակն էր: Անգամ զրույցներ եղան, թե «Օսկանյանի օգնականներին արգելել են ԱԺ մտցնել գործին առնչվող նյութերը», ուստի պահանջում են դադարեցնել Օսկանյանի քաղաքական հետապնդումը: ԲՀԿ-ն ԱԺ նիստից առաջ ինքն է նիստ հրավիրել, որն ըստ լուրերի, տեւել է ընդամենը 15 րոպե: Ծառուկյանը ԲՀԿ պատգամավորներին տեղեկացրել է, որ նիստի օրը ժամը 11-ին մեկ մարդու նման լինեն Աժ-ում՝ խմբակցության նիստին, որտեղ կասվի իրենց անելիքը, իսկ մինչ այդ որեւէ կտրուկ շարժում չպետք է արվի, ինչ-որ միտք չհնչեցվի: Անգամ խոսվում էր, որ պետք է կայանա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, սակայն ԲՀԿ կոշտ հայտարարությունը վկայեց, որ կուսակցությունը գնում է առճակատման, եւ բանակցություններ այլեւս չեն լինի:

Իսկ ԲՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ պիտի խոսք ասեր ղեկավարը, կայացել է առանց նրա: Անհայտ պատճառներով Ծառուկյանը չի ներկայացել նիստին: Ըստ որոշ լուրերի, պարզվեց, որ ԲՀԿ ղեկավարն այդ պահին Հայաստնում չէ (դժվար չէ կռահել՝ ուր էր գնացել):

Գուցե դա էր պատճառը, որ ԱԺ-ում հուզումնալից եւ ագրեսիվ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ Օսկանյանի կողմից «փողերի լվացման» գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաեւ ԵԽԽՎ-ում, քանի որ գլխավոր դատախազի միջնորդությունը որեւէ իրավական հիմնավորում չունի: Նա հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցելու օրվա քվեարկություններին եւ հետագայում կորոշի իր անելիքը ԱԺ-ում մնալու առումով: Բայց հետո տոնը մեղմվեց եւ նա նշեց. «Ասեմ, որ երբեք չենք անելու հայտարարություններ եւ քայլեր, որոնք կվնասեն մեր երկրի հեղինակությանը, քանզի անկախ երկրի ներսում տարբեր հարցերի շուրջ ունեցած տարբեր, նաեւ լուրջ տարաձայնություններից՝ մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Եվ թող որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե մենք այնտեղ պախարակելու եւ քննադատելու ենք մեր երկիրը, Վարդան Օսկանյանի հարցը Վահե Հովհաննիսյանի հետ միասին բարձրացնելու եք նաեւ Ստրասբուրգում», քանի որ այս գործը պետք է լինի նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության ներքո եւ եվրոպացի գործընկերների ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հարցերին, ապա Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ այդ օրերին ինքը միայն նպատակ է ունեցել կանխել 10 զոհերը. «Մարտի 1-ի վերաբերյալ, Նիկոլ, կարող ենք առանձին նստել, խոսել: Այդ օրը մեկ նպատակ ենք ունեցել՝ կանխել այդ 10 զոհերը, ուրիշ նպատակ ես չեմ ունեցել: Այդ օրը երանի դուք նման պատասխանատվություն ունենայիք: Աստված չանի, մարտի 1-ին իմ օրը ընկած լինեիք»: Իսկ ներկա գործը բոլորովին հասկանալի չէ Օսկանյանին, տարօրինակ կլինի, որ այս փաստերով իրեն հանձնեն. «Եթե այս փաստերով ինձ եք հանձնում, վաղն էլ ձեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել իմ տեղում»,- զգուշացրել է նախկին ԱԳ նախարարը եւ հավելել. «Պարոն դատախազ, մենք 10 տարի միասին աշխատել ենք, մի հատ նստենք խոսենք, էլի»՝ ձեռքով ցույց տալով դահլիճում նստածներին:

Իսկ իրեն՝ Օսկանյանին, զարմացրել են ԱԺ–ին գլխավոր դատախազի ներկայացրած հիմնավորումները. «Ես այսքան անհիմն մեղադրանքներ երբեք չէի պատկերացնում, որ կարող էին լինել: Իրականության հետ բացարձակապես կապ չունեն»: Մանրամասները նա ներկայացրեց իր ելույթի ժամանակ: Իսկ մինչ մեղադրանքները հերքելը Օսկանյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել էր. «Երկու Հայաստանների ակնհայտ տարբերությունը ինձ համար շատ կոնկրետ դրսեւորում ունեցավ: Մեծ կոնտրաստ կար իշխանական զլմ-ների կողմից ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ ՀՀ ղեկավարների հանդիպման լուսաբանման եւ ժողովրդին ներկայացված բացարձակապես վարդագույն իրավիճակի եւ օրվա վերջում պարոն Ֆյուլեի հետ իմ հանդիպման տպավորությունների միջեւ: Շտեֆան Ֆյուլեն հանդիպեց խորհրդարանական մի քանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ իմ տպավորությունը այդ հանդիպումից այն էր, որ նրա մոտ մեծ հիասթափություն եւ հոռետեսություն կա Հայաստանի ներկայի ու ապագայի նկատմամբ»:

Թե ԵՄ-ն իր թուրքամետ եւ հայավնաս համբավով ինչ դեր կարող է ունենալ մեր կյանքում, դեռ չարժե խորանալ, բայց գուցե առիթ լինի, իսկ որ ֆյուլեների կարծիքով չի որոշվելու Հայաստանի վարկը, հաստատ է: Սակայն, նախկին մեր ԱԳ նախարարը շարունակում է. «Իշխանությունները հանուն իրենց վերարտադրության կարող են զոհաբերել Հայաստանի ապագան, եթե այդ բարեփոխումները խանգարում են վերարտադրությանը: Մենք նման իրավիճակի ականատես եղանք, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանում իրականացվելիք խոշորամասշտաբ ծրագրից»:

1-ին մաս

«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։