Պետք է ամփոփել հայ քաղաքական միտքը

Հայաստանում կար մի ժամանակ, երբ գրանցվել էին 100-ից ավելի կուսակցություններ, հետո դրանց թիվը գրեթե կիսվեց, այնուհետեւ ընտրությունից ընտրություն ավելացավ՝ անցնելով 60-ից, իսկ այժմ՝ 70-ից: Սակայն, որպես գործող կառույցներ, կուսակցությունների թիվը մշտապես տատանվում է 10-15-ի սահմաններում: Այսինքն՝ իրականում այդքան էլ կուսակցություն կա Հայաստանում: Իսկ եթե հաշվի առնենք այդ կուսակցությունների հնարավորությունները նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում, ապա հաստատ 10-ից էլ կպակասի դրանց թիվը: Եվ սա է իրական պատկերը:

Հայաստանում իրապես 5-6 քաղաքական ուժը բավարար է «ծածկելու» քաղաքական դաշտը: Ժողովրդավարական-ազատական եւ ժողովրդավարական-պահպանողական, համայնավարական եւ ընկերվարական նպատակներով, ազգային արժեքների հետեւորդ եւ հայրենասիրական ձգտումներով, ազգայնական չափավոր եւ խիստ ազգայնական ուղղությունները բավարար են հայ քաղաքական միտքը առաջ տանելու համար, եւ ավելի քան 70 կուսակցությունները իրականում 7-ի մեջ կարող են «տեղավորվել»: Սա լուրջ մտորելու ներազգային հարց է:

Քաղաքական ուղղությունների հետ կգործեն նաեւ քրիստոնեական, արիադավան-հեթանոսական եւ աթեիստական ուղղությունները, եւ այստեղ էլ քաղաքական դաշտը կփակվի, իսկ կուսակցությունները իրապես կունենան մարդկային հոսք եւ գաղափարակիրների բանակ՝ շատ թե քիչ՝ դա էլ ըստ իրավիճակների:

Վահագն Նանյան

* * *

Համակարգը հենց ինքն է պարտադրում

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւս լրացրեց «Օսկանյանն անարդարության զոհ է» ասողների շարքը, եւ սա հիմնավոր տրամաբանություն ունի: Ճիշտ է՝ ՀԱԿ-ը, այսինքն՝ հենց ՀՀՇ-ն, այսօր արդեն միակ ուժը չէ, որ ամերիկյան գերնպատակների ծիրում է Հայաստանում, այնուամենայնիվ, դեռ կա այդ ծիրում: Բայց սրանից ավելի տրամաբանականն այն է, թե՝ «ի՞նչ իմանաս՝ վաղը ում գործերը կքրքրեն ու հազար բան կհանեն»-ը մտահոգել է բոլորին:

Եվ ճիշտը հենց դա կլիներ.- որպեսզի վերհանվեն բոլոր կասկածելի գործերը, որոնք, կարելի է ասել, սկսվել են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք շարունակվել է ու այդպես է նաեւ Սերժ Սարգսյանի օրոք: Սա շատ հստակ է, այսօրվա բոլոր պաշտոնյաների ու գործարարների 99,99%-ը գալիս է «դարերի խորքից» եւ ուզում է «գնալ դարեր»:

Իսկ ՀՀՇ վարչության նախագահը համոզված է, որ հանրությունը պետք է ձեռքը խփի սեղանին եւ վերջ դնի խաբեությանը:

Այ միայն այս խոսքերի համար նախագահ Սերժ Սարգսյանը պիտի հանձնարարի վերհանել Ռոբերտ Քոչարյանի օրոք կազմված Քաղաքական խորհրդի ուսումնասիրած եւ հաստատած «ՀՀՇ տարիների գործը» եւ ներկայացնի հանրությանը, որը «ձեռքը կխփի սեղանին» ու հաստատ՝ ո՛չ միայն սեղանին:

2-րդ նախագահը դա չարեց, հանգիստ թողեց (այդ գործով նաեւ «հանգստացրեց») 1-ին նախագահին, ինչը դարձավ «նորմ» 3-րդ նախագահի համար… Եվ սա է պատճառը, որ համակարգը չի փոխվում:

Ամենեւին չանտեսելով ներկայիս ալան-թալանը՝ այնուամենայնիվ կասենք, որ զազրելի է, երբ ընտրակաշառքից ու առհասարակ կաշառքից, ծեծ ու ջարդից, ալան-թալանից ու հղփացածությունից խոսում են անկախ Հայաստանում դրանք հիմնադրողները: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին՝ Արամ Մանուկյանը եւ նմանները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ որպեսզի իրե՛նց «մեղքերին» թողություն տրվի:

Եվ սա է ամենավտանգավորը՝ երբ ասում են իշխանափոխություն եղավ, բայց համակարգն այդպես էլ չի փոխվում: Համակարգը չեն կարող փոխել համակարգի անդամները, քանզի բոլորն են զոհել համակարգը հանուն իրենց նպատակների եւ փոփոխությունը ձեռնտու կարող է լինել միայն վճռորոշներին, ովքեր երբեւէ համակարգից առավել կդասեն ազգի ու պետության շահերը:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այն կարծիքին է, որ «ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը Սերժ Սարգսյանը կարող է լուծել 5 րոպեում, եթե այդպիսի ցանկություն ունենա»: Նրա կարծիքով, մեր երկրում հարուստ մարդն անպաշտպան է, խոցելի է, եթե չլինի իշխանության կողքին:

Բայց նկատենք՝ չի ասվում, թե ինչու՞ է խոցելի, անպաշտպան: Իսկ պատճառը մեկն է ու շատ պարզ՝ այդ հարուստ մարդը նրանցից մեկն է, որոնց դեմ փորձում է խաղեր տալ, նրանցից մեկն է, որոնց հետ դիզել է իր հարստությունը եւ հիմա ավելիին է ձգտում:

Ու ամենանախկին իշխանավորների կարծիքով՝ այս պահին ԲՀԿ-ն չմտավ կոալիցիայի կազմ, որովհետեւ այդպես էր հարմար իշխանությանը: Անգամ կարծիքներ կան, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ամուր պայմանավորվածություն կա, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեռ պիտի կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը եւ 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանեն նրա թեկնածությունը: Ասում են՝ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ԲՀԿ նախագահը քննարկել է այդ հարցերը: Եվ կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը եւս քննարկել է այդ հարցը:

Այսօր արդեն ՀԱԿ-ի ներկայացուցիչ ՀՀՇ-ականները նույնպես երեսով են տալիս գործող նախագահին՝ հին կադրերի պահպանման համար: Իսկ «Ազգային միաբանություն», ՍԻՄ եւ «Քրիստոնյա դեմոկրատական» կուսակցությունների նախագահներ Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի ու Խոսրով Հարությունյանի ներգրավումը ՀՀԿ ընտրացուցակում անգամ զավեշտալի եւ ցուցադրական է որակվում: Այսօր անգամ լրագրողները «դատարկ դհոլ» արտահայտության համար հանգիստ չեն տալիս ՀՀԿ-ական պատգամավոր Գեղամյանին: Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համարում է, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը «վատ աշխատանքի համար Խոսրով Հարությունյանին աշխատանքից ազատել է, նրա աշխատանքը համարվել է ոչ բավարար» եւ ոչ թե «նա ինքն է 1993-ին վարչապետի պաշտոնից հեռացել՝ իշխանությունների հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով»:

Լավ է սակայն, որ բացի ԲՀԿ նախկին նախարարների անօրինականություններից, հայտնաբերվում են նաեւ ՀՀԿ նախկին նախարարների անօրեն գործերը, գուցե ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին եւս անդրադարձ լինի: Այս դեպքում չի բացառվում, որ Խոսրով Հարությունյանին վատ աշխատանքի մեջ մեղադրող Հրանտ Բագրատյանին եւս մեղադրողներ լինեն ու այսպես շարունակ… Եվ ամենակարեւորը՝ ներկա նախարարների եւ մյուս պաշտոնյաների, նաեւ պատգամավորների «արմատները» եւս փորփրվեն:

Եվ եթե այսպես շարունակվեն «հին» ու «նոր» իշխանությունների պարզաբանումները, հաստատ մի օր բոլորի բոլոր կասկածելի գործերը վեր հանելու խիստ անհրաժեշտություն կծագի:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։