Հայոց առաջին կայսրության պատմությունից -

Վանի երեւույթը՝ քաղաքակրթության առանձնահատուկ տեղում

Քաղաքակրթության մեջ յուրահատուկ տեղ ունի Վանի երեւույթը:

Վան տերմինի խնդիրն առայժմ դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրության կենտրոնից: Մեր նպատակն է սույն քննախուզության միջոցով Վան տերմինի վրա հրավիրել մեր հայագետների ուշադրությունը:

 

Նաեւ սեփական ակունքների փնտրտուքներից ելնելով՝ 1827թ. Ֆրանսիայի «Ասիական ընկերությունը» Սեն Մարտենի նախաձեռնությամբ Վան է գործուղում գերմանացի գիտնական Ֆր. Շուլցին: Նա Վանում պատճենեց 42 սեպագիր արձանագրություն եւ նկարագրեց Վանա ժայռը: 1839թ., Վան այցելեց ֆրանսիացի հայտնի հնագետ Շ. Ֆ. Մ. Թեսիենը եւ կատարեց լրացուցիչ ուսումնասիրություններ, որից հետո 1840թ. ֆրանսիական «Journal Asiatique» հանդեսի էջերում հրապարակվեցին Ֆր. Շուլցի հետմահու ուսումնասիրությունները, որտեղ ընդգրկված է նրա գրչագրած 42 սեպագիր արձանագրությունը:

1850թ. հետազոտական նպատակներով Վան այցելեց Օսմանյան կայսրությունում Բրիտանական թագավորության դեսպան Օ. Հ. Լեյարդը: 1879-1880թթ. Վան քաղաքի շրջակայքի հուշարձաններն ուսումնասիրեցին Օ. Հ. Լեյարդի աշակերտ Հ. Ռասսամը եւ ամերիկացի միսիոներ, դոկտոր Դ. Ռեյնոլդսը եւ Վանի այն ժամանակվա հյուպատոսի օգնական, զինվորական Ե. Կլեյթոնը:

1898–1899թթ. Արեւմտյան Հայաստանի հուշարձանների ուսումնասիրությունը Պրուսիայի կայսերական ակադեմիայի անունից շարունակեցին Կ. Ֆ. Լեման-Հաուպտը եւ Վ. Բելքը:

Վանի ժայռափոր կառույցները մանրամասն չափագրեց ռուսական բանակի սպա Ա. Վ. Սիվկովը:

Ուսումնասիրությունների 3-րդ շրջանում սկսված, 1915-1916թթ, այսպես ասած «ուրարտագիտությանը» միացան Ս. Տեր-Ավետիսյանը եւ Ա. Կազնակովը, ապա՝ Հ. Օրբելին, Ն. Մառը, ովքեր կատարեցին իրենց հետազոտությունները:

Խորհրդային շրջանում Վանի եւ պայմանական վերցրած «Ուրարտական կամ Վանի Թագավորության» նկատմամբ, որպես կենտրոնի, առանձնակի մեծ ուշադրություն դարձրեց խորհրդային պատմագրությունը Պիատրովսկու, Դյակոնովի, Մելիքաշվիլու միջոցով:

Սրանք են այն գլխավոր ուսումնասիրողները, ում աշխատանքները, իրենց ամբողջ սխալներով հանդերձ, առ այսօր համարվում են դասական:

Հայոց Հուրի-Միթանի թագավորությունից հետո, Վանա Ծովի ավազանում կազմավորվում է հայոց առաջին կայսրությունը, որը ասորական աղբյուրներում ներկայացվում է որպես Ուրարտու: Վանի տարածաշրջանի մասին բանավոր առաջին տեղեկությունը կապված է Հայկի եւ Բելի դյուցազնամարտի հետ, որը, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել 3500 տարի ք.ա., որի հաղթական ավարտից հետո է Վանա Ծովի մերձակայքում հաղթանակած Հայկը հիմնում Հայկաշեն բնակավայրը եւ դյուցազնամարտի զոհերի գերեզմանոցը, որտեղ համաձայն ավանդույթի, թաղված է Բելը:

