Մանր աշխարհ

Այս ամսվա սկզբներին էր, չեմ հիշում որտեղ կարդացի, որ շոտլանդական հնագույն մի բարբառ մահացել է իր վերջին լեզվակրի հետ: Այդ՝ Կրոմարտիի ձկնորսների բարբառով խոսում էր ձկնորս Բոբի Հոգը: Եվ այդ բարբառը զգալիորեն տարբերվում էր հարեւան տարածքներում կիրառվող լեռնային բարբառից:

Բոբի Հոգին հասկանում էր միայն իր եղբայրը, ով նախորդ տարի էր մահացել: Փաստորեն, երկու եղբայրները այն վերջին լեզվակիրներն էին, ովքեր տիրապետում էին շոտլանդական հին բարբառին, որ անհետացավ իր կրողների մահվան հետ միասին:

Այս լուրը կարդալուց հետո լացս եկավ, կարծես հարազատ կորցրածի զգացողություն ունենայի: Չգիտեմ ինչու, բայց հոգիս այնպես էր ցավում, որ այդպես էլ չկարողացա հասկանալ, որ Բոբի պատմությունն իրականում հպարտության պատմություն էր՝ ցմահ լեզուն պահելու պայքարի պատմություն, որի առաջ մանրացան աշխարհի բոլոր կարեւոր ու անկարեւոր իրադարձությունները:

…Ու հենց այդ օրերին Շոտլանդիան սկսեց անկախացման իրավապայմանագրային գործընթացը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթիի գլխավոր խմբագիր

* * *

Մեր երկրի արտաքին պարտքը մեծանում է

Իսկ ֆինանսների նախարարը խնդիր չի տեսնում

Մեր ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ 2012-2013թթ. արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշները հիմնականում կգտնվեն նվազ եւ միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է, որ արտաքին պարտքը սպասարկելու առումով ռիսկային ոչինչ չկա, քանզի ռիսկային է համարվում այն շեմը, երբ ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 50 տոկոս է լինում: «ՀՀ-ն չի մոտենա պարտքի բեռի՝ օրենքով արգելված սահմանին: Մենք արտաքին պարտքը մարելու տեսակետից խնդիրներ չունենք: Մենք վտանգավոր գոտում չենք: Հնարավոր բոլոր շոկերը համադրելով՝ կարծում ենք, որ արտաքին պարտքը կառավարելի է: Գլոբալ առումով պարտքի կառավարման եւ սպասարկման խնդիր չունենք»:

Անկեղծ ասած՝ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում «գլոբալ առումով» խնդիրներ չունենալը: Այսինքն՝ եթե պարտքը ՀՆԱ-ի՝ ասենք 49,99 տոկոսին է հասել, վտանգավոր չէ, բայց հենց հասնի 50 տոկոսին, նոր միայն վտանգավո՞ր կլինի: Արժե՞ այդչափ վարկեր ներգրավել, չէ՞ որ ինչքան էլ իշխանություններն ասեն, թե նախատեսված հնարավոր ռիսկերը կառավարվում են, կարող են լինել նաեւ չնախատեսված ռիսկեր: Այս կարգի հարցերին ֆիննախը մեկ պատասխան է տալիս՝ ամեն ինչ վերահսկվում է: Բայց չէ՞ որ էլի երկրներ եղան, որ «վերահսկում» էին իրավիճակը, սակայն անվճարունակության խնդրին բախվեցին: Իսկ սա ամենավտանգավորն է, քանզի անվճարունակ երկրներին թելադրում են տառացիորեն ամեն ինչ՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային:

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 3,568 մլն ԱՄՆ դոլար: 2012թ. պետբյուջեով արտաքին աղբյուրներից նախատեսված վարկային միջոցները ամբողջությամբ ստանալու դեպքում, ինչպես նաեւ հաշվի առնելով 2012թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման ճշտված պլանի համեմատությամբ առանձին վարկային ծրագրերի գծով արձանագրված գերակատարումները, այս տարվա պետբյուջեի մասին օրենքով չնախատեսված եւ այս տարում փաստացի ստացված վարկերը, մեր երկրի արտաքին պետական պարտքը (ՀՀ կառավարության եւ ԿԲ-ի վարկային պարտավորություններ) այս տարեվերջին կկազմի մոտ 3,859 մլն դոլար:

2012թ. արտաքին պարտավորությունների գծով կստացվի մոտ 509 մլն դոլար, որից կառավարության պարտավորությունների գծով՝ 410 մլն դոլար եւ ԿԲ-ի գծով՝ մոտավորապես 99 մլն դոլար, եւ կկատարվի մոտ 184 մլն դոլարի հիմնական գումարի մարում (այդ թվում 69 մլն դոլար՝ կառավարության պարտավորությունների գծով): 2011թ. տարեվերջի համեմատ ՀՀ արտաքին պարտքը կաճի մոտ 291 մլն դոլարով (31.12.2011թ. դրությամբ 1SDR = 1.535 USD եւ 1EURO = 1.293 USD: 31.12.2012թ. դրությամբ 1SDR= 1.522 USD եւ 1 EURO = 1.256 USD: ՀՀ արտաքին պարտքի զամբյուղի մեջ SDR-ով եւ EURO-ով տրամադրված վարկերը 2011թ. տարեվերջի դրությամբ կազմել են շուրջ 69%): 2012թ. արտաքին պետական պարտքի գծով ընդհանուր սպասարկումը կկազմի մոտ 245 մլն դոլար: Միայն ՀՀ կառավարության գծով 2012թ. այն կկազմի մոտ 119 մլն դոլար, որից 69 մլն դոլարը՝ մարում եւ 50 մլն դոլարը՝ տոկոսավճար:

2013թ. արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 479 մլն դոլար: Հաջորդ տարի այդ պարտքի գծով նախատեսվում է սպասարկել մոտ 418.6 մլն դոլար՝ 354.2 մլն դոլար հիմնական գումարի մարման գծով եւ մոտ 64.4 մլն դոլար՝ որպես տոկոսավճար: Հաշվի առնելով մարումները՝ 2013թ. տարեվերջին մեր երկրի արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3,984 մլն դոլար:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։