Եվս մեկ տոն կվերականգնվի ու կնշվի հազարամյակներ հետո՝ առաջին անգամ, ինչպես վերականգնվեցին Աստվածահայր Արայի, Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու տոները, այնպես էլ՝ Տիր Աստծո տոնը:
Մեր մյուս 4 Աստվածների՝ Մայր Անահիտի, Աստղիկ Աստվածուհու, Վահագն ու Միհր Աստվածների տոները ավելի վաղ են վերականգնվել ու ամեն տարի նշվում են:
Այս ամսվա 2-րդ կեսին՝ հոկտեմբերի 15-ին հայ արիները կայցելեն նախ Զվարթնոցի տաճար, որտեղ առ այսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները:
Հետո հայ արիները կհիշեն ու կերկրպագեն Հայոց իմաստության Աստված Տիրին՝ նշելով Տիրատոնը, որ քրմեր Արամի եւ Արմոգի արիադավան ծեսով ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի փառաբանման խոսքով այդ օրը կկայանա Քարահունջի աստղադիտարանի տարածքում:
Նախնյաց նվիրված նախորդ տոնակատարությունը եւ նախնիների հոգիների հետ շփվելը վերաիմաստավորվելու է մղում հայ արիներին եւ նրանք դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ փառահեղ նախնիների հոգիների հետ նորոգած կապն ու կյանքը Աստվածային Իմաստնությամբ պատելու եւ պահպանելու, նաեւ՝ մարդկանց եւ հոգիների Հայկական Աշխարհների կապը մշտառկա պահելու համար:
Տիր Աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, որի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր, առայժմ դեռ միմյանցից զատ-զատ:
…Եվ այժմ հասկանալի է, թե ինչու հենց Տիր Աստծո տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը գնացին քանդելու հուդա-քրիստոնյա ավերիչները:
Գրիգորիս Խավարիչը նախ որոշեց հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը:
Հայ արիները փառաբանություն կհղեն Հայոց Տիր Աստծուն առ այն, որ Նա դառնա դեպի ազգը՝ բերելով իր հետ հայոց իմաստնության խորունկ տարրերը, կփառաբանեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ միասնական ազգը ու Միացյալ Հայաստանը վերակերտելու ուժի ու օժանդակության համար:
Ի դեպ, ուշադիր ընթերցողը կնկատի, որ «Լուսանցք»-ի «դաջվածքը» հենց Տիր Աստծո պատկերն է՝ բնականաբար համապատասխան մեկ այլ դաջվածք-կարգախոսով՝ «Ճշմարտությունը ուժեղների՛ մենաշնորհն է»:
Ուրեմն՝ ազգովի արժանանանք Տիր Աստծո խորհուրդ-խրատներին՝ իսկապես ուժեղ ու ճշմարտացի լինելու համար:
Նարե Մշեցյան
Մշակույթը՝ պատմա-քաղաքական զենք
Մեր ժայռապատկերներն ու «Սասնա Ծռերը»՝ համաշխարհային հարստություն
Վերջերս մի շարք հայկական արժեքներ ներառվեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, բայց դրանց մի մասը Թուրքիան է ներկայացնում, մի մասն էլ Ադրբեջանն ու Վրաստանը, իսկ Հայաստանի կողմից որեւէ բողոքարկում չի կատարվում, ինչը շատ մտահոգիչ է եւ զայրացուցիչ: Մեզ հարեւան դարձած բարբարոսները հաստատ փորձում են հայկական հնագույն արժեքները (մշակութային, հնագիտական, խոհարարական…) սեփականացնելով՝ սեփականել նաեւ մեր հայրենիքը եւ պատմությունը: Այս մասին «Լուսանցք»-ը բազմիցս ահազանգել է, բայց հայկական կողմի հակաքայլերը հապաղում են, եւ մեր մտահոգությունները դեռ ասպարեզում են:
Իհարկե, Հայաստանը կարողանում է արժեքներ ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, դա ողջունում ենք եւ քաջալերում, սակայն վերոնշյալ վտանգը եւ կեղծարարությունները դեռ չեն պակասում:
Հայկական ժայռապատկերները եւս առաջիկայում կներառվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում. այս մասին ՀՀ մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է գերմանիացի պրոֆեսոր Հարալդ Մելլերը: Նա Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակության կազմում էր:
Գերմանացի գիտնականը ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ ղեկավարում են Ջերմուկում եւ Սիսիանում 2011թ. մեկնարկած հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագիրը: Նախատեսված է ստեղծել հայկական ժայռապատկերների ինտերնետային տվյալների հենք, ինչը կօժանդակի նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: 2012թ. օգոստոսին փոքր քառաթիռ սարքի միջոցով կատարվել են օդային նկարահանումներ: Հարալդ Մելլերը հանդիպման ժամանակ դրանք ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի ուշադրությանը՝ հիշեցնելով, որ գործ ունեն ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքների՝ հնագույն ժայռապատկերների հետ:
Հնարավոր է Հայաստանի այլ հուշարձաններ նույնպես ընդգրկվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում: Էջմիածնում տեղի է ունեցել «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովի եւ տնօրենների խորհրդի նիստը, որին ներկա էին ՅՈւՆԵՍԿՕ-ի 10 քաղաքների ներկայացուցիչներ՝ կազմակերպության նախագահ Հոլանիդայի Բիմսթերի քաղաքապետ Հարի Բրինքմանի ղեկավարությամբ: Խորհրդի նիստը տեղի է ունեցել Էջմիածնի 2697-ամյակի շրջանակներում իրականացվող միջոցառումների հետ:
Նշենք, որ Էջմիածինը, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի 5 հուշարձան, 2007թ. անդամակցել է կազմակերպությանը որպես դիտորդ, իսկ 2011թ.՝ որպես լիիրավ անդամ: Քննարկվել է նաեւ 2013թ. Մեքսիկայում կայանալիք կազմակերպության ընդհանուր ժողովի օրակարգը, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցուցակում նոր հուշարձանների ավելացման հարցը: Խորհրդի անդամները այցելել են ոչ միայն Էջմիածնի տարածքում գտնվող հուշարձաններ, այլեւ՝ Հաղպատ, Սանահին, Ազատ գետի ավազան:
Տեղեկացնենք, որ «Սասնա ծռեր» էպոսը նույնպես ներկայացվել է որպես ազգային եւ համամարդկային արժեք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար: «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի ընդգրկելու հարցը կքննարկվի այս տարվա նոյեմբերին՝ Փարիզում կայանալիք ՅՈւՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ:
Հիշեցնենք, որ դեռ 1964թ. աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռեր»-ը ճանաչվել է լավագույնը: Մեր էպոսը ներառում է ինչպես ազգային ու մշակութային, այնպես էլ հոգեւոր տիեզերաճանաչողական ժառանգություն:
Ի դեպ, այս ամիս Ծաղկաձորում կայացավ «Հայկական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգությունը» 4-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր հայկական եւ կովկասյան ժողովուրդների էպոսներին ու նրանց միջեւ եղած կապերին: Մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, ՌԴ-ից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ՝ Չեչնիայից, Դաղստանից, Օսեթիայից, Աբխազիայից:
Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիային միացել է 2006թ., բայց 2005թ. վերոնշյալ ցանկում արդեն որպես ոչ նյութական մշակութային արժեք ընդգրկված էր Հայաստանի ներկայացրած «Դուդուկը եւ իր երաժշտարվեստը», իսկ 2010թ. ներառվել է «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը»:
Նշենք, որ 2010թ. ՀՀ կառավարությունը մշակել է «Ազգային ինքնության պահպանության եւ Սասնա ծռեր» էպոսի հանրահռչակման պետական ծրագիրը, որը նախատեսված է 2011-2014 թթ. համար եւ կունենա մեծ դեր՝ ազգային ինքնության զարթոնքի, հայեցի դաստիարակության եւ հայրենասիրության գործում: Անցյալ տարի էպոսին նվիրված փառատոն է կազմակերպվել Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, որը այս տարվանից նախատեսված է դարձնել համապետական, բոլոր մարզերի մասնակցությամբ: «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի հիմնական միջոցառումն այս տարի կայացավ հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում:
Մշակութային ժառանգության ոլորտում Հայաստանում միավորվում են նաեւ թանգարանների ու պատմամշակութային հուշարձանների ցուցադրումների շուրջ:
Մեր երկրի բոլոր մարզերում մի շարք պատմամշակութային հուշարձաններ, 50-ից ավելի թանգարաններ՝ շուրջ 110 միջոցառումներով եւ հատուկ ցուցադրություններով անվճար մուտքով հուրընկալել են ցանկացողներին:
Սա համընկավ «Եվրոպական ժառանգության օրեր-2012» ծրագրի հետ, բայց վստահաբար կարող է դառնալ ավանդական՝ ընդգրկելով ավելի մեծ շրջանակներ:
Անի Մարության
Բոլոր կրոնների համար աղոթատունը՝ Բաբելոնյան նոր աշտարա՞կ
Բեռլինի կենտրոնում աղոթատուն է կառուցվում, որտեղ կարող են աղոթել քրիստոնյաները, հրեաները եւ մահմեդականները: Շենքում կլինեն առաձին աղոթատեղիներ տարբեր կրոնների ներկայացուցիչների, նաեւ ընդհանուր տարածք՝ հանդիպումների համար: Եռամակարդակ խորանարդաձեւ շենքը կառուցվում է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդված լյութերական եկեղեցու տեղում:
Արտաքինից շենքը կրոնական կառույց չի հիշեցնում, իսկ ներսում 3 կրոններին բնորոշ տարրեր են: Հրեական սինագոգն ուղղված է Երուսաղեմի կողմը, մզկիթը՝ Մեքքայի, քրիստոնեական եկեղեցին այն կողմում է, որտեղ սկիզբ է առել քաղաքը:
Ըստ ավետարանչական եկեղեցու հովիվ Գրիգոր Հոբերգի, քաղաքում փոխվում է բնակչության հարաբերակցությունը՝ մուսուլմանների թիվն ավելանում է, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է երկխոսություն սկսել:
«Լուսանցք» թիվ 32 (253), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