Այսպիսով, Վանա Ծովը ի սկզբանե ներկա է հայոց պատմության մեջ, Վանա Ծովը մասնակից է վիշապասանձ Վահագնի ծննդին եւ հովանավոր է Սասնա Ծռեր էպոսի հայոց դյուցազուններին: Համաձայն մեկ այլ՝ ավելի ուշ շրջանի ավանդույթի՝ Արեգակը Մայր է մտնում Վանա Ծովում, Ծովի հատակում Արեգակին Մայրը կերակրում է կրծքով: Առավոտյան Արեգակն իր տասներկու թիկնապահների օգնությամբ հաղթում է իր ճանապարհին կանգնած հրեշներին ու կրկին ծագում է: Հեթիթների ավանդապատումներում Արեգակը ծագում էր «Արեւելյան ծովից», այսինքն՝ Վանա Ծովից:

Վանա Ծովի եւ Վան քաղաքի հետ է կապված նաեւ Մարաստանի արքայադուստր Ամիտիսը, ով պատմության մեջ հայտնի է Շամիրամ/Սեմիրամիդա անուններով: Նա թոռնուհին էր Սալմանասար III-ի եւ կինը Շամշի-Ադադ V-ի, Ասորեստանի աքքադացի թագավոր Սինաքքերիբի:

Ամիտիս/Սեմիրամիդա/Շամիրամի պատվին Սինաքքերիբը կառուցում է հանրահայտ «կախովի այգիները», ըստ ավանդույթի, մարաց արքայադուստր Ամիտիս/Շամիրամը կառուցում է Վանի հռչակավոր ջրանցքը եւ մեծ ցանկություն ուներ տիրել Վանը եւ նրա գաղափարախոսությունը, որը, փոխաբերական իմաստով, Հայոց Արա Գեղեցիկն էր կամ գեղեցիկ արարողը:

Վանա ծովի ափից քիչ հեռու կա մի երկայնաձեւ ժայռաբլուր, որը ունի 1,5 կմ երկարություն, 70-80 մ լայնություն եւ մինչեւ 100 մ բարձրություն, հարավային կողմից ժայռը խիստ ուղղաձիգ է եւ անմատչելի, հյուսիսային կողմից բերդը շրջապատված է ժայռի մեջ փորված հարթակների վրա բարձրացող ամուր պարիսպներով, այս ժայռաբլուրի վրա է գտնվում Վան բերդը:

Վան բերդի 1989-1991թթ. իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվեց երկսրահ մի կառույց, որի տակ հայտնաբերվեցին ժայռափոր արքայական դամբարաններ: Պալատը, տաճարը եւ ժայռափոր դամբարանները, ըստ հայտնաբերողների, պատկանել են Սարդուր I-ին եւ նրա ընտանիքին: Վանի միջնաբերդից դուրս, արեւելյան խանդակի մերձավորությամբ գտնվում է խիստ հանդիսավոր ճակատ ունեցող մեկ այլ դամբարան, որը պատկանել է Սարդուր II-ին: Այն բաղկացած է խոշոր սրահից եւ դրա հետ կապված երեք փոքր սենյակներից: Սարդուր II-ի դամբարանի ընդհանուր ժայռափոր կառույցների եւ որմնախորշերի թիվը հասնում է 78-ի:

Միջնաբերդի հարեւանությամբ են գտնվում Իշպուինիին եւ Մենուային պատկանող դամբարանները, Միջնաբերդը պաշտպանող արեւմտյան խանդակից դուրս գտնվում է Արգիշտի I-ի դամբարանը, որը հայտնի է նաեւ «Խորխորյան անձավ» անունով: Արգիշտի I-ի դամբարանում ընդհանուր ժայռափոր կառույցների եւ որմնախորշերի թիվը հասնում է 34-ի:

Այսպիսով, փաստացիորեն Վանի բերդը նաեւ դամբարանների համակարգ է, որտեղ գործող եւ հեռացած արքաները կազմում են կառավարող համակարգի անբաժանելի մաս: Այս ավարտուն համակարգի իրավահաջորդներից մեկը դարձավ Պարսը, որ իր հերթին կրկնօրինակեց Վանի դամբարանակարգի փիլիսոփայությունը: Բայց մինչ սրան անցնելը՝ ներկայացնենք Վանի արքաներին, որոնց հետ մենամարտելը մեծ պատիվ էր նույնիսկ Ասորիքի համար:

Այսպիսով, սկսած ք.ա. 900 թթ. հայոց հաջորդ իշխանական համակարգը ասորական աղբյուրներում ներկայացվում է որպես Ուրարտու: Սկսած ք.ա. 900 թթ.-ից տարածաշրջանում քաղաքակրթական իրավունքները վիճարկում են երկու հզոր կայսրություններ՝ Հայոց կայսրությունը (Ուրարտուն) եւ Ասորիքը:

Կայսերական հակամարտության կամ Հայոց առաջին կայսրության եւ Ասորիքի հակամարտության մասին տեղեկանում ենք ասորական թագավոր Աշշուր-նածիր-ապալ II-ի իշխանության ժամանակաշրջանից (ք.ա. 884-858թթ.):

Ասորիք կայսրության հաջորդ թագավոր՝ Սալմանասար III-ը (ք.ա. 858-824թթ.), չհանդուրժելով հայոց (Ուրարտուի) արքա՝ Արամուի հավասարը հավասարի հետ հանդես գալու իրավունքը, պատերազմում է Արամուի դեմ: Ըստ մեզ հասած արձանագրության, Սալմանասար III-ը կարճ ժամանակով կարողացել է հարկ ստանալ Արամու արքայից՝ «Տուրուշպա քաղաքում». սա Վան քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակությունն է՝ ասորական սեպագիր աղբյուրներում:

Ասորիքին հարկատու դառնալուց հետո Արամուն, ըստ հայոց ավանդույթի, կայսրության գահը զիջում է Լութիպրիի որդի Սարդուրին (ք.ա. մոտավորապես 840-830-ական թթ.): Հայոց կայսրության նոր գահակալ Սարդուրն այսպես է ներկայանում. «Որդիn Լութիպրիի, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի. Նաիրիի արքայի, արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին: Սարդուրը՝ որդին Լութիպրիի, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց»:

Ըստ էության, հայոց գահակալ Սարդուրի այս արձանագրությունը մարտահրավեր էր՝ նետված Ասորիքի թագավոր Սալմանասար III-ին: Հենց այս արձանագրությունը պետք է առիթ դառնար, որպեսզի ք.ա. 830թ. Ասորիքի զորքերը Դայյան-Աշշուրի առաջնորդությամբ արշավեին Հայք (Ուրարտու), Վան: Սալմանասար III-ի եւ Սարդուրի զորքերը ճակատամարտեցին: Ճակատամարտը Ասորիքին չտվեց ցանկալի արդյունքը, Դայյան-Աշշուրը հետ դարձավ:

Սարդուրի այս հաղթանակը քաղաքական հավասարակշռություն հաստատեց Տավրոսից մինչեւ Պարսկական Ծոց: Հաղթանակած Սարդուրի որոշմամբ, Հայքի (Ուրարտական) կայսրությունում կազմվեց նոր դիցարան՝ Հալդի աստծո առաջնորդությամբ, իսկ կայսրությունը ստացավ լրացուցիչ՝ Բիայնիլինի անունը:

Ք.ա. մոտավորապես 830-ականներին Հայոց (Ուրարտու) կայսրության գահը Սարդուրը զիջեց Իշպուինին, ով չկարողացավ պահպանել Սարդուրի նվաճումները: Համաձայն մեզ հասած տեղեկությունների՝ Իշպուինին որոշ ժամանակ եղել է հարկատու Ասորիքին, այդ պատճառով Իշպուինին չի կրել Հայոց (Ուրարտու) կայսրության արքաների տիտղոսաշարերի անբաժան՝ «Տուշպա քաղաքի տեր» մասը:

Ի դեպ Իշպուինիի՝ Տուշպա-Վանից հայտնի միակ արձանագրությունը կազմվել է նրա կառավարման ուշ շրջանում նրա որդու՝ Մենուայի, եւ թոռան՝ Ինուշպուայի անունից: Արձանագրությունը վերաբերում է Իշպուինիի կողմից Տուշպա քաղաքում Հալդի աստծո տաճարների կառուցմանը: «Մհերի դռան» արձանագրության մեջ Իշպուինիի արքայական տիտղոսաշարին արդեն հավելվել էր «Տուշպա քաղաքի տեր» տիտղոսը, որը եւ հուշում է այն մասին, որ Հայքը (Ուրարտուն) դադարել էր Ասորիքին հարկ վճարել: Ըստ հայոց աշխարհակարգի, Իշպուինին գահը փոխանցեց Մենուային: Մենուայինց սկսած, կայսրության բոլոր արքաները, ընդհուպ մինչեւ Հայոց (Ուրարտու) կայսրության լուծարումը, հանդես են եկել ամբողջական՝ «արքայից արքա» տիտղոսով, որը այսօր մեկ բառով կարելի է կոչել աշխարհակալություն:

Ք. ա. 735թ. Ասորիքի թագավոր Թիգլաթպալասար III-ի բանակը Վանա լճի հարավային կողմից հայտնվեց Հայոց կայսրության կենտրոնում եւ պաշարեց Վանը: Վանի գրավման մասին է պատմում արձանագրությունից վերցված այս հատվածը. «Թող իմ տերը ճանապարհ բռնի դեպի Ուրարտու, թող նրանք գրավեն Տուրուշպան: Թող իմ տերը, ընդմիշտ հավերժացնի իր անունը: Գուցե իմ տերը, կրկին ամայացնի […]»:

Թիգլաթպալասարի կողմից Վանի գրավումը կայսերական արքունիքում հեղաշրջման պատճառ դարձավ, ք.ա. մոտ 735թ. հեղաշրջումից հետո իշխանությունը անցնում է Ռուսա I-ին: Ռուսան վերականգնում է կայսրության հզորությունը ու նորից պայքարում միակը լինելու համար: Այդ նույն ժամանակահատվածում ք.ա. 714թ. հյուսիսից կամ ժամանակակից ռուսական հարթավայրից Հայք (Ուրարտու-Բիայնիլինի) ներխուժեցին կիմերական ցեղերը, իսկ հարավից՝ Ասորիքի Սարգոն II-ը:

Ռուսան պարտություն է կրում: Նրան հաջորդում է Արգիշտի II-ը (ք.ա. 713-680 ( ՞) թթ.), իսկ Արգիշտի II-ին՝ Ռուսա II-ը: Նրա օրոք (ք. ա. 680 ( ՞) – 660 ( ՞) թթ.) Հայքը (Ուրարտու-Բիայնիլինի) հանդես է գալիս որպես հզոր կայսրություն: Ասորիքը կործանվեց, ելնելով նաեւ այդ հանգամանքից՝ Ուրարտուն որպես կայսրություն լուծարվեց, սակայն սեպագիր բաբելոնյան աղբյուրներում Ուրաշտու (Ուրարտու) կայսրությունը շարունակվում է հիշատակվել:

Ասորիքը կործանվեց, իսկ ք.ա. IV դարում Երվանդունիք երկրի կենտրոնը տեղափոխեցին Արարատյան դաշտ՝ պետության կենտրոն դարձնելով Արգիշտիխինիլին կամ Արմավիրը:

Արամ Մկրտչյան, Գերմանիա

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։