Ազգային ընդդիմության բացակայության վնասները

Ինչպես ոմանք զարմացան «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական նախընտրական դաշինքի կազմավորումից, ինչը հետագայում կարծես պիտի մեկ միասնական կուսակցության վերածվեր, այնպես էլ այժմ այդ ոմանք տարակուսանք են ապրում երկու կուսակցությունների բաժանվելուն միտված քայլերից: Մեզ համար, ինչպեսեւ՝ շատերի, հասկանալի էր այնժամ, որ սա խորհրդարանական ընտրությունների շեմին ձեւավորված հստակ ամերիկյան ուղղվածությամբ դաշինք է, որը կարող է դիմանալ միայն քաղաքական եւ անձնական նկրտումների համադրմամբ: Եվ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի աջակցությունը «Ժառանգություն» խորհրդարանական ուժին եւ այցելությունը «Ազատ դեմոկրատներ»-ի գրասենյակ հուշում էր մեկ բան. Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան կապը Վաշինգտոնը փորձում է վերանձնականացնել: Առաջին պահին թվում էր՝ հենց այդպես էլ կա՝ ստացվեց: Քանզի կարճ ժամանակ անց «Ազատ դեմոկրատներ»-ից հեռացան 8 անդամներ, որոնք առավելապես ՀՀՇ-ամետ էին եւ գուցե այլ նկրտումներ էին դրսեւորել: ԱԴԿ-ից հեռացան մասնավորապես, Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը: ՀՀՇ նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանը չէր համակերպվել նաեւ ՀԱԿ-ում՝ ՀՀ 1-ին նախագահի եւ գործող նախագահի «քաղաքական բանակցությունների» պատճառով: Անգամ հրապարակումներ եղան, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ չստեղծված՝ փլուզվում է, արդեն սկսել է պառակտվել, բայց կարծես փլուզումը գոնե առժամանակ կասեցվել է:

Այժմ էլ կարծիք կա, թե ԱԴԿ-ից հեռացած խումբը ՀԱԿ-ից հեռացած Դավիթ Շահնազարյանի հետ կարող է նոր քաղաքական ուժ ձեւավորել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, քանի որ ոչ միայն Լեւոն-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան համաձայնությունն է տապալվում, այլեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան: Բայց այստեղ էլ կարող է Արարատ Զուրաբյան-Դավիթ Շահնազարյան զույգը անձնական նկրտումներ դրսեւորել:

Ինչեւէ, դառնալով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի պառակտման ընթացքին՝ նշենք, որ դա սկսվեց այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը: Նրա ասելով՝ այդպես պետք է աներ նաեւ Խաչատուր Քոքոբելյանը, քանի որ նրա հետ բանավոր պայմանավորվածություն է եղել, որ «Ազատ դեմակրատներ»-ի նախագահը եւս պետք է հրաժարվի մանդատից, ինչը, սակայն, վերջինս չի արել: Այդ օրերին ԱԴԿ նախագահը Հայաստանում չէր, ԱՄՆ էր մեկնել, եւ «Ժառանգության» անդամները սպասում էին, թե ինչ է նա ասելու վերադարձից հետո:

Իսկ ԱԴԿ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը վերադառնալով հայտարարեց. «Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետեւողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»: Սրան էլ հետեւեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքը. «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ՝ հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար՝ «Ազատ դեմոկրատներ»-ից, «Ժառանգություն»-ից եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով՝ ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»՝ նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը՝ եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված՝ կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը՝ որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ: Եվ վերջում՝ նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ»:

Սա կարծես «ապահարզանի» վերջին քայլն էր, չնայած հակառակ կողմը պնդում է, թե երկու ղեկավարների միջեւ ծագած խնդիրը դեռ չի նշանակում, որ դաշինքը փլուզվում է: Սա կարող է եւ ճշմարիտ լինել, քանզի ԱՄՆ-ի դեսպանատունը «ապացուցել» է, որ միշտ կարողանում է «հաշտեցման եզրեր» գտնել ինչպես իր նախկին, այնպես էլ ներկա հովանավորյալների միջեւ: Բայց հստակ է մի բան, ընդդիմադիր դաշտը ՀՀ նախագահի ընտրությունից առաջ պառակտված է լիովին: ՀԱԿ-ը կորցրել է վստահությունը բոլորի մոտ, անգամ հսկայական ընտրազանգված է կորցրել, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կապը փլուզված է, եթե անգամ արհեստականորեն պահպանվի, առ այսօր ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն հենց ընդդիմադիրները չեն հավատում (ԲՀԿ-ն էլ նման հայտարարություն չի արել ԱԺ-ում, ինչպես մյուս ընդդիմադիրները), իսկ ՀՅԴ-ի հետ խորհրդարանական պառակտված ընդդիմությունը հույսեր չի էլ կապում, ինչպես դաշնակցականները՝ մյուսների հետ:

ՀՀ նախագահի ընտրությանը թերեւս ամբողջ ուժով պատրաստ է միայն իշխանական կողմը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: ԲՀԿ-ն դեռ շահարկումների մեջ է՝ արծարծելով ինչպես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, այնպես էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «քաղաքական հալածյալի» կարգավիճակում հայտնված Վարդան Օսկանյանի: Այս հարցում շատերը լրջորեն մտահոգված են, թե օլիգարխիան ցանկանում է մասնակցել այս ընտրություններին եւ փորձում է այլընտրանք երեւալ, ինչն իրականում այդպես չէ: ՀԱԿ-ի կուսակցությունները եւ Լեւոն-Տեր Պետրոսյանը լռում են դեռ՝ մերթընդմերթ տարածելով, թե ՀԱԿ-ն այլ թեկնածուներ էլ ունի: ՀՅԴ-ն եւս լռում է ու սպասում իրավիճակի թելադրանքին եւ ունենալու է իր թեկնածուն: Իսկ «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն արդեն միասնական չեն լինի: Արտախորհրդարանական ուժերն էլ դեռ հստակ հայտարարություններ չեն արել: Բայց մոտենում է լռությունը խախտելու ժամանակը:

Արման Դավթյան

Ամպրոպի եւ հակաամպրոպի իրավական հիմքերը

«Սիվիլիթաս»-ի գործունեության ստուգումները շարունակվում են, եւ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են այդ հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն ու պահանջել ս.թ. մայիսի 25-ին «Սիվիլիթաս» հիմնադրամին ու նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»): Այս պահանջը հիմնավորված է 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի՝ առգրավում կատարելու մասին որոշմամբ:

Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի հրամանով էլ ստուգումներ էին կատարվել «Սիվիլիթաս» հիմնադրամում: Իսկ ԱԱԾ-ն հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր էր պահանջել հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից: Միաժամանակ ԱԱԾ-ն մերժել է Վ. Օսկանյանի՝ իրեն առնչվող քրգործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը՝ նշելով, որ «դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում»:

ԲՀԿ-ական պատգամավոր Օսկանյանին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի միջնորդությամբ պատգամավորական անձեռնմխելիության իրավունքից զրկելուց հետո այս գործը կարծես ավելի է լրջացել, որովհետեւ մարդկանց մոտ նախկին «մեկա բան չի փոխվելու»-ն միտվում է «ինչ-որ բան կարող ա փոխվի»-ի, քանի որ նաեւ տարբեր նախարարություններում ու պետական հիմնարկներում ստուգումներն ու ձերբակալությունները նույնպես նման հույս են առաջ բերել:

Ինչեւէ, դառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքին, նշենք, որ այս գործի հանգուցալուծումը, մեր կարծիքով, կախված է առաջիկա քաղաքական զարգացումներից: Եթե հարցը միայն ԲՀԿ-ական Օսկանյանով պայմանավորված լիներ, մենք եւս հակված կլինեինք «ինչ-որ բան կարող ա փոխվի» տարբերակին, սակայն արդյո՞ք մեր իշխանությունները ձեռնոց կնետեն Հանթսմանների ընտանիքին, ում գումարները յուրացնելու մեջ էլ մեղադրվում է նախկին ԱԳ նախարարը: Փառք ու պատիվ՝ եթե ձեռնոց նետեն մորմոնական որջի ղեկավարին եւ հովանավորին: Եվ այդժամ վստահ կասենք, որ «հաստատ ինչ-որ բան կփոխվի»…

Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նախ ասել է, թե չի բողոքարկում այս հարցը, քանի որ դատարանները ամեն ինչ կանեն իրենցն ապացուցելու համար եւ հետո Հանթսման «պապայի» (այս դեպքում՝ «բոբոյի») անունով զգուշացնող կամ վախացնող հայտարություն է արել. «Երբ կխոսեն Հանթսմանները (ում փողերը լվանալու վերաբերյալ էլ հարուցվել է քրեական գործը «Սիվիլիթաս»-ի դեմ), դա կունենա շատ հետաքրքիր եւ լուրջ հետեւանքներ: Նրանք կխոսեն, եւ դա շատ հետաքրքիր հետեւանքներ կունենա որոշ մարդկանց համար, որովհետեւ այդ անունը հոլովելը պատիվ չի բերում Հայաստանին, դա մեր ազգային շնորհակալությունն էր: Որքան ես գիտեմ՝ շատ բացասաբար են վերաբերվում տեղի ունեցող բոլոր գործընթացներին… եւ ժամանակը կգա ու Հանթսմանները կխոսեն, ինչը ամպրոպի նման մի բան կլինի գործը հարուցողների համար»:

Միանգամից սրտխառնոց է առաջացնում այս քծնանքի ու շողոքորթության «դոզան», բայց սա դեռ վերջը չէ, ա՜յ երբ «Հանթսմանները խոսե՜ն»… ի՜նչ «դոզաներ» կլինեն ու ի՜նչ «դոզակիրներ» կհայտնվեն…

Այս «դոզակիր» փաստաբանը չի մոռացել մեր դատարանների՝ «ամեն ինչ կանեն իրենցն ապացուցելու համար»-ը հիմնավորել նաեւ այսպես. «Մարտի 1-ը չմոռանանք՝ թե դատարաններն ինչ քաղաքական պատվերի են ունակ: Այս երկրում ոչ ոք էլ չի վստահում նախաքննության մարմնին»: Իսկ ինքն իրեն չի հարցրե՞լ, թե որտե՞ղ էր մարտի 1-ին իր պաշտպանյալ Օսկանյանը, նաեւ որտեղ էր նա մարտի 1-ից հետո… եւ այնժամ խոսեր իր պաշտպանյալի «այժմ լռության իրավունքից օգտվելու» եւ «քաղաքական ու քաղաքացիական իրավունքից օգտվելու որոշման» մասին:

Շա՜տ հեշտ է ասել, թե «բոլորի համար ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է», դե՝ «միջազգային հանրության» (այստեղ իսկը տեղին է՝ միջազգային «հասարակ»-ության) սովորույթը կա, որ Հանթսմանների հետ «ախպերություն» անողները «հենց բոլորն են» ու «բոլորի անունից» էլ պետք է խոսեն: Քաղաքական դատավարություններ Հայաստանում իսկապես եղել են (իհարկե՝ ոչ այս դեպքը), իսկ ու՞ր էին Օսկանյանն ու Աթանեսյանը: Հանթսմանների ընտանիքը բան չէր ասե՞լ…

Ինչեւէ, հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը, եւ այդ գործի շրջանակներում հոկտեմբերի 8-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը ներգրավվեց որպես մեղադրյալ: Մինչ այդ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել խորհրդարան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, որն էլ փակ, գաղտնի քվեարկությամբ բավարարվել էր:

Եվ մենք՝ համարյա «բոլորս», դեռ կսպասենք «Հանթսմանների ամպրոպին» եւ «ՀՀ ԱԱԾ-ի հակաամպրոպին»…

Միանշանակ՝ ցանկալի է անմեղության դեպքում տեսնել Վարդան Օսկանյանի արդարացումը եւ պատվի ու արժանապատվության վերականգնումը, սա հաստատ եւ անխոս, իսկ հակառակ դեպքում՝ միակ ցանկությունը կլինի արդար պատժի սահմանումը եւ օտարների ու օտարասերների հրապարակավ դատապարտումը:

Այս դեպքում ամեն ինչ պետք է լինի հաջորդիվ եւ միայն ճշմարիտ ու փաստագրված:

Մեկ այլ ոճի մեկնաբանություն էլ «Գոլոս Արմենիի» պարբերականն էր արել: Անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործին՝ թերթը գրել է՝ եթե նույնիսկ հաշվի առնենք այն փաստը, որ հիմնադրամին բարեգործության իրականացման համար խոշոր գումարներ փոխանցած «Հանթսման ինթերնեյշնըլ» կազմակերպության սեփականատերը դեմ չէ, որ Օսկանյանն այդ գումարից 186 հազարը (դոլարի մասին է խոսքը – Ն.Մ.) յուրացնի, ապա երկրի ներսում իրավապահ մարմինների մոտ օրինաչափորեն պետք է հարց ծագի. «Այդ ի՞նչ ծառայությունների համար է Հանթսմանը մեծ գումարներ նվիրաբերում անձամբ Օսկանյանին՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ խոսքը վերաբերում է 10 տարի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած եւ երկրի համար կարեւորագույն տեղեկատվություն տիրապետող անձին»:

Բացի այդ, նշվում է, որ «Սիվիլիթաս» կազմակերպությունը պաշտոնապես հայտնի է որպես բարեգործական, սակայն այսքան ժամանակ հիմնադրամի բարեգործական ծրագրերի մասին ոչ ոք չի լսել. «Սեփական ինտերնետային ալիքի հեռարձակումը բարեգործության հետ որեւէ կապ չունի»:

Եվ իրոք, կարծես Ջոն Հանթսմանը դեմ չի եղել իր փողերի յուրացմանը: Ավելին՝ ոնց որ քաջալերել է:

Բայց այստեղ էլ հենց հարց է ծագում՝ ինչու՞: Ի՞նչ ծառայությունների դիմաց:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։